Ֆեմինիստական ծրագրերի ֆինանսավորման բաց կանչ 2025

Ուրախ ենք հայտնել, որ Կանանց հիմնադրամը շարունակում է ֆեմինիստական միջոցառումների ֆինանսավորման բաց կանչերի համար ընդունել հայտեր։ 

2025 թվականի ընթացքում կլինեն 3 ուղղություններով միջոցառումների համար հնարավորություններ, որոնց մասին տեղեկատվությունը և մանրամասները կարող եք գտնել ստորև։ 

Կանանց իրավունքների օր՝ ամեն օր․ մարտի 8-ի միջոցառումներ

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ մինչև փետրվարի 21, 2025թ. (ներառյալ)
Պատասխանները՝ մինչև մարտի 3, 2025թ.
Միջոցառումների անցկացման օրերը՝ մարտի 8-15, 2025թ.
Վայրը՝ Հայաստան
Դրամաշնորհի չափը՝ մինչև 500 000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

Ֆեմինիստական շարժումը տարեցտարի վերաիմաստավորում է մարտի 8-ը և վերադարձնում դրան իր իրական նշանակությունը՝ որպես կանանց իրավունքների և հնարավորությունների համար պայքարի, ինչպես նաև կնոջ հարցի բարձրացման և լուծումների պահանջի նշանավորման օր։ Այս միջոցառումներն օգնում են ևս մեկ անգամ վերհիշել, որ մարտի 8-ը ծաղիկների ու նվերների գնմանն ուղղված օր չէ, այլ ունի ավելի խորքային իմաստ և արտացոլում է միլիոնավոր կանանց պայքարը արդեն մեկ դարից ավելի։ Եթե պատրաստվում եք իրականացնել մարտի 8-ի օրվա հետ կապված ձեր ֆեմինիստական գաղափարները և պլանները, ապա սպասում ենք ձեր գաղափարներին։ Ներկայացվող հայտի միջոցով հասկանալի կլինի, թե ինչ ֆեմինիստական միջոցառում կամ այլ գաղափար եք պլանավորում իրականացնել կանանց իրավունքների համար պայքարի օրվա հետ կապված։


Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան (Հոկտեմբերի 1)

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 13, 2025թ. (ներառյալ)
Պատասխանները՝ մինչև սեպտեմբերի 20, 2025թ.
Միջոցառումների անցկացման օրերը՝ հոկտեմբերի 1-7, 2025թ.
Վայրը՝ Հայաստան
Դրամաշնորհի չափը՝ մինչև 500 000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

2010թ. հոկտեմբերի 1-ին ամուսնու կողմից դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Սա բնավ միակ դեպքը չէր Հայաստանում, սակայն իր դաժանությամբ և դեպքի հանրայնացմամբ ցնցեց հանրությանը: Դեպքից հետո ընտանեկան բռնության խնդրով մտահոգ մի շարք հասարակական կազմակերպություններ միավորվեցին՝ ստեղծելով «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, որի պահանջն էր արդար դատավարություն, ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելում և օրենսդրական դաշտի կարգավորում։ Այդ օրվանից սկսած՝ ամեն տարի «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան Հոկտեմբերի 1-ը նշում է որպես «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր»։

Այս կանչի շրջանակներում դրամաշնորհները ենթադրում են ֆեմինիստական հավաքներ և ամենատարբեր միջոցառումներ ու գործողություններ՝ նվիրված տարբեր ֆեմինիստական նպատակներին,  համայնքային հզորացմանը, ինչպես նաև մոտիվացնող փոփոխություններին։ Սիրով կսպասենք ձեր կողմից ներկայացվող հայտերին, որոնք կհամապատասխանեն մեր առաքելությանը և ուղղված կլինեն ընտանեկան բռնության խնդրի մասին բարձրաձայնմանը, հաղթահարմանն ու կանխարգելմանը, խնդրի գենդերային տարբեր կողմերի անդրադարձին, համակարգայնորեն անտեսվող խմբերի ձայնի լսելիության բարձրաձայնմանը ընտանեկան բռնության համատեքստում, ինչպես նաև հայրիշխանական կառուցվածքներին մարտահրավերներ նետելուն։

Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին (նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10)

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ նոյեմբերի 1, 2025թ.
Պատասխանները՝ մինչև նոյեմբերի 10
Միջոցառումների անցկացման օրերը՝ նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10, 2025թ.
Վայրը՝ Հայաստան
Դրամաշնորհի չափը՝ մինչև 500 000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)

Ակտիվիզմի 16 օրյակը ամենամյա միջազգային արշավ է, որը սկսվում է նոյեմբերի 25-ին (Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր) և ավարտվում դեկտեմբերի 10-ին (Մարդու իրավունքների օր): Քարոզարշավը, որը մեկնարկել է 1991թ. Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից, նպատակ ունի բարձրացնելու գենդերային բռնության մասին իրազեկվածությունը և ոգեշնչելու գործողություններ, որոնք կարող են վերջ դնել գենդերային բռնության բոլոր ձևերին: Կառավարությունները, ՀԿ-ները և անհատներն ամբողջ աշխարհում իրականացնում են տարբեր միջոցառումներ` ներառյալ սեմինարներ, երթեր և սոցիալական լրատվամիջոցների արշավներ` կենտրոնանալով գենդերային բռնության կանխարգելման, արդարության վերականգման և վերապրածների հզորացման վրա: Նախաձեռնությունը կարևորում է գենդերային անհավասարությունների և բռնության կապը՝ կոչ անելով համակարգային փոփոխությունների:

Այս կանչի շրջանակներում դրամաշնորհները ենթադրում են ֆեմինիստական հավաքներ և ամենատարբեր միջոցառումներ ու գործողություններ՝ նվիրված տարբեր ֆեմինիստական նպատակներին, համայնքային հզորացմանը, ինչպես նաև` մոտիվացնող փոփոխություններին։ Սիրով կսպասենք ձեր կողմից ներկայացվող հայտերին, որոնք կհամապատասխանեն մեր առաքելությանը և ուղղված կլինեն գենդերային բռնության խնդրի մասին բարձրաձայնմանը, հաղթահարմանն ու կանխարգելմանը, խնդրի` գենդերային տարբեր կողմերի անդրադարձին, համակարգայնորեն անտեսվող խմբերի ձայնի լսելիության բարձրացմանը գենդերային բռնության համատեքստում, ինչպես նաև հայրիշխանական կառուցվածքներին մարտահրավերներ նետելուն։

 

Ովքե՞ր կարող են դիմել

Մենք հրավիրում ենք ամենատարբեր հայտատուների՝ ներառյալ

  • Ֆեմինիստական ինքնակազմակերպվող խմբերի
  • Ակադեմիայում և դրանից դուրս հետազոտողների
  • Արտիստների և ստեղծագործողների
  • Տեղական և համայնքային ֆեմինիստ ակտիվիստների
  • Հասարակական կազմակերպությունների և կոալիցիաների
  • Ուսանողական խմբերի

Մենք հատկապես կշեշտադրենք համակարգայնորեն անտեսվող խմբերի և անհատների կողմից հայտերի կարևորությունը` ներառյալ էթնիկ փոքրամասնության խմբերի կանանց, ԼԲՏԻՔ+ անձանց, հաշմանդամություն ունեցող կանանց, փախստական և տեղահանված կանանց, սահմանամերձ և այլ կանանց խմբերի։ 

 

Հայտերի բովանդակությունը

Մենք ակնկալում ենք հայտեր, որոնք կներառեն՝ 

  • Աշխատարաններ՝ ինտերակտիվ սեսիաներ՝ ուղղված հմտությունների զարգացմանը, կրթությանը և հզորացմանը 
  • Պանելային քննարկումներ՝ ուղղված խնդրին բազմազան կողմերից անդրադարձին
  • Պերֆորմանսներ՝ արտիստական ներկայացումներ՝ ներառյալ թատրոն, երաժշտություն, պար, ասմունք, ստենդափ և այլն, որոնք ուղղված են խնդրի բարձրաձայնմանը
  • Ֆիլմի դիտումներ՝ վավերագրական կամ այլ ֆիլմերի ցուցադրություններ
  • Ցուցահանդեսներ՝ վիզուալ արվեստի ցուցադրումներ, որոնք արտացոլում են խնդիրը ֆեմինիստական տեսանկյունից և զարգացնում են քննադատական մտածելակերպ
  • Համայնքային գործողություններ՝ ակտիվիստական նախաձեռնություններ կամ արշավներ, որոնք ուղղված են հանրությանը մոբիլիզացնելուն և ներգրավելուն

 

Հայտերի և դիմելու ուղեցույց

Ձեր հայտն ուղարկելու համար անհրաժեշտ է մինչև նշված վերջնաժամկետն անցնել հետևյալ հղումով և վերբեռնել հայտի նկարագրության (word կամ document ֆորմատներ) և բյուջեի (excel կամ word ֆորմատներ) նիշքերը (ֆայլերը): 

Ձեր հայտը պետք է պարունակի նշված ԲՈԼՈՐ կետերով տեղեկատվությունը․

  • Ծրագրի վերնագիր
  • Համառոտագիր․ Կարճ համառոտագիր ձեր միջոցառման մասին, որը մատնանշում է միջոցառման նպատակը և բաց կանչին համապատասխանությանը (150-250 բառ)
  • Ծրագրի մանրամասն նկարագրություն․ Ծրագրի մանրամասների մասին տեղեկատվություն, որը կներառի դրա նպատակները, թե ում է ուղղված միջոցառումը, թիրախային խմբերին, որտեղ է իրականացվելու միջոցառումը, միջոցառման ֆորմատը, ինչ նյութեր ու այլ ռեսուրսներն են անհրաժեշտ լինելու միջոցառման իրականացման ընթացքում (500-1,000 բառ)
  • Իրականացնող/ների մասին տեղեկատվություն․ Անուն, ազգանուն, բնակության վայր (ոչ հասցե), մանրամասներ ձեր կամ ձեր կազմակերպության կամ խմբի գործունեության մասին, իրականացնողների կարճ ինքնակենսագրականներ (մինչև 100 բառ յուրաքանչյուրի մասին)։ 
  • Բյուջե․ Նախնական հաշվարկ, թե ինչ ծախսեր է նախատեսում ձեր կողմից առաջարկվող միջոցառումը։ Մենք ակնկալում ենք ստանալ առնվազն նախնական բյուջեի աղյուսակ` ձեզ հարմար ֆորմատով։ Այն պետք է պատրաստ ունենալ առանձին նիշքով և վերբեռնել հայտի ներկայացման հատվածում (ընդունվում են բյուջեի excel կամ word ֆորմատներ)։  
  • Միջոցառման նախընտրելի օր․ Դուք կարող եք ընտրել, թե քանի օր է տևելու միջոցառումը, և թե կոնկրետ որ օրն եք ցանկանում իրականացնել այն, բայց խնդրում ենք ուշադիր լինել, քանի որ կան հստակ օրեր, որոնք նշված են յուրաքանչյուր թեմատիկ ուղղության համար։ 
  • Ֆեմինիստական արժեքներ․ Խնդրում ենք հայտում ներառել, թե որոնք են ձեր, ձեր խմբի կամ կազմակերպության ֆեմինիստական նպատակները, ինչպես նաև` որոնք են ձեր ֆեմինիստական արժեքներն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է լինելու միջոցառումը։ 

Ընտրության չափանիշներ 

Բոլոր հայտերը գնահատվելու են ըստ հետևյալ չափանիշների՝ 

  • Ֆեմինիստական արժեքներ. որքանո՞վ է ծրագիրն արտացոլում այնպիսի ֆեմինիստական արժեքներ, ինչպիսիք են ներառականությունը և ինտերսեկցիոնալությունը
  • Ազդեցություն․ որքանո՞վ է ծրագիրն ազդելու թիրախային խմբում դրական փոփոխությունների վրա
  • Նորարարություն․ արդյո՞ք միջոցառման գաղափարն ունի նորույթներ, ստեղծարար մոտեցումներ և արդյո՞ք այն խաթարում է առկա վնասող նորմերը 
  • Իրատեսականություն․ արդյո՞ք միջոցառումն իրատեսական է բյուջեի, իրականացման և ժամկետների առումներով
  • Ներառում․ որքանո՞վ է միջոցառումը ներառական և ներառում թիրախային խմբերին

 

Ծանուցում և հետագա քայլեր 

Բոլոր հայտատուները կծանուցվեն թե՛ ընդունման, թե՛ մերժման մասին նշված ժամկետներում։ Միայն ընտրված հայտերի հեղինակները կհրավիրվեն կարճ հարցազրույցի։

Կոնտակտներ

Բոլոր հարցերի և պարզաբանումների համար խնդրում ենք Հիմնադրամի հետ կապ հաստատել contact@womenfundarmenia.org էլ․ փոստի հասցեով կամ +37498244933 հեռախոսահամարով միայն երկուշաբթիից ուրբաթ օրերին և աշխատանքային ժամերին (մինչև 18:00)։ 

Սիրով սպասում ենք ձեր հայտերին։






Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.