2024 թվականի դեռահաս աղջիկների ծրագրերի ֆինանսավորման մասին

Դեռահասների հետ աշխատանքը Կանանց հիմնադրամի հիմնական աշխատանքային ուղղություններից մեկն է դեռևս 2020 թվականից։ Սկսելով ծրագրեր ֆինանսավորել հենց դեռահաս աղջիկների իրականացմամբ՝ մենք կարողացանք ընդլայնել մեր ցանցը բազմաթիվ հետաքրքիր և ակտիվ աղջիկներով, որոնցից երկուսն արդեն հիմնադրամի կազմում են աշխատում՝ որպես մեր թիմի անբաժանելի մաս։ Այս համագործակցություններից դուրս են բերվում այնքան հետաքրքիր ծրագրեր, որոնք կարելի է որպես օրինակներ վերցնել արվեստի, կանանց հզորացման, ընթերցանության, ազատ ու ապահով տարածքների կազմակերպման և այլ բնագավառներում ծրագրեր իրականացնելիս։ 

Ինչու՞ դեռահաս աղջիկներ

Մենք կարծում ենք, որ դեռահասության շրջանը փոքր-ինչ չափազանցված ձևով է դիտարկվում որպես երեխաների «բարդ շրջան»։ Իրականում, այն կյանքի մեծ փոփոխությունների շրջան է ֆիզիոլոգիական և էմոցիոնալ առումներով։ Դեռահասությունն անցումային փուլ է, որի ընթացքում բոլորս էլ բացահայտում ենք նոր երևույթներ, ծանոթանում ենք մի շարք համաշխարհային և տեղական հիմնախնդրների, գործընթացների, կարողանում ենք հասակակիցների հետ ավելի մտերիմ ու երկարատև հարաբերություններ կառուցել, աշխարհին նայել և այն ընկալել նոր ու տարբեր ձևերով։ Այս տարիքում ավելի գիտակցված ենք կարողանում ընկալել աշխարհում, ցավոք, տեղ գտած տարբեր անհավասարությունները և անարդարությունները։ Հենց այս տարիքից են նաև սկսվում հասարակական վնասակար նորմերի համաձայն գենդերային տարանջատումները, որոնք անդառնալի հետևանքներ են թողնում դեռահասների ապագայի և դրանում որոշումների կայացման ու դիրքորոշումների զարգացման վրա։ Ի տարբերություն դրան՝ մեզ հետ համագործակցող դեռահաս աղջիկները փորձում են դուրս գալ ամենատարբեր սահամնափակումներից և ապացուցել բոլորին, որ իրենք կարող են հասնել ամենատարբեր հաջողությունների՝ անկախ իրենց սեռային ու գենդերային պատկանելիությունից։ Ի վերջո, այս փոքր ու աննշան թվացող ծրագրերով ու գործողություններով է, որ կարելի է նույնպես մեծ փոփոխությունների հասնել։ 

Ծրագրերի նկարագրություն

2024 թվականին, ինչպես ամեն տարի և արդեն հինգ տարի անընդմեջ, մենք կարողացանք ֆինասավորել ևս մի քանի հրաշալի նախագծեր, որոնք պլանավորվել ու իրականացվում են հենց դեռահաս աղջիկների կողմից։ Այդպես, այս տարվա ծրագրերը հետևյալ բովանդակությունն ունեն և իրականացվում են հետևյալ հրաշալի գործընկերուհիների կողմից։ 

  1. Մարին և Լիլիթը Վանաձորից են, երկուսն էլ՝ դպրոցական։ Նրանք այս տարիքում են ծանոթացել սեռական և վերարտադրողական կրթությանը և ակնհայտ տեսնում են, թե որքան կարիք կա իրենց հասակակիցների շրջանում այս կարևորագույն թեմաների շուրջ զրուցելու։ Ծրագրի շրջանակներում Մարին և Լիլիթը կազմակերպում են հանդիպումներ Վանաձորում բնակվող իրենց հասակակակից աղջիկների շրջանում գինեկոլոգի, հոգեբանի և այլ մասնագետների հետ։ Խումբը ներառում է նաև Արցախից/Լեռնային Ղարաբաղից աղջիկների։
  2. Նարեն և Սուսաննան դեռահասներ են Գյումրիից։ Նրանք նույնպես դպրոցականներ են և մինույն ժամանակ ակտիվ են այլ բնագավառներում՝ արվեստ, տեխոնոլոգիաներ և այլն։ Այս ծրագրի շրջանակներում նրանք երկուսով պատրաստել են փազլ֊խաղ, որը կոչվում է «Սասնա Ծռուհիներ»՝ մատնանշելով այն խնդիրը, որ հայկական էպոսում կան մի շարք հերոսուհիներ, որոնք ուժեղ կանանց կերպարներ են, սակայն նրանց արժանի ուշադրություն չի դարձվում նույն գրականության մեջ կամ մեր տեղական խոսույթներում։ Խաղի մասին մանրամասները շուտով հասանելի կլինեն, իսկ մեր մոտակա երևանյան ռիթրիթի ընթացքում մենք հնարավորություն կունենանք խաղալու և այն փորձարկելու։ 
  3. Կատրինը Երևանից է և նույնպես հետաքրքված է արվեստով։ Նա դեռ մանկուց տեսել է գենդերային տարբերությունները կանանց և տղամարդկանց վերագրվող դերերի միջև և նկատել է մի շարք անարդարություններ։ Այս ծրագրի շրջանակներում Կատրինը պատրաստում է հետաքրքիր պաստառներ, որոնց վրա պատկերված կլինեն տղամարդիկ՝ ավանդականորեն կանանց վերագրվող գործողություններում և աշխատանքներում։ Ծրագրի ընթացքում Կատրինը նաև մասնակցում է առանձին դասընթացների, որոնց ընթացքում ստացած գիտելիքները կիսելու է մյուս հետաքրքվող հասակակիցների շրջանում։ Շուտով պաստառները պատրաստ կլինեն, և դրանք հնարավոր կլինի տեսնել Երևանի տարբեր հատվածներում։ Այս ծրագրով Կատրինը փորձում է ցույց տալ մյուսներին, որ չկա տարբերություն մարդկանց աշխատանքում և զբաղմունքներում և տղամարդկանց համար «կանանց գործ անելը» նվաստացուցիչ չպետք է լինի։ 
  4. Անուշը, Անժելան և մյուսները Ամրակիցի բնակիչներ են և որոշել են իրենց ծրագիրն իրականացնել հենց համայնքում՝ այստեղ բնակվող մյուս աղջիկների հետ միասին և նրանց համար։ Ծրագրի շրջանակներում աղջիկները կազմակերպում են լուսանկարչական հանդիպումներ և դասընթացներ, որոնց վերջնական արդյունքը կլինի խմբի մասնակիցների կողմից ցուցահանդեսի կազմակերպումը հենց համայնքում։ Աղջիկները ոչ միայն ցանկանում են ակտիվացնել և հետաքրքրացնել իրենց և մյուս աղջիկների առօրյան Ամրակիցում, այլ նաև, ծրագիրն իրականացնելով հենց համայնքում, ցույց տալ համայնքի ակտիվացման կարևորությունը։ 
  5. Արևիկը և Աննան Կապանից են։ Երկուսն էլ սովորում են դպրոցում և ամեն կերպ լցնում են իրենց առօրյան ամենատարբեր հետաքրքրություններով՝ ներառյալ ընթերցանությամբ։ Ավելին՝ Արևիկը, լինելով դեռահաս, արդեն իսկ հրատարակել է իր գիրքը։ Այս ծրագրով աղջիկները շարունակում են ընթերցանության խմբակը Կապանի այլ աղջիկների հետ միասին, ստեղծում միմյանց համար ապահով տարածք՝ հանդիպելու, զրուցելու, մտահոգությունները և իրենց հուզող հարցերը քննարկելու համար։ Այս ամենին զուգահեռ՝ նրանք շարունակական ինքնակրթություն են ապահովում մի խումբ կապանցի աղջիկների համար՝ ընթերցանության միջոցով։
  6. Ֆենյան ապրում է Վաղարշապատում և արդեն փոքր հասակից եղել է շատ ակտիվ ու մասնակցել տարբեր ծրագրերի ու դասընթացների։ Ֆենյան նույնպես կիսում է այն կարծիքը, որ աղջիկները պետք է տեսնեն այլ աղջիկների ու կանանց՝ որպես օրինակներ հաջողությունների հասնելիս։ Այդպես, Ֆենյան քաղաքում կազմակերպում է մի խումբ աղջիկների համար հանդիպումներ գործունեության տարբեր բանգավառներում հաջողության հասած կանանց հետ։ Ծրագրի միջոցով նա փորձում է ակտիվացնել նաև մյուս աղջիկներին, ինչպես նաև ցույց տալ, որ ամեն ինչ հնարավոր է իրականացնել։ 

Դեռահաս աղջիկների բոլոր գաղափարները, որոնք ուղարկվել են Հիմնադրամին, ստացվել են տեսահոլովակի ֆորմատով։ Դրանից հետո, կիառելով դրամաշնորհների տրամադրման մասնակցային մոտեցումը, Հիմնադրամի՝ դեռահասների ծրագրի նախորդ մասնակիցների խումբն ընտրել է ներկայացված գաղափարներից Հիմնադրամի գործունեությանը լավագույնս համապատասխանող վեցը։ Յուրաքանչյուր ծրագիր ֆինանսավորվում է մինչև 450․000 ՀՀ դրամ։ Ծրագիրն իրականացնող թիմերը պարբերաբար հանդիպում են Հիմնադրամի և իրար հետ թե՛ առցանց, թե՛ ֆիզիկապես՝ ապահով տարածքներում։ Մենք մեծապես գնահատում ենք այսչափ նպատակասլաց և աղջիկների ավելի արդար ապագայում ներդրումներ ունենալու մեր դեռահաս գործընկերուհիների ջանքերը։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.