«Կանանց ապահով տարածքները կնպաստեն բռնի տեղահանված կանանց ինտեգրմանը հասարակությունում». Նարե Հայրապետյան

Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում հումանիտար ճգնաժամ է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հաստատվել են Հայաստանում, զրկված են տնից, աշխատանքից, արժանապատիվ կյանքի իրավունքից: Ճգնաժամային նման իրավիճակներում հատկապես խոցելի են դառնում տարիքով մարդիկ, կանայք եւ երեխաները:
Հայաստանում կանանց հիմնադրամը բռնի տեղահանության առաջին իսկ օրերից իր ռեսուրսները մոբիլիզացրեց բռնի տեղահանվածներին օգնության հարցում: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ մազերում կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, հումանիտար, առաջին անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերել՝ տեղահանվածների նախնական կարիքները հոգալու համար:

***

Կոտայքի մարզում Հայաստանում կանանց հիմնադրամն աշխատել է «Կանաց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի հետ: ՀԿ հիմնադիր, նախագահ Նարե Հայրապետյանի խոսքով՝ երբ սկսվեց Արցախից մարդկանց բռնի տեղահանությունը, իրենք արդեն պատրաստ էին եւ գիտեին՝ ինչով պետք է զբաղվեն սկզբնական շրջանում, քանի որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել էին տեղահանված անձանց հարցերով:

«Մեր առաջին կազմակերպված գործողությունը եղավ մեր համայնքում՝ Հրազդանում հյուրընկալների եւ վարձով տրվող բնակարանների տվյալների հավաքագրումը: Այդ մեթոդը շատ արդյունավետ էր, որովհետեւ բավականին մարդկանց կարողացանք տեղավորել, ովքեր Կոռնիձորից միանգամից գալիս էին Հրազդան ու օդից կախված վիճակում էին: Այդ ընթացքում մեր սոցիալական աշխատողները միանգամից կապ էին հաստատում բռնի տեղահանվածների հետ ու տեղավորում էին ժամանակավոր կացարաններում: Դրանից հետո մենք արդեն պատրաստ էինք հաջորդ փուլին. գիտեինք, որ վաղ թե ուշ սկսվելու է նաեւ հումանիտար աջակցության տրամադրման փուլը»,- ասում է Նարեն:

Անդրադառնալով այն հիմնական խնդիրներին, որոնց բախվել են բռնի տեղահանված կանայք, Նարե Հայրապետյանն առանձնացնում է պետական ծառայությունների անմատչելիությունը ու անհասանելիությունը. «Մարդիկ մոլորված էին, հետտրավմատիկ սթրեսային խանգարման մեջ էին ու չգիտեին՝ ուր դիմել, ինչ անել: Չկար միասնական ընդհանուր համակարգ: Չկար կոնկրետ թեժ գիծ, որը հասանելի կլիներ 24 ժամ»,- ասում է նա:

ՀԿ նախագահն ընդգծում է, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը, որին պատշաճ ուշադրություն չէր դարձվում սկզբնական շրջանում, կանանց անձնական հիգիենայի պարագաների բացակայությունն էր. «Որեւէ օգնության փաթեթում չէր ներառվում կանանց սեռական-վերարտադրողական առողջության համար անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ կանացի միջադիրներ»,- նշում է նա:Բռնի տեղահանվածների առաջնային կարիքներից գլխավորը օթեւանի բացակայությունն էր եւ, ինչպես նշում է Նարե Հայրապետյանը, պատերազմից մազապուրծ փախած լինելու հանգամանքը ավելի խոցելի էր դաձնում առանց այդ էլ խոցելի մարդկանց. «Մենք աշխատել ենք այդ ընթացքում մարդկանց հնարավոր տարբեր ռիսկերից պաշտպանելու վրա: Այս իրավիճակում մենք ունեցել ենք դեպքեր, օրինակ, երբ մարդիկ, տեսնելով որ միայնակ կին է, որեւէ հարազատ չունի, առաջարկում էին իրենց տանը բնակվել, որը կարող էր ռիսկային լինել միայնակ կանանց համար. կարող էին լինել դեպքեր, երբ հյուրընկալող կողմը շահագործեր կամ գենդերային հիմքով բռնության ենթարկեր այդ կնոջը: Եղել են դեպքեր, երբ մարդկանց վարձակալած տներում սանհանգույց չի եղել, եւ նրանք ստիպված հարեւանների սանհանգույցներից էին օգտվում, ինչը կրկին մեծ ռիսկեր է պարունակում,- փաստում է Նարեն՝ հավելելով, որ այդ ամենը պարզել են բռնի տեղահանված շահառուների հետ ապահով միջավայրում զրուցելիս միայն: 

ՀԿ նախագահի խոսքով՝ շատ առաջնային կարիք էր դեղամիջոցներին հասանելիությունը, որովհետեւ շատերն էին հիվանդացել՝ օրեր շարունակ լինելով ճանապարհին. «Մենք շահառուներ ունեք, ովքեր հարազատներ են կորցրել ճանապարհին: Կան մարդիկ, ովքեր ինֆարկտ, ինսուլտ են տարել բռնի տեղահանման ճանապարհին եւ զրկված են եղել անգամ առաջին բուժօգնության հնարավորությունից»,- ցավով նշում է նա:

Կանաց հզորացման ռեսուրս կենտրոնը մարդկանց բռնի տեղահանության հենց առաջին իսկ օրերից ակտիվորեն ներգրավված է եղել հումանիտար աջակցության գործընթացում՝ համագործակցելով տարբեր կազմակերպությունների եւ հիմնադրամների հետ, այդ թվում՝ Հայաստանում կանանց հիմնադրամի:

«Կանանց հիմնադրամի աջակցությամբ ձեռք բերեցինք կանացի հիգիենայի պարագաներ, միջադիրներ եւ դեղամիջոցներ: Ստացել ենք աջակցություն «Կանանց աջակցման կենտրոնից», «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայից», «Հայաստան համահայկական հիմնադրամից», «Կանանց ռեսուրսային կենտրոնից» եւ Սփյուռքից: Հիմնականում աջակցությունները եղել են այս ձեւաչափով․ գործընկերները մեզ տրամադրել են տարբեր ապրանքներ՝ մահճակալներ, հիգիենայի պարագաներ, սնունդ, իսկ մենք բաժանել ենք դրանք մեր շահառուներին: Հայաստանում կանանց հիմնադրամի դեպքում ֆորմատը այլ էր. Հիմնադրամը մեզ տրամադրել էր դրամաշնորհ եւ մենք, ըստ մեր շահառուների կարիքների, իրականացրել ենք գնումները: Կարծում եմ՝ այս ֆորմատն ավելի լավ է, քանի որ մենք արդեն արել էինք կարիքների գնահատում եւ շատ ավելի լավ գիտեինք, թե մեր շահառուներն ինչի կարիք ունեն»-ասում է Նարե Հայրապետյանը:

ՀԿ նախագահի խոսքով՝ իրենք աջակցությունը կարիքահեն են անում եւ աշխատում են ձեռնպահ մնալ սնունդի աջակցությունից. «Հիմանդրամի հետ իրականացրած ծրագրի առավելություն այն էր, որ այն, իսկապես, կարիքահեն եղավ: Այժմ ես մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին ասում եմ, որ փորձենք աջակցությունն ավելի կարիքահեն անել: Ես ավելի ձեռնպահ եմ մնում սննդի աջակցությունից, քանի որ այն պահպանման որոշակի ժամկետ ունի, եւ մեզ հաճախ շահառուները բողոքում են, որ օգնություն ստացած սնունդը չեն հասցրել օգտագործել, ժամկետն անցել է կամ փչացել»,- ընդգծում է նա:

Խոսելով ընտանեկան բռնության դեպքերից՝ Նարե Հայրապետյանը նշում է, որ վերջին ամիսներին ամսական կտրվածքով ընտանեկան բռնության դեպքերից 3-4-ը եղել են տեղահանված անձանց ընտանիքներում. «Այս դեպքում ես շատ կարեւորում եմ մեր ծառայությունները: Արցախում չի եղել ոչ մի միջազգային կառույց, չեն եղել ծառայություններ, որոնց կարող էին կանայք դիմել: Արցախում ընտանեկան բռնության մասին երբեք չի խոսվել, ու չի էլ եղել իրավապահ մարմիններին դիմելու մշակույթը: Տարօրինակ կարող է հնչել, բայց ուրախանում եմ, որ կանայք դիմում են բռնության դեպքերի ժամանակ: Քանի որ հստակ գիտենք, որ բռնության դեպքեր կան, ու դրանք գնալով աճում են, շատ ողջունելի է, որ կանայք դիմում են: Մարդիկ հիմա, իսկապես, անելանելի վիճակում են՝ անորոշ ապագայով, եւ շատ կարեւոր է այս պարագայում համայնքային ծառայությունների դերակատարությունը: Անցած տարի տեղահանված կանանց շրջանում ունեցել ենք 7 բռնության դեպք, այս տարին էլ նոր է սկսվել, բայց արդեն ունենք նոր դեպքեր»,- ցավով նշում է Նարե Հայրապետյանը:

ՀԿ նախագահը հպարտությամբ նշում է, որ մի քանի ամիսների ընթացքում կարողացել են ծածկել ողջ Հրազդան համայնքում հաստատված բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները. «Մեր նպատակն էր ցուցակում գտնվող բոլոր մարդկանց օգնել, աշխատել այնքան ժամանակ, մինչեւ բոլորը կստանան անհրաժեշտ աջակցությունը: Մինչ այդ ես գիշերները չէի կարողանում քնել, ամեն օր պառկած մտածում էի՝ այս մի ցանկում մի ընտանիք մնացել է առանց օգնության, մյուս ցանկում մի տեղահանված չի պատասխանում մեր զանգերին, ինչ կարելի է անել, ինչով կարելի է աջակցել  եւ այլն: 2023-ին մենք աշխատել ենք մինչեւ վերջին օրը: Ամենավերջին օգնության բաշխումից հետո ես գնացի տուն ու միանգամից հիվանդացա. մի ամբողջ օր պարալիզացված էի, չէի կարողանում շարժվել: Հիմա, երբ հետահայաց նայում եմ, հասկանում եմ, որ այն հոգեբանական լարվածությունը, որ մեզ մոտ կար, չէր թողնում, որ հիվանդանայինք, եւ երբ ամեն ինչ ավարտեցինք, իմ մարմինն ասաց՝ «լավ, կարելի է արդեն հիվանդանալ»,- ծիծաղելով պատմում է Նարեն:

Կանաց հզորացման ռեսուրս կենտրոնի ողջ թիմը, ղեկավարի խոսքով, գերհոգնած է եւ մասնագիտական այրման մեջ. աշխատակազմն իր վրա է կրել հոգեբանական ողջ ճնշվածությունը. «Անհամեստություն չթվա, բայց պետք է ասեմ, որ շատ հպարտ եմ մեր թիմի արած աշխատանքով: Մենք ինքներս էլ, իհարկե, կարիք ունենք երկարաժամկետ ռեաբիլիտացիայի: Տեղահանվածներից ամեն մեկն իր յուրովի խնդիրներն ու դժավարություններն ունի, իսկ մենք կրում ենք միաժամանակ բոլորինը՝ փորձելով բոլորին ինչ-որ ձեւ օգնել: Մենք մեր ներսում կրում ենք բոլոր 5000 շահառուի մասին տեղեկությունները, թե ով ինչի կարիք ունի, եւ երբ ինչ-որ հնարավորության մասին ենք իմանում, միանգամից տեղեկացնում ենք մեր շահառուներին: Սա մեր հիմնական բուն գործառույթի մեջ չի մտնում, բայց եթե չանենք, մեզ չենք ների, մեղավոր կզգանք: Մենք չենք կարող այլ կերպ աշխատել, չենք կարող սրտացավ չլինել»,- ասում է Նարեն:

Այժմ ՀԿ-ի շահառուների թիվը գնալով մեծանում է, եւ նրանք հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում են նաեւ ֆոնդհայթայթմամբ. «Մենք ուզում ենք նույն ռիթմը պահել, քանի որ շահառուները շատ հետաքրքրված են եւ ուզում են մասնակցել մեր կողմից իրականցվող ծրագրերին: Մեզ համար կարեւոր է պահել նրանց վստահությունը»,- ասում է ՀԿ ղեկավարը:

Հասարակական կազմակերպությունը նախատեսում է ծրագրեր իրականացնել, որոնք միտված կլինեն  բռնի տեղահանվածներին համայնքի հասարակական կյանքին ինտեգրելուն:

Որպես տեղահանվածներին աջակցության շարունակականության ապահովում Նարե Հայրապետյանը նշում է, որ շատ արդյունավետ է կանանց ապահով տարածքների ծրագիրը, որը կարող է համախմբել տարբեր խմբերի կանանց՝ թե՛ տեղահանված, թե՛ բռնության ենթարկված, թե՛ հոգեբանական աջացության կարիք ունեցող: Նրա խոսքով՝ նման ծրագրերը շատ արդյունավետ են եւ նպաստում են, որ տեղահանվածները ավելի շուտ ինտեգրվեն համայնքային կյանքին, ձեռք բերեն ընկերներ եւ, միգուցե, նաեւ միասին ինչ-որ նոր գործ սկսեն:

Նարեն շարունակում է պատմել իր պլանների մասին, որոնց կյանքի կոչման համար այժմ աշխատում են ողջ թիմով: Նրա՝ համարակալված եւ փաստարկված նախադասություններից հասկանում ես, որ նա գիտի թե ուր է գնում ու ինչպես է գնում եւ որ չի դադարի աշխատել՝ մինչեւ չհասնի նշանակետին ու թղթի վրա չամրագրի՝ «ծրագիրը հաջողությամբ իրականացված է»:

 

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի

Լուսանկարները՝ «Կանաց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.