Ամփոփելով անցած չորս ամիսները՝ Հայաստանում կանանց հիմնադրամը ներկայացնում է դրանց ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները։

Ֆեմթերթը սկսենք մեզ համար շատ կարևոր տեղեկատվությամբ։ Ամփոփելով 2018-2023 թվականների մեր գործունեությունը՝ այստեղ կարող եք տեսնել այս հինգ տարիների մեր աշխատանքի ընդհանուր պատկերը՝ ըստ տրամադրած դրամաշնորհների թվի, գումարի չափի և աշխարհագրության։

Նախորդ տարին լի էր ճգնաժամերով ու մարտահրավերներով։ Այս փորձությունները ստիպեցին մեզ նոր թափով վերանայել ու ուշադրության կենտրոնում պահել կանանց ու աղջիկների հումանիտար կարիքները։ Հետհայաց գցելով նոխորդ տարվա մեր գործունեությանը՝ ներկայացնում ենք 2023թ․ամփոփումը, որտեղ տեղ են գտել նախորդ տարվա բոլոր կարևոր իրադարձությունները՝ միջոցառումներ, հրապարակումներ, դրամաշնորհներ և շատ ավելին։ Հղումը՝ այստեղ։

Այս 4 ամիսների ընթացքում հայտարարել ենք 4 դրամաշնորհի մրցույթ, որոնց արդյունքում ընտրված նախաձեռնություններն ընթացքի մեջ են կամ արդեն ավարտվել են։ Առավել մանրամասն յուրաքանչյուրի մասին՝ ստորև․
- Միջմարզային համագործակցության դրամաշնորհի նպատակն էր համախմբել 2-3 մարզային կանանց և ֆեմինիստական խմբեր և/կամ կազմակերպություններ, որոնք միասին կարող են փոփոխություններ բերել իրենց համայնքների կանանց կյանքում և, ինչու ոչ, նաև համայնքներում։ Դրամաշնորհի արդյունքում ընտրվել է 6 նախաձեռնություն։
- Դեռահասների դրամաշնորհը հնարավորություն է տալիս դեռահասներին՝ իրագործելու իրենց գաղափարները և իրականություն դարձնելու նպատակները։ Այս դրամաշնորհով աջակցություն տրամադրվեց 6 դեռահասի։
- «Կանանց իրավունքների օր՝ ամեն օր» դրամաշնորհի նպատակն էր աջակցել մարտի 8-ի ֆեմինիստական միջոցառումների իրականացմանը՝ հնարավորություն տալով իրագործելու այդ օրվա հետ կապված գաղափարներն ու պլանները։ Արդյունքում իրականացվեց 8 նախաձեռնություն։
- «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» դրամաշնորհի նպատակն էր ընդլայնել կանանց կազմակերպությունների, ֆեմինիստական ոչ ֆորմալ խմբերի, ակտիվիստների, լրագրողների, հետազոտողների և արվեստագետների ջանքերը՝ ուղղված խաղաղությանը, կոնֆլիկտի փոխակերպմանը և անվտանգությանը` ինտերսեկցիոնալ և գենդերազգայուն դիտանկյուններից։ Ստացված հայտերը դեռևս դիտարկման փուլում են․ արդյունքների մասին կտեղեկացնենք մեր էջերում:
Տարեսկզբին շարունակել ենք նաև մեր համագործակցությունը 40-անց կանանց խմբի հետ՝ տրամադրելով ևս 9 նոր դրամաշնորհ՝ ուղղված 40-անց կանանց տարբեր կարիքների հասցեագրմանը:
Վերջերս հրապարակվեց նաև Պրոսպերա կանանց հիմնադրամների միջազգային ցանցի` 2023 թվականի տարեգիրքը, որը ներկայացնում է տարվա ամենակարևոր իրադարձություններն ու մարտահրավերները, որոնց բախվել են ցանցի մաս կազմող կանանց և ֆեմինիստական հիմնադրամները՝ ներառյալ Հայաստանում կանանց հիմնադրամը:
Որպես ցանցի անդամ՝ հանդիպումներ ունեցանք մեր գործընկեր կազմակերպությունների հետ Բելգրադում և Բրյուսելում, մասնակցեցինք ցանցի եվրոպական մասի մի շարք ադվոկացիոն ռազմավարական հանդիպումներին Եվրոպական հանձնաժողովի տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Բրյուսել այցի մասին առավել մանրամասն կարդացեք մեր կայքում՝ անցնելով այս հղումով։

2020 թվականից ի վեր Հայաստանում կանանց հիմնադրամը «Ճիշտ ուղու վրա» ծրագրի մաս էր կազմում, որը միտված էր կանանց հիմնադրամների միջև համագործակցության խթանմանը՝ պաշտպանելու ազատության, ժողովրդավարության և բազմազանության արժեքները ֆունդամենտալիզմից և ծայրահեղ աջական խմբերի հարձակումներից Եվրոպայում և Լատինական Ամերիկայում:
Ծրագրի արդյունքում տրամադրվել են դրամաշնորհներ Եվրոպայի և Լատինական Ամերիկայի կանանց հիմնադրամներին: Հայաստանում կանանց հիմնադրամն էլ իր հերթին այս ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ է տրամադրել տեղական 21 կազմակերպությունների և/կամ անհատների ու նախաձեռնող խմբերի:
Այժմ նախաձեռնությունն իր ավարտին է հասել, սակայն մեծ հույս ունենք, որ այն շարունակություն կունենա հետագայում։

«Գործընկերության գնահատումը» միտված էր բացահայտելու Հիմնադրամի և ենթադրամաշնորհառու խմբերի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը:
Զեկույցի հիմնական նպատակներն էին գնահատել գործընկերուհների՝ Հիմնադրամի հետ իրենց համագործակցությունից բավարարվածության մակարդակը, բացահայտել ստեղծված գործընկերության մարտահրավերներն ու բարելավման ոլորտները: Կարդալ կարող եք այստեղ։

Մենք հավատում ենք, որ հավաքական հոգատարությունը, կանանց խմբերի միջև կապն ու աջակցությունը անհատի բարօրության կարևոր մասն է։
Կոլեկտիվ ամոքմանն ու բարօրությանն ուղղված աշխատանքը Հայաստանում կանանց հիմնադրամի կարևոր ուղղություններից մեկն է։ Այս հղումով անցնելով` մեր յութուբյան էջում կարող եք դիտել կոլեկտիվ հոգատարության մեր մոդելի մասին տեսանյութը:

Ակտիվ կերպով շարունակում են ընթանալ նաև մեր ամոքման տարածքի՝ Սիլիհտարի պարտեզների վերանորոգման աշխատանքները։ Իսկ մինչ հնարավորություն կունենանք մեր ինքնախնամքին և կոլեկտիվ խնամքին ուղղված հանդիպումները այնտեղ կազմակերպելու, առաջարկում ենք ծանոթանալ կենտրոնի կոնցեպտին ու առանձնահատկություններին այս տեսանյութում։
Անցնելով այս հղումով՝ տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա կենտրոնը, եթե կարողանանք անհրաժեշտ ռեսուրսներ մոբիլիզացնել ու ավարտին հասցնել վերանորոգման աշխատանքները։ Դուք նույնպես կարող եք աջակցել մեզ այդ հարցում՝ ձեր նվիրատվությունն անելով այստեղ։

Վերջերս հրապարակեցինք «ՀԿՀ-ի 2023թ․ դրամաշնորհների տրամադրման միտումները» վերլուծությունը, որը ներկայացնում է համառոտ ակնարկ 2023թ․ ընթացքում Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից դրամաշնորհների տրամադրման միտումների մասին:
Կարդացեք այստեղ:

Նախորդ տարի փորձարկեցինք մասնակցային դրամաշնորհների տրամադրման մեթոդը՝ մեր գործընկերներին հնարավորություն տալով ավելի շատ ներգրավվել այս գործընթացում։ Մասնակիցների կարծիքները վկայում են հաջողված փորձի մասին։ Վերևում այդ կարծիքներից մեկն է, ավելին՝ մեր ինստագրամյան էջում՝ այս հղումով։

Մարտի 7-ին տեղի ունեցավ «Քարտեզագրելով կանանց իրավունքները» խորագրով միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին դեռևս նախորդ տարի մեկնարկած երեք թեմաներով քարտեզները Երևանի կին ճարտարապետների աշխատանքների, կին սթրիթ արտիսներերի պատումների, հանրային ու մասնավոր տարածքներում կանանց ու սուրճի մասին։ Քարտեզները ստեղծվել են բանավոր պատմությունների հավաքագրման միջոցով՝ Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ։ Միջոցառման տեսագրությունը՝ այստեղ:
Այստեղ կարող եք ծանոթանալ «Կին ճարտարապետները Երևանի ճարտարապետության մեջ» քարտեզին։
Հիշեցում․ քարտեզը պետք է բացել համակարգչով, իսկ հեռախոսի դեպքում՝ Google Earth հավելվածով:

Իսկ այստեղ կարող եք կարդալ «Ակադեմիան և սուրճի սեղանը․ Կանայք և սուրճը հանրայինի և մասնավորի աշխարհներում» հետազոտությունը՝ իրականացված նույն նախագծի շրջանակներում։

Ապրիլի 18-ին առցանց քննարկում ունեցանք՝ նվիրված կլիմայի փոփոխության ազդեցության կանանց ու աղջիկների վրա Հայաստանում: Հրավիրված խոսնակը բնապահպան ակտիվիստ Անի Խաչատրյանն էր, որը կիսվեց որպես կին իր ակտիվիստական փորձառությամբ, հանդիպած մարտահրավերներով: Հանդիպումը ՀԿՀ գործընկեր(ուհի)ների համար էր՝ միասին քննարկելու մեզ մոտ առկա բնապահպանական խնդիրները և հատկապես դրանց բազմաչափ ազդեցությունը կանանց վրա: Հետագայում ևս կունենանք այս թեմայի շուրջ այլ հանդիպումներ ու քննարկումներ: