Շարունակելով մեր համագործակցությունը KVINFO-ի հետ՝ այս տարի մեր ուշադրության կենտրոնում կանանց աշխատանքային իրավունքներն են։ Նախքան մեր գործընկեր կազմակերպությունների կողմից ծրագրերի մշակումը՝ կազմակերպել էինք եռօրյա կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված կանանց աշխատանքային իրավունքներին և աշխատավայրում հավասարությանը։ Դասընթացը խորքային պատկերացում տվեց կանանց աշխատանքային իրավունքների մասին՝ սոցիալական արդարության, գենդերային հավասարության և աշխատանքի միջազգային չափանիշների տեսանկյունից: Քննարկվեցին հիմնարար աշխատանքային իրավունքները, ինչպիսիք են արդար վարձատրությունը, աշխատանքային ժամերը, հանգիստը և աշխատանքից ազատումից պաշտպանությունը՝ միաժամանակ անդրադառնալով այն կառուցվածքային խոչընդոտներին, որոնց կանայք բախվում են աշխատաշուկայում։
Դասընթացի ընթացքում քննարկվեցին առանցքային թեմաներ՝ ներառյալ գենդերային խտրականությունը, աշխատավայրում բռնությունն ու ոտնձգությունները՝ համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության 190-րդ կոնվենցիայի, աշխատանքի անվտանգության և առողջության հարցերը, մայրության և խնամքի պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև տնային և ոչ ֆորմալ աշխատողների իրավունքները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց հեռավար աշխատանքին, թվային աշխատանքային իրավունքներին և կոլեկտիվ պաշտպանության մեխանիզմներին, ինչպիսիք են արհմիությունները և իրավական պաշտպանության միջոցները։
Դասընթացից հետո մասնակից կազմակերպությունները մշակեցին համայնքային ծրագրեր՝ ուղղված աշխատանքային իրավունքների խախտումների, աշխատավայրում խտրականության, տնտեսական մեկուսացման և զբաղվածության ոլորտում գենդերային անհավասարության խնդիրներին։ Ընտրված նախաձեռնությունները կենտրոնացած են իրավական իրազեկվածության բարձրացման, պաշտպանության մեխանիզմների հասանելիության ուժեղացման և կանանց ու մարգինալացված խմբերի համար առավել անվտանգ և ներառական աշխատանքային միջավայրերի ձևավորման վրա։ Ծրագրերը ներկայումս ընթացքի մեջ են։
Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն (ԿՀՌԿ)․ «Աշխատել առանց վախի» կանանց աշխատանքային իրավունքների իրազեկման առցանց արշավ
ԿՀՌԿ-ն աշխատում է Կոտայքի մարզում կանանց համար ավելի անվտանգ և զորեղացնող պայմանների ստեղծման ուղղությամբ՝ կենտրոնանալով ընտանեկան բռնության կանխարգելման և կանանց առաջխաղացման հնարավորությունների ընդլայնման վրա։
«Աշխատել առանց վախի» ծրագրի միջոցով կազմակերպությունը կիրականացնի առցանց իրազեկման արշավ՝ անդրադառնալով Հայաստանում կանանց աշխատանքային իրավունքների համակարգային խախտումներին՝ ներառյալ հղիության պատճառով աշխատանքից ազատումները, անհավասար վարձատրությունը, աշխատանքային անապահով պայմանները, գերծանրաբեռնվածությունը և աշխատավայրում ոտնձգությունները։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել կանանց իրավական իրազեկվածությունը, զարգացնել ինքնապաշտպանության հմտությունները և տրամադրել հասանելի տեղեկատվություն աշխատանքային իրավունքների և բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ՝ հատկապես խոցելի և ոչ ֆորմալ զբաղվածություն ունեցող կանանց համար։
Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն (ՍԲՃԿ)․ «Աշխատանքային ապահով միջավայր կանանց համար»
ՍԲՃԿ-ն շուրջ երկու տասնամյակ աջակցում է գենդերային և սեռական բռնությունից տուժած անձանց՝ տրամադրելով հոգեբանական, սոցիալական, իրավական և շահապաշտպանական ծառայություններ։
«Աշխատանքային ապահով միջավայր կանանց համար» ծրագրի միջոցով կազմակերպությունը նպատակ ունի բարձրացնելու կանանց աշխատանքային իրավունքների և աշխատավայրում սեռական ոտնձգությունների վերաբերյալ իրազեկվածությունը՝ միաժամանակ խթանելով երկխոսությունը արհմիությունների հետ՝ ավելի անվտանգ և արդար աշխատանքային միջավայրերի ստեղծման շուրջ։
Նախաձեռնությունը ներառում է տեղեկատվական նյութեր, կին աշխատողների հետ ամսական հանդիպումներ, սոցիալական մեդիայի իրազեկման տեսանյութեր և անմիջական աջակցություն աշխատանքային իրավունքների խախտումների կամ աշխատավայրում սեռական ոտնձգությունների բախվող կանանց համար։
ՓԻՆՔ․ «Կանանց և քվիր անձանց տնտեսական ու իրավական զորեղացման մարզային հարթակ»
«Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն աշխատում է Հայաստանում ԼԳԲՏՔ+ անձանց մարդու իրավունքների պաշտպանության, հավասարության և սոցիալական ներառման խթանման ուղղությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ԼԲՏ+ կանանց իրավունքների պաշտպանությանը և գենդերային հիմքով խտրականության ու բռնության խնդիրներին։
«Կանանց և քվիր անձանց տնտեսական ու իրավական զորեղացման մարզային հարթակ» ծրագրի միջոցով կազմակերպությունն աջակցում է Լոռու և Տավուշի մարզերում բնակվող կանանց և քվիր անձանց, որոնք բախվում են զբաղվածության խոչընդոտների, խտրականության և տնտեսական մեկուսացման։
Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնելու մասնակիցների տնտեսական մրցունակությունն ու իրավական իրազեկվածությունը գործնական հմտությունների զարգացման միջոցով՝ ներառյալ ինքնակենսագրականների (CV) պատրաստում, աշխատանքի հարցազրույցների նախապատրաստում և աշխատանքային իրավունքների վերաբերյալ գիտելիքների փոխանցում՝ միաժամանակ խթանելով ավելի անվտանգ և ներառական համայնքային և աշխատանքային միջավայրեր։
Կանանց իրավունքների տուն (ԿԻՏ)․ «Արժանապատիվ աշխատանք բոլորի համար» նախաձեռնություն
ԿԻՏ-ը, որը հիմնադրվել է Գյումրիում 2017թ․, աշխատում է կանանց իրավունքների, հավասարության, բռնությունից և շահագործումից պաշտպանության, ինչպես նաև կանանց տնտեսական և քաղաքացիական զորեղացման ուղղությամբ։
«Արժանապատիվ աշխատանք բոլորի համար» ծրագրի միջոցով կազմակերպությունն անդրադառնում է աշխատաշուկայում կանանց նկատմամբ համակարգային խտրականությանը՝ ներառյալ անհավասար վարձատրությունը, աշխատավայրում ոտնձգությունները, ոչ ֆորմալ զբաղվածությունը և մայրության հետ կապված խոչընդոտները։
Նախաձեռնությունը կենտրոնացած է կանանց աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, իրավական պաշտպանության և աջակցության հասանելիության ուժեղացման, ինչպես նաև փաստահեն շահապաշտպանության խթանման վրա՝ աշխատանքային պայմանների և գենդերային հավասարության բարելավման նպատակով, հատկապես խոցելի խմբերի՝ միայնակ մայրերի, տեղահանված կանանց, գյուղաբնակ կանանց և երիտասարդ աշխատողների համար։
Հավասարության ուղի․ «Հավասարության դպրոց»
«Հավասարության ուղի» հկ-ն կենտրոնացած է հաշմանդամություն ունեցող անձանց՝ հատկապես կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով ներառականությունը, հավասար հնարավորությունները և սոցիալական մասնակցությունը Հայաստանում։
«Հավասարության դպրոց» ծրագրի միջոցով կազմակերպությունն աշխատում է Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների իրավունքների իրազեկվածության, տնտեսական մասնակցության և կենսական հմտությունների զարգացման ուղղությամբ։
Նախաձեռնությունն անդրադառնում է հաշմանդամություն ունեցող կանանց հանդեպ խտրականության և մեկուսացման բազմակի ձևերին՝ կարողությունների զարգացման, իրազեկման բարձրացման և համայնքային երկխոսության միջոցով՝ միաժամանակ խթանելով քաղաքացիական հասարակության, համայնքների և պետական կառույցների համագործակցությունը՝ ավելի ներառական քաղաքականությունների և միջավայրերի ձևավորման համար։