Նախորդ շաբաթ Պրոսպերա կանանց հիմնադրամների ցանցի եվրոպական մասի հանդիպման շրջանակներում Հայաստանում կանանց հիմնադրամը մասնակցում էր մի շարք ադվոկացիոն ռազմավարական հանդիպումների Եվրոպական հանձնաժողովի (European Commission) տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումների շարքը նվիրված էր ԵՄ Գործողությունների գենդերային պլան (Gender Action Plan) 3-ի իրականացման տարբեր ուղղությունների քննարկումներին։

Հանդիպումները եզրափակվեցին մարտի 20-ին Եվրոպայի խորհրդարանում տեղի ունեցած Պրոսպերա ցանցի անդամների ելույթներով` «Ամրապնդելով ժողովրդավարությունը կանանց ձայների միջոցով 2024 թվականի Եվրոպական ընտրություններում. մարտահրավերներ և հնարավորություններ կանանց հիմնադրամների տեսանկյունից» միջոցառման շրջանակներում։ Այս միջոցառման ընթացքում հատուկ շեշտադրումներ արվեցին կանանց քաղաքացիական հասարակության նեղացող տարածքների և կանանց կազմակերպությունների ու կին իրավապաշտպանների նկատմամբ խտրականության ու հարձակումների ուղղությամբ։ Շատ կարևոր է, որ եվրոպական երկրների կառավարությունները ճանաչեն այս սպառնալիքները և աջակցեն ու խրախուսեն ֆեմինիստական ՔՀԿ-ներին՝ ապահովելու համար կանանց ձայնի լիարժեք հնչեղությունը ժողովրդավարական գործընթացներում Եվրոպական միության տարածքում և դրանից դուրս:

Միջոցառման ընթացքում ելույթները շեշտադրում էին ԵՄ ուժեղ իրավական և ֆինանսավորման մեխանիզմ ունենալու կարևորությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքների պաշտպաններին, կանանց և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպություններին: Միջոցառման ընթացքում ներկայացվեցին օրինակներ, թե ինչպես է հնարավոր ուժեղացնել առկա ֆինանսավորման գործիքները կանանց հիմնադրամների նախագծերի օրինակներով: Միջոցառումն անցկացվում էր Եվրոպայի խորհրդարանի անդամ Մարիա Նոյխլի բարձր հովանավորությամբ։

