Տրանս* ակտիվիստ, մոդել Դիանա Ղզրոյանը շաբաթներ առաջ հայտարարություն էր տարածել, որ 2024 թվականի դեկտեմբերին մասնակցելու է Բրազիլիայում կայանալիք Miss Star International գեղեցկության մրցույթին: Գեղեցկության մրցույթը նախատեսված է տրանս անձանց համար, որի գլխավոր նպատակն է տեսանելի դարձնել տրանս համայնքին եւ բարձրաձայնել նրանց խնդիրներն ու մարտահրավերները: Մրցույթի հաղթող մասնակիցը ստանում է դրամական պարգեւ եւ պայմանագիր է կնքում կազմակերպության հետ՝ զբաղվելու ակտիվիստական գործունեությամբ միջազգային հարթակներում:
Դիանա Ղզրոյանը մեծ ուրախությամբ ու ոգեւորությամբ է պատմում մրցույթին իր մասնակցության մասին՝ ընդգծելով, որ սա հայաստանյան իրականության մեջ նմանը չունեցող իրադարձություն է լինելու: Դիանան մեզ հետ զրույցում նշում է, որ այս իրադարձությունն ոգեւորել է հայ տրանս համայնքին. «Չեք պատկերացնի՝ այս տեղեկությունների տարածվելուն պես ինչքան աջակցություն եմ ստանում սփյուռքի մեր հայրենակիցներից եւ տեղի տրանս համայնքից»,- ասում է նա ոգեւորությամբ:

«Իրավունքի կողմ» ՀԿ ղեկավար, տրանս ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը նույնպես նշում է, որ Դիանա Ղզրոյանի մասնակցությունն այս միջազգային մրցույթին շատ կարեւոր է հայաստանյան տրանս համայնքի համար. «Մրցույթի մեսիջն այն է, որ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ տրանս անձ բարձրացնի իր երկրի տրանս անձանց տեսանելիությունը ու նաեւ խոսի այն բոլոր խնիրների մասին, որոնց բախվում են իրենք: Ես շատ եմ ողջունում եւ շատ հպարտ եմ Դիանայով, նրա խիզախությամբ, ուժեղ լինելով, որ չնայած ինքը հիմա ստանում է բազմաթիվ սպառնալիքներ, ընդհուպ մինչեւ` մահվան սպառնալիքներ, բայց շարունակում է իր սկսած գործը»,- մեզ հետ զրույցում ասում է Լիլիթ Մարտիրոսյանը:
ԼԳԲՏԻՔ+ համայնքում այս նորությունը մեծ ոգեւորությամբ եւ ուրախությամբ ընդունվեց, համայնքից դուրս, սակայն, հասարակության մեծ մասի կողմից, ինչպես եւ սպասելի էր, այս նորությունը մեծ դիմադրության եւ ագրեսիայի արժանացավ: Համացանցում սկսեցին տարածվել ատելության խոսքեր, բռնություն գործադրելու եւ սպանության սպառնալիքներ Դիանա Ղզրոյանի հասցեին: Մի շարք լրատվականներ էլ ավելի հեռուն գնացին՝ հրապարակելով Դիանայի մասին անձնական տվյալներ:
Լիլիթ Մարտիրոսյանն ընդգծում է, որ Դիանայի կյանքն այս պահին վտանգի տակ է, եթե հաշվի առնենք մեր տարածաշրջանում վերջին մեկ տարվա ընթացքում տրանս համայնքի նկատմամբ տեղի ունեցած բռնությունների ու սպանությունների աճը:
«Մենք հիմա փաստագրում ենք ամբողջ ինֆորմացիան՝ ատելության խոսքը, սպառնալիքները: Դիանայի կյանքն այժմ վտանգված է, եւ նա անգամ չի կարող տնից դուրս գալ»,- ասում է Լիլիթը՝ հավելելով, որ այս ընթացքում շատ համեմատականներ են տանում Վրաստանում սպանված տրանս կնոջ դեպքի հետ. «Մարդիկ ասում են՝ վրացիք ավելի թասիբով էին, որ սպանեցին Կեսարիա Աբրամիձեին»,- նշում է նա:
«Իրավունքի կողմ» ՀԿ ղեկավարի խոսքով՝ այդ վերջին դեպքերը շատ են ազդել տեղի տրանս համայնքի հոգեկան ներաշխարհի վրա, եւ համայնքում բոլորն այժմ վախեցած են:
Դիանան էլ նշում է, որ ինքը սպասում էր նման արձագանքի հասարակության մեծ մասի կողմից: Նրա խոսքով՝ այս հասցեական սպառնալիքների ֆոնին այժմ իր ազատ ու հանգիստ տեղաշարժը սահմանափակվել է. «Մինչեւ մրցույթ այս կենսակերպով եմ ապրելու, չեմ ուզում ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, որը կխոչընդոտի մասնակցել մրցույթին»,- ասում է նա:
Մեզ հետ զրույցի ժամանակ թե՛ Դիանա Ղզրոյանը, թե՛ Լիլիթ Մարտիրոսյանը նշեցին, որ մեծ հույսեր չեն կապում իրավապահ մարմինների հետ, որ վերջիններս կպաշտպանեն ու կկանխարգելեն Դիանայի նկատամամբ հանդեպ ոտնձգություններն ու կյանքի նկատմամբ սպառնալիքները: Չնայած վերոնշյալին, սակայն, նրանք փաստագրել են համացանցում տարածված եւ անձնական նամակներով ուղարկված սպառնալիքները եւ դիմել ոստիկանություն:Տրանս ակտիվիստների խոսքով՝ իրենց հիմնական հենարանն ու հույսը շարունակում է մնալ հայաստանյան քաղհասարակությունը եւ միջազգային հանրությունը. «Պատկերացնո՞ւմ եք, եթե չլինեին կանանց, ֆեմինիստական կազմակերպությունները, հիմնադրամները, մեր վիճակը ինչ կլիներ, ու ինչ տեղի կունենար տրանս համայնքի հետ»,- ասում է Լիլիթ Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ այսօր քաղհասարակության ներկայացուցիչները պետք է ավելի համախմբված լինեն՝ Հայաստանում անպատժելիության մթնոլորտը վերացնելու կամ գոնե չթողնելու համար, որ այն ավելի խորանա. «Այս իրավիճակը կարող է ազդել ոչ միայն տրանս համայնքի վրա, այլեւ ողջ ԼԳԲՏԻՔ+ համայնքի: Բոլոր շարժումներում՝ ԼԳԲՏ, ֆեմինիստական, տրանս անձինք ներգրավված են եղել: Էլ չասեմ, որ նրանք միշտ առաջնագծում պայքարողներն են: Տրանս մարդիկ, լինելով ավելի տեսանելի, միշտ ամենաշատն են թիրախավորվել: Քաղհասարակության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք կանգնած են մարդու իրավունքների եւ ժողովրդավարության կողքին, խնդրում եմ, որ բոլորը միահամուռ կերպով հայտարարությունների տեսքով սատար կանգնեն տրանս համայնքին, որովհետեւ միայն մեր կազմակերպությունը չի կարող ապահովել այդ ահռելի դեպքերի քանակը, որ կարող ենք անել միասին բոլորս, որովհետեւ տրանս համայնքին աջակցելն այս պահին շատ կարեւոր է, այս բռնությունը վաղը ծնելու է այլ՝ ավելի մեծ բռնություններ»,- նշում է Լիլիթ Մարտիրոսյանը:Անդրադառնալով Վրաստանում հակա-ԼԳԲՏԻՔ+ օրենքին՝ Լիլիթ Մարտիրոսյանը հույս է հայտնում, որ մեր երկիրն այդ սցենարով չի գնա, քանի որ մենք «գոնե հայտարարությունների մակարդակով ձգտում ենք ժողովրդավարության»:
Չնայած տարածաշրջանում եւ մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին՝ տրանս ակտիվիստները շարունակում են իրենց ամենօրյա պայքարը՝ անսասան կանգնելով անգամ այնպիսի մարտահրավերների առաջ, որոնցից շատերին հասարակության որոշ արտոնյալ խմբեր իրենց ողջ կյանքի ընթացքում երբեք չեն բախվի եւ անգամ չեն էլ մտածում, որ կարող է դա խնդիր լինել:
«Շնորհակալ եմ Դիանայի նման ուժեղ տրանս կնոջը իր այս խիզախության համար: Ես համոզված եմ, որ ապագայում էլ Դիանան մեծ հաջողությունների կհասնի ու տրանս անձանց տեսանելիությունն ավելի կբարձրացնի»,- խոսքը եզրափակում է Լիլիթ Մարտիրոսյանը:
Դիանա Ղզրոյանն էլ դրական է տրամադրված եւ լիահույս է, որ մի օր ամեն ինչ լավ է լինելու. «Այս լարված մթնոլորտից պետք չէ հուսահատվել ու մտածել, որ սա վերջն է, ո՛չ, ամեն մեկս պետք է մեզնից սկսենք ու համոզվենք, որ չպետք է հանձվենք: Քանի դեռ պայքարելու ինչ-որ տեղ կա, ու քանի կա թեկուզ շատ փոքր մի թել, որից կարելի է կառչել ու շարունակել մեր պայքարը, դա պետք է անել»- ասում է նա, եւ վերջում միասին պայմանավորվում ենք, որ հաջորդ հարցազրույցը կանենք իր հաղթանակից հետո:
Հեղինակ՝ Ելենա Սարգսյան