Նոյեմբերի 12-15-ն ընկած ժամանակահատվածում Կանանց հիմնադրամի թիմի անդամներն ու մի քանի գործընկերուհիներ մասնակցեցին ֆիլիա կանանց հիմնադրամի կողմից կազմակերպված դիմակայունության հանդիպմանը Վարշավայում։ Այս հանդիպմանը ներկա էին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի և Գերմանիայի կանանց հիմնադրամներն ու գործընկերուհիները։
Դիմակայունությունը վերջին շրջանում տարածվածություն է գտնում ոչ միայն ֆեմինիստական, այլ նաև այլ կազմակերպությունների ու խմբերի շրջանում։ Դրա տարածվածությունը նաև բերում է դիմակայունության պրակտիկաների բազմազանության, որոնց մեջ հաճախ կարող ենք կորցնել ինքներս մեզ։ Հաճախ դիմակայունությունն ընկալվում է որպես էմոցիաների բացակայություն (ինչը գործնականում երևի թե անհնար է 😊 )։ Մեկ այլ խմբի համար այն դիտարկվում է որպես ֆիզիկական և էմոցիոնալ տոկունություն, բարձր դիմադրողականություն։ Մյուս խմբի համար այն միմիայն ֆինանսական դիմակայունության մասին է։ Եվ այսպես շարունակ։ Որոշ դեպքերում էլ դիմակայունությունը անկախ իրավիճակից բարձր գիտակցության և արդարության արժեքների պահպանումն է։ Ինչպես նշեց մեր մասնակիցներից մեկը խմբային քննարկումների ժամանակ․ «Հայաստանում անգամ մեր՝ կանանց կազմակերպություններում, մենք շատ ենք կենտրոնանում քննարկումների, դասընթացների, վերապատրաստումների վրա։ Ի վերջո դա միայն ուժեղացնում է մեր միտքը։ Իսկ մտքին զուգահեռ անհրաժեշտ է աշխատել նաև մեր մարմնի և զգացմունքների հետ, որոնք անտեսված են»։ Կանանց հիմնադրամի կողմից վերջին հրապարակումն էլ հենց այն մասին է, թե ինչպես են ամենատարբեր կանանց հիմնադրամներ և կազմակերպություններ զարգացնում իրենց դիմակայունությունը տարբեր հասարակություններում` պահպանելով սոլիդարությունը միմյանց նկատմամբ։

Հիրավի, եկեք հիշենք, թե երբ ենք մեր աշխատանքի հետ մեկտեղ փորձել հոգ տանել մեր զգացմունքների ու մարմնի մասին, մեր մտքերի, հույզերի, մեր սոցիալական շփումների մասին։ Հատկապես վերջին մի քանի տարիներին ամբողջ քաղաքացիական հասարակությունը և հատկապես կանանց կազմակերպություններն անմիջապես ներգրավված են ամենատարբեր ճգնաժամերից դուրս գալու հնարավոր ուղիներ փնտրելու և առաջարկելու գործողություններում՝ դեպքերի մեծամասնությամբ անտեսելով սեփական կարիքները որպես նույն ճգնաժամերից այս կամ այն կերպ տուժած և դրանց դիմադրող անհատներ ու կանայք։ Գործընկերային կամ ցանցային հանդիպումների ու չեք-ինների ընթացքում հաճախ ենք լսում այն կարծիքները, որ բոլորիս անհրաժեշտ է նաև հոգևոր դիմակայանություն՝ «ոգին» պահպանելու և սկսած գործն ու առաքելությունը մինչև վերջ հասցնելու համար։ Այս դեպքերում մենք ինքներս մեզ ենք հասնում օգնության՝ անընդհատ բրդելով մեզ արթնանալ, քաջալերել մեզ ամեն առավոտ անկողնուց դուրս գալու, գնահատել մեր աշխատանքը, մեր ներդրումը այլ կանանց կյանքում դրական փոփոխություններ բերելու և այլն։ Միմյանց հետ դժվարությունները կիսելու և դրանցից «օգուտ» կամ «շահ» չքաղելու կարողությունը նույնպես ուղղված է մեր ընդհանուր դիմակայանությանը բարձրացմանը։

Այս հանդիպումների ընթացքում մենք մեծ ուշադրություն էինք դարձնում մեր մարմնին, զգացմունքներին ու այն տարածքներին, որոնք կիսում ենք մյուսների հետ։ Նման միջազգային հանդիպումները մասն են կազմում նաև միջազգային ֆեմինիստական շարժման ուժեղացմանը՝ հատկապես վերջին համաշխարհային քաղաքական փոփոխություններին զուգահեռ։ Մշակութային տարբերությունները մեծապես կարող են ազդել ընդունելու և պրակտիկայում կիրառելու նման մոտեցումները, բայց պետք է վերջապես գիտակցել, որ մենք և մեր մարմիններն արժանի ենք ավելի լավ լինելու, լավ զգալու, համեղ ու առողջ սնվելու, շարժման մեջ լինելու և ամոքվելու՝ առանց ամաչելու, որ մեր մասին հոգ ենք տանում։ Հատկապես ճգնաժամային իրավիճակներում օգնության է գալիս օդանավի համար առաջին կանոնը՝ դիմակը նախ պետք է դնել քեզ, հետո կողքինիդ։ Իսկ ասածվածքներից մեկը սեփական այգին առաջինը ջրելու մասին, կարելի է ասել, որ լավագույն փրկության կանոններից է մարդկանց ու համայնքների մասին, քանի որ բացարձակ այրման վիճակում պետք է լի լինես ինքդ քեզնով՝ մյուսներին լցնելու համար։
Միջազգային հանդիպումները նաև հնարավորություն են տալիս հասկանալու, թե որտեղ ենք մենք գտնվում որպես քաղաքացիական հասարակություններ՝ լինելով նման ու տարբեր քաղաքական, տնտեսական, սոցիալական ճգնաժամերում։

Մեր Վրաստանի գործընկերուհիները կարողացան կիսվել, թե ինչ խնդիրների են բախվում ներառյալ կանանց կազմակերպությունները արտասահմանյան գործակալների մասին նոր օրենքի ու վերջին ընտրությունների արդյունքում։ Մենք կարողացանք տեսնել այս պահի տարբերությունները մեր երկրներում, սակայն նաև նմանություններն այն առումով, որ բախվում ենք նմանատիպ մշակութային խոչընդոտների, երբ հարցը կանանց ու աղջիկների ազատագրման մասին է։ Ինչու չէ նաև զրուցել Վրաստանի գործընկերուհիների հետ ու հասկանալ, որ մեր միջև միմյանց նկատմամբ անընդհատ սերմանվող մրցակցություններն անհիմն են, կեղծ ու արհեստական։ Ուկրաինայի գործընկերուհիների հետ նույնպես կարողացանք խոսել երկրում պատերազմական իրավիճակի, անընդհատ խորացող կոնֆլիկտի, կանանց կողմից խաղաղության հասնելու գործընթացներում ներգրավվելու կարևորության մասին։ Ծանոթացանք նաև նոր գործընկերուհիների, ովքեր ամենօրյա ռեժիմով ներգրավված են իրավիճակում կանանց ու նրանց ընտանիքներին օժանդակություն հասցնելով՝ շատ դեպքերում նաև վտանգելով հենց իրենց կյանքերը։ Գերմանիայից ժամանած գործընկերուհիները բացի քաղաքական անորոշություններից մատնանշեցին նաև խորացող նեղացող տարածքները, որոնք արդյունք են հասարակության մեջ տարբեր վտանագվոր խմբավորումների ակտիվացման։ Հայաստանի գործընկերուհիները կարողացան ևս մեկ անգամ ավելի մեծ խմբերում լսելի դարձնել ճգնաժամում մեր վիճակի մասին, ինչպես նաև իրենց իսկ կողմից ներդրվող ջանքերի մասին այդ ճգնաժամերին դիմակայելու ամենատարբեր ձևերի մասին։ Մենք բոլորս կիսում էինք ճգնաժամի մթնոլորտը, բայց մեր դիմակայունությունն օգնում էր այդ օրերին ավելի զգայուն լինել ինքներս մեր և նոր ընկերուհիների նկատմամբ։

Այս հանդիպումների շարքին զուգահեռ ևս մի հնարավորություն ունեցանք։ Վարշավայում գործող ֆեմինիստական կազմակերպություններից մեկը հենց այդ օրերին էր կազմակերպել ֆեմինիստ ակտիվիստ Սարա Ահմեդի դասախոսությունը և գրքի շնորհանդեսը՝ «հարամչի» (killjoy) ֆեմինիստ լինելու մասին։ Հանդիպումն ու դասախոսությունը ևս մեկ անգամ հնարավորություն էր կիսելու մեր նմանատիպ ցավերն ու մտավախություններն ավելի լայն ֆեմինիստական շրջանակի հետ, կիսվելու նաև մեր զգացողություններով, ինչպես նաև հանդիպելու Ահմեդին ու նրան Հայաստան հրավիրելու հիմքեր դնելու համար։ Ամփոփելով մեր հանդիպումները քայլող տուրի մասնակցեցինք Վարշավայի որոշ հատվածներում, որը վարում էր Բելառուս ակտիվիստներից մեկը՝ պատմելով քաղաքի այդ հատվածներում ամենատարբեր ֆեմինիստական իրողությունների մասին։ Այս ճամփորդությունը նաև հնարավորություն էր մեզ և գործընեկորւհիների համար իրար ավելի լավ ճանաչելու, մտերմանալու ու միմյանց խնդիրները կիսելու ու հասկանալու համար։
