Ինչու՞ գումար ներդնել հիմնադրամների աշխատանքում

Հիշում եմ, որ առաջին անգամ համալսարանում սովորում էի, միշտ մի բան կարմիր թելի պես մեզ ասում էին՝ այն է, որ մարդուն ոչ թե պետք է անընդհատ ձուկ տալ, այլ ձուկ բռնել սովորեցնել։ Մինչ օրս այս միտքը գլխումս է, ու դրան ամենատարբեր մեկնաբանություներ եմ տալիս՝ պարզ ու բարդ։ Օրինակ, եթե ձուկ ես տալիս, ձուկը մի օր վերջանում է, կամ դու էլ չես տալիս, տվյալ մարդու մոտ սպասելիք (կախվածություն) է արդեն, սպասում է, որ ձուկը մեկը պիտի տա։ Այնինչ, եթե բռնել սովորեցնեիր կամ ուղղորդեիր մի տեղ սովորելու, ապա հիմա ինքն էլ քեզանից կախված չէր լինի ու ինքն էլ, դու էլ հաջորդ մարդկանց կօգնեիք։ Այսինքն` սովորեցնելով մարդուն հմտություն ես տալիս, և ինքն էլ իմանում է, որ ունի հմտությունը ու կարող է ոչ միայն նորերը սովորել, այլ նաև դրանք փոխանցել։ Հետո մտածում էի, թե որքան կարևոր արտահայտություն է սա, մանավանդ որ օգնող մասնագետ ես կամ ֆիլանթրոպիկ հիմքերով գործունեության մեջ ես։ 

Պատկերացրեք, թե որքան համայնքներ այսպես կարելի է ուժեղացնել՝ միմյանց սովորեցնելով ու բարձրացնելով։ Բայց չէ՞ որ ամեն ինչ չէ, որ այսպես իդեալական կարող է լինել։ Եվ անկեղծ լինելով սկսենք նրանից, որ մարդիկ ի սկզբանե իրենց ցանկությամբ չէ, որ ձուկ բռնել չգիտեն կամ իրենց ձուկ է պետք։ Մի՛ մոռացեք, որ հաճախ ավելի հեշտ է, երբ մարդը ձկանն է սպասում, այլ ոչ թե իր համար ձուկ բռնում և այլն։ Համակարգային լեզվով ասած՝ մենք ապրում ենք այնպիսի համակարգերում, որոնց ի շահ է, որ շատերը լինեն ձկանը սպասողի կարգավիճակում, քանի որ այդպես ավելի հեշտ է տարատեսակ քաղաքականություններ վարել։ 

Ինքս շատ դեպքերում համոզված եմ, որ անմիջապես անհատական գումարի փոխանցումն է, որ կարող է լուծել մարդու՝ այդ պահի ֆինանսական և ինչու չէ նաև դրանից բխող այլ խնդիրները: Երբեմն մարդիկ մենթորության և/կամ այլ սիրուն բառերի տակ եղած կոնցեպտների մեջ ընկնելու կարիք չունեն, քանի որ ինքնաքննադատ են ու ինքնաբավ ի սկզբանե: Եվ իրականում դժվար է խոսել ֆիլանթրոպիայի՝ որպես մարդկության նկատմամբ սիրո և նվիրվածության մասին՝ առանց ռեսուրների հավաքագրման և դրանց փոխանցման մասին խոսելու: Բայց այս հարցի շուրջ մի շարք հետազոտություններ կան, որոնց վրա արժե ժամանակ ծախսել (հղումը՝ ցանկում):

Վերջին տարիներին ավելի շատ եմ ներգրավվել ֆիլանթրոպիկ գործունեության մեջ։ Մի պարզաբանում պետք է անեմ, քանի որ հայերենում և ընդհանրապես այլ լեզուներում էլ լինել ֆիլանթրոպ շատ ավելի բարձրաբերձ է հնչում և խոսում է այն մասին, որ դու տիրապետում ես ահռելի ունեցվածքի, չնայած դրա մասին կարելի է ենթադրել առաջին հայացքից։ Ֆիլանթրոպը չի թարգմանվում որպես հարուստ, բարեգործ կամ այլ բառով։ Ամենամոտ թարգմանությունը կարող է լինել մարդասերը, քանի որ ֆիլանթրոպիան հենց սերն է մարդկության նկատմամբ և վերջինիս համար ինչ-որ բան անելու ցանկությունը։ Բայց քանի որ ամեն ինչ այդքան հեշտ չէ, առաջարկում եմ ֆիլանթրոպիան թողնել որպես ֆիանթրոպիա և առաջ շարժվել, քանի որ բառը չթարգմանելուց պրակտիկան չի կորի և առավել ևս չի վերանա մեր կամ որևէ այլ մշակույթից։ Ֆիլանթրոպիայի կամ ֆիլանթրոպիկ հարաբերությունների մեջ ամեն մարդ կարող է լինել կյանքում առնվազն մեկ անգամ՝ դրա ամենատարբեր կողմերից։ 

Այս մի բաժին մտորումներով ուզում եմ խոսել այն մասին, թե ինչպես կարելի է ավելի մեծ արդյունքների ու ազդեցության հասնել հենց հիմնադրամներին անգամ ամենաչնչին նվիրատվություններ անելով։ Այս հարցի շուրջ, թե արդյոք ինչն է ավելի նպատակահարմար՝ ֆինանսավորել հիմնադրամներին, թե անմիջապես գումարները բաշխել մարդկանց միջև, կարելի է ունենալ ամենահակասական մտքեր ու փաստարկներ։ Ես բնավ ցանկություն չունեմ նսեմացնելու անհատներին գումար փոխանցելու կարևորությունը, քանի որ, հիրավի, որոշ խնդիրներ պահանջում են անհատական նվիրատվություններ՝ դրանք անմիջապես և երկարաժամկետ կտրվածքով լուծելու համար։

Ստորև բերվող փաստարկները ամեն պահի կարող են ունենալ հակափաստարկներ։ Փաստարկների այս ցանկում նախապատվությունը տրվում է ֆինանսավորող կազմակերպություններին գումարների նվիրատվությանը: Իսկ մտորումները հիմնված են տարբեր աղբյուրների վրա՝ ներառյալ ֆիլանթրոպիայի ուսումնասիրությունների ակադեմիական և պոպուլյար նյութերը, հետազոտությունները, որոնք հիմնավորում են ռեսուրսների արդյունավետ, կայուն և ուղենիշային օգտագործումն ու բաշխումը։ 

    1. Ազդեցության մասշտաբներ – Ֆինանսավորող կառույցները և կազմակերպությունները հավքագրում են ռեսուրներ ամենատարբեր դոնորներից։ Այդպես հնարավոր է աջակցել ավելի մեծ ծրագրերի և ունենալ ավելի մասշտաբային ազդեցություն, քան երբ ուղղակի անհատներին գումար ես տալիս (խոսքն այն մասին չէ, երբ անհրաժեշտ է հենց գումարը՝ կոնկրետ խնդիրը վերջնական լուծելու համար)։ Նման մոտեցումը մեծացնում է ֆիլանթրոպիկ գործողությունների ծավալներն ու մասշտաբները՝ ի տարբերություն անհատական նվիրատվությունների և անհատների շահի։ Օրինակ՝ մեկ դեռահասը 500․000 դրամով կարող է իրականացնել ֆանտաստիկ մի ծրագիր արհեստական բանականության մասին և ներգրավելով իր համադասարանցիներին և տարեկիցներին՝ ավելի մասշտաբային ազդեցություն ունենալ համայնքային ու մասնակիցներից յուրաքանչյուրի անհատական զարգացման վրա։ Դեռահասների մեկ այլ խումբ նույն գումարով կարող է ունենալ 5-6 խմբային հանդիպումներ Երևանի և որոշ մարզերի դրպոցներում՝ հասակակիցների հետ խոսելով դաշտանի, մարմնի կերպարի, վնասակար սննդակարգերի մասին։ Եվ այսպես շարունակ։ 
  • Փորձառություն և ռեսուրսների ռազավարական տրամադրում – Ֆինանսավորող կազմակերպություններն աշխատանքի են ընդունում ամենատարբեր փորձառությամբ մասնագետների՝ ֆիլանթրոպիայի, կառավարման, ռեսուրսների մոբիլիզացիայի, ֆինանսական, առաջնորդության, կրթության, առողջապահության, մարդու իրավունքների, հաղորդակցման, հետազոտական և մի շարք այլ մասնագետների, ովքեր բազմակողմանի գիտելիքներով իրենց ներդրումն են ունենում հիմնադրամների աշխատանքում։ Այս մասնագետներն իրականացնում են կարիքի գնահատումներ, մշակում են ռազմավարական միջամտությունների պլաններ, մշտադիտակում են ծրագրերի իրականացումն ու գնահատում դրանց արդյունքները, ապահովում են ռեսուրսների արդյունավետ բաշխումն ու օգտագործումը։ Այս ընթացքում նաև իրականացվում են ամենատարբեր կարողությունների զարգացման ծրագրեր։ Կանանց հիմնադրամի մի շարք գործընկեր կազմակերպություններ և խմբեր սկսել են չնչին կամ գրեթե առանց որևէ ֆինանսական ռեսուրսի՝ հասնելով այն կետին, որ իրենց մարզում կամ համայնքում հանդիսանում են միակ կազմակերպությունը, որը կարող է անվճար սոցիալական աշխատանքի, հոգեբանական, իրավաբանական ծառայություններ մատուցել մի շարք կարիքի մեջ գտնվող կանանց, ինչպես նաև համարվում են տեղի ռեսուրս և կարողությունների զարգացման կենտրոններ։ Ավելին, շատերի դեպքում նման ծրագրերը եղել են առաջինը և զարկ տվել այդ կազմակերպությունների և խմբերի ակտիվությանը՝ համատեղելով ֆինանսավորումն ամենատարբեր մասնագետների հետ հանդիպումներով և փորձառության ավելացմամբ։ 
  • Հաշվետվողականություն և թափանցիկություն – Հասցեական ֆիլանթրոպիկ գործունեության մեջ ամենակարևորը հաշվետվողականությունն է՝ ֆինանսական, ծրագրային և այլ՝ ուղղված բոլոր շահեկից խմբերին և գործընկերներին։ Հիմնադրամները հաշվետու են իրենց գործունեության ցանկացած պահի՝ աուդիտի, ազդեցության գնահատումների, տրամարդված ռեսուրսների մասին համապարփակ վերլուծությունների և մի շարք այլ ձևերով։ Կանանց հիմնադրամում, ունենալով հաշվետվողականության և թափանցիկ գործունեության անկյունաքարային սկզբունքներ, ամեն տարի պատրաստվում են նախորդ տարվա դրամաշնորհային ծրագրերի մասին վերլուծություններ, տարեկան գործունեության մասին հաշվետություններ, ինչպես նաև իրականացվում են ֆինանսական աուդիտներ։ Թափանցիկության և հաշվետվողականության ևս մեկ կարևոր ցուցանիշ է մասնակցային դրամաշնորհների տրամադրումը, որի ընթացքում հենց ֆեմինիստական համայնքի տարբեր ներկայացուցիչներն են մասնակցում դրամաշնորհների տրամադրման ընտրությանը։ Իսկ այս բոլոր գործընթացների մասին տեղեկատվությունը տեղ է գտնում հաղորդակցության մասնագետների աշխատանքում։ 
  • Կայունություն և երկարաժամկետ լուծումներ – Երբեմն, այո՛, թվում է, թե մի մարդուն տալով գումար՝ մենք կարող ենք լուծել նրա խնդիրները հավերժ։ Սակայն գումարը տալու հետ մեկտեղ անհրաժեշտություն է առաջանում սովորեցնելու նրան, թե ինչպես նա հնարավորին չափ արդյունավետ ծախսի այդ գումարը։ Այս աշխատանքն ավելի է դժվարանում, երբ մարդն ի սկզբանե չունի այդ հմտությունները և գտնվում է «դժվարին իրավիճակում»։ Այս մասում կարևոր է մի պարզաբանում անել, քանի որ միտքը բավական էլիտիստական է հնչում՝ մենք գիտենք, մյուսները չգիտեն իմաստով։ Կարևոր է մարդկանց՝ գիտելիքի և հմտություննեի փոխանցման արժանապատիվ մոտեցումների կիրառումը։ Ի տարբերություն անհատական նվիրատվություններին ու գումար փոխանցելուն (որը հիմնականում կարող է օգնել, երբ կան առաջնային կարիքներ)՝ հիմնադրամները և այլ ֆինանսավորող կազմակերպությունները շեշտը դնում են կայուն զարգացման վրա։ Այս դեպքում շեշտադրվում են երկարաժամկետ և խորը ազդեցություն ունեցող ծրագրերը կամ նախագծերը՝ նպաստելով համայնքների ուժեղացմանը, դիմակայունության բարձրացմանը և ևս մի կարևոր ասպեկտի՝ ինքնաբավության զարգացմանը, որն ուժեղացնում է ընդհանուր հասարակությունները։ Այդպես, ֆինանսավորելով կանանց որևէ խմբին ուղղված նախաձեռնությունը՝ հնարավոր է դառնում հասնել մեծ խմբի կանանց՝ ամենատարբեր խնդիրներով ու լուծման հնարավորություններով։ Կանանց խմբերում աշխատելով հնարավոր է լինում ստեղծել այն միջավայրը, որ մեկ կինը խնդրի միակ կրողը չէ, որ նման խնդիրներ ունեցող այլ կանայք կան ու հենց նույն թվով էլ՝ լուծման եղանակներ։ Ամենատարբեր կանանց խմբեր ու համայնքներ կարող են լուծել իրենց խնդիրները՝ միևնույն ժամանակ ունենալով հնարավորություն օգնող խմբի վրա իրենց հույսը դնելու։ 
  • Ցանցեր և գործընկերություններ – Հիմնադրամները և այլ ֆինանսավորող կազմակերպությունները հիմնում են ցանցեր և այնպիսի գործընկերություններ պետական, հասարակական և համայնքային ամենատարբեր խմբերի հետ, որոնք ի վերջո հասնում են ավելի մասշտաբային ազդեցության։ Նման հարաբերությունների ստեղծման արդյունքում հնարավոր է լինում դրական ազդել ամենատարբեր տեղական, ազգային կամ միջազգային քաղաքականությունների և գործընկերությունների վրա։ Կանանց հիմնադրամի մի շարք գործընկերուհիներ (և կազմակերպություններ) որդեգրել են մի շարք ներքին քաղաքականություններ, որոնց մասին մինչ այդ շատ չի խոսվել և չի քննարկվել հասարակական սեկտորում՝ ներառյալ ֆինանսական, բարօրության, զգայուն կառավարման, զգայուն բյուջետավորման մոտեցումները և ներքին վարքագծի կանոնները։ Նման ցանցերի մեջ լինելով այս կազմակերպություններին ավելի հեշտ է լինում դիմել պետական կառույցներին և առաջարկել փոփոխություններ՝ ուղղված ավելի զգայուն մոտեցումներին։ Ավելին, միջքաղաքային, միջգյուղական կամ միջմարզային գործընկերությունները հնարավորություն են տալիս Հիմնադրամի գործընկերուհիներին համատեղ ջանքերով պայքարելու մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ, քանի որ դրանք մեծ մասամբ մեկտեղված չեն և պահանջում են ավելի համակարգային լուծումներ՝ ներառելով ամենատարբեր շահեկիցների։ 
  • Ռիսկերի կառավարում և արձագանք ճգնաժամերին – Ռիսկային և ճգնաժամային իրավիճակներում հիմադրամները և ֆինանսավորող կազմակերպությունները կարողանում են արագ արձագանքել, հիմնականում քանի որ ունեն համապատասխան կարողություններ և փորձառություն։ Այս կազմակերպությունների անդամները կազմակերպում են արագ կարիքների և ռիսկերի գնահատումներ, մշակում են անկանխատեսելի իրավիճակներից դուրս գալու պլաններ, ինչպես նաև ապահովում են մեխանիզմներ, որպեսզի աջակցությունները հասնեն ամենակարիքավորներին։ Հիշենք, օրինակ, COVID-յան մթնոլորտը։ Կանանց հիմնադրամը կարողացավ ռեսուրսների որոշ մասն ուղղել այնպիսի հրատապ օգնության, որը ներառում էր կանանց ամենատարբեր համայնքներում, ովքեր անմիջապես ու անժամկետ կորցրել էին որևէ տեսակի ռեսուրս՝ մեկուսացման կամ կարանտինի պատճառով։ 2020 թվականի պատերազմի ընթացքում և 2023-ի տեղահանման իրավիճակով պայմանավորված ևս Հիմնադրամը կարողացավ ռեսուրսներ մոբիլիզացնել հատուկ հենց այս իրավիճակից տուժած կանանց ամենատարբեր խմբերի համար։ Սա, իհարկե, խոսում է նաև այլ դոնոր և համագործակից կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների և վստահության մթնոլորտի մասին, սակայն պետք է մտքում ունենալ նաև այս հանգամանքը և ադվոկացիոն գործընթացներում բարձրաձայնել նաև նրա մասին, թե որքան կարևոր են վստահության վրա հիմնված հարաբերությունները ռիսկային և ոչ ռիսկային պայմաններում։ Բայց հիշե՛ք (և անկեղծ լինենք), որ վերջին տարիների ճգնաժամերի առաջնագծերում բոլոր մարզերի ու Երևանի կանանց կազմակերպություններն էին, որոնք իրենց ճկունության արդյունքում կարողացել են սահմանել իրավիճակին և ժամանակին համահունչ առաջնահերթություններ։ 
  • Ուժեղացում կարողությունների զարգացման միջոցով – Հիմնադրամները և այլ ֆինանսավորող կազմակերպությունները մեծ ռեսուրս են ներդնում կարողությունների զարգացման մեջ, ավելացնում տեղական կազմակերպությունների, խմբերի և համայնքների հմտությունները, գիտելիքները և ռեսուրսները։ Այս մոտեցումը թերևս ամենաարդյունավետն է արտաքին օգնությունից կախվածությունը նվազեցնելու և այդ կազմակերպությունների ու համայնքների ինքնաբավությունն ապահովելու առումներով։ Կանանց հիմնադրամի պարագայում օրինակները շատ են, որոնց մասին կարող են փաստել հենց գործընկերուհիները։ Հիմնադրամը տարեկան առնվազն մեկ անգամ կազմակերպում է հուզական և ոչ հուզական դաշտի կարողությունների զարգացում կամ ավելացում գորընկերուհիների համար։ Ամոքման հանդիպումները և աշխատանքային դժվար առօրյայից կտրվելու ամենատարբեր միջոցառումները հնարավորություն են տալիս վերաիմաստավորելու կյանքը և աշխատանքը։ Իսկ համախոհների հետ ժամանակ անցկացնելով և կիսվելով հնարավոր է լինում ինչ-որ կերպ հաղթահարել անընդհատ ուղեկցող այրման վիճակը։ Բացի այդ՝ Կանանց հիմնադրամի առաքելության մասն է կազմում հենց այլ տիպի կարողությունների զարգացումը ևս։ Հիմնվելով բազմամասնագիտական թիմի գնահատումների վրա՝ Հիմադրամն ապահովում է ամենապահանջված կարողությունների ուսուցանումը կամ զարգացումը ոլորտի ամենաառաջատար մասնագետների հետ համագործակցությամբ։ 
  • Ռեսուրսների էթիկապես ընդունելի և արդար բաշխում – Էթիկապես ընդունելի ռեսուրսների տրամադրումն անկյունաքարային է ֆիլանթրոպիայի փիլիսոփայության մեջ։ Հիմնադրամները և ֆինանսավորող կազմակերպությունները մշակում են էթիկական չափանիշներ և կառուցվածքներ(frameworks)՝ միջոցների հնարավորին չափ ամենաարդար բաշխումն ապահովելու համար այնպես, որ առաջնայնությունը տրվի համակարգայնորեն անտեսված և հիմնարար ծառայություններից զուրկ համայնքներին։ Այս կազմակերպություններն օգտագործում են իրենց ամբողջ գիտելիքը՝ հավաքագրելու հնարավոր տեղեկատվությունը՝ ամենաառաջնային խմբերին բացահայտելու և կողմնակալություններից խուսափելու համար։ Ֆիլանթրոպիկ ռեսուրսները, ցավոք, անսահմանափակ չեն, հատկապես մեր օրերում, երբ կառավարությունները գրչի մեկ հարվածով դադարեցնում են տասնամյակների օգնության աշխատանքները։ Իհարկե, մի շարք ֆիլանթրոպներ ետնաբեմից առաջ են գալիս՝ արձագանքելու այս խնդիրներին։ Ֆինանսավորող կազմակերպությունները՝ ներառյալ կանանց հիմնադրամները, ունեն իրենց և համայնքի կողմից մշակված չափանիշներ ու մասնակցային սկզբունքների օգտագործման էթիկա՝ արդեն իսկ սակավ ռեսուրսները հնարավորին չափ արդար բաշխելու համար։ Կանանց հիմնադրամի ջանքերն ուղղված են այս առումով հնարավորին չափ մասնակցային մոտեցումների կիրառմանը՝ էթիկապես ընդունելի պահանջներն ապահովելով։ Արդար մոտեցումների մասին խոսում են նաև ֆիլանթրոպիայի ակադեմիայի ներկայացուցիչները՝ նշելով, որ կառուցվածքային ֆիլանթրոպիան նպաստում է ընդհանուր սոցիալական արդարությանը։
  • Համակարգային փոփոխություններ – Ֆիլանթրոպիայի մեկ այլ ուժեղ կողմ է այն, որ ֆիլանթրոպիան ունի համակարգային փոփոխություններ առաջացնելու կամ դրանց վրա ազդելու ներուժ։ Եվ, այո, այստեղ կարող ենք անել շահարկումներ, թե ինչու, օրինակ, որոշ երկրներում կառավարությունները կրճատում են միջազգային օգնությունը՝ որպես «ֆիլանթրոպիայի դեմ պատերազմ»։ Ինչպես նշում են որոշ հետազոտողներ՝ ֆիլանթրոպիան ժողովրդավարության ծառան է։
    Հիմնադրամները և ֆինանսավորող կազմակերպությունները ունեն մեծ կարողություններ՝ ազդելու հանրային քաղաքականությունների վրա, ինչպես նաև նպաստել բարեփոխումներին, որոնցից կարող է շահել ամբողջ բնակչությունը։ Վերջիններն իրականացնում են հետազոտություններ, աշխատում են քաղաքականություններ մշակողների հետ և հատկապես խթանում են ադվոկացիոն արշավներ, որոնք բարձրաձայնում են զարգացման կառուցվածքային և համակարգային խոչընդոտների մասին։ Կանանց հիմնադրամի պարագայում, եթե ոչ ուղղակիորեն, ապա անուղղակիորեն հնարավոր է հասնել փոխակերպումների համախոհ կազմակերպությունների և խմբերին աջակցելու միջոցով, որպեսզի վերջիններս ոչ թե զբաղվեն ռեսուրսների հավաքագրմամբ ամենօրյա կտրվածքով, այլ կենտրոնանան առաջնային ծառայությունների մատուցման և ադվոկացիոն գործառույթների վրա։ Հիշե՛ք, որ մի շարք ոչ պետական կազմակերպություններ զբաղվում են այնպիսի ծառայություններով, որոնցով պետությունը չի կարողանում զբաղվել՝ ֆինանսական և մարդկային ռեսուրսների, ինչպես նաև անհրաժեշտ մասշտաբի կարողությունների զարգացման պատճառով։ Աջակցությունը կարող է լինել ամենատարբեր՝ տարածքից մինչև ֆինանսներ, ցանցերից մինչև կարողությունների զարգացում։ Կարևոր է հաշվի առնել այն, որ համակարգային սոցիալական փոփոխությունների կարելի է հասնել միայն միասնական ջանքերով։ 

Հիմնավորումների ցանկն ուղղակի կարելի է անդադար մեծացնել՝ ներառելով հարցի ավելի տնտեսական կողմերը և շահերը, ծախսերի հետ կապված արդյունավետությունը, նոր դոնորներ և ֆիլանթրոպիայի նոր սերունդներ ներգրավելու գործընթացները։ Կարևոր է հիշել նաև, որ մեր օրերի համաշխարհային և նաև տեղական խնդիրների պարագայում (կլիմայական փոփոխություններ, սննդի և ջրի անվտանգություն, համավարակներ, սոցիալական անհավասարություններ և այլն) հիմնադրամների և ֆինանսավորող կազմակերպությունների դերը դառնում է էլ ավելի կրիտիկական։ Դրանց արագ և ռազմավարական արձագանքելու կարողությունը երաշխավորում է, որ ռեսուրսներն արձագանքում են հրատապ կարիքներին՝ միաժամանակ հիմք դնելով կայուն ապագայի համար: 

Հարց է առաջանում, թե արդյո՞ք անհրաժեշտ է այդքան ռեսուրս օգտագործել ադմինիստրատիվ ծախսերի համար: Դե հիմա եկեք պատկերացնենք, որ Հիմնադրամը գործունեություն է ծավալում, սակայն չունի մարդ, ով բավարար կոմպետենտ է այդ ծախսերը կազմակերպելու համար: Հնարավո՞ր է պատկերացնել «մեկ մարդու Հիմնադրամ», որն աշխատում է գրեթե 100 տարբեր գործընկերների հետ: Կարո՞ղ է արդյոք մեկ հոգին զբաղվել և՛ հայտերով, և՛ հաշվետվություններով, և՛ կազմակերպմամբ, և՛ այցելություններով, և՛ վերապատրաստումներով, և՛ մշակել կոմունիկացիոն ռազմավարություն, ժամանակին հրապարակումներ անել և այլն, և այլն: Հնարավո՞ր է այս թվային դարում չունենալ սոցիալական մեդիա էջեր, կայքեր, որոնք մեզ թվում է, որ անվճար են, սակայն ոչ, ամենևին: Հնարավո՞ր է ֆոնդահայթայթում իրականացնել, նոր մարդկանց ներգրավել և այդ ամենի համար ռեսուրս չպահանջվի: Ո՛չ, ամենևին: Այս մասին է իր ֆանտաստիկ TED ելույթում, ինչպես նաև մի շարք հոդվածներում խոսում Դեն Պալոտտան: Դե արի ու բացատրիր մարդկանց, որ իրենց աշխատանքը, նվիրվածությունը, իրական հավատը արվող գործի նկատմամբ և 100% ներդրվածությունը ինչ–որ մի հաշվետվության մեջ պետք է նշել որպես վերադիր ծախսեր: Իսկ այդ նույն հարցը բիզնեսին կտայի՞ք։ Այդ երբվանի՞ց մարդու աշխատանքը և սերը մարդկության նկատմամբ փոխակերպվեց վերադիր ծախսի: 

Եվ այսպես, հետ գալով բուն նյութին, եթե ուղղակի նվիրատվությամբ կարելի է գտնել  անհատներին ժամանակավոր դարման մի խնդրի համար, հիմնադրամներն առաջարկում են ռազմավարական, համակարգային, կայուն և փոփոխություններ բերող ազդեցություն։ Ռեսուրսները համախմբելու, փորձագիտական ​​լծակները օգտագործելու, հաշվետվողականություն ապահովելու և համակարգային փոփոխություններ առաջ տանելու նրանց կարողությունը վերջիններիս դարձնում է անփոխարինելի գործընկերներ սոցիալական առաջընթացի համար: Աջակցելով հիմնադրամներին և ֆինանսավորող կազմակերպություններին՝ մենք կարող ենք առավելագույնի հասցնել մեր ռեսուրսների հասանելիությունը և ստեղծել կայուն, փոխակերպող ազդեցություն:

Եվ, ի դեպ, ամեն անգամ նվիրատվություն անելիս հիշե՛ք, որ ձեր ներդրումն ինչ-որ մեկի համար պարզապես նվիրատվություն չէ, այլ կարող է լինել մեծ փոփոխության շարժիչ ուժ։ 

 

Օգտագործված աղբյուրների ցանկ

  • Give Directly (2020), Research on cash transfers, Overview on Existing Research on Cash Transfers | GiveDirectly
  • Illingworth, P. (2017). Philanthropy and Well-being: The Role of Charity in Promoting Human Flourishing. Journal of Social Philosophy, 48(4), 492-510.
  • Moody, M., & Breeze, B. (2016). The Philanthropy Reader. Routledge.
  • Palotta, D. (2013) The way we think about charity is dead wrong | Dan Pallotta, TED Talk, The way we think about charity is dead wrong | Dan Pallotta
  • Payton, R. L., & Moody, M. (2008). Understanding Philanthropy: Its Meaning and Mission. Indiana University Press.
  • Reich, R. (2019) Philanthropy in the Service of Democracy. In Stanford Social Innovation Review / Winter 2019, 26-33.

 

Հեղինակ՝ Սիրան Հովհաննիսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.