Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին նվիրված դրամաշնորհի արդյունքում իրականացվող ֆեմինիստական միջոցառումները։
Ֆեմինիզմը դեռահասի աչքերով
Այս ծրագրի շրջանակում «Սպիտակի Հելսինկյան Խումբ» հկ-ի կողմից հավաքագրված մի խումբ դեռահաս աղջիկներ մենթորների աջակցությամբ Սպիտակ քաղաքում իրազեկման արշավ են իրականացնում 16 ֆեմինիստ կանանց մասին, որոնք մեծ դեր են ունեցել գենդերային հավասարության հասնելու, ֆեմինիստական արժեքների ձևավորման գործում։ Այն ներառում է իրենց կողմից պատրաստված պոստերների ցուցադրություն, ինչպես նաև նշված կանանց մասին տեղեկատվության տարածում առցանց հարթակներում, որին հետևելու է իրազեկման դասընթացներ դեռահաս աղջիկների համար ֆեմինիզմի և գենդերային բռնության մասին։
«Ապրել առանց վախի» վավերագրական ներկայացման խաղարկում
«Բաց Հարթակ»-ի կողմից բեմադրվող ներկայացման հիմքում ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող մարդկանց պատմություններն են՝ ստեղծված հարցազրույցների և հետազոտությունների հիման վրա։ «Ապրել առանց վախի» ներկայացման մեջ կարող ենք տեսնել, թե ինչպես է ապրելու վախը քայքայում անհատականությունը։ Բեմադրվելու է անվճար խաղ լայն հանրության համար՝ բաց մուտքով` ի նշան համախոհության գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմի հիշատակումների։
Հզորացնելով ձայները արվեստի միջոցով. համայնքային որմնանկար ընդդեմ գենդերային բռնության
Այս նախագծի շրջանակում Գավառ համայնքում տեղի կանանց, բռնություն վերապրածների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և համայնքի անդամների մասնակցությամբ համատեղ որմնանկար է ստեղծվել, որը միտված էր բարձրացնել իրազեկվածությունը գենդերային բռնության վերաբերյալ։ Նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել համայնքային հարթակ, որը կհամախմբեր կանանց, բռնություն վերապրածների և ինստիտուցիոնալ գործընկերների ձայները՝ միասնական պայքար մղելու գենդերային բռնության դեմ։ Որմնանկարը հույսի, տոկունության և համատեղ գործողությունների խորհրդանիշ է՝ բարձրաձայնելու վերապրածների պատմությունները և ամրապնդելու ինստիտուցիոնալ աջակցությունը գենդերային բռնության վերացման համար։
Echo4
Echo4-ը իմերսիվ հանրային ինստալացիա է, որը վերակենդանացնում է Շուշանիկ Կուրղինյանի հին տունը և նրա ձայնը վերադարձնում Գյումրուն՝ արձագանքելով ժամանակակից պայքարին: Ընդդեմ գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին համահունչ՝ Echo4-ը ներկայանում է որպես Գյումրիում գենդերային բռնություն վերապրածներին սոլիդարության խորհրդանիշ՝ հիշեցնելով նրանց, որ իրենք միայնակ չեն, և որ համայնքն այստեղ է լսելու և աջակցելու: Բարձրացնելով գենդերային բռնության մասին իրազեկությունը՝ ինստալյացիան նաև ուշադրություն է հրավիրում Կուրղինյանի անտեսված տան վրա և խրախուսում է համայնքին և ֆեմինիզմի ջատագովներին՝ դիտարկելու դրա վերականգնումը որպես ապագայի համար ապահով և իմաստալից տարածք:
Ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումներ՝
- «Երկու սեռերի միջև» ֆիլմի դիտում, առցանց քննարկում ռեժիսորի հետ Գյումրու համայնքային-ռեսուրս կենտրոնում՝ դեկտեմբերի 7, ժամը՝ 15:00-18:00
- Արտ ինստալացիայի ցուցադրություն Շուշանիկ Կուրղինյանի տան մոտ՝ դեկտեմբերի 7, ժամը՝ 14:00-19:00
«Ֆեմ Ֆիթնես»․ կանանց մարզական ակումբը՝ հանուն կանանց իրավահավասարության
Ամիսներ առաջ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի կողմից Բերդ համայնքում հիմնած առաջին կանանց ֆիթնես ակումբը, որի նպատակն էր կանանց ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավումը, նրանց ինքնագնահատականի բարձրացումը, միանգամից մարտահրավերի առաջ կանգնեց․ համայնքի շատ կանանց իրենց ընտանիքի անդամները և մասնավորապես ամուսինները արգելեցին հաճախել ֆիթնես պարապմունքներին։ Դրամաշնորհի շրջանակում Կենտրոնը որոշել է ազդել համայնքում կարծրատիպային տղամարդկանց վրա՝ նրանց մասնակից դարձնելով իրենց միջոցառումներին և իրազեկելով կանանց ֆիզիկական ակտիվության կարևորության և այս կերպ` քաղցկեղի կանխարգելման մասին։ Նախաձեռնությունը ենթադրում է թեմատիկ ֆիլմի դիտում և տեսահոլովակի պատրաստում, որը կպատմի Ֆեմ Ֆիթնեսի մասին՝ որպես համայնքում կանանց առաջին մարզական ակումբի, ինչպես նաև՝ կարծրատիպային մոտեցումների ու դրանց վերացնելու մասին։