2022 թվականից Հայաստանում կանանց հիմնադրամը «Կանանց կազմակերպությունների դիմակայունություն» ծրագրի մասնակից է։ Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի filia հիմնադրամի, Վրաստանում կանանց հիմնադրամի, Լեհաստանի FemFund-ի և Ուկրաինական կանանց հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Այս գործընկերության շրջանակում Հայաստանում կանանց հիմնադրամն աջակցել է շուրջ 20 կազմակերպության՝ զարգացնելու իրենց ֆինանսական և հոգեսոցիալական դիմակայունությունը։
2026 թվականի մայիսին Լեհաստանում տեղի ունեցավ ծրագրի գործընկեր կազմակերպությունների եզրափակիչ հավաքը։ Հանդիպմանը մասնակցեցին նաև մեր գործընկեր կազմակերպությունների՝ Կանանց ռեսուրսային կենտրոնի, Jazve Talks-ի և Կանանց համերաշխության տարածքի ներկայացուցիչները։
Հավաքը հնարավորություն էր՝ զգալու պատկանելությունը ավելի լայն ֆեմինիստական շարժմանը և միաժամանակ ամրապնդելու անդրազգային ֆեմինիստական համերաշխությունը, որը հարգում է մեր տարբեր իրականությունները, պայքարներն ու փորձառությունները։ Մի քանի օրերի ընթացքում մասնակիցները միասին ստեղծեցին տարածք՝ քննարկելու մարտահրավերները, կիսվելու անհաջողություններով, միասին սգալու կորուստները և ուսումնասիրելու, թե ինչ է նշանակում կառուցել հույսի վրա հիմնված դիմակայունություն՝ անորոշության և հոգնածության պայմաններում։
Մասնակիցները անդրադարձան նաև այն հարցին, թե ինչպես կարելի է շարունակել ակտիվիզմը՝ խուսափելով մեկուսացումից և հյուծումից։ Քննարկումների ընթացքում ընդգծվեց դժվար հույզերը ճանաչելու, վշտի և ապաքինման համար տարածք ստեղծելու կարևորությունը, ինչպես նաև մշակութային պրակտիկաների, պատմությունների և առօրյա ավանդույթների դերը՝ համայնքային կապերն ու հավաքական դիմակայունությունն ամրապնդելու գործում։
Ծրագրի առանցքային հանդիպումներից էր «Պատվելով մեր ցավը աշխարհի համար՝ զսպելով վիշտը. միասին զգալ, վկայել, սովորել» խորագրով սեսիան, որի ընթացքում մասնակիցները դիտարկեցին վիշտը ոչ թե որպես անհատական բեռ, այլ որպես համայնքային փորձառություն, որն արմատավորված է մշակութային և նախնիներից փոխանցված ավանդույթներում։ Մարմնի, բնության և պատմությունների հետ աշխատանքի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան արժևորելու կորուստները՝ միաժամանակ վերամիավորվելով այն արժեքների և նպատակների հետ, որոնք առաջ են մղում իրենց։
«Խորը ժամանակի միջոցով կապեր ստեղծելը» խորագրով սեսիան մասնակիցներին հրավիրեց իրենց տեղը դիտարկել ավելի լայն պատմական և էկոլոգիական ժամանակագրությունների շրջանակում՝ խթանելով մտորումներ շարունակականության, հիշողության, պատկանելության և պատասխանատվության մասին։
Ծրագիրը ներառում էր նաև ստեղծագործական և ինքնաանդրադարձային աշխատարաններ։ «Կատակերգությունը որպես փոխակերպում» սեսիայի ընթացքում, որը վարում էր Քեյթ Չեկան, մասնակիցները ուսումնասիրեցին հումորը որպես ինքնարտահայտման, ինքնավստահության և փոխակերպման գործիք։ Աշխատարանի նպատակն էր օգնել վերաիմաստավորել ամոթի, անհարմարության և մեղքի զգացումները՝ դրանք վերածելով ստեղծագործական և ազատագրող փորձառությունների։
Հավաքն ավարտվեց «Քաղաքական մելամաղձության և հույս ներշնչող պեսիմիզմի նավարկումը» սեսիայով, որի ընթացքում մասնակիցները ֆեմինիստական տեսանկյունից քննարկեցին քաղաքական վիշտը, ժողովրդավարական արժեքների թուլացումը և ժամանակակից ճգնաժամերը։ Միասին նրանք անդրադարձան այն հարցին, թե ինչպես կարելի է դիմակայել ներկա մարտահրավերներին ազնվությամբ և հստակությամբ՝ միաժամանակ պահպանելով հավաքական գործողությունների, համերաշխության և հույսի ուժը։
Թեև ծրագիրն ավարտվում է, հավաքը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիմակայունությունը կառուցվում է ոչ թե անհատապես, այլ միասին՝ հարաբերությունների, փոխադարձ աջակցության, հավաքական ուսուցման և սահմաններ չճանաչող ֆեմինիստական սոլիդարության միջոցով։