Քաղաքում ոչինչ չի փոխվել, ուղղակի տրանս* կնոջ են սպանել ու վառել

 

«Եթե առաջ վախենում էինք, որ մեզ բռնության կենթարկեն կամ կսպառնան սպանել, էսօր, փաստորեն, արդեն սպանում են մեզ»,- Ադրիանայի հիշատակին նվիրված մոմավառության արարողության ժամանակ ասաց ԼԳԲՏ+ համայնքի իմ ընկերներից մեկը: Մտքերս չէի կարողանում հավաքել՝ նրան պատասխանելու համար, չգիտեի՝ ինչ ասել: Հա, սպանում են, օրը ցերեկով մարդուն սպանում են իր իսկ բնակարանում: Արդեն մահացած կնոջը շարունակում են էլի դանակահարել, իսկ հետո՝ վառել: Սպանում են, որովհետեւ տրանս* կին է: Արդարացնում են սպանողին, հնչեցնում բռնության կոչեր ողջերին էլ մի տեղ հավաքելու ու ընդհանուր վառելու մասին:

Մտքերս ցրիվ էին գալիս ամբողջ այգով, թափառում էին հավաքվածների դեմքերին, ջնջվում զսպվող արցունքների տակ: Երեւի արդեն 10 րոպե անցել էր, բայց ես համառորեն սփոփող խոսքեր էի փնտրում՝ ընկերոջս ասելու համար: Իսկ մտքիս բան չէր գալիս, երևի որովհետև ինչ էլ ասեի՝ կեղծ ու արհեստական էր լինելու:

Փողոցի երկու կողմերից լսվող քաղաքի աղմուկ: Քաղաքում ոչինչ չի փոխվել, մայթերով քայլող մարդկանց կյանքում ոչինչ չի փոխվել, մարդիկ աշխատանքից շտապում են տուն, մարդիկ կաֆեներում քննարկում են իրենց դժվար ու անտանելի օրը: Մեր քաղաքում ոչինչ չի փոխվել, ուղղակի երեկ սպանել ու վառել են տրանս* կնոջ: 

Լուռ լացերի ու պարբերաբար մոմեր վառող կրակայրիչի ձայնը ընդհատվում էր Ադրիանայի մոր՝ մինչեւ սրտի ամենախորքը թափանցող ցավագին լացով. «Ինձ ասում էր՝ մամ, ես ուր էլ լինեմ, դու ինձ գտնում ես … չգտա, երեկվանից զանգում եմ, երեկվանից ման եմ գալիս քեզ ու չեմ գտնում: Էս անգամ չեմ կարում քեզ գտնեմ: Չեմ հավատում … չեմ գտնում քեզ»,- լացում էր մայրը՝ նստած 28-ամյա դստեր լուսանկարի դիմաց, որը լուսավորվում էր մի քանի մոմերի խավար լույսով:

 Քաղաքի ամենակենտրոնական այգում լուսավորություն չկար, քանի որ մեր քաղաքում ոչինչ չէր փոխվել: Քամին անդադար հանգցնում էր ներկաների վառած մոմերը, բայց նկարի մոտ այդ պահին գտնվող Ադրիանայի ընկերները, հարազատ մարդիկ համառորեն նորից էին վառում՝ իմանալով հանդերձ, որ 30 վայրկյան հետո էլի հանգչելու են: Շատ սիմվոլիկ էր, նման տարիներ շարունակ ընթացող պայքարին, երբ գիտես, որ բոլոր ջանքերդ ապարդյուն են կամ 0.001 տոկոս փոփոխություն են բերելու, բայց համառորեն չես հանձնվում ու շարունակում ես պայքարել ամենավերջին պնդաճակատ ռոմանտիկի նման:

Մոր հուսակտուր ձայնը կարծես սփոփանք լիներ, որն օգնում էր ներկաներին մերթընդմերթ ազատություն տալ իրենց ու վերջապես չկառավարել իրենց հույզերն ու արցունքները, որոնք տարիներով ամբարվել են ու հար անարդարությունների ֆոնին մի տեսակ դարձել անիմաստ՝ դուրս հորդելու համար:

Ադրիանայի հիշատակը հարգող ծանոթ ու անծանոթ մարդիկ պարբերաբար հետաքրքրվում էին մոմավառությունը կազմակերպած նրա ընկներներից՝  «Բա ի՞նչ ենք անելու, ինչ-որ բան նախատեսո՞ւմ եք», իսկ պատասխանը միշտ նույնն էր՝ «Չգիտենք, անկեղծ չգիտենք: Չենք կարողանում ուշքի գալ, որ մտածենք: Չգիտենք դեռ»:

Ու նորից լռություն, այգու երկու կողմերից լսվում էր երբեք չքնող քաղաքի աղմուկը: Քաղաքում ոչինչ չի փոխվել: Երկու կին իրար թեւանցուկ անցնում էին այգով ու միմյանց հարցնում՝ «էս ի՞նչ հավաք ա ստեղ»:

Ցավի ու անորոշ իրականության միջեւ բարիերը նորից կոտրվեց, երբ Ադրիանայի մորը վերջին անգամ մոտեցրին դստեր լուսանկարի մոտ՝ հրաժեշտ տալու ու տուն տանելու համար: Ադրիանայի մայրը նորից օգնեց հավաքվածներին՝ պարպելու կուտակված ցավը: «Չեմ հավատում: Չէ՛: Թողե՛ք: Չեմ հավատում: Թողե՛ք մի քիչ մնամ: Արի մտածենք, որ խորը քնած ես, դրա համար զանգերիս չես պատասխանում: Չեմ հավատում»,- կնոջ ձայնը հեռանում էր, հետզհետե ցածրանում: Նրան երկու ուսերից գրկած տարան: Ու նորից սկսեց լսվել քաղաքի սովորական աղմուկը՝ վազվզող երեխաների ձայները, այգում ֆռֆռացող շների մերթընդմերթ հաչոցները: Շների կյանքում էլ ոչինչ չի փոխվել՝ ո՛չ անտունների, ո՛չ տանիք ունեցողների: Երեկ ուղղակի Երեւանի կենտրոնի բնակարաններից մեկում տրանս* կնոջ են սպանել ու վառել:

Շուրջբոլորս էի նայում՝ ինչ-որ բան փնտրելու ակնկալիքով, ցանկացած բան, որը կօգներ վերականգնել մտածելու ունակությունս: Աչքերս անհույս թափառում էին, երբ շրջվեցի ու մեջքիս հետեւում մոտ 10-15 մետր հեռավորության վրա նկատեցի տղամարդկանց մի խումբ, որոնք այդ պահին սկսեցին աղմկել, ինչից անմիջապես հետո լսեցի կոտրվող ապակուն նմանվող ձայներ:

«Հարձակվում են, փախե՛ք» «Էս ովքե՞ր են», «Հետ փախեք, շո՛ւտ», «Էս ո՞նց են իմացել», «Վազե՛ք դրանց հետեւից», «Ոստիկանությու՛ն զանգեք, շո՛ւտ»: Ոտքիս հարված զգացի ու թացություն. ձվերով էին հարվածում: Չէի կարողանում մտածել, անգամ աղմուկը չկարողացավ մտքերս կենդանացնել: Հեռախոսս հանեցի՝ հարձակումը ֆիքսելու համար, բայց կարմիր կոճակին չէի կարողանում սեղմել. ձեռքս սկսել էր դողալ: «Արի էս կո՛ղմ»,- ձեռքիցս քաշեց ընկերս: 

Աղմուկ: Ներկաներից մի քանիսը բարձր ձայներով վազեցին փախուստի դիմող խմբի հետեւից, սկսեցին կանչել ոստիկաններին, որոնք հավաքված էին այգու մյուս հատվածում, ու քանի որ նրանցից հույս չկար, զանգեցին ոստիկանություն՝ ահազանգ գրանցելու: Ներկաներից մեկը բարձր ձայնով սկսեց լացել՝ լուսանկարի դիմաց՝ գետնին նստած: Երանի՜ նրան:

Տարածքում երեւաց մի ոստիկան, ու ներկաներից մի քանիսը ցույց տվեցին հարձակված խմբի ուղղությունը. «Բռնե՛ք դրանց, հարձակվեցին մեր վրա, խփում էին ինչով պատահի», «Վազե՛ք, բռնե՛ք դրանց»: Ներկաների դողացող ձայներին ի պատասխան՝ ոստիկանը պրոտոկոլային բամբ ձայնով հայտարարեց՝ «Հա՛, հասկացա՛, արդեն փախել են, ի՞նչ անենք էլ»: Հեչ, ոչ մի բան մի արեք, ուղղակի երեկ տրանս* կնոջ են սպանել, էսօր էլ հարձակվել են նրա հիշատակը հարգող մարդկանց վրա: Ոչ մի խնդիր չկա, ոչ մի բան էլ մի արեք:

Տեղում որոշվեց դադարեցնել մոմավառությունը՝ ներկաների անվտանգության համար, հորդորեցին խմբերով տուն գնալ, իսկ կազմակերպիչներից մի քանիսն ու ընկերս հանձն առան գնալ ոստիկանություն ցուցմունքի: 

Այս անգամ քամու փոխարեն մոմերը հանգցրեցինք մենք: Մոմերի, դրոշի, նկարի վրա … ամենուր ջարդված ձվեր էին: Հարձակվողների հիմնական թիրախը, փաստորեն, Ադրիանայի նկարն էր եղել: Խոտերի մեջ գարեջրի կիսատ խմած շշեր էին ու ձվի կլեպներ:

Քաղաքում ոչինչ չի փոխվել, ուղղակի մի խումբ վախեցած, բռնարարների պոտենցիալ թիրախ համարվող մարդիկ խմբերով գնում էին տուն, ուղղակի ոստիկանության բաժիններից մեկում միշտ նույն մարդիկ հերթական անգամ գնում են ցուցմունք տալու ու իրենց համայնքի իրավունքները պաշտպանելու:

Քաղաքում ոչինչ չի փոխվել, ուղղակի տրանս* կնոջ են սպանել ու վառել:

Տեքստի և լուսանկարների հեղինակ՝ Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.