Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2023 թվականի սեպտեմբերին 9 ամիս շրջափակումից հետո Լեռնային Ղարաբաղից/Արցախից բռնի տեղահանվածների թիվը Հայաստանում հասել է 100․632-ի։ ՄԱԿ կանայք-ի տվյալների համաձայն՝ տեղահանվածների 52%-ը եղել են կանայք։ Չնայած պատերազմները հիմնականում սկսում են տղամարդիկ, դրա ամենածանր ու երկարատև հետևանքները կրում են բոլորը՝ անկախ սոցիալական կարգավիճակից, տարիքից, գենդերային ինքնությունից, բնակության վայրից և այլն։ Կանանց կազմակերպությունները և ֆեմինիստական խմբերը այն հիմնական շարժիչ ուժն են, որոնք փորձում են անընդմեջ կոչ անել խաղաղության և զինադադարների։ Սակայն, նույնպես կրելով պատերազմների ազդեցությունը և հետևանքները, փորձում են իրենց վրա վերցնել այս իրավիճակներում կանանց և նրանց ամենամոտ հարազատների սոցիալական, տնտեսական և հոգեբանական կարիքներին արձագանքելու երկարատև ու մեծ պատասխանատվությունը։ Չնայած այս կազմակերպությունների և նախաձեռնությունների տեսլականում և առաքելություններում չկան անմիջական հումանիտար օգնության տրամադրումը և կարիքների գնահատումը ճգնաժամային իրավիճակներում, վերջիններս ամենաարագ մոբիլիզացվող խմբերից են, որոնք անմիջապես կարողանում են ճկուն կերպով ուղղորդել ունեցած ռեսուրսները այն կանանց, որոնք ունեն ամենատարրական կարիքներ պատերազմի հետևանքով։
Կարիքների հավաքագրում
2023 թվականի սեպտեմբեր ամսից Հիմնադրամի թիմով անընդհատ կապի մեջ ենք եղել բոլոր այն գործընկերուհի կառույցների ու խմբերի հետ, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են եղել տեղահանված անձանց և հատկապես կանանց աջակցություն տրամադրելու գործընթացում։ Այս կազմակերպությունները գտնվում են Հայաստանի տարբեր հատվածներում՝ Գորիսից մինչև Գյումրի, Բերդ, Վանաձոր, Մարտունի և այլն։ Մինչև սեպտեմբեր ամսվա ավարտն արդեն ունեինք հստակ ու ամենատարբեր կարիքների մի ցանկ, որը ընթացիկ թարմացրել ենք և կիսել նաև մեր տեղական ու միջազգային այլ գործընկերուհիների հետ՝ կարքիներին արձագանքելու գործընթացը հնարավորինս հեշտացնելու համար։
Առաջնային կարիքների ցանկը (ըստ 2023թ․ դեկտեմբեր ամսի թարմացումների) ներկայացնում ենք ստորև․
- աշնանային և ձմեռային հագուստ
- ներքնահագուստ
- գուլպա, զուգագուլպա, շարֆ
- միջադիր, տամպոն
- պահպանակ
- տարեցների համար նախատեսված տակդիրներ
- ատամի մածուկ և խոզանակ
- անձեռոցիկ՝ չոր, խոնավ, հիգիենիկ
- ականջի մաքրող բամբակներ
- կանանց համար դեղորայք (ցավազրկող, հանգստացնող, ջերմիջեցնող և այլ)
- բժշկական վիրակապեր
- հավելումներ, վիտամիններ
- օճառ, օճառահեղուկ (շամպուն)
- դեզոդորանտ
- ախտահանիչ նյութեր, մաքրող միջոցներ
- զուգարանի թուղթ
- ձեռքի կրեմներ
- սանր, եղունգի կտրիչներ
- հղի կանանց համար նախատեսված դեղորայք և այլ պարագաներ
- կերակրող կանանց համար անհրաժեշտ պարագաներ
- երեխաների համար նախատեսված դեղորայք
- դպրոցական պարագաներ և գրենական պիտույքներ
- անկողնու սպիտակեղեն
- սրբիչ
- մահճակալ, բացվող մահճակալ
- տաքացուցիչներ, սպասք և սնդդի պատրաստման տարրաներ
- սառնարան
- չփչացող, ուշ փչացող սնունդ
- նորածինների և երեխաների համար նախատեսված հատուկ սնունդ
Այս բազմազան կարիքների ցանկի հիմնական աղբյուրը եղել են մեր այն գործընկերուհիները, որոնք անմիջապես ներգրավված են եղել հենց առաջնային հումանիտար աջակցության տրամադրման գործում։ Իհարկե, մեր նպատակներն այս իրավիճակում հստակեցնելու համար օգտագործվել են նաև այլ կազմակերպությունների՝ այդ պահին հասանելի և ստուգված տեղեկությունները։
Բացի վերը նշված կարիքներից եղել են և շարունակաբար մնում են նաև հոգեբանական և սոցիալական ծառայությունների տրամադրման կարիքները երկրի ամենատարբեր հատվածներում ապրող տեղահանված կանանց և նրանց հարազատների համար։
Անհրաժեշտ է նշել նաև, որ հենց անմիջապես տարբեր կանանց կարիքներից զատ՝ մենք փորձել ենք հավաքագրել նաև այս իրավիճակում ակտիվորեն ներգրավված գործընկերուհիների/թիմերի կարիքները՝ դրանց հնարավորինս հասցեական արձագանքելու համար (սկսած հոգեբանի այցելությունից՝ մինչև յոգա, լող, մարզումներ և թիմային ռիթրիթների կազմակերպում)։ Իհարկե, հարկ է ավելացնել նաև, որ գործընկերուհիների կարիքների գնահատումը Հիմնադրամն իրականցնում է պարբերական սկզբունքով, սակայն այս իրավիճակն էլ ավելի բարձրանցում է մի շարք կարիքների նկատմամբ արձագանքի կարևորությունը։
Հավաքագրված միջոցների և դրանց տրամադրման մասին
Նախնական կարիքները պարզելուց հետո Հիմնադրամը սկսեց աշխատել ֆոնդահայթայթման ուղղությամբ՝ թե՛ առցանց արշավներով, թե՛ ավելի մեծ հիմնադրամների հետ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով։ Արդյունքում ուղղակի հումանիտար աջակցություն ստացանք այնպիսի կազմակերպություններից, ինչպիսիք են՝
- Հավասարության հիմնադրամը
- ֆիլիա հիմնադրամը
- Մադրե կազմակերպությունը
- Կվիննա թիլ Կվիննա հիմնադրամը
- Համայնքային հիմնադրամների համաշխարհային հիմնադրամը
- Սոլիդարիթի/ՄամաՔեշ հիմնադրամը
- Վումեն Վին կազմակերպությունը
Ի հավելումն այս ցանկի՝ Սիգրիդ Ռաուզինգ Վստահության հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում որոշ ռեսուրսներ նույնպես ուղղվել են հումանիտար արձագանքին։
Բացի այս հավաքագրումից՝ մեր արշավի ընթացքում նույնպես հավաքագրվեցին որոշ ռեսուրսներ։ Հիշե՛ք, եթե դուք առցանց արշավի ընթացքում նվիրաբերել եք ինչ-որ չափի գումար, դրանք բոլորն օգտագործվել են կանանց և նրանց աջակցող մարդկանց անմիջական և բարօրության կարիքների արձագանքման համար։
Ֆոնդահայթայթման արդյունքում 35 950 700 ՀՀ դրամ կամ 92 573 ԱՄՆ դոլար հատկացվել է 26 տեղական կազմակեպությունների և նախաձեռնությունների (17 հումանիտար և 9 Կանայք, Անվտանգություն, Խաղաղություն օրակարգի) 2023թ․ հոկտեմբերից մինչև 2024թ․ մայիսն ընկած ժամանկահատվածում։
Մեր աշխատանքը թափանցիկորեն ներկայացնելու, ինչպես նաև այս գործընթացում ներգրավված մեր գործընկերուհիների ներդրումը ևս մեկ անգամ մատնանշելու համար ստորև ներկայացնում ենք վերջիններիս մասին տեղեկատվությունը․
- Սոսե կանանց հիմնահարցեր ՀԿ (Սյունիքի մարզ)
- Դու մենակ չես ՀԿ (Վայոց ձորի մարզ)
- Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ
- Կանանց կենտրոն․ Շուշի ՀԿ (Երևան)
- Կանանց իրավունքների տուն ՀԿ (Շիրակի մարզ)
- Գորիսի մամուլի ակումբ ՀԿ (Սյունիքի մարզ)
- Էկո Երիտասարդություն ՀԿ (Սյունիքի մարզ)
- Արմինե Զաքարյան, անձնական/խմբային նախաձեռնություն (Լոռու մարզ)
- Իրական աշխարհ, իրական մարդիկ ՀԿ (Երևան)
- Հավասարության ուղի ՀԿ (Արարատի մարզ)
- Ռե-Սքիլլ լաբ նախաձեռնություն (Երևան)
- Համայնքի ապավեն ՀԿ (Արարատի մարզ)
- Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն ՀԿ (Կոտայքի մարզ)
- Բերդի կանանց ռեսուրս կենտրոն ՀԿ (Տավուշի մարզ)
- Մուղդուսյան արվեստի կենտրոն (Երևան)
- ՀԱԲ Արցախ ՀԿ (Երևան)
- Կանանց ներուժի զարգացման կենտրոն ՀԿ (Երևան)
Հավաքված ռեսուրսներով հնարավոր եղավ աջակցություն տրամադրել պատերազմից ու տեղահանումից տուժած ամենատարբեր կանանց խմբերի՝ ներառյալ բռնության ենթարկված, ՄԻԱՎ-ով ապրող, հաշմանդամություն ունեցող, աշխատանք փնտրող և մի շարք այլ կանանց և նրանց հարազատներին։ Եղել են նաև այնպիսի դեպքեր, երբ արդեն իսկ գործող ծրագրերը փոփոխության են ենթարկվել գործընկերուհիների կողմից՝ իրավիճակին ավելի համահունչ լինելու համար։
Այս աջակցության շրջանակներում հնարավոր դարձավ աջակցելու գրեթե 2500 տեղահանված կանանց։ Թիվը դեռ վերջնական չէ, քանի որ որոշ ծրագրեր դեռ ընթացքի մեջ են։
Պատերազմի և տեղահանության հետևանքով առաջացած ճգնաժամն անմիջականորեն կապված է խաղաղության, անվտանգության և կանանց հարցերի օրակարգի օրհասականության հետ։ Հարկ է նշել, որ «Կանայք, խախաղություն, անվտանգություն» օրակարգը և դրա հետ կապված քաղաքականությունները պետք է միմյանց փոխլրացնող լինեն, այլ ոչ թե խաղաղության դիսկուրսի ներքո միայն շեշտադրեն բանակում ծառայությունը կանանց համար՝ որպես գենդերային հավասարության սին չափորոշիչ։ Այդպես, արդեն 2024թ․ գարնանը նոր բաց կանչի արդյունքում կարողացանք ֆինանսավորել այս ուղղվածությամբ ևս 9 ծրագիր (ևս մեկ անգամ կիրառելով դրամաշնորհների տրամադրման մասնակցային մոտեցումը)։ Այս ծրագրերն արդեն ունեն ոչ միայն առաջնային կարիքների տրամադրման, այլ նաև դրանից զատ կարիքներին, ինտեգրման, ադվոկացիոն, արվեստի և հետազոտական գործընթացներին ուղղված տարրեր (այս ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվությունը հասանելի կլինի շուտով)։