Վարդան Ղուկասյանին հորդորում ենք հեռո՛ւ մնալ մեր ոտքերից և քաղաքականությունից

Հայաստանում կանանց հիմնադրամը, լինելով Հայաստանում ֆեմինիստական շարժման մաս և աջակցելով շարժման զարգացմանն ու զորեղացմանը, կանգնում է համախոհների կողքին՝ դատապարտելով վերջին շրջանում քաղաքական դաշտում տեղի ունեցող մտահոգիչ զարգացումները: Հիմնադրամն իր աջակցությունն է հայտնում մարդու իրավունքներով, կանանց եւ ԼԳԲՏԻՔ+ անձանց հիմնահարցերով զբաղվող համախոհ կազմակերպություններին, նախաձեռնություններին և անհատներին, ովքեր շարունակում են իրենց կարևոր պայքարը՝ անդադար հնչող սպառնալիքների և թիրախավորումների ֆոնին:

Կիսելով մեր գաղափարակիցների մտահոգությունները՝ միանում ենք պահանջին և հայտարարում, որ սեքսիստ, կնատյաց և բռնարար տղամարդիկ չպե՛տք է զբաղեցնեն հանրային պաշտոններ, իսկ Վարդան Ղուկասյանին հորդորում ենք հեռու՛ մնալ կանանց ոտքերից և քաղաքականությունից:

Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանն օրերս կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կնատյաց, սեքսիստ հայտարարություններով և ատելության, բռնության խոսքով: Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին ղեկավարելու հավակնություններ ունի մի անձնավորություն, որն իր քրեաօլգարխիկ էությամբ մշտապես վերարտադրել է հայրիշխանության ամեն հնարավոր կարծրատիպ: 

Կին լրագրողին «քաղցր ջան»-ով դիմող, քութեշը «քոթեշ» ասող, գռեհիկ վարքով այս մարդն ուղիղ եթերում մեղադրել է կանանց՝ իրենց հանդեպ տեղի ունեցած բռնության համար: Ներսես Շնորհալուն, Գրիգոր Նարեկացուն ցիտող ու վերջիններին մեղսագործություններով իր հետ հավասարեցնող այս անձնավորությունը ասուլիսին «գեղեցիկ հագած, ոտքերը բացած աղջիկներին» մեղադրեց՝ համարելով նրանց որպես իր մեղսագործությունների հիմնական պատճառ:

Ղուկասայանն ասուլիսի ժամանակ, բնականաբար, նաև ատելության խոսք եւ սպառնալիքներ է հնչեցրել ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ՝ ընդգծելով, որ Գյումրին Հայաստանի ՀԱՅՐաքաղաքն է ու իր խոսքով ասած՝ «ԼԳՏՊ-ները չեն կարող արտոնյալ լինել»: Սույն անձը սպառնալից խոստում է տվել «անձամբ պատասխան տալու», եթե ԼԳԲՏԻՔ+ մարդիկ որոշեն Գյումրիում որևէ ակցիա, անել: «Տեսեք՝ ես ինչ կանեմ ԼԳՏՊ-ի գլխին»,- ասել է նա: Շարունակելով իր սպառնալիքները՝ սույն աստվածավախ, հավատացյալ կոմունիստը (դարի պարադոքս) հայտարարել է նաև, որ անձամբ կգնդակահարի այն քահանային, ով կընդունի միասեռ ամուսնությունները:

Ցավալի է տեսնել, որ հայրիշխանական մոտեցումները, կնատյաց հայտարարությունները տարբեր քաղաքական գործիչների կողմից գնալով թափ են հավաքում մեր երկրում: Մենք գրեթե ամեն օր մամուլից տեղեկանում ենք հերթական քաղաքական գործչի (լինի դա իշխանություն, թե ընդդիմություն) հերթական սեքսիստ, կնատյաց հայտարարության, ատելության ու բռնության խոսքի/դեպքի մասին:

Վերջին շրջանում նկատելի է ծայրահեղ աջականների ակտիվությունը քաղաքական, հասարակական դաշտում: Հայաստանում տեղի ունեցող նմանատիպ զարգացումներն անհանգստացնող են: Մարդու իրավունքների հարցերով զբաղվող մի շարք կազմակերպություններ, նախաձեռնություններ, անհատ ակտիվիստներ արդեն հայտնել են իրենց մտահոգություններ այս հարցերի շուրջ: Հայաստանում կանանց հիմնադրամը կիսում է բոլոր մտահոգությունները և խստորեն դատապարտում նմանատիպ երևույթները:

Հայաստանն այժմ մարտահրավերային ժամանակներում է, և հիմա առավել քան երբևէ կարիք ենք տեսնում համախմբվելու և միասնական պայքարելու հայրիշխանական այս դաժան մեքենայի դեմ, որի համար մարդկային կյանքը, արժանապատվությունը որևէ արժեք չունի:

Հայաստանում կանանց հիմնադրամ

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.