Տարեսկզբին Հայաստանում կանանց հիմնադրամի հայտարարած ֆեմինիստական միջոցառումներին աջակցող դրամաշնորհի բաց կանչի շրջանակներում Կանանց իրավունքների միջազգային օրվա` Մարտի 8-ի թեմայով ընտրվել են հետևյալ նախաձեռնությունները.
Լոֆթ Իջևան
LOFT Իջևան երիտասարդական կենտրոնի նախագիծը նպատակ ունի զորեղացնելու 16–35 տարեկան երիտասարդ կանանց Իջևանում և հարակից համայնքներում՝ կրթական, մշակութային և մասնակցային միջոցառումների միջոցով։ Մարտի 8-ին նվիրված միջոցառումների շրջանակում կկազմակերպվեն լուսանկարչական ցուցահանդես, պանելային քննարկում կանանց իրավունքների և գենդերային հավասարության թեմաներով, հանդիպում հաջողության հասած կնոջ հետ, ինչպես նաև ինտերակտիվ աշխատարան հուզական ինտելեկտի զարգացման համար։ Նախագիծը խթանում է քննադատական մտածողությունը, ինքնավստահությունը և հասարակական ակտիվությունը՝ ստեղծելով հարթակ, որտեղ երիտասարդ կանայք կարող են քննարկել իրենց հուզող հարցերը, ձեռք բերել նոր գիտելիքներ և ներգրավվել համայնքային կյանքում։ Ցուցահանդեսը բաց կլինի ամբողջ մարտ ամսվա ընթացքում՝ հնարավորություն տալով ավելի լայն հանրությանը մասնակցելու քննարկումներին և անդրադառնալու կանանց իրավունքների խնդիրներին։ Նախագծի ավարտին նախատեսվում է նաև ստեղծել Կանանց զարգացման ակումբ, որը կդառնա շարունակական, անվտանգ և ներառական տարածք երիտասարդ կանանց համար՝ քննարկումների, նախաձեռնությունների և առաջնորդության զարգացման համար։ Նախագիծը հիմնված է ֆեմինիստական արժեքների վրա և նպատակ ունի ոչ միայն նշելու Մարտի 8-ը, այլ նաև վերաիմաստավորելու այն որպես կանանց իրավունքների պաշտպանության և սոցիալական փոփոխությունների խթանման օր։
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ
«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախաձեռնած միջոցառումը նպատակ ունի ստեղծելու անվտանգ և աջակցող տարածք, որտեղ կանայք և աղջիկները կարող են արվեստի միջոցով արտահայտել իրենց հուզող խնդիրներն ու իրավունքների խախտումները։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել երկու արտթերապիայի հանդիպում՝ 10–15 կանանց մասնակցությամբ, որտեղ մասնակիցները մասնագետի աջակցությամբ կտավների վրա կարտահայտեն իրենց փորձառությունները, զգացումները և հասարակական խնդիրները, որոնց բախվում են առօրյա կյանքում։ Ստեղծված նկարները մարտի 8-ին կներկայացվեն կազմակերպության գրասենյակում կազմակերպվող «Երբ արվեստն է պատմում կանանց իրավունքների մասին» խորագրով ցուցահանդեսի ընթացքում, որը կուղեկցվի քննարկմամբ կանանց իրավունքների արդի խնդիրների շուրջ։ Միջոցառմանը կհրավիրվեն նաև պետական կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ խթանելու երկխոսությունը և ուշադրություն հրավիրելու համայնքում առկա խնդիրների վրա։ Նախագիծը նպատակ ունի ոչ միայն բարձրաձայնելու կանանց իրավունքների թեմաները, այլ նաև հնարավորություն տալու կանանց ինքնաարտահայտվելու, կիսվելու իրենց փորձառություններով և նպաստելու այնպիսի միջավայրի ձևավորմանը, որտեղ կանայք կարող են ազատորեն խոսել իրենց իրավունքների մասին՝ առանց վախի կամ խտրականության։
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ-ի նախաձեռնած նախագիծը նվիրված է Կանանց իրավունքների միջազգային օրվան և նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը Հայաստանում առկա սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման սոցիալական, առողջապահական և ժողովրդագրական հետևանքների վերաբերյալ։ Նախագծի առանցքում է «Շնորհավոր, աղջիկ է» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Բերդ քաղաքում՝ Արևաբերդ կինոթատրոնի հետ համագործակցությամբ, որը ներկայացնում է խնդրի մարդկային պատմությունները և սոցիալական համատեքստը։ Ֆիլմի ցուցադրությունից հետո նախատեսվում է պանելային քննարկում առողջապահության ոլորտի մասնագետների, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մասնակիցները կքննարկեն համայնքում առկա գենդերային կարծրատիպերը՝ լրացնելով «Դու աղջիկ ես, դու իրավունք չունես…» արտահայտության շարունակությունը, որը կօգնի բացահայտել հասարակության մեջ տարածված խտրական մոտեցումները։ Ծրագրի շրջանակում կանցկացվի նաև լուսանկարչական մրցույթ դպրոցականների և երիտասարդների համար՝ նույն խորագրով, որը կխթանի ստեղծարար մասնակցությունը և թեմայի շուրջ հանրային քննարկումը։ Նախագիծը նպատակ ունի ստեղծելու ներառական հարթակ երկխոսության, փորձի փոխանակման և գենդերային հավասարության խթանման համար՝ ներգրավելով համայնքի տարբեր խմբերին և մասնագիտական ոլորտների ներկայացուցիչներին։
Նորարա փորձառական արվեստի կենտրոն (ՆՓԱԿ)
ՆՓԱԿ-ի նախագիծը նպատակ ունի ուսումնասիրելու և հանրայնացնելու կենտրոնի արխիվը՝ բացահայտելով կին արվեստագետների մասնակցությունը և ֆեմինիստական թեմաներով իրականացված ցուցահանդեսները ՆՓԱԿ-ի հիմնադրումից ի վեր։ Հետազոտության արդյունքում կձևավորվի կին արվեստագետների գործունեության և ՆՓԱԿ-ում անցկացված ցուցահանդեսների թեմատիկ ուղղությունների համապարփակ պատկերացում, որը կներկայացվի տեղեկատվական բրոշյուրի տեսքով։ Բրոշյուրը կներառի կին արվեստագետների տվյալների բազա, ցուցահանդեսների ժամանակագրություն և դրանց հիմնական թեմատիկ շեշտադրումները։ Բացի այդ` ՆՓԱԿ-ի գրադարանում կստեղծվի արխիվային հատուկ անկյուն, որտեղ այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու ցուցահանդեսների վիդեոարխիվներին և հետազոտության արդյունքներին։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնելու ժամանակակից կին արվեստագետների տեսանելիությունը, խթանելու հանրային հետաքրքրությունը ֆեմինիստական արվեստի և կանանց իրավունքների թեմաների նկատմամբ և ընդգծելու կանանց կարևոր դերը ժամանակակից արվեստում։
Տաթև Ազիզբեկյան
Տաթև Ազիզբեկյանի «Ինձ ծաղիկներ մի նվիրիր, եթե…» նախագիծը թվային ֆեմինիստական իրազեկման արշավ է, որը նպատակ ունի վերաիմաստավորելու Մարտի 8-ը և այն ներկայացնելու ոչ թե որպես ծաղիկների և նվերների օր, այլ որպես կանանց իրավունքների պաշտպանության և հավասարության պահանջի օր։ Արշավի շրջանակում կստեղծվի յոթ կարճ տեսանյութերից բաղկացած շարք, որոնցից յուրաքանչյուրը սկսվում է նույն ուղերձով՝ «Ինձ ծաղիկներ մի նվիրիր, եթե…»։ Տեսանյութերը անդրադառնում են հայ հասարակությունում տարածված գենդերային կարծրատիպերին և կանանց իրավունքների խախտումների տարբեր դրսևորումներին՝ ներառյալ կնոջ նկատմամբ վերահսկողությանը, ամուսնալուծված կամ չամուսնացած կանանց պիտակավորմանը, կանանց ֆինանսական անկախության սահմանափակմանը և այլ խտրական մոտեցումների։ Տեսանյութերի բովանդակությունը հիմնված է իրական խոսքի և սոցիալական մեդիայում շրջանառվող արտահայտությունների վրա՝ բացահայտելով այն մտածելակերպը, որը հաճախ ներկայացվում է որպես «նորմալ»։ Տեսանյութերը կտեղադրվեն հատուկ ստեղծված սոցիալական էջերում և կտարածվեն գործընկեր կազմակերպությունների, ակտիվիստների և օգտատերերի միջոցով՝ ձևավորելով լայն թվային քննարկում։ Նախագիծը նպատակ ունի բարձրացնելու հանրային իրազեկվածությունը, խթանելու քննադատական մտածողությունը և ստեղծելու համատեղ թվային նախաձեռնություն, որը կօգնի վերաիմաստավորել Մարտի 8-ի իրական նշանակությունը։
Աղունիկ Տեր-Ստեփանյան
Աղունիկի նախագիծը նպատակ ունի տեսանելի դարձնելու այն անտեսանելի և չվճարվող աշխատանքը, որը կանայք կատարում են քաղաքային միջավայրում՝ ապահովելու իրենց անվտանգությունը: Նախագիծը ցույց է տալիս, որ քաղաքային տարածքները հաճախ ներկայացվում են որպես չեզոք, սակայն իրականում կանանց առօրյան ձևավորվում է մշտական հարմարվողականության միջոցով․ նրանք փոխում են երթուղիները, ժամանակը, վարքը և սոցիալական ռազմավարությունները՝ խուսափելու վտանգավոր վայրերից, ուղեկցելու երեխաներին կամ այլ խնամքի կարիք ունեցող մարդկանց և ապահովելու իրենց անվտանգությունը։ Այս գործողությունները ձևավորում են շարունակական ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական աշխատանք, որը հաճախ մնում է անտեսանելի, բայց կուտակվում է ժամանակի, էներգիայի և ֆինանսական կորուստների տեսքով։ Նախագծի շրջանակում քաղաքային տարածքների լուսանկարների վրա իրականացվում են գծանկարային միջամտություններ, որոնք պատկերում են կանանց շարժման փոփոխությունները, սպասումները, շրջանցումները և զգոնության պահերը։ Այս իրավիճակները ներկայացվում են «անդորրագրի» կամ «բաղադրատոմսի» ձևաչափով՝ որպես ֆեմինիստական քննադատություն այն փաստի, որ քաղաքը հաճախ իր ենթակառուցվածքային և սոցիալական բացերը լրացնելու պատասխանատվությունը դնում է հենց կանանց վրա։ Նախագիծը միավորում է արվեստը, քաղաքային ուսումնասիրությունը և ֆեմինիստական քննադատությունը՝ բացահայտելու քաղաքային գենդերային անհավասարությունները և խթանելու հանրային քննարկումը Մարտի 8-ի ֆեմինիստական օրակարգի շրջանակում։