ՖեմԹերթ (սեպտեմբեր-դեկտեմբեր, 2023թ.)

Մինչ նախատոնական եռուզեռի սկսելը՝ առաջարկում ենք կարդալ վերջին ամիսներին իրականացրած մեր աշխատանքի մասին։ Թեև այս ամիսները լի էին ծանր իրադարձություններով, այստեղ նաև հավաքել ենք մի շարք դրական նորություններ, որոնք ուրախ ենք կիսել ձեզ հետ։

Այս ամիսների ընթացքում ունեցել ենք երկու ֆեմախոսություն՝ շատ տարբեր թեմաներով։ Լիլիթ Հակոբյանի «Հանրակրթական դպրոցներում ազգային օրերին նվիրված միջոցառումների գենդերային ասպեկտը» փակ ֆեմախոսությունը վերաբերում էր հանրակրթական դպրոցներում իրականացվող հանրային միջոցառումներում գենդերի և ազգայնականության փոխառնչությունը։ Իսկ Անի Բարսեղյանի  «Սրբազանացումից մինչև բռնության մշակույթ․ գենդերին վերաբերող հասկացությունների ծայրահեղացումը կենցաղում, մեդիայում և հումորում» ֆեմախոսությունը կարող եք դիտել մեր յութուբյան էջում։ 

Այս ընթացքում ներկայացրել ենք նաև 2023 թվականի առաջին կեսին մեր միջազգային գործընկերների շնորհիվ աջակցություն ստացած ծրագրերը։ Ստորև հղումներով կարող եք ծանոթանալ դրանց.

Equality Fund-ի աջակցությամբ իրականացվող ծրագրեր

The Sigrid Rausing Trust-i աջակցությամբ իրականացվող ծրագրեր

Kvinna Till Kvinna հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրեր

filia հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրեր

Կալալա հիմնադրամի աջակցությամբ իրականացված ծրագրեր

Այս տարի Հայաստանում կանանց հիմնադրամը դարձավ Մարդու իրավունքների հիմնադրամների ցանցի (HRFN) անդամ։

HRFN-ն հիմնադրամների ցանց է Գլոբալ Հարավում, Արևելքում և Հյուսիսում, որը շուրջ 30 տարի զբաղվում է ամբողջ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված գործողությունների իրականացմամբ ու ռեսուրսների տրամադրմամբ։ Ուրախ ենք կիսել խաղաղ ապագա կառուցելու և աշխարհն ավելի լավը դարձնելու մեր գործընկերների գաղափարներն ու նպատակները։

Սեպտեմբերի 11-ին մեր գրասենյակում տեղի ունեցավ «Հայաստանի աշխատավոր(ուհի)» թերթի շնորհանդեսը: Այն պատրաստվել է «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում և փորձ է պատկերացնելու, թե խորհրդային տարիներին հրատարակվող «Հայաստանի աշխատավորուհի» (1924-98թթ.) թերթի ժամանակակից համարը ինչպիսին կլիներ: «Նոր համար՝ նոր ժամանակների համար» կարգախոսով թերթը նվիրված է այսօր Հայաստանում և ամբողջ աշխարհում դասակարգային և ֆեմինիստական հիմնախնդիրներին, որոնց կանայք և այլ գենդերային մարգինալացված ինքնություններ բախվում են։ Համարն անվճար կարող եք ձեռք բերել մեր գրասենյակից՝ Սարյան 24/5:


Այս տարի ակտիվ կերպով մեկնարկել են հավաքական ամոքման մեր տարածքի` «Սիլիհտարի պարտեզների» վերանորոգման աշխատանքները: Եկող տարվա ընթացքում արդեն կկարողանանք օգտագործել տարածքը մեր հանդիպումների, հավաքական ինքնախնամքի պրակտիկաների և այլ նպատակներով: Շարունակեք հետևել Սիլիհտարի պարտեզների էջին ֆեյսբուքում և ինստագրամում, որպեսզի տեղյակ լինեք զարգացումներից:

Հոկտեմբերի 16-19-ը մեր գրասենյակում հյուրընկալեցինք Պրոսպերա կանանց հիմնադրամների միջազգային ցանցի եվրոպական մասի տարածաշրջանային տարեկան հանդիպումը: Հանդիպման նպատակն էր քննարկել ապագա անելիքները, վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, կիսվել հիմնադրամների նորություններով և այլն:

Մեր գործընկերուհիներին հյուրընկալեցինք մեզ համար դժվարին շրջանում: Շնորհակալ ենք նրանց, որ համերաշխություն դրսևորեցին և այցելեցին մեզ՝ մեր կողքին գտնվելու:


Գենդերային կարծրատիպերի և տնտեսական իրողության պատճառով Հայաստանում 40-ն անց կանայք հիմնականում իրենց վրա են կրում ընտանիքին խնամելու չվճարվող աշխատանքը՝ չունենալով շատ հնարավորություններ բարձրաձայնելու իրենց սեփական հետաքրքրությունները: Մեր՝ 40-ն անց կանանց գաղափարների աջակցությանն ուղղված դրամաշնորհային ծրագրի նպատակը այս կանանց զորեղացնելն ու նրանց ձայնը լսելի դարձնելն էր: Նրանց մասին պատմող տեսահոլովակը կարող եք դիտել YouTube-ում՝ անցնելով այս հղումով:

Վերջապես ձեզ ենք ներկայացնում նաև գարնանը հայտարարված դրամաշնորհի արդյունքում հրապարակված ֆեմինիստական էսսեները։ Կարդացեք՝ անցնելով ստորև հղումներով.

Ինչպես նաև կարդացեք Գայանե Ղազարյանի կողմից պատրաստված «Հյուսված պատմություններ Սյունիքից» զինը՝ Սյունիքի սահմանամերձ համայնքներում ապրող դեռահաս աղջիկների՝ պատերազմի ու խաղաղության մասին պատկերացումների մասին։

Այս տարի ավարտին հասցրինք ևս մեկ կարևոր հետազոտություն` «Ու՞ր են կանանց և ֆեմինիստական կազմակերպությունների համար նախատեսված գումարները Հայաստանում»: Այս հետազոտության նպատակն էր կառուցել միասնական մի պատկեր, որը ցույց կտար, թե ինչ վիճակում են կանանց և ֆեմինիստական կազմակերպությունները գտնվում ֆինանսապես, և ինչ է հնարավոր անել վերջիններիս գործունեության համար ավելի շատ ռեսուրսներ ներգրավելու ուղղությամբ։ Որպես հիմնադրամ՝ սա ՀԿՀ-ին հնարավորություն կտա հասկանալու, թե որտեղ է Հիմնադրամի դերն այս ռեսուրսների ներգրավման գործում, և որոնք են ակնկալիքները հենց Կանանց հիմնադրամից։ Հետազոտությունը կարդալ կարող եք այստեղ:

Այս ամիսները գրքառատ էին «Ֆեմպատում» ծրագրի համար։ Նախագծի շրջանակներում իրականացրել ենք հերթական հոդվածի թարգմանությունը՝ նվիրված բանավոր պատմության մեթոդին, և հրապարակել ենք «Հակագենդերային շարժումները կին ակտիվիստների խոսքով. հինգ ակտիվիստի պատմություն» ժողովածուն, որը ներառում է հատվածներ հակագենդերային շարժումների թեմայով հավաքագրված հինգ բանավոր պատմություններից։ Իսկ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցավ հանդիպում գրքույկում ներառված ակտիվիստների հետ։

Կարդացե՛ք մեր կայքում՝ անցնելով ստորև հղումներով.


Դեկտեմբերի 5-7-ը Դիլիջանում տեղի ունեցավ մեր գործընկերուհիների համար նախատեսված ամոքման եռօրյա հանդիպումը: Հանդիպումը նախատեսված էր հատկապես այն գործընկերուհիների համար, որոնք ակտիվորեն աշխատում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված կանանց ու աղջիկների հետ: Այդ օրերի ընթացքում փորձեցինք մի փոքր կտրվել հոգսաշատ առօրյայից, կիրառել հավաքական խնամքի պրակտիկաներ, քննարկել մեր կարիքները, փորձել անդրադառնալ դրանց: 

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից մեկնարկված լայնամասշտաբ հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ավելի քան հարյուր հազար հայեր բռնի տեղահանվեցին: Արձագանքելով այս հումանիտար ճգնաժամին` Հայաստանում կանանց հիմնադրամը դրամահավաք սկսեց` ռեսուրսների հավաքագրման և բռնի տեղահանված կանանց ու աղջիկներին առաջին անհրաժեշտության աջակցություն տրամադրելու համար: Բռնի տեղահանության հետ կապված ճգնաժամի առաջնագծում աշխատող մեր գործընկերուհիների աշխատանքը ներկայացնող տեսահոլովակը կարող եք դիտել այս հղումով։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.