Այսօր երկրագունդը կանգնած է մի շարք բնապահպանական մարտահրավերների առաջ։ Տունը, որում մենք ապրում ենք ժամանակավորապես, աղտոտվում և սպառվում է անկանխատեսելի արագությամբ։ Օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։ Փոփոխվում են օդային հոսանքների ուղղությունները, հալչում են այսբերգները, օվկիանոսների աղտոտվածությունն ավելի ու ավելի մեծանում է, կենդանական և բուսական աշխարհը ենթարկվում է մի շարք անդառնալի ազդեցությունների՝ ներառյալ ուժգին քամիներ, ջրհեղեղներ, ձմեռային կտրուկ շոգեր և ամառային ձյուն, հողերի անապատացում, սննդի անվտանգության մարտահրավերներ և այլն։
Այս ուժգնացող խնդիրների ցանկը, ցավոք, կարելի է անվերջ շարունակել, քանի որ նաև տարբեր աշխարհագրական դիրքերում տարբեր են յուրահատուկ հետևանքներն ու խնդիրները։ Դրանց նաև նպաստում են մեծ կորպորացիաների և բիզնեսների կողմից բնական ռեսուրսների անխնա օգտագործումը, ինչպես նաև պատերազմների և զինված հակամարտությունների արդյունքում բնական ռիսկերի մեծացումը՝ առանց որևէ պատասխանատվության (օրինակ՝ ջրի օգտագործում, հանքային արդյունաբերություն, մշակման հողերի սպառում և ոչնչացում և այն)։
Մեզ՝ որպես կանանց հիմնադրամ, հստակ պարզ է, որ անհրաժեշտ է ավելի արագ կողմնորոշվել և ընդունել կարևոր որոշումներ, քանի որ այս բոլոր խնդիրները կանանց վրա ունեն տարբերվող ազդեցություն։ Ավելին, պարզ է նաև, որ բոլոր վտանգավոր իրավիճակներում առավել մեծ վնաս կրում են առավել խոցելի վիճակում գտնվող մարդիկ և հատկապես՝ կանայք ու աղջիկները։
Վերը նշված հարցերին ֆեմինիստական տեսանկյունից արձագանքելու նպատակով Կանանց հիմնադրամը հայտարարում է կլիմայական և բնապահպանական արդարության մարտահրավերների ուսումնասիրությանն ուղղված հետազոտական դրամաշնորհների բաց կանչ։ Այս կանչի շրջանակներում մենք ակնակալում ենք այնպիսի խնդիրների ուսումնասիրություններ, ինչպիսիք են ստորև ներկայացվող խնդիրները՝ կանանց վրա ազդեցության տեսանկյունից․
-
- Կլիմայական փոփոխություններ (ընդհանրացված)
- Ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրներ
- Սննդի ան/ապահովություն
- Հանքարդյունաբերության հետևանքներ (առողջական և այլ)
- Կլիմայական փոփոխությունների ազդեցությամբ կանանց չվճարվող/ խնամքի աշխատանք
- Պատերազմների և զինված հակամարտությունների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները և դրանց ազդեցությունները կանանց վրա և հետևանքները նրանց համար
- Ինտերսեկցիոնալ խմբերի (ԼԲՏ+, տարեց, հաշմանդամություն ունեցող և այլ) կանանց վրա կլիմայական և բնապահպանական փոփոխություններից առաջացած ազդեցություններ
- Բնական աղետների ունեցած ազդեցությունն ու հետևանքները տարբեր խմբերի կանանց վրա
- Այլ թեմատիկ ուղղություններ, որոնք կառաջարկվեն դիմողների կողմից
Հետաքրքրվողներին խնդրում ենք հետազոտական աշխատանքի մանրամասն հայտ ներկայացնել հետևյալ հղումով: Հիշե՛ք, որ մեզ այս փուլում հետաքրքիր են որակական ուսումնասիրությունները, որոնք կներառեն նաև ընտրված խնդրի ազդեցություն կրող կանանցից հարցազրույցներ և պատմությունների հավաքագրում։ Այս կանչի շրջանակներում ընդունվում են նաև էսսեների գաղափարներ։
Դրամաշնորհի արդյունքում հետազոտողները պետք է մինչև 50 էջ ծավալով վերլուծություն կամ մինչև 18 էջ ծավալով համապարփակ հոդված ներկայացնեն՝ որպես աշխատանքի արդյունք։ Էսսեի դեպքում տեքստերը կընդունվեն էսսեի ձևաչափում։
Դուք կարող եք դիմել, եթե
- Ունեք հետազոտական աշխատանքի փորձ (առնվազն երկու տարի)
կամ
- Ներգրավված եք ոլորտի հասարակական կամ այլ սեկտորում
կամ
- Կլիմայական ու բնապահպանական և ֆեմինիստական հարցերի շուրջ ունեք ակտիվիզմի փորձառություն
և
- Ցանկանում եք դրական փոփոխություններ բերել կլիմայի, բնապահպանության և գենդերային հիմնախնդիրների հատման կետում
Դրամաշնորհի չափը՝ մինչև 1 200 000 ՀՀ դրամ
Դիմելու վերջնաժամկետը՝ հուլիսի 21, 2024
Հարցազրույցի փուլ՝ մինչև օգոստոսի 5, 2024
Հետազոտական ծրագրերի իրականացման փուլ՝ օգոստոս – նոյեմբեր, 2024
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +37498244933 հեռախոսահամարով կամ նամակ գրել contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեին։