Հայաստանում կանանց հիմնադրամը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ Արագածոտնի մարզի (հատկապես Աշտարակի և հարակից գյուղերի) կանանց, աղջիկների, կանանց խմբերի, նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, սոցիալական ձեռնարկությունների և կանանց առաջնորդած այլ նախաձեռնությունների համար։
Հիմնադրամում մենք հավատում ենք, որ սոցիալական փոփոխությունը տեղի չի ունենում միայն ֆորմալ հաստատություններում կամ խոշոր կազմակերպություններում։ Այն տեղի է ունենում նաև փոքր համայնքներում, հարևանների միջև զրույցներում, կանանց ոչ ֆորմալ ցանցերում, հոգատարության տարածքներում, ստեղծարար նախաձեռնություններում, տեղական բիզնեսներում, երիտասարդական խմբերում և դիմադրության ու աջակցության ամենօրյա գործողություններում։
Այս հայտը հրավեր է Արագածոտնի կանանց համար՝ կիսվելու իրենց գաղափարներով, ամրապնդելու տեղական նախաձեռնությունները և դառնալու կանանց կողմից առաջնորդվող համայնքային գործողությունների ավելի լայն շրջանակի մի մաս։
Ինչպիսի՞ նախաձեռնություններ կարող են աջակցություն ստանալ
Մենք փնտրում ենք փոքր, իրատեսական և համայնքային հիմք ունեցող նախաձեռնություններ, որոնք արձագանքում են Արագածոտնի կանանց և աղջիկների կարիքներին, փորձառություններին և երազանքներին։
Առաջարկվող նախաձեռնությունները կարող են կենտրոնանալ հետևյալ ուղղություններից մեկի կամ մի քանիսի վրա.
- Կանանց իրավունքներ, գենդերային հավասարություն և համայնքային իրազեկում
- Գենդերային բռնության կանխարգելում և բռնության ենթարկված կանանց աջակցություն
- Կանանց տնտեսական հզորացում և տեղական ձեռնարկատիրություն
- Հոգեկան առողջություն, ապաքինում, կոլեկտիվ հոգատարություն և բարեկեցություն
- Համայնքային մոբիլիզացիա և կանանց առաջնորդություն
- Սերունդների միջև փորձի փոխանակում (կանանց և աղջիկների միջև)
- Կանանց կողմից առաջնորդվող մշակութային, արվեստի կամ պատմությունների ներկայացման (storytelling) նախաձեռնություններ
- Բնապահպանական արդարություն, կայուն ապրելակերպ, այգեգործություն, սնունդ և տեղական գիտելիքներ
- Աջակցություն տեղահանված կանանց, միայնակ մայրերին, հաշմանդամություն ունեցող կանանց, տարեց կանանց, երիտասարդ կանանց կամ մեկուսացման ենթարկվող այլ խմբերի
- Կանանց և աղջիկների համար անվտանգ, ներառական և հոգատար տարածքների ստեղծում
- Կանանց շրջանում աղքատության նվազեցմանն ուղղված միջոցառումներ
Մենք հատկապես ողջունում ենք այն գաղափարները, որոնք կապված են տեղական իրականության հետ և միավորում են կանանց իմաստալից ձևերով։
Հնարավոր նախաձեռնությունների օրինակներ են՝ համայնքում կանանց քննարկումներ կամ աջակցության խմբակներ, փոքր արշավ կանանց իրավունքների կամ բռնության կանխարգելման թեմայով, սեմինարների շարք երիտասարդ կանանց կամ դեռահաս աղջիկների համար, համայնքային պատմությունների ներկայացում, լուսանկարչական, թատերական կամ արվեստի հետ կապված նախաձեռնություն, կանանց կողմից առաջնորդվող բնապահպանական կամ այգեգործական նախաձեռնություն, տեղական փոքր տոնավաճառ կամ միջոցառում՝ կին ձեռնարկատերերի մասնակցությամբ, ապաքինման, ինքնախնամքի կամ կոլեկտիվ հոգատարության գործողություններ կին ակտիվիստների կամ համայնքի անդամների համար, կանանց միջև մենթորության կամ հմտությունների փոխանակման նախաձեռնություն, համայնքային քարտեզագրում՝ կանանց կարիքների, ռեսուրսների և առաջնահերթությունների վերաբերյալ, կանանց կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկության փոքր փորձնական գաղափար:
Սրանք ընդամենը օրինակներ են։ Մենք բաց ենք համայնքից և համայնքի կարիքներից բխող ստեղծարար գաղափարների համար։
Ո՞վ կարող է դիմել
Այս հայտը բաց է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի և հարակից գյուղերի դիմորդների համար, ներառյալ՝
- Գրանցված կանանց կազմակերպություններ
- Տեղական ՀԿ-ներ կամ համայնքային կազմակերպություններ, որոնք աշխատում են կանանց և աղջիկների հետ
- Կանանց ոչ ֆորմալ խմբեր կամ կոլեկտիվներ
- Կին ակտիվիստներ և համայնքային կազմակերպիչներ
- Կին ձեռնարկատերեր և կանանց կողմից ղեկավարվող սոցիալական ձեռնարկություններ
- Երիտասարդ կանանց խմբեր
- Տեղահանված կանանց կամ այլ խոցելի խմբերի կողմից առաջնորդվող նախաձեռնություններ
Պարտադիր չէ, որ դիմորդները ունենան ֆորմալ ծրագրերի երկարատև փորձ։ Մենք նաև հետաքրքրված ենք աջակցել այն կանանց, ովքեր գուցե դեռևս հասանելիություն չունեն ավանդական ֆինանսավորման աղբյուրներին, բայց ունեն ուժեղ համայնքային կապեր, գաղափարներ և մոտիվացիա։
Դրամաշնորհի չափը՝ մինչև 1,200,000 ՀՀ դրամ
Ծրագրերի տևողությունը՝ 2-4 ամիս
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 15, 2026թ.
Մենք առաջնահերթություն կտանք այն նախաձեռնություններին, որոնք․
- Առաջնորդվում են Արագածոտնի մարզի կանանց կամ աղջիկների կողմից
- Արձագանքում են համայնքի իրական կարիքներին
- Ստեղծում են անվտանգ և ներառական տարածքներ կանանց և աղջիկների համար
- Ամրապնդում են կանանց մասնակցությունը, առաջնորդությունը և համերաշխությունը
- Ներառում են մարգինալացված կանանց և աղջիկների
- Իրատեսական են և հնարավոր է իրականացնել փոքր դրամաշնորհով
- Ցուցաբերում են հոգատարություն համայնքի և ներգրավված մարդկանց նկատմամբ
- Ունեն ներուժ շարունակականության կամ ընդլայնման դրամաշնորհի ավարտից հետո
Հայտերը կարող են ներկայացվել և՛ հայերեն, և՛ անգլերեն լեզուներով։ Դիմելու համար անցեք այս հղումով:
Մենք խրախուսում ենք դիմել նաև այն կանանց (այդ թվում` նաև անհատներին) և խմբերին, որոնք նախկինում չեն դիմել դրամաշնորհային ծրագրերի։
Եթե դիմումի հետ կապված ունեք հարցեր, ապա կարող եք միանալ մեր տեղեկատվական հանդիպմանը, որը տեղի կունենա՝ հունիսի 19-ին, ժամը 17:00-ին։ Հանդիպման հղումը՝ https://us06web.zoom.us/j/81171749058?pwd=0awz0DqGA4MLMgLmGOwatOgfIEva05.1
Ինչո՞ւ այս հայտը
«Հայաստանում կանանց հիմնադրամ»-ը ընդլայնում է իր գործունեությունը Արագածոտնի մարզում և ցանկանում է կառուցել ավելի ամուր կապեր այն կանանց, խմբերի, կազմակերպությունների և տեղական նախաձեռնությունների հետ, ովքեր/որոնք արդեն ակտիվ են Աշտարակում և հարակից համայնքներում։ Այս հայտի միջոցով մենք ցանկանում ենք ավելի լավ հասկանալ տեղական համատեքստը, աջակցել կանանց կողմից առաջնորդվող արդեն իսկ գոյություն ունեցող ջանքերին և ստեղծել նոր կապեր՝ հիմնված վստահության, համերաշխության և ֆեմինիստական ընդհանուր արժեքների վրա։
Սա նաև մաս է կազմում մեր ավելի լայն հանձնառության՝ աջակցելու համայնքային հիմքով կանանց իրավունքների պաշտպանությանը Երևանից դուրս և ամրապնդելու կանանց ինքնակազմակերպումը Հայաստանի տարբեր մարզերում։