Ապրիլը՝ որպես սեռական բռնության վերաբերյալ իրազեկման և ջատագովության ամիս. ՀԿՀ աջակցությամբ իրականացվող ծրագրեր

Ապրիլ ամիսը կոլեկտիվ մտորումների, գործողությունների և համերաշխության ամրապնդման ամիս է սեռական բռնության վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու համար։ Ամսվա ընթացքում ամենատարբեր գործողությունների միջոցով ևս մեկ անգամ ամրապնդվում է սեռական բռնության բոլոր ձևերին վերջ դնելու պատրաստակամությունը։

Այս տարի Հայաստանում կանանց հիմնադրամը Ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչի շրջանակներում աջակցում է 5 նախաձեռնության, որոն ընտրվել են Ապրիլ ամսվա թեմատիկայով առաջարկված հայտերից: Ստորև ներկայացնում ենք դրանց նկարագրությունները:

«Սեռական բռնության թանգարան» պատմությունների ցուցադրությունՍեռական բռնության ճգնաժամային կենտրոնը կազմակերպելու է սեռական բռնություն վերապրած անձանց պատմությունների հանրային ցուցադրություն՝ ստեղծելով անվտանգ և արժանապատիվ միջավայր և հարթակ, որտեղ կցուցադրվեն լռեցված փորձառությունները։ Հիմնական նպատակը սեռական բռնության շուրջ լռության, խարանման և մեղադրանքի մշակույթի կոտրումն է։

Հայաստանում սեռական բռնությունը շարունակում է մնալ խորը լռության և խարանի ներքո գտնվող խնդիր։ Հանրային խոսույթում հաճախ գերակշռում են մեղադրանքը, միֆերը և սխալ պատկերացումները։ Վերապրածների պատմությունները կամ ընդհանրապես չեն լսվում, կամ ներկայացվում են աղավաղված ձևով։ Այս ցուցադրությունը մշակութային-ֆեմինիստական միջամտություն կդառնա՝ վերապրածների պատմությունները բերելով հանրային տարածք:

«Բազարստանի կանայք» թատերական ներկայացում և քննարկում Թեք Տեղը նախաձեռնել է այս ներկայացումը, որը կենտրոնանում է մարգինալացված հայ կանանց ձայները վրա և նրանց պատմությունների միջոցով փորձում  բացահայտել բազմաթիվ այլ թերներկայացված խմբերի: Նախագիծը կենտրոնանում է հայ կին առևտրականների փորձի վրա, որոնք տասնամյակներ շարունակ հատել են Հայաստանը և Թուրքիան բաժանող սահմանը՝ իրենց երկրի համար դժվարին ժամանակներում, ԽՍՀՄ փլուզման, Արցախյան պատերազմի, Գյումրու երկրաշարժի և շրջափակման ժամանակ, ապրուստ վաստակելու համար: Հաճախ նրանք զրկված են որևէ պաշտոնական պաշտպանությունից և աջակցությունից. ավելին՝ նրանք կարող են քննադատվել և նսեմացվել համայնքի կողմից: 

60 րոպեանոց թատերական ներկայացումները կներկայացվեն Երևանում ապրիլի 11-ին և 12-ին և կուղեկցվեն ներկայացումից հետո քննարկումներով։ 

Սառած Սիմպտոմ Էրրոր էքսպերիմենտալ-էլեկտրոնային նախագիծը պատրաստելու է կարճ երաժշտական անիմացիոն տեսահոլովակ, որը պատմում է մարմնի մասին՝ որպես ֆիզիկական, բայց նաև սոցիալական, հոգեբանական և քաղաքական տարածք։  Այն կառուցված է մարմնի սահմանների տրոհման և դրա հետևանքների շուրջ։ Ստեղծագործության հիմքում հավաքական կերպարն է՝ մեկ մարմինը։ Մարմինը ներկայանում է որպես հիշողություն կրող, պահող, փորձառություն կուտակող միավոր։ 

Աշխատանքը խոսում է սեռական բռնության արմատացած ներկայության մասին այլընտրանքային շերտավոր լեզվով, անձնազրկման, անկարողության և պայքարի մասին: Ստեղծագործությունը շեշտում է, որ բռնությունը միայն գործողություն չէ, այլ նորմալիզացված արարողություն, լեզու և հասարակական պատկերացում։ 

«Կանանց մասին կեղծ նարատիվներ. մարզից մարզ»Հաջողակ կին երիտասարդական ՀԿ-ն նախաձեռնում է  սեռական բռնության վերաբերյալ կեղծ խոսույթների և պատկերացումների հերքմանն ուղղված շրջայց, որն իրականացվելու է Երևանում, Գեղարքունիքում՝ Մարտունիում և Լոռու մարզի հանքարդյունաբերական ազդակիր համայնքներում։ 

Կեղծ նարատիվները լավագույնս հերքում են ոչ թե միայն մասնագետները, այլ հենց կանայք իրենց լեզվով, իրենց կյանքի փորձով։ Մասնակից կանայք խոսում են մի դրվագի և բռնությունն արդարացնող կեղծ նարատիվների մասին,  ապա ազատ, անվտանգ, ոչ դատող մթնոլորտում քննարկում տվյալ մարզում ամենախոր արմատավորված կեղծ նարատիվը։ Նախագիծը բարձրացնում է իրազեկությունը սեռական բռնության վերաբերյալ, խզում է լռեցնող մշակութային «նորմերը» և կենտրոնում դնում կանանց ձայնն ու փորձը՝ ներառելով տարբեր աշխարհագրական, սոցիալական ու տնտեսական համատեքստեր։

ազդ (azd): ազդ. hասարակական վայրերում փակցվող հայտարարություն – Սա հանրային և թվային նախաձեռնությունների համադրություն է, որի միջոցով կին արվեստագետները, մասնավորապես՝ սոցիալական ճնշման, խտրականության կամ բռնության ենթարկված, արտահայտելու են իրենց ձայնը քաղաքի հանրային տարածքներում տեղադրված փոքրածավալ 3D տպագրությամբ պատրաստված քանդակների միջոցով: 

Վերամշակված նյութերից պատրաստված արվեստի գործերը տեսանելի քաղաքային վայրերում տեղադրելով՝ նախագիծը վերադարձնում է հանրային տարածքը որպես ֆեմինիստական ​​ներկայության և երկխոսության վայր։ Այն համատեքստում, որտեղ կանանց ձայները հաճախ մարգինալացված են, հանրային տարածքը գրավելը դառնում է և՛ մեթոդ, և՛ ուղերձ։ Յուրաքանչյուր ինստալյացիա կներառի QR կոդ, որը կկապվի թվային հարթակի հետ, որտեղ կներկայացվեն արվեստագետների հայտարարություններ, համաձայնության և սեռական բռնության մասին իրազեկվածության վերաբերյալ կրթական բովանդակություն, ինչպես նաև հակաստանյան ՀԿ-ների և ճգնաժամային աջակցության ծառայությունների կոնտակտային տեղեկություններ։

Նախագիծն իրականացվում է G.URBAN հարթակի հիմնադիր Սյուզի Գինոսյանի կողմից: 

 

Կիսվել:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.