Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին (նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10). դրամաշնորհի մրցույթի ամփոփում

Ակտիվիզմի 16-օրյակը ամենամյա միջազգային արշավ է, որը սկսվում է նոյեմբերի 25-ին (Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր) և ավարտվում դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների օր): Քարոզարշավը, որը մեկնարկել է 1991թ. Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից, նպատակ ունի բարձրացնելու գենդերային բռնության մասին իրազեկվածությունը և ոգեշնչելու գործողություններ, որոնք կարող են վերջ դնել գենդերային բռնության բոլոր ձևերին: Կառավարությունները, ՀԿ-ները և անհատներն ամբողջ աշխարհում իրականացնում են տարբեր միջոցառումներ` ներառյալ սեմինարներ, երթեր և սոցիալական լրատվամիջոցների արշավներ` կենտրոնանալով գենդերային բռնության կանխարգելման, արդարության վերականգման և վերապրածների հզորացման վրա: 

Այս տարի հայտարարված դրամաշնորհի մրցույթի արդյունքում ընտվել են հետևյալ նախաձեռնությունները.

  1. Ապահով անկյուն ՀԿ – «Ուժը համայնքում է». Այս նախաձեռնությունը աջակցում է Արցախից տեղահանված 18-30 տարեկան կանանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Մասիսում։ Այն զարգացնելու է հաղորդակցման, առաջնորդության և կարիերայի հմտություններ, ստեղծելու կապ տեղական խմբերի հետ և խթանելու նրանց մասնակցությունն համայնքային կյանքում։ Մասնակիցները կստանան գործնական գիտելիքներ աշխատանքի որոնման, ձեռնարկատիրական քայլերի և ֆինանսական գրագիտության մասին, ինչպես նաև կիրականացնեն փոքր համայնքային նախաձեռնություններ։ Ծրագիրը կստեղծի փոխաջակցության միջավայր, կուժեղացնի ինքնավստահությունը, կխթանի գենդերային հավասարությունը՝ նպաստելով ավելի համերաշխ և ներառական համայնքի ձևավորմանը։
  2. Քվիրլաբ – «Լռությունից՝ ձայն. աղմուկն ընդդեմ գենդերային բռնության». Ծրագիրը միավորում է արվեստը, ձայնը և ակտիվիզմը՝ հանրային քննարկում բացելու գենդերային բռնության թեմայով։ Քվիրլաբն այս նախաձեռնության շրջանակում կստեղծի երեք փոդքաստ և մեկ միջոցառում, որոնք կանդրադառնան բռնության տարբեր արտահայտություններին, ինստիտուցիոնալ անարդարություններին և ֆեմինիստական համերաշխության մշակույթին։ Փոդքաստները ներկայացնելու են անձնական պատմություններ, քննադատական քննարկումներ, իսկ Երևանում նախատեսված միջոցառումը` FLINTA-ն կմիավորի արվեստագետներին՝ երաժշտության և համայնքային աջակցության միջոցով բարձրաձայնելու բռնության դեմ: 
  3. ՄԵՆՔ երիտասարդական ՀԿ – «Ազատության գույները. արվեստը ընդդեմ բռնության». Ծրագիրը Վանաձորում կստեղծի հանրային հարթակ, որտեղ արվեստը կդառնա գենդերային բռնության դեմ պայքարի և համայնքային ներգրավվածության գործիք։ Կազմակերպությունը նախաձեռնելու է ֆեմինիստական արվեստի բաց մրցույթ, ցուցահանդես և պանելային քննարկում՝ միավորելով երիտասարդ արվեստագետների, ուսանողների և համայնքի անդամների։ Միջոցառումները կխթանեն բաց երկխոսություն, կնպաստեն իրազեկվածության բարձրացմանը և մարզում կանանց զորեղացմանը:
  4. «Իրազեկ կանայք, հզոր համայնք» նախաձեռնություն – «Անվտանգ համայնք՝ առանց բռնության». Միջոցառումը միավորում է պանելային քննարկումներ և վիզուալ արվեստի ցուցադրություն՝ ներկայացնելով տեղացի (ք. Չարենցավան) երիտասարդների աշխատանքները։ Քննարկումները կանդրադառնան գենդերային բռնությանը, կանանց ներկայացվածությանը, կարծրատիպերի կոտրմանը և համայնքային մասնակցությանը։ Ցուցահանդեսը կօգտագործի արվեստը որպես հաղորդակցման գործիք՝ ներկայացնելով լռության, դիմադրության և վերականգնման թեմաները։ Միջոցառումը նպատակ ունի խթանելու համայնքային ներգրավվածությունը և ուժեղացնել հավասարության մշակույթը։
  5. «ԲԱՑ ՄԻՏՔ» սոցիալ-կրթական ՀԿ«Լոռվա զրից. Կանայք, արվեստն ու կարծրատիպերը». Նախատեսվում է երկօրյա ֆեմինիստական միջոցառում Լոֆթ Վանաձորում։ Միջոցառումը կներառի պանելային քննարկումներ, պոեզիայի ընթերցանություն, փոդքասթ (Live ձևաչափով) և ռոք համերգ՝ նպատակ ունենալով բարձրացնելու Լոռու մարզի երիտասարդ կին արվեստագետների ձայնը և ստեղծելու հարթակ գենդերային բռնության, կարծրատիպերի և անհավասարությունների մասին բաց երկխոսության համար:
  6. «Կանանց իրավունքների տուն» ՀԿ – «ՄԱՐԻ» ներկայացում՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին. Ներկայացումը նպատակ ունի արվեստի միջոցով լուսաբանելու կանանց վերաբերող գրեթե բոլոր ոլորտներում առկա տեսանելի և անտեսանելի խոչընդոտները, որոնք հաճախ ձեւավորվում են կարծրատիպերի, անհավասար վերաբերմունքի կամ համակարգային անարդարությունների հետեւանքով։ Այն միեւնույն ժամանակ զուգահեռներ է տանում Հ. Թումանյանի «Մարո» պոեմի հետ։ Ներկայացումը հիմնված է իրական պատմությունների վրա՝ հիշեցնելով մեր շրջապատի մարդկանց նկատմամբ հոգատար և սոլիդար լինելու կարևորության մասին։ 
  7. Սվետոզառ ՀԿ – «Կանանց նկատմամբ բռնության վերացումը բոլորի գործն է».  Ծրագիրը նպատակ ունի բարձրացնելու գենդերային բռնության վերաբերյալ իրազեկվածությունը Արարատի մարզի Դվին, Այգեստան և Վերին Դվին համայնքներում՝ կենտրոնանալով գյուղաբնակ կանանց իրավունքների պաշտպանության վրա։ Նախաձեռնությունը կանցկացնի սեմինարներ, խորհրդատվական հանդիպումներ և պանելային քննարկումներ՝ ներկայացնելով բռնության ձևերը, գործող իրավական կարգավորումները և աջակցող ծառայությունները։ Կտրամադրվի նաև անհատական իրավաբանական ու հոգեբանական աջակցություն՝ խթանելով կանանց մասնակցությունը համայնքային կյանքում և նպաստելով ֆեմինիստական արժեքների տարածմանը այս համայնքներում։



Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.