Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանում կանանց հիմնադրամը (ՀԿՀ) շարունակում է «Հայաստանի աշխատավորուհի» թերթի ժամանակակից համարների թողարկումը: 2027 թվականին նախատեսում ենք հրատարակել թերթի արդեն չորրորդ համարը: «Հայաստանի աշխատավորուհին» խորհրդային տարիների պատկերազարդ ամսագիր էր, որը լսելի էր դարձնում աշխատավոր հայաստանաբնակ կանանց ձայնը, ներկայացնում նրանց խնդիրները, մարտահրավերները, ձեռքբերումները:
Հրավիրում ենք բոլոր հետաքրքրվածներին՝ ներկայացնելու հոդվածի ձեր գաղափարները, որոնք համահունչ կլինեն «Հայաստանի աշխատավորուհի» թերթի ժառանգությանը՝ միաժամանակ ներկայացնելով թարմ տեսակետներ մեր ժամանակի հրատապ թեմաների վերաբերյալ:
Հատկապես կխրախուսվեն հետևյալ թեմաներով հոդվածների առաջարկները.
✅ կանանց չվճարվող աշխատանքը
✅ խոցելի խմբերի կանանց կողմից իրականացվող խնամքի աշխատանքները
✅ տարբեր խմբերի կանանց ներկայացվածությունը աշխատաշուկայում
Եթե հետաքրքրված եք ժամանակակից հայաստանաբնակ կանանց իրավունքներով ու պատմություններով, քաղաքականության փոփոխություններով, մշակութային ինքնության ուսումնասիրմամբ կամ աշխատավայրում առկա մարտահրավերներով, ինչպես նաև` նմանատիպ այլ թեմաներով ու ոլորտներով, ապա կարող եք ձեր գաղափարով դիմել մեզ:
Հոդվածները կընդունվեն թե՛ հայերեն, թե՛ անգլերեն լեզուներով, քանզի այս համարը նույնպես երկլեզու կլինի: Դիմելու համար հարկավոր է լրացնել հետևյալ ձևաթուղթը մինչև հոկտեմբերի 30-ը:
Վերջնաժամկետի ավարտից հետո կապ կհաստատվի ընտրված գաղափարների հեղինակների հետ: Հաջորդ փուլում (նոյեմբերի երկրորդ կես – հունվար) հեղինակները պետք է աշխատեն հոդվածների (կամ իրենց ընտրած այլ ձևաչափերի աշխատանքների) ուղղությամբ և հանձնեն դրանք մինչև 2027թ․ հունվարի 15-ը: Յուրաքանչյուր հեղինակ կստանա 40.000դր (առանց հարկերի) սիմվոլիկ վճարում իր արած աշխատանքի համար:
Հարցերի դեպքում կարող եք գրել contact@womenfundarmenia.org էլ.հասցեին կամ զանգահարել` 098244933: