Իրականացման ամսաթիվ՝ մայիսի 7, ժամ՝ 17։00:
Վեբինարին միանալու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ:
Սնունդ և ֆեմինիզմ թեման մեր ուշադրությանն է արժանացել այն պարզ պատճառով, որ այն ընդգծում է այն բարդ ուղիները, որոնցով գենդերային նորմերը, ուժային դինամիկան և սոցիալական անհավասարությունները ձևավորում են մեր հարաբերությունները սննդի և սննդի համակարգերի հետ: Անդրադառնալով այս խնդիրներին՝ ֆեմինիստները ձգտում են ստեղծել ավելի արդար և հավասար աշխարհ, որտեղ բոլորը հասանելիություն կունենան սննդարար մթերքին, տնտեսական հզորացման հնարավորություններին և իրենց մարմնի և կյանքի վերաբերյալ ընտրություն կատարելու ազատությանը: Թեմային առավել մանրամասն անդրադառնալու և այն տարբեր կողմերից համապարփակ ներկայացնելու համար Հայաստանում կանանց հիմնադրամը կազմակերպում է վեբինար: Որպես խոսնակներ վեբինարի ժամանակ ելույթ կունենան տարբեր երկրներից հրավիրված ֆեմինիստ ակտիվիստներ` կիսվելու իրենց փորձով, պատմելու իրենց փորձառությունների, սննդի հետ կապված մշակութային առանձնահատկությունների մասին:
Խոսնակներ՝
1․ Արմինե Կարապետյան
Արմինեն ֆեմինիստ ակտիվիստ է, սոցիալական աշխատող և մտքի ու մարմնի բարօրության մասնագետ, ով հետաքրքրված է տարբեր քաղաքական շարժումների ինտերսեկցիոնալ կապի ուսումնասիրությամբ: Նա ուսումնասիրում է սննդի և ֆեմինիզմի փոխհարաբերությունները՝ ճանաչելով դրանց ազդեցությունը տարբեր դինամիկաների վրա, թե ինչպես/ինչու է սնունդը արտադրվում մեր սննդի ընտրության, հասանելիության և մշակութային ընկալումների համար:
Արմինեն կխոսի «Ուսումնասիրելով սնունդը, ֆեմինիզմը և քաղաքականությունը» թեմայի շուրջ։
Կներկայացնի սննդի և ֆեմինիզմի, սնունդը որպես քաղաքական իրականություն ինտերսեկցիոնալ կապի մասին, և թե ինչպես է գենդերային դինամիկան ազդում սննդի և մարմնի պատկերի հետ մեր հարաբերությունների վրա: Կանդրադառնա նաև, թե ինչպես են սննդի ընտրությունը, հասանելիությունը և մշակութային ընկալումները հատվում տարբեր քաղաքական շարժումների հետ:
2․ Մարիամ Չանչալեշվիլի
Մարիամը սոցիոլոգ է և գենդերային ուսումնասիրությունների մասնագետ։ Նրա հետաքրքրությունների շրջանակը ներառում է խնամքի, մարմնի և առողջության քաղաքականությունների մարդաբանությունը: 2022թ.-ից ի վեր` Մարիամը Վրաստանում կանանց հիմնադրամի ծրագրի ղեկավարն է: Նա նաև Թբիլիսիի պետական համալսարանում դասավանդում է Ֆեմինիստական տեսության ներածություն առարկան: Մարիամը «Քաջ աղջիկներ Վրաստանի անցյալից» մանկական գրքի համահեղինակն է:
Նա կներկայացնի «Առողջության միֆը կապիտալիստական խտրական համակարգերում» վերանգրով թեման:
Մարիամի ելույթը կկենտրոնանա «առողջ» հասկացության ֆեմինիստական քննադատության և դրա շուրջ ձևավորված միֆի ժխտման վրա: Նա կներկայացնի, թե ինչպես է նեոլիբերալ կապիտալիստական համակարգը մեզ զրկում այնպիսի անհրաժեշտություններից, ինչպիսիք են համապատասխան բնակարանը, սննդի հասանելիությունը, առողջապահությունը և օժանդակ ցանցերը, և միևնույն ժամանակ ստիպում է մեզ հավատալ, որ միայն անհատական ընտրությունն է որոշում առողջության հետևանքները: Բացի այդ, Մարիամը կուսումնասիրի սննդի և առողջության միջև փոխհարաբերությունները՝ ընդգծելով դրա դերը մարմնի ամբողջական քաղաքականության ձևավորման գործում, և կնկարագրի առողջության և բարօրության վրա ազդող ավելի լայն սոցիալական, տնտեսական և քաղաքական գործոնները:
3․ Շոխինախոն Բախրոմովա
Շոխինախոնը աշխատում է որպես Հաղորդակցության և գործընկերության մենեջեր IAIS-ում: Մինչ այդ նա աշխատել է որպես գենդերային հարցերի մասնագետ ՄԱԶԾ Ուզբեկստանում և նախաձեռնության համակարգող AccLab-ի ներքո գտնվող CallUmida.uz-ում (նախաձեռնություն` ընդդեմ փողոցային ոտնձգությունների): Իր ողջ գործունեության ընթացքում նա աջակցել է Կենտրոնական Ասիայում մարդկանց միջև կապերի հաստատմանը, կանանց հզորացմանը առաջնորդության և մենթորության միջոցով: Նա ուսումնասիրում և քարոզում է «Սրտի խաղաղություն» փիլիսոփայությունը և հավատում է գաղափարների ուժին, անկեղծությանը և քաջությանը: Նա Տաշքենդի «WomanUP» ամերիկյան կենտրոնի կանանց հզորացման նախագծի հեղինակն է և 2019թ.-ից համակարգում է դրա գործունեությունը:
Շոխինախոնը կխոսի «Սնունդը, կանայք և իշխանությունը Ուզբեկստանում» թեմայի շուրջ։
Այս ելույթը ուսումնասիրում է ուզբեկական մշակույթում սննդի, կանացիության և ուժային կառույցների հետաքրքրաշարժ ինտերսեկցիոնալ կապը: Հենվելով անձնական փորձի վրա՝ Շոխինախոնը կներկայացնի, թե ինչպես է ուզբեկական խոհանոցը գերազանցում սոսկ սննդի մասին լինելը՝ դառնալով սիրո լեզու և սոցիալական կարգավիճակի նշան: Նա կխոսի ուզբեկական հասարակության մեջ կանանց դերերի մասին, որտեղ նրանք և՛ ավանդույթների պասիվ կրողներ են, և՛ դրա պահպանման ակտիվ մասնակիցներ: Բացահայտելով համայնքներում կանանց հիերարխիայի բարդությունները՝ կտեսնենք, թե ինչպես են կանայք դառնում ընտանիքի ողնաշարը՝ իշխանություն ունենալով իրենց խոհարարական հմտության միջոցով` միաժամանակ պաշտպանելով հայրիշխանական կառույցները:
4․ Մարիա Յակովլեվիչ
Մարիան սերբ ֆեմինիստ է, որը հետաքրքրված է ձախ, ֆեմինիստական, կանաչ և այլ փոխկապակցված շարժումներով: Նրա աշխատանքն ընդգրկում է քաղաքական վերլուծությունից, հետազոտություններից և կրթությունից, նախաձեռնություններից/կազմակերպչական զարգացումներից, անցումներից և հզորացումից մինչև սոցիալական փոփոխություններ և կոլեկտիվ խնամք: Մարիան կարծում է, որ մեր շարժումները պետք է հաճախ ինքնառեֆլեքսիա արվեն, մոռանան վնասակար սովորությունները, որոնք մենք ակամա վերարտադրում ենք, և զարգացնեն միմյանց հետ ավելի շատ կարեկցանքով, փոխադարձ հաշվետվողականությամբ և նաև ուրախությամբ հարաբերվելու կարողությունը:
Մարիայի ելույթի վերնագիրն է` «Սննդի ռեժիմների տնտեսական նախադրյալները և էթիկական ու քաղաքական հետևանքները»։
Մարիան կբացատրի, թե ինչպես են տնտեսական փոփոխությունները ձևավորել մեր սննդի ռեժիմները՝ մեր համոզմունքներն ու սպառումը, և ինչպիսին է մեր մանևրելու տարածքը՝ հաշվի առնելով նման վարքագծի էթիկական, բայց նաև քաղաքական հետևանքները: Նա կօգտագործի քաղաքական էկոլոգիայի և ֆեմինիզմի ոսպնյակները՝ պարենային ռեժիմների վերաբերյալ պատմական, ներկա և հնարավոր ապագա մոտեցումները բացելու համար: