Այս համարում հավաքել ենք մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում կուտակված կարևոր տեղեկատվությունը տեղի ունեցած հանդիպումների և միջոցառումների մասին, որոնց արժի ծանոթանալ։

Մայիսի 2-5-ը Հայաստանում կանանց հիմնադրամում հյուրընկալել էինք մեր գործընկեր գերմանական ֆիլիա հիմնադրամին և նրանց դոնորների խմբին: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀԿՀ գործունեությանը, գործընկեր(ուհի)ներին, նրանց աշխատանքային ուղղություններին, մարտահրավերներին ու խոչընդոտներին, գրանցած հաջողություններին և այլն: Մեր գործընկերուհիների այցի ամփոփումը` այստեղ:

Մայիսին պարզ դարձան ֆեմինիստական էսսեների մրցույթի հաղթած գաղափարները։ Ստորև կարող եք ծանոթանալ էսսեների հակիրճ նկարագրություններին։ Իսկ ամբողջական էսսեները՝ շուտով։ Այս հղումով կարող եք ծանոթանալ էսսեների կարճ նկարագրություններին։

Այս ամիսներին նաև կարևոր այցեր ենք ունեցել Հայաստանից դուրս։ Առաջինը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում էր հունիս մասին, որտեղ տեղի ունեցավ Պրոսպերա կանանց հիմնադրամների ցանցի եվրոպական խմբի հիմնադրամների և նրանց գործընկերների հանդիպումը «Ճիշտ ուղու վրա» նախագծի շրջանակներում: ՀԿՀ-ն հրավիրվել էր ծրագրի առաջատար կազմակերպությունների` Կալալա հիմնադրամի և Բուլղարիայի կանանց հիմնադրամի կողմից: Քննարկվեցին ֆունդամենտալիզմի, ծայրահեղ աջերի և հակագենդերային շարժումների ազդեցությունն ու ռազմավարությունը։ Եռօրյա հանդիպման վերջում կազմակերպվեց «Փոփոխությունները, որ ուզում ենք տեսնել Եվրոպայում և աշխարհում. ինչն է մեզ հույս տալիս» ժողովը դոնորների և Եվրախորհրդարանի անդամների հետ: Հանդիպման ընթացքում իրենց աշխատանքը ներկայացրին ՀԿՀ-ի գործընկերները՝ Սոցիոսկոպից Նվարդ Մարգարյանը և openDemocracy-ից հետաքննող լրագրող Տաթև Հովհաննիսյանը։

Երկրորդ այցը օրեր առաջ էր՝ հուլիսին, Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում, որտեղ ՀԿՀ-ն մասնակցեց Women Deliver 2023 համաժողովին: Համաժողովին մասնակցել է ավելի քան 6000 մարդ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ նշանավոր ֆեմինիստներ, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, խաղաղության ակտիվիստներ, խոշոր հիմնադրամների գործադիր տնօրեններ և նույնիսկ աֆրիկյան մայրցամաքի երկրների նախագահներ։ ՀԿՀ-ն մասնակցել է մի քանի հետաքրքիր պանելների՝ նվիրված ֆեմինիստական ֆինանսավորման էկոհամակարգին, որոնք կազմակերպվել էին Հավասարության հիմնադրամի, Կանանց գլոբալ հիմնադրամի և շատ այլ հայտնի կազմակերպությունների կողմից: Հիմնադրամի համահիմնադիրները նաև մասնակցել են ճգնաժամի ժամանակ ֆեմինիստական ֆինանսավորման և դեռահաս աղջիկների ֆեմինիստական ֆինանսավորման վերաբերյալ քննարկումներին։

Հունիսին ունեցանք դրամաշնորհի տրամադրման մասնակցային մոդելի կիրառման փորձառություն, երբ գաղափարների հեղինակները ներկայացրին իրենց գաղափարը մյուս մասնակիցների ներկայությամբ, միմյանց հարցեր ու նոր գաղափարներ տվեցին:
Արդյունքում մեր գործընկերուհիներն արդեն մեկնարկել են ֆեմինիստական քարտեզագրման իրենց հետազոտությունները, որոնց մասին կտեղեկացնենք հետագայում:

Այս երեք ամիսների ընթացքում ունեցել ենք վեց ֆեմախոսություններ և բանախոսություններ ամենատարբեր թեմաների մասին։ Դրանցից չորսի տեսանյութերի հղումները՝
- Ճանաչելով կանանց շարժումը Հայաստանում
- Կանանց կազմակերպությունների ինստիտուցիոնալ և թիմային դիմակայունությունը
- Սուրճ և ֆեմինիզմ
- Ինտերսեկցիոնալության գաղափարը կանանց իրավունքների մասին կոնվենցիաներում
Ստորև «Սուրճ և ֆեմինիզմ» ֆեմախոսության գրաֆիկական պատկերն է.


Հունիսի 17-ին տեղի ունեցավ «Մոնիթորինգ և գնահատում» առցանց դասընթացը Հիմնադրամի գործընկեր/ուհի/ների համար։ Դասընթացը վարում էր Զարուհի Ազնաուրյանը։ Ընթացքում մասնակիցները ծանոթացան մոնիթորինգի և գնահատման առանձնահատկություններին, քննարկեցինք իրենց հուզող մի շարք նեղ մասնագիտական հարցեր գնահատման և մոնիթորինգի ոլորտում։ Դասընթացի ավարտին հնարավորություն ունեցանք նաև կիսվելու մի շարք պահանջված նյութերով և գործիքներով, որոնք ուղղված են ցուցիչների մշակմանը և մոնիթորինգային պլաններին։

Վերջերս հրապարակվեց նաև «Կանանց կազմակերպությունների ինստիտուցիոնալ և թիմային դիմակայունությունը» հետազոտությունը։ Հետազոտությունն իրականացվել է Հայաստանում, Ուկրաինայում, Վրաստանում և Գերմանիայում կանանց հիմնադրամների և գործընկեր կազմակերպությունների շրջանում 2022թ. դեկտեմբերից մինչև 2023. մարտ-ապրիլ ամիսները։ Նպատակն է նշված կազմակերպությունների դիմակայունության հետ կապված կարիքների բացահայտումը ինստիտուցիոնալ և ներթիմային համատեքստերում, ինչպես նաև կազմակերպությունների և թիմերի պատրաստավածությունը ճգնաժամերին վերոնշյալ երկրներում։ Հետազոտությանը ծանոթանալ կարող եք այստեղ։

Հուլիս ամիսը սկսել ենք «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի արտագնա հանդիպումով։ Երկու հագեցած օրերի ընթացքում հարցազրուցավարները հասցրեցին միմյանց ավելի լավ ճանաչել, կիսվել փորձառությամբ, քննարկումներ ունենալ գրականության շուրջ և, իհարկե, միմյանցից հարցազրույցներ վերցնել ու նախագծից հետագա սպասելիքներով կիսվել։

Հուլիսի 29-ին տեղի ունեցավ «Գենդեր, ճգնաժամեր և անորոշություններ» աշխատարանը, որը կազմակերպվել էր ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի հետ համատեղ։ Քննարկումը ճգնաժամերի ժամանակ տարբեր խոցելի ուղիների ամրապնդման մասին էր։ Աշխատաժողովի նպատակն էր փոխանակման տարածք տալ ակադեմիայի անդամների, կառավարական և հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև այս և այլ հարցերի հնարավոր պատասխանների շուրջ: Աշխատարանի տեսանյութը՝ այստեղ։

Օրեր առաջ Աշտարակի Սիլիհտարի պարտեզներում կայացավ 40-ն անց կանանց ծրագրի մասնակիցների հետ մեր հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր նրանց ծանոթացնել մեր ամոքման կենտրոնի հետ, քննարկել ծրագրային հարցերն ու հետագա անելիքները։ Հանդիպման ընթացքում նաև հասցրինք դիտել ծրագրի մասնակիցներից մեկի պատրաստած ֆիլմը քաղցկեղ վերապրած կանանց մասին և ժամանակ անցկացնել միմյանց հետ:
Եվ, իհարկե, ստորև կարող եք տեսնել 2023 թվականի առաջին կեսին տրամադրած
դրամաշնորհների թիվը.
