Հանգստի 7 տարբերակ սեփական ժամանակն ու էներգիան արժևորելու համար

Հանգիստը սեփական բարօրությունը կենտրոնում դնելու գործողություն է, ռադիկալ և գիտակցված քայլ՝ ապահովելու ֆիզիկական, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ առողջությունը։ Դեմ գնալով կապիտալիստական համակարգերին և կնոջը որպես արտադրողական գործիք համարող ընկալումներին՝ դուք հանգիստը վերածում եք քաղաքական ակտի՝ վերագտնելով ձեր ինքնիշխանությունն ու երբեմն «օգտակար» չլինելու անհրաժեշտությունը։

Մեզ տարիներ շարունակ համոզել են, որ հանգիստը (և հատկապես ամառը) արժեքավոր է և իրական միայն ծովի ափին․ կապիտալիզմի կողմից ստեղծված պատրանք, որը հանգիստը կապում է գումարի, ճոխության և տնից հեռու լինելու հետ։ Իսկ ո՞վ է ասել, որ պարզապես փորքիկ ուրախությունները, պարզ քայլերն ու ջերմ հիշողություններ ստեղծելը չեն կարող հանգիստ համարվել։

Ձեզ ենք ներկայացնում արձակուրդներն անցկացնելու 7 տարբերակ ֆեմինիստական մոտեցմամբ, որոնք կօգնեն իրապես վայելել հանգիստն ու դրա երկարաժամկետ արդյունքները։

1. Թույլ տուր քեզ ոչինչ չանել 

Հանգիստը «արդյունավետ» չպիտի լինի։ Գիտե՞ք, թե ուղղակի պառկելը, նայելը պատին կամ աչքերը փակելը որքան կարող են կարգավորել ձեր ուղեղն ու միտքը։ Այդ «ոչինչ չանելը» հաճախ հենց այն է, ինչի կարիքն ունի մարմինը՝ վերալիցքավորվելու, հասկանալու՝ ինչ ես զգում, մտածում, ուզում։ Հանգիստը չպիտի չափվի արած գործերով, այլ այն խաղաղությամբ, որ բերում է քո մտքին։ Եվ եթե քո միակ պլանը մի ամբողջ օր ուղղակի տանը պառկելն է՝ առանց սոցիալական պարտավորությունների կամ անելիքների ցանկի, ուրեմն դու լիարժեք ինքնախնամքով ես զբաղվում․ վստահեցնում ենք՝ մարմինդ անչափ շնորհակալ կլինի քեզ դրա համար։

2. Ավելի լավ ճանաչիր քեզ և Էմոցիաներդ

Որքանո՞վ ես ճանաչում ինքդ քեզ։ Արձակուրդը ամենալավ տարբերակն է գտնելու այս հարցի պատասխանը,  նոր փորձարկումներ ու բացահայտումներ անելու, որոնց մասին անգամ մտքովդ էլ չէր անցել։

Հանգիստը տարածություն է, որտեղ դու կարող ես շփվել ինքդ քեզ հետ՝ առանց պահանջների ու սպասումների։ Իսկ էմոցիաները ազդանշաններ են՝ ինչպես մարմնի ցավը, այնպես էլ հույզերը հուշում են, թե ինչ է կատարվում ներսումդ։ Երբ ճանաչում ես  էմոցիաներդ, սովորում ես ապրել քո կարիքներին համահունչ՝ ոչ թե թաքցնելով կամ խուսափելով դրանցից, այլ հասկանալով՝ ինչ են ուզում ասել։ Օրինակ, օրագիր վարելը, մենակ քայլելը կամ քեզ հարցեր տալը՝ «ի՞նչ եմ զգում հիմա», «ի՞նչն է այս էմոցիայի պատճառը», օգնում են աստիճանաբար հասկանալ՝ ինչի կարիք ունես, ինչն է քեզ ճնշում, և ինչն է իրականում քեզ տանում դեպի ներդաշնակոթյուն։

3․ Ջերմ զրույցներ ունեցիր սիրելի մարդկանց հետ

Խոստովանի՛ր՝ քանի՞ անգամ ես չեղարկել կամ հետաձգել սիրելի մարդկանց հետ հանդիպումները աշխատանքային խիտ առօրյայի պատճառով։ Արդեն պարզ է, չէ՞, թե որն է հաջորդ խորհուրդը։

Մարդկանց հետ անկեղծ ու ջերմ շփումը հանգստի հզոր աղբյուր է։ Դա ոչ միայն հանգստացնում է միտքն ու էմոցիաները, այլ նաև հիշեցնում է, որ մենք միայն աշխատելու կամ պարտականություններ անելու համար չենք ստեղծված։ Մենք մարդիկ ենք՝ անկեղծ շփումների, ջերմության և լսված լինելու ցանկությամբ։

Փորձի՛ր առանձնացնել ժամանակ միայն այդ հանդիպումների համար՝ առանց շտապելու և անընդհատ հեռախոսի ծանուցումները ստուգելու։ Պատմիր մի բան, որ ուրախացրել է քեզ, լսի՛ր դիմացինիդ։ Հանգիստը երբեմն ուղղակի նշանակում է լինել այնտեղ, որտեղ սիրված ես։

4․ Երկար պահպանածդ ուտեստը պատրաստի՛ր

Քանի՞ պահպանած տեսանյութ կամ բաղադրատոմս ունես, որ դիտել ես, պատկերացրել համը, ոգեշնչվել, պահպանել, ապա մոռացության ես մատնել՝ այլևս երբեք չվերադառնալով դրան։ Հանգիստը նաև ստեղծագործ գործընթաց է, ուստի արձակուրդներդ նաև նվիրիր մթերքների հետ փորձարկումներ անելուն և քիմքիդ նոր ու հաճելի համեր հաղորդելուն։ Այս փորձառությունը ինքնաճանաչման ու հետաքրքիր պահերի նոր ալիք է խոստանում, քանզի հիշում ես, չէ՞, ոչ թե պարտադրանքով ճաշ ես եփում, այլ վայելում ես համադրություններ, փորձում մի բան, որ նախկինում չես արել։ Խոհանոցում փորձարկելը կարող է վերածվել մեդիտատիվ պրոցեսի՝ երբ կտրվում ես աշխատանքից, սոցցանցերի «կատարյալ» բովանդակությունից ու այլ մարդկանց սպասումներից։ 

5․ Ֆիզիկական ակտիվությունը հանգստի աղբյուր դարձրու

Երբ ասում ենք «հանգիստ», շատերս միանգամից անշարժ պառկելը կամ ոչինչ չանելն ենք միայն պատկերացնում, բայց շարժումը կարող է նույնքան հանգստացնող լինել, որքան պառկելը։ Երբ շարժվում ես՝ քայլում, պարում, մարմնիդ գործողության մեջ ես դնում ու ազատում կուտակված սթրեսից։ Ֆիզիկական ակտիվությունը օգնում է վերականգնել կապը մարմնի հետ, զգալ կենդանի ու ներկայում։ Դա կարող է լինել առանց ճնշումների՝ ոչ թե «մարզանք՝ «ավելի լավ» մարմին ունենալու համար», այլ շարժում՝ հաճույքի, զգալու և ինքդ քեզ հետ լինելու համար։

Օրինակ՝ փորձիր դանդաղ քայլել երաժշտություն լսելով, պարել տանը առանց որևէ պատճառի (փորձիր մեկ անգամ, և այն սովորություն կդառնա), կամ պարզապես ձգումներ անել ու զգալ՝ ինչպես են մկաններդ արձագանքում։

6․ Մշակութային հանգիստ

Տեղյա՞կ ես, թե ձեր համայնքում կամ կից վայրերում ինչ հետաքրքիր վայրեր կամ թանգարաններ կան, որտեղ դեռ երբեք չես եղել կամ վերջին անգամ դպրոցական տարիներին ես այցելել։ Թանգարան այցելելը, գրքախանութ մտնելն ու առանց շտապելու գրքեր թերթելը, բացօթյա կինոդիտումը կամ նույնիսկ սիրելի սերիալը կամ լավ ֆիլմ դիտելը կարող է մեծապես ազդել քո մտքի խաղաղության վրա։

Մշակութային հանգիստը օգնում է դուրս գալ առօրյա վազքից՝ միաժամանակ սնուցելով մեր երևակայությունը։ Այն չի պահանջում շատ էներգիա, բայց տալիս է ներշնչանքի նոր աղբյուրներ։

7․ Հեռացրու՛ ավելորդ աղմուկը առօրյայիցդ

Իհարկե, պառկած ինստագրամը թերթելը երբեմն օգնում է «անջատել» միտքը և չմտածել աշխատանքի կամ մտահոգող հարցերի շուրջ, և հաճախ դա այն է, ինչի կարիքը գուցե ունենք։ Սակայն պետք է գիտակցաբար մոտենալ, թե որքան ժամանակ ենք անցկացնում սոցիալական ցանցերում, և ինչ ազդեցություն է այն ունենում մեզ վրա։

Անվերջ թվացող տեղեկատվություն, շփոթեցնող համեմատություններ, վայրկյաններ տևող տեսանյութեր ու պատկերներ և անընդատ արձագանքելու կարիք, որոնց արդյունքում դու քեզ կարող ես ավելի հոգնած զգալ, քան մինչ ինստագրամ մտնելը։ Փորձիր օրեր կամ ժամեր հատկացնել թվային դետոքսի․ անջատիր ծանուցումները, սահմանիր կոնկրետ ժամեր սոցցանցեր մտնելու համար կամ պարզապես մի քանի ժամով հեռախոսդ թող մի ուրիշ սենյակում։ Այս ժամանակահատվածը նվիրիր այն հանգստին, որը քեզ իրական էներգիա է հաղորդում, օգնում քեզ հասկանալ սեփական էմոցիաները, կարիքները և ցանկությունները։ 

Եվ վերջում՝ որպես ամփոփում. պարտադիր չէ սպասել տարվա միակ արձակուրդին, որպեսզի քեզ հանգիստ տաս ու սկսես մտածել ինքնախնամքի ու լավ զգալու մասին։ Դարձրու՛ ամենօրյա սովորություն այն, ինչը կարևոր է քեզ ու մարմնիդ համար։ Հանգիստը սկսվում է փոքր որոշումներից՝ մի քիչ ավելի շատ քնել, մի օր չպատասխանել նյարդայնացնող զանգին, ինքդ քեզ չքննադատել պարզապես ոչինչ չանելու համար։ 

Բարի հանգիստ ենք մաղթում բոլոր նրանց, ովքեր արդեն հանգստի մեջ են, պատրաստվում են հանգստին և նույնիսկ նրանց, ովքեր շարունակում են աշխատել։ Թո՜ղ հանգիստը գտնի ձեզ։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.