Պատերազմի գինը. մարտահրավերները Հայաստանում

Լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարին: Մի դաժան եւ անմարդկային իրադարձություն, որը խախտեց մարդու ամենահասարակ իրավունքները՝ մարդուն կյանքից զրկելուց մինչեւ ազգային ինքնորոշման իրավունքների ոտնահարումը: Այս հրեշավոր պատերազմին մեծ դեր ուներ նաեւ գենդերային հիմքով բռնությունը. ադրբեջանական կողմն առանձնակի դաժանությամբ էր վարվում հայ կին զինվորականների հետ: 

Պատերազմի ժամանակ խախտվեցին միջազգային մի շարք կարեւոր նորմեր, այդ թվում՝ պատերազմի լուսաբանումը եւ լրագրողների անձեռնմխելիությունը. ադրբեջանական կողմից թիրախավորվեցին միջազգային եւ տեղացի լրագրողներ, նրանցից շատերը վիրավորվեցին եւ չկարողացան շարունակել իրենց աշխատանքը:

Պատերազմին հաջորդեց մի շարք դաժան իրադարձությունների շղթա՝ 2022-ի դեկտեմբերին Արցախի Հանրապետության բնակչության տոտալ բլոկադան, մարդկանց սովի մատնումը եւ այնուհետեւ մարդկանց բռնի տեղահանումներն իրենց ծննադավայրից ու ինքնորշված պետությունից: 2023թ․ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց, որին հաջորդեցին բռնի տեղահանությունները: 

Այս դեպքերից տեւական ժամանակ անց Հայաստանում շարունակվում է հասարակական ճգնաժամը, շարունակում են օրհասական մնալ տեղահանված անձանց բնակության, աշխատանքի, հոգեբանական վիճակի եւ մի շարք այլ կարեւոր հարցեր:

«Գորիսի մամուլի ակումբ»-ի ղեկավար Սուսաննա Շահնազարյանը ցավով է հիշում բռնի տեղահանության այդ ժամանակահատվածը: Նրա խոսքով՝ իրենց թիմը մինչեւ վերջին պահը չէր կարողանում հավատալ, որ բռնի տեղահանություններն իրականություն են. «Երբ տեղեկությունները հաստատվեցին, մենք ամբողջ թափով ներգրավվեցինք Արցախի մեր ժողովրդին օգնելու հարցում: Հերթափոխեր էինք սահմանել եւ աշխատում էինք գիշեր-ցերեկ: Ովքեր գրանցման հարցերով չէին զբաղվում, բացօթյա սննդի կետերում էին աշխատում, սկզբի օրերին բնակչությունը մոբիլիզացվել էր եւ իր սեփական միջոցներով էր այդ ամենը կազմակերպում: Գորիսը վերածվել էր մի բացօթյա ճամբարի, սարսափելի տխուր տեսարան էր»,- հիշում է Սուսաննան՝ հավելելով, որ այդ ամենին զուգահեռ նաեւ պետք է շարունակեին իրենց ընթացիկ աշխատանքներն անել:

Սուսաննա Շահնազարյանը, լինելով լրագրող եւ կարեւորելով փաստերի վավերագրումը, այդ դժվար ժամանակահատվածում կարեւոր է համարել նաեւ պատմության փաստագրումը. «Ինչքան էլ դժվար էր, մենք զուգահեռ պատմություններ, լուսանկարներ էինք հավաքագրում: Շատ դժվար էր որոշել, թե որ նկարն ու պատմությունը պետք է հանրայնացնել, քանի որ մեծ մասը երեխաների նկարներ էին: Դրանից հետո հարցումներ, կարիքների գնահատումներ իրականացրինք: Այդ ընթացքում ավելի շատ փաստաթղթավորում եւ վավերագրում էինք այդ ամբողջ գործընթացը»,- մանրամասնում է Շահնազարյանը:

Սկզբնական ժամանակահատվածում տեղական եւ միջազգային շատ կառույցներ ֆինանսական եւ նյութական աջակցություն էին տրամադրում Սյունիքում գործող հասարակական կազմակերպություններին եւ նախաձեռնություններին, որպեսզի նրանք տեղում կազմակերպեն տեղահանված անձանց առաջին օգնությունը:

«Մեր արած կարիքների գնահատման ժամանակ պարզեցինք, որ Գորիսում մնացած բռնի տեղահանված անձանց 21 տոկոսը հաշմանդամություն ունի, 50 տոկոսից ավելին մասնագիտություն չունի: Շատ էին նաեւ բազմազավակ ընտանիքները եւ մենք որոշեցինք ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրած օգնությունը փոխանցել բազմազավակ ընտանիքներին: Հետո աջակցեցինք այն կանանց, որոնք ունեն հատուկ կարիքներ: Կանանց հիմնադրամի աջակցությամբ հոգացինք տեղահանված կանանց հատուկ կարիքները՝ կանացի հիգիենայի պարագաները, որոնք հաճախ դուրս են մնում ուշադրությունից»,- նշում է Գորիսի մամուլի ակումբի ղեկավարը:

Սուսաննա Շահնազարյանը մի տենդենց է նկատել, որն իրեն շատ է անհանգստացնում. «Համատարած կանայք են աշխատանք փնտրում: Անգամ ընտանիքներին տրամադրվող աջակցության համար տղամարդիկ են գալիս: Եվ երբ նրանց աշխատանք ես առաջարկում, ասում են՝ դե չէ, կինս վարսավիրություն կամ մատնահարդարում ա սովորում: Կարեւոր է նաեւ միայնակ կանանց, միայնակ մայրերի կարգավիճակն այս պարագայում: Չգիտենք՝ ինչ խումբ են նրանք կազմում, ինչով են զբաղվում, ինչպես են փորձում հասցնել, համատեղել ամբողջը, երբ օգնող ձեռք չունեն: Ամեն դեպքում ակնհայտ է, որ կանայք սոցիալական խնդիրները լուծելու հարցում ավելի ակտիվ են, քան տղամարդիկ»,- ընդգծում է նա:

Մամուլի ակումբը ճգնաժամի առաջին այդ փուլից հետո շարունակել է իր վավերագրական գործունեությունը՝ այս անգամ ավելի կանոնակարգված եւ ոչ հանպատրաստից: Ակումբի ղեկավարն այս մասին ասում է. «Մենք մեդիան առաջին հերթին օգտագործում ենք որպես գործիք՝ տարբեր խնդիրներ հանրայնացնելու համար: Բռնի տեղահանության ընթացքում մենք արդեն մտածում էինք, որ սա շատ կարեւոր վավերագրություն է: Առաջին փուլում շատ դժվար էր, հետո, սակայն, գնալով ամեն ինչ կանոնակարգեցինք: Կազմակերպությունն ունի հստակ մշակված քաղաքականություն եւ փաստաթուղթ հարցազրույցներ իրականացնելու համար եւ դրանով առաջնորդվելով՝ փոքր պատմություններ էինք հավաքագրում: Մենք հիմա մեդիան օգտագործում ենք խնդիրները հանրայնացնելու եւ վավերացնելու համար»:Սուսաննա Շահնազարյանի խոսքով՝ քաղհասարակությունն ու պետական կառույցները չպետք է ինքնուրույն որոշեն, թե որոնք են տեղահանվածների խնդիրները. «Հաճախ մենք օգնություն ենք տրամադրում կամ ինչ-որ ծրագիր անում՝ մտածելով, որ դա է նրանց պետք: Բայց սա շատ պատերնալիստ մոտեցում է: Բոլոր կազմակերպությունները, որոնք զբաղվում են բռնի տեղահանված անձանց հարցերով, պետք է ներգրավեն նրանց իրենց աշխատանքներում, նաեւ պետական որոշումների կայացման մակարդակում այս մարդիկ պետք է ներգրավված լինեն»,- ընդգծում է նա: 

Արցախի բնակչության բռնի տեղահանությունից մի տարի անց էլ կան բազում չլուծված խնդիրներ եւ թերեւս չլուծվածներն ավելի շատ են, քան որեւէ լուծում ստացածները: Տեղահանվածների մի զգալի հատվածի կեցության հարցերը դեռ ամբողջությամբ լուծված չեն, նրանք ունենք աշխատանքի տեղավորման խնդիրներ, շատերը արտագաղթել են Հայաստանից՝ այստեղ չտեսնելով նրանց եւ իրենց երեխաների ապագան: Շատերը դեռեւս գտնվում են հետտրավմատիկ սթրեսում:

 Այս ճգնաժամից զատ՝ Հայաստանում կան շատ այլ սոցիալական խնդիրներ, որոնք տասնյակ տարիներ անց էլ որեւէ պատշաճ լուծում չեն ստացել, դիցուք՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժից իրենց տները կորցրած մարդկանց հարցը: Նման օրինակներն ունենալով աչքի առաջ՝ սկսում ես կասկածներով լցվել եւ վախով համակվել մոտ ապագայի վերաբերյալ:

Հեղինակ՝ Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.