Հոկտեմբերի 1-ը որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր. աջակցություն ստացած ծրագրեր

Հոկտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր՝ ընտանեկան բռնության հետևանքով կյանքը կորցրած կանանց հիշելու, հանրային իրազեկվածությունը բարձրացնելու և բռնության կանխարգելման, պատասխանատվության, աջակցության ու արդարադատության կարևորությունն ընդգծելու համար։

Այս տարի Հայաստանում կանանց հիմնադրամն աջակցում է 5 նախաձեռնության, որոնք ընտանեկան բռնության խնդրին անդրադառնում են տարբեր տեսանկյուններից։ Ֆինանսավորվող ծրագրերն ուսումնասիրում են բռնության ազդեցությունը կանանց՝ տան և հանրային տարածքի փորձառությունների վրա, վիճարկում են բռնարար վարքագծի նորմալացումը, ներկայացնում են համայնքներում ապրող կանանց պատմությունները, ստեղծում են հանրային հիշատակի և պատասխանատվության տարածքներ և մշակութային արտահայտության միջոցով ամրապնդում են բռնության դեմ համերաշխությունը։

Այս նախաձեռնությունները նպաստում են ընտանեկան բռնության և դրա պահպանմանը նպաստող սոցիալական պայմանների շուրջ ավելի լայն քննարկման՝ միաժամանակ տեսանելի դարձնելով կանանց փորձառությունները, դիմադրությունն ու հավաքական ուժը։

1. «Տան ֆեմինիստական հաշիվը». ճարտարապետական և ֆեմինիստական հետազոտական նախագիծ — Աղունիկ Տեր-Ստեփանյան

«Տան ֆեմինիստական հաշիվը» նախագիծն ուսումնասիրում է կենցաղային տարածքի և գենդերային հիմքով բռնության փոխհարաբերությունը՝ կենտրոնանալով այն հարցի վրա, թե ինչպես է բռնությունը փոխում կանանց տեղաշարժը, վարքագիծը, ապահովության զգացումը և տան տարածքի օգտագործումը։

Հիմք ընդունելով «Ինչպիսի՞ն կլիներ քաղաքը, եթե նախագծվեր՝ հաշվի առնելով կանանց փորձառությունը» նախորդ նախագիծը՝ այն ուսումնասիրում է նաև կանանց կողմից իրենց անվտանգությունն ապահովելու համար կատարվող անտեսանելի աշխատանքը՝ վտանգը նախապես կանխատեսելը, որոշակի տարածքներից խուսափելը, ձայներին և շարժումներին հետևելը և առօրյա ռեժիմը փոփոխելը։

Հետազոտության, ճարտարապետական հատակագծերի, տեղաշարժերի քարտեզների և վիզուալ վահանակների միջոցով նախագիծը նպատակ ունի տեսանելի դարձնելու բռնության տարածական և վարքագծային այն ազդեցությունները, որոնք հաճախ մնում են անտեսանելի։

Վերջնական աշխատանքը տան տարածքները կներկայացնի ոչ միայն որպես ֆիզիկական միջավայր, այլև որպես վախով, զգոնությամբ, սահմանափակումներով և հարմարվողականությամբ ձևավորված տարածքներ։ Այն կուղեկցվի նաև գրքույկով, որը նախագիծը կկապի հանրային տարածքում կանանց անվտանգության և ազատության փորձառությունների վերաբերյալ վերոնշյալ հետազոտության հետ։

2. «Փոխիր ընտրությունդ». պատասխանատվության և բռնության կանխարգելման արշավ — «Արդարության նոր մշակույթ» ՀԿ

«Արդարության նոր մշակույթ» կազմակերպությունն աշխատում է գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման, գենդերային հավասարության և արդարության խթանման ուղղությամբ՝ հետազոտության, հանրային իրազեկման և կանխարգելման նորարարական մոտեցումների միջոցով։

«Փոխիր ընտրությունդ» նախագծի շրջանակում կազմակերպությունը կիրականացնի հանրային արշավ, որի նպատակն է ընտանեկան բռնության մասին խոսակցությունը վերակենտրոնացնել բռնության ենթարկված անձանց պատասխանատվությունից դեպի բռնություն կիրառողների պատասխանատվությունը։

Արշավը կուղղվի բռնություն կիրառողներին և այն մարդկանց, ովքեր կարող են իրենց վարքագծում ճանաչել վերահսկող, հարկադրող, սպառնացող կամ բռնի դրսևորումներ՝ ընդգծելով, որ բռնությունը ընտրություն է, և հնարավոր են նաև այլ ընտրություններ։

8–10 վիզուալ նյութերի և/կամ կարճ տեսանյութերի, թեմատիկ փոդքասթի, ինչպես նաև մեդիա հրապարակումների և հարցազրույցների միջոցով արշավը նպատակ ունի վիճարկելու բռնությունն արդարացնող կամ նորմալացնող պատկերացումները, խթանելու բռնի վարքագծի համար պատասխանատվությունը և նպաստելու ոչ բռնի հարաբերությունների ձևավորմանը։

Արշավը կկիրառի նաև ինտերսեկցիոնալ մոտեցում՝ հաշվի առնելով, որ կանայք բռնությունը տարբեր կերպ են ապրում և ունեն անվտանգության, տեղեկատվության ու աջակցության անհավասար հասանելիություն։

3. «Բերդի 10 կանայք». ֆոտոպատմություններ — «Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամ

«Բերդի կանանց ռեսուրս կենտրոն» հիմնադրամն աջակցում է Բերդի սահմանամերձ համայնքի կանանց՝ սոցիալական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և զբոսաշրջության զարգացման նախաձեռնությունների միջոցով։

«Բերդի 10 կանայք» նախագծի միջոցով կազմակերպությունը կներկայացնի տեղի 10 կանանց պատմություններն ու ներդրումը կանանց իրավունքների պաշտպանության, բռնություն վերապրած անձանց աջակցության, կյանքերի փրկության և հայրիշխանական կարծրատիպերի վիճարկման գործում։

Նախագծում ներգրավված երիտասարդ կանայք կամավորության հիմունքներով կմասնակցեն հերոսուհիների ընտրությանն ու հարցազրույցների անցկացմանը, որից հետո կստեղծվեն և կհրապարակվեն 10 պրոֆեսիոնալ ֆոտոպատմություններ։ Դրանք հասանելի կլինեն առցանց և կներկայացվեն որպես մշտական ցուցադրություն Բերդի կանանց ռեսուրս կենտրոնում։

Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնելու տեղի կանանց տեսանելիությունն ու հանրային ճանաչումը, երիտասարդ աղջիկներին ներկայացնելու դրական օրինակներ, խթանելու սերունդների միջև երկխոսությունն ու կանանց համերաշխությունը և ամրապնդելու համայնքի իրազեկվածությունն ու անհանդուրժողականությունը ընտանեկան բռնության նկատմամբ։

4. Մոմավառություն` հանուն հիշողության և փոփոխության — «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ցանց է, որն աշխատում է Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխարգելման և վերացման, կանանց իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության խթանման ուղղությամբ։

Նախագծի շրջանակում Կոալիցիան հոկտեմբերի 1-ին Կարապի լճում կկազմակերպի խաղաղ հանրային մոմավառություն՝ նվիրված ընտանեկան բռնության և կնասպանության հետևանքով կյանքը կորցրած կանանց հիշատակին։

Միջոցառումը կանդրադառնա ընտանեկան բռնության «անտեսված շղթային»՝ կապելով բռնությունից վերապրածների, համակարգերի և պատասխանատվության հարցը, և կհամախմբի քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների կազմակերպությունների, լրագրողների և պետական կառույցների ներկայացուցիչների։

Մասնակիցներին և մեդիայի ներկայացուցիչներին կտրամադրվի Հայաստանում կնասպանության վերաբերյալ տպագիր վերլուծական զեկույց, ինչպես նաև` աջակցության թեժ գծերի մասին տեղեկատվություն։

Հանրային միջոցառման և մեդիայի հետ աշխատանքի միջոցով նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնելու ընտանեկան բռնության և կնասպանության շուրջ հանրային քննարկումը, ընդգծելու պատասխանատվության, կանխարգելման և արդարադատության հասանելիության կարևորությունը և խթանելու քաղաքացիական հասարակության ու պետական կառույցների միջև երկխոսությունը։

5. «Մածուն եմ դրել վըր դարուն» — «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ

«ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն աշխատում է կանանց և երիտասարդների հզորացման, գենդերային հավասարության, ներառականության և համայնքային կյանքում իմաստալից մասնակցության խթանման ուղղությամբ։

«Մածուն եմ դրել վըր դարուն» նախագծի շրջանակում կազմակերպությունը հայկական կանանց ավանդական «Մածուն» պարը կվերաիմաստավորի որպես ժամանակակից ֆեմինիստական հանրային ներկայացում՝ խորհրդանշելով կանանց համերաշխությունը, փոխադարձ աջակցությունն ու ընտանեկան բռնությանը հավաքական արձագանքը։

Հոկտեմբերի 1-ին՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը, Լոռու առնվազն 50 կին և երիտասարդ Վանաձորի Հայքի հրապարակում կներկայացնեն պարի նոր մեկնաբանությունը՝ հիմնվելով ավանդական այն ձևավորման վրա, որտեղ պարողները ֆիզիկական շփման միջոցով աջակցում են միմյանց։

Նախաձեռնությունը կմիավորի մշակութային ժառանգությունն ու ֆեմինիստական հանրային ուղերձը՝ վիճարկելով գենդերային կարծրատիպերը և ընդգծելով, որ կանայք չպետք է բռնության կամ մեկուսացման առջև միայնակ մնան։

Պարի փորձերի, հանրային ներկայացման և իրազեկող կարճ ուղերձի միջոցով նախագիծը նպատակ ունի հանրային տարածքում տեսանելի դարձնելու կանանց հավաքական ուժն ու խթանելու համերաշխությունն ու ընտանեկան բռնության նկատմամբ համայնքային անհանդուրժողականությունը։

Կիսվել:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.