Դեպքեր են լինում, երբ մարդիկ հանգամանքներից ավելի ուժեղ ու համառ են լինում եւ իրենց քայլերի հաստատակամությամբ փոխում են նախասահմանված դեպքերի ու իրադարձությունների ընթացքը ու ստիպում, որ դրանք գնան այն ուղղությամբ, որն իրենք են ուզում: Այդպիսի մարդնկանցից է 23-ամյա Անուշ Մարգարյանը, որը, լինելով դեռեւս 4-րդ դասարանի աշակերտուհի, իր հետ դպրոց էր տանում հաստափոր բառարաններ: Անուշը փոքրուց է շատ հետաքրքրասեր եղել եւ համարում է, որ դա իր լավագույն հատկանիշներից մեկն է: Հենց հետաքրքրասիրության եւ պրպտող լինելու շնորհիվ էլ այժմ իր առաջին հստակ քայլերն է անում մեծ գիտության մեջ:
«4-րդ դասարան էի, երբ մայրիկս փոքրիկ հանրագիտարան նվիրեց, որտեղ տարբեր գիտության ճյուղերից հետաքրքիր տեղեկություններ կային: Ես ամեն օր դա կարդում էի, հետո գնում դպրոց ու սովորացնում համադասարանցիներիս: Այդպես սկսեցի հետաքրքրվել գիտությամբ»,- համեստ ժպիտով ասում է Անուշը:
8-րդ դասարանում Կենսաբանության ուսուցչուհին, տեսնելով նրա հակումն ու հետաքրքրությունը գիտության նկատմամբ, առաջարկել է մասնակցել 9-րդ դասարանցիների համար նախատեսված Կենսաբանության օլիմպիադային. «Ես վախեցել էի, որովհետեւ մեկ տարով փոքր էի»,- ասում է Անուշը: Նա առաջինն է եղել, որ լինելով 8-րդ դասարանի աշակերտ հանրապետական փուլում` 3-րդ կարգում հաղթող է ճանաչվել 9-րդ դասարանի ծրագրով:
Այնուհետեւ դպրոցական մրցույթները սկսում են ավելի հետաքրքրել Անուշին, եւ նա սկսում է պատրաստվել արդեն Միջազգային օլիմպիադայի մասնակցության համար: Այդ շրջանում նա շատ դժվարություններ է ունեցել, քանի որ Հայաստանում գյուղական համայնքների դպրոցները շատ տեղեկացված չեն Միջազգային օլիմպիադայի կարգերի մասին, ուստի Անուշը ստիպված է եղել աշխատանքի հիմնական մասն իր ուժերով անել. «Պարապմունքները կա՛մ ռուսերենով էին, կա՛մ անգլերենով, իսկ օտար լեզուների իմացության իմ մակարդակը շատ ցածր էր: Բայց տեսնելով այն աշակերտներին, որոնք մասնակցել էին միջազգային օլիմպիադաների, որոշեցի անպայման մասնակցել: Անգլերենը նույնպես ինքնուս ու ամենօրյա քրտնաջան աշխատանքի արդյունքում եմ զարգացրել»,- ասում նա:
11-րդ դասարանում արդեն Անուշը մասնակցել է Կենսաբանության միջազգային օլիմպիադային. «Քանի որ մեր գյուղի դպրոցը չուներ հնարավորություններ լաբորատոր փորձաքննությունների համար, ես չունեի այդ գործնական գիտելիքները եւ Օլիմպիադային մասնակցելու համար պետք է լրացնեի այդ բացթողումները ու դրա համար ստիպված էի ամեն անգամ գնալ Երեւան: Դասերից հետո շաբաթը 4 անգամ գնում էի Երեւան, սկզբում` մայրիկիս ուղեկցությամբ, հետո` արդեն ինքնուրույն: Եթե իմ ծնողները չլինեին ավելի բաց մտածելակերպով ու թույլ չտային, որ իրենց երեխան միայնակ գնա Երեւան, ես հաստատ նման ձեռքբերումներ չէի ունենա»,- անկեղծանում է նա:

Անուշն առանձնակի սիրով ու ոգեւորությամբ է խոսում գիտության՝ իր ընտրած ճյուղի մասին. «Կենսաբանությունն իր մեջ ներառում է ամեն ինչ՝ քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա, հիմա էլ արդեն ծրագրավորում է սկսում ներառել: Կարծում եմ՝ հնարավոր չէ այս ոլորտում ձանձրանալ, քանի որ անընդհատ նոր բաներ են առաջանում, նոր ճյուղեր են զարգանում»,- ասում է նա:
Դասերին եւ գիտական մրցույթներին զուգահեռ` Անուշ Մարգարյանը նաեւ համայնքային մեծ ակտիվություն է ցուցաբերել, եւ ինչպես ինքն է ասում՝ որտեղ ինքը հայտնվում է, այնտեղ պայքարում է արդարության ու մարդկանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու համար: Այդպես Անուշը Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությամբ ծրագրեր է իրականացրել իր ծննդավայրի՝ Ավշար գյուղի դեռահաս աղջիկների համար. «Հիմնադրամի օգնությամբ առաջին տարում մեր գյուղի դպրոցում ստեղծեցինք գիտական լաբորատորիա, այնուհետեւ սկսեցինք գյուղի աղջիկ երեխաների համար կազմակերպել հանդիպումներ գիտնականների հետ, այցելություններ թանգարաններ եւ գիտական կենտրոններ, որտեղ աղջիկները գիտական փորձեր արեցին, գիտնականների հետ շփվեցին ու ոգեշնչվեցին նրանցից»,- մանրամասնում է նա:

Անուշի խոսքով՝ իրենց գյուղում իր կողմից կազմակերպած ծրագրերը մեծ հետաքրքրություն են առաջացրել, եւ մինչ այժմ էլ դպրոցականները հետաքրքրվում եւ անհամբեր սպասում են, որ Անուշը մի նոր ծրագիր իրականացնի:
Անուշը նաեւ «Ֆլեքս» ծրագրի շրջանավարտ է: Նրա խոսքով՝ իր այդ փորձառությունից ոգեւորված` այժմ շատ դպրոցականներ դիմում են այդ ծրագրին՝ հեռահար նպատակ ունենալով ԱՄՆ-ում կրթությունը շարունակելու:
Խոսելով իր մասնագիտության եւ բուհի ընտրության մասին՝ Անուշը նշում է. «Քանի որ անընդհատ զբաղած էի օլիմպիադաներով, համալսարանի մասին ժամանակ չէր եղել լուրջ մտածելու: Ավագ դպրոցն ավարտելուց հետո դիմեցի Բժշկական համալսարան, բայց «Ֆլեքս»-ով գնացի ԱՄՆ ու դրա համար համալսարանից տարկետում վերցրի: Բժիշկ չէի ուզում դառնալ, ավելի շատ ուզում էի կոնկրետ գիտությամբ զբաղվել: «Ֆլեքս»-ից հետո մի կիսամյակից քիչ փորձեցի Բժշկականում դասերի գնալ, բայց ինձ չհետաքրքրեց, ու այդ ընթացքում որոշեցի դիմել ամերիկյան մի քանի բուհեր: Մի քանի համալսարան ընդունվել էի: Ռիչմոնդի համալսարանից լրիվ կրթաթոշակ ստացա, որը տրամադրվում է ընդամենը 25 հոգու աշխարհի տարբեր ծայրերից: Հիմա մոլեկուլային կենսաբանություն, կենսաքիմիա ու ճանաչողական գիտություններ եմ սովորում ու շատ եմ հավանում ընտրածս բնագավառը»,- ոգեւորությամբ նշում է Անուշը:
Անուշ Մարգարյանը ակտիվ համայնքային կյանք է վարում այժմ նաեւ Ռիչմոնդի համալսարանում՝ փորձելով բարձրացնել միջազգային ուսանողների ձայնը. արդեն երեք տարի է՝ համալսարանում Միջազգային ակումբի նախագահն է. «Համալսարանում ուսանողական տարբեր ակումբներ կային: Առաջին կուրսում տեսա, որ միջազգային ուսանողների համար որեւէ ակումբ չկա (ժամանակին եղել էր, բայց արդեն չէր գործում) ու որոշեցի այդ ակումբը վերաբացել: Առաջին կուրսից մինչեւ հիմա ակումբի նախագահն եմ: Կազմակերպում ենք տարբեր միջոցառումներ ու հանդիպումներ՝ միջազգային ուսանողների ձայնն առավել լսելի դարձնելու ու անտեսված չզգալու համար: Անցած տարի միջազգային փառատոն էինք կազմակերպել, որին համալսարանից մասնակցել էր 600 հոգի»,- ասում է նա:

Անցած կիսամյակ Անուշը սովորել է Դանիայում. «Ես Եվրոպայում առաջին անգամ էի լինում ու շատ հետաքրքիր ու ոգեւորող փորձառություն ունեցա: Դանիայում շրջակա միջավայրի ու էկոլոգիայի պաշտպանության տարբեր մեթոդներ տեսա, որը մտածում եմ՝ կարելի է նաեւ կիրառել Հայաստանում»,- ասում է նա:
Անուշ Մարգարյանը պլաններ ունի ուսումը շարունակելու ասպիրանտուրայում եւ խորանալու ցողունային բջիջների կենսաբանության ոլորտում. «Մի քանի տարի կաշխատեմ լաբորատորիայում, ինչի արդյունքում կարող եմ հետո դասախոսելու առաջարկ ստանալ եւ հետագայում, երբ անկախանամ, կկարողանամ իմ լաբորատորիան բացել: Շատ եմ մտածում ու շատ կուզեի այդ ճանապարհն անցնել ու Հայաստանում ցողունային բջիջների կենսաբանության լաբորատորիա բացել, որովհետեւ նման բան Հայաստանում դեռ չկա»,- ասում է նա:
Անուշի խոսքով՝ իր հաջողությունների հարցում մեծ է հարազատների եւ ընկերների քաջալերանքը. «Իմ ծնողներն ու ընկերները ինձ միշտ ոգեւորել են: Հայաստանում կանայք գիտության մեջ շատ ավելի քիչ են ներգրավված եւ կողքից էլ շատ են ասում, որ գիտությունը կանանց համար չէ, ու շատ աղջիկներ կարող են կոտրվել, հիասթափվել ու անգամ փորձեր չանել: Մեկ-մեկ մտածում եմ` եթե իմ հարազատների, ընկերների կողմից չլիներ ոգեևորությունն ու աջակցությունը, ես գուցե այսքան մեծ հաջողությունների չհասնեի: Եթե այս մոտեցումը լիներ մեր հայրենակիցներից շատերի մոտ, կարծում եմ՝ մենք այսքան մեծ գենդերային խզվածք չէինք ունենա գիտության ոլորտում»,- ասում է նա:
Անուշը նշում է, որ դժվարությունների կամ ինչ-որ գործերի ձեռնարկության ձախողման ժամանակ թեւաթափ չի լինում եւ միանգամից նոր, այլընտրանքային մոտեցում է ցուցաբերում, ու կարծում է, որ դա իր ամենաուժեղ կողմերից մեկն է:
Անուշ Մարգարյանը հիշում է, թե ինչպես հասկացավ իր գործունեության կարեւորությունը եւ թե ինչպես վճռեց գիտության մեջ իր ներգրավվածությամբ պայքարել գենդերային անհավասարության եւ անարդարության դեմ. «Ռոզալինդ Ֆրակնկլինի մասին իմացա 8-րդ դասարանում: Նա ԴՆԹ-ի կառուցվածքի հայտնաբերողն է եղել, բայց հայրիշխանական համակարգի պատճառով մնացել է ստվերում: Նրանից բարձր դիրքում եղած տղամարդիկ, փաստացի, գողացել են նրանից այդ գաղափարը: Նա ամբողջ կյանքը նվիրել է գիտությանը ու մահացել է 35 տարեկանում` քաղցկեղից, քանի որ կրիստալոգրաֆիայի արդյունքում ռադիացիայի ուժեղ ճառագայթներ է ստացել: Երբ իմացա այդ պատմությունը, շատ էի նեղվել ու լացել. ամեն օր քնելուց առաջ մտածում էի, որ ես իր համար եմ անում ամեն ինչ: Սա ամենաոգեւորող ու միեւնույն ժամանակ տխրեցնող պատմություններից է եղել ինձ համար, ու Ռոզալինդի այդ պատմությունն է այժմ ստիպում իմ աշխատանքներով ու գործունեությամբ վերականգնել գիտության մեջ եղած անարդարույթունները կին գիտնականների նկատմամբ»,- ասում է նա համեստ ժպիտով, այնուհետեւ հավելում՝ «Այսօրվա՝ «Գիտության մեջ կանանց եւ աղջիկների միջազգային օրվա» կարեւոր խորհուրդներից մեկն էլ նման կանանց մասին խոսելն է, հանրայնացնելը նրանց գործունեությունն ու ավանդը գիտության մեջ: Եվ սա հատկապես դեռահաս, երիտասարդ աղջիկների համար է շատ կարեւոր, որ նրանք, ինչպես ժամանակին ես, ճանաչեն, ոգեշնչվեն եւ պայքարեն իրենց տեղը գիտության մեջ գտնելու ու ամրագրելու համար»:
Հարցազրույցը` Ելենա Սարգսյանի
Լուսանկարները՝ Անուշ Մարգարյանի