Ֆեմինիստական ​​ապագա. Հայաստանում կանանց հիմնադրամի փորձը դեռահաս աղջիկներին աջակցելու հարցում

Երիտասարդ ֆեմինիստները ոգեւորող ֆենոմեն են. նրանք խելացի են, համարձակ, զվարճալի իրավապաշտպաններ են, տարածքների պահանջատերեր եւ խոսակցության դիսկուրսը փոխողներ:

Ռեբեկա Սոլնիթ

Մի հետաքրքիր ֆենոմեն կա բնության մեջ, երբ ծառը վտանգի մեջ է լինում, վնասվում է նրա բունը կամ արմատները, նա սկսում է ավելի շատ ճյուղավորվել եւ բերք տալ՝ մտածելով, որ իր վախճանը մոտ է, եւ նա պետք է հասցնի «սերունդ» տալ: Ծառը սկսում է օգտակար նյութերն ուղղել ավելի շատ դեպի նոր աճած, բարակ ճյուղերին, որ նրանք ապահովեն իր շարունակականությունն ու լինելիությունը: 

Ինչպես ծառի բարակ, նոր-նոր աճող եւ տերեւակալող ճյուղերն են հաճախ անլուրջ ընկալվում եւ վրիպում ուշադրությունից, այնպես էլ՝ հաճախ մարդկային հասարակություններում դեռահասները: Հայաստանի նման հայրիշխանական երկրներում սովորաբար արժեզրկվում են դեռահասների ապրումները, ցանկություններն ու զգացմունքները: Եվ դա տարածվում է մեր երկրի տարբեր շերտերում՝ կենցաղայինից մինչեւ քաղաքական որոշումների մակարդակ: Հաշվի առնելով այդ փաստը՝ Հայաստանում կանանց հիմնադրամը հիմնադրման հենց սկզբից դեռահաս աղջիկներին ներառել է իր առաջանահերթությունների շրջանակի մեջ: 

ՀԿՀ-ի դեռահաս աղջիկների ծրագրերի ընդհանուր պատկերը

Հիմնադրամի համահիմնադիր, նախագահ Գոհար Շահնազարյանը ջերմությամբ է հիշում, թե ինչպես առաջացավ դեռահաս աղջիկներին դրամաշնորհ տրամադրելու միտքը. «Կանանց ռեսուրսային կենտրոնն ուներ առանձին դեռահաս աղջիկների ծրագիր, բայց աղջիկներին դրամաշնորհներ չէր տրամադրվում, պարզապես նրանք ներգրավված էին այդ ծրագրում: Դրանից հետո Հիմնադրամում արդեն կոլեկտիվ հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ չաջակցենք դեռահաս աղջիկներին, ֆինանսավորենք նրանց ծրագրերը. Նրանցից լավ ո՞վ կարող էր զբաղվել իրենց հարցերով: Դրան զուգահեռ հստակ տեսնում էինք, որ դեռահաս աղջիկներին քիչ է ուշադրություն դարձվում թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս. քիչ էին այն հիմնադրամները, որ աջակցում էին դեռահաս աղջիկներին»,- պատմում է նա:

Գոհարի խոսքով՝ դեռահաս աղջիկների ծրագիր սկսելը ռիսկային էր ու դժվար, քանի որ գործ ունես անչափահասների հետ, շատ մարտահրավերներ կան, այդ թվում՝ իրավաբանական հարցերը. «Ռիսկային էր, բայց քանի որ հենց առաջին փորձից ստացվեց, հաջողություններ ունեցանք, մենք էլ ոգեւորվեցինք շատ եւ որոշեցինք ամեն գնով շարունակել:

Հայաստանում կանանց հիմնադրամը գործունեության 5 տարիների ընթացքում ֆինանսավորել է դեռահաս աղջիկների 33 ծրագիր, որը բոլոր ծրագրերի 10 տոկոսն է կազմում 2024 թվականի օգոստոսի դրությամբ:

Ծրագրերը եղել են բազմազան՝ կայանատեղիներում ֆեմինիստական պաստառներ տեղադրելուց մինչեւ դպրոցներում ֆեմինիստական անկյունների, սեղանի խաղերի ստեղծում եւ իրազեկման ակցիաների իրականացում: Կարեւոր է նշել, որ ծրագրերը հիմնականում եղել են գյուղական կամ փոքր քաղաքային համայնքներում, որտեղ ապրող դեռահաս աղջիկները զրկված են շատ ռեսուրսներից ու հնարավորություններից:

Դեռահաս աղջիկների ծրագրերն ըստ թվականների. 2020 | 2022 | 2023 | 2024 |

Դեռահասների ծրագրերը Կանանց հիմնադրամի զարկերակն են, ծառի այն նոր շյուղերը, որոնք աճելով ու երկարելով տալիս են Հիմնադրամի գործողությունների հիմնական ուղղությունները եւ ընդհանուր առմամբ, չենք վախենա ասել, որ թելադրում են Հայաստանում ֆեմինիստական շարժման տենդենցները: Դեռահասների ամեն մի սերունդ նոր գաղափարներ ու մոտեցումներ է բերում: Եթե առաջին ծրագրերի ուղղվածությունը, գործողությունների պլանն ավելի «դասական» մոտեցումներով էր՝ կանանց իրավունքների թեմայով դասընթացներ, քննարկումներ, ֆեմինիստական անկյունների ու տարածքների ստեղծում, ապա վերջին երկու տարիների ծրագրերն ավելի նորարական են: Այժմ դեռահաս աղջիկները լրիվ նոր եւ ինքնատիպ ծրագրեր են անում՝ ֆեմինիստական սեղանի խաղերից մինչեւ ինտերակտիվ արտ-ակտիվիզմ:

«Ընդամնեը 4 տարի է անցել, բայց շատ տարբեր են հիմիկվա ծրագրերը: Լրիվ ուրիշ վայբեր ու ծրագրային մեթոդաբանություն ունեն այս վերջին տարիների դեռահասները: Շատ են փոխվել ժամանակները, եւ մեր դեռահասները համընթաց են քայլում ժամանակին եւ ինչ-որ տեղ մի բան էլ առաջ են ընկնում ժամանակից ու թելադրում իրենցը: Շատ հետաքրքրիր է տեսնել այդ դինամիկան, թե կարճ ժամանակում ինչքան արագ է փոխվում ամեն ինչ»,- ժպտալով ասում է Գոհարը:

Մշակութային փոփոխություններ եւ ներդրում ֆեմինիստական շարժման մեջ

Դեռահաս աղջիկների ծրագրերը նաեւ Հայաստանում նոր մշակույթ ձեւավորելու գործընթացի սկիզբ են: Այս ծրագրերով Հիմնադրամն առաջին հերթին ասում է, որ դեռահաս աղջիկների ձայնը կարեւոր է, եւ որ դեռահաս աղջիկները պետք է համապատասխան ռեսուրսների հնարավորություն եւ հասանելիություն ունենան՝ իրենց խնդիրները եւ հուզող հարցերը բարձրաձայնելու համար: Սա, իսկապես, հասարակական մշակույթը փոխելու փորձ է:

Կարեւոր է նշել, որ դեռահաս աղջիկների ծրագիրը, որը միտված է առաջին հերթին նրանց զորեղացմանն ու անկախացմանը, մեծ դրական ազդեցություն ունի նաեւ հենց Հիմնադրամի համար: Մեր դեռահասները սովորեցնում են Հիմնադրամին պատրաստ եւ բաց լինել տարբեր փոփոխություններին, պահել ֆեմինիստական ճկունությունը: Օրինակ՝ դեռահասների խմբի հետ Հիմնադրամի աշխատակազմը հաղորդակցվում է մեսենջերային խմբի միջոցով՝ պաշտոնական մեյլերի փոխարեն, կամ դրամաշնորհային դասական հայտադիմումների փոխարեն մենք դեռահասներից ստանում ենք տեսանյութերով ներկայացվող դրամաշնորհային հայտեր: Հիմնադրամի այս մոտեցումները դրական արձագանքի են արժանացել ֆեմինիստ համայնքի ու դրսի մեր գործընկեր կազմակերպությունների կողմից, որոնք նշում են, որ այս մոտեցումը cool է: «Իսկապես դա cool է, մենք էլ ենք ներկայանում cool ձեւով, որը նպատասում է մեր շուրջը հավաքել այդ յուրահատուկ դեռահասներին»,- ասում է Հիմնադրամի նախագահը:

Այս ամենից զատ, թերեւս, ամենակարեւորն այն է, որ դեռահաս աղջիկների ծրագրերը նպաստում են Հայաստանում ֆեմինիստական շարժման կայունությանը եւ հիմք են հանդիսանում այդ շարժման ուղղության ձեւավորման համար: Ինչպես ծառի նոր շյուղերն են նրա ապագան, այնպես էլ մեր դեռահասները՝ ֆեմինիստական շարժման:

Ռեսուրսների ներգրավում եւ ֆոնդհայթայթում 

Դեռահաս աղջիկների ծրագրերի շարունակականությունն ապահովելն այժմ Հայաստանում կանանց հիմնադրամի գլխավոր մարտահրավերներից մեկն է: Հիմնադրամի նախագահը մատնանշում է ֆոնդհայթայթման դժվարությունները՝ ընդգծելով. «Այս ծրագիրը մենք սկսեցինք Գլոբալ հիմնադրամի միջոցով: Եթե իրենք չլինեին, գուցե մենք չսկսեինք կամ անեինք փոքր ինչ-որ ծրագիր մեկ տարվա կտրվածքով, ու դա չունենար շարունակություն: Ցավոք, այժմ ֆեմինիստական միջազգային հիմնադրամներ, կառույցներ չկան, որոնց հիմնական գործունեությունն ուղղված լինի հենց դեռահաս աղջիկներին: Շատերը խոսում են դեռահաս աղջիկներին աջակցելու մասին, բայց գործնականում դրանք գրեթե բացակայում են»,- նշում է նա:

Գոհարի կարծիքով՝ այդ իրավիճակը նաեւ ֆեմինիստական լոբբինգի պակասի արդյունք է, որովհետեւ այժմ դաշտում կան հիմնական որոշ թեմաներ, որոնց վրա կենտրոնանում են բոլոր հասարակական կազմակերպությունները, եւ դրա ֆոնին դեռահաս աղջիկների խնդիրները մնում են ստվերում: «Այս թեման, երեւի, միջազգային հիմնադրամները պետք է լոբբինգ անեն, որոնց ձայնն ու կշիռն ավելի մեծ է»,- ընդգծում է նա՝ նշելով, որ  միջազգային եւ տարածաշրջանային հանդիպումների միջոցառումների ժամանակ նույնպես դեռահաս աղջիկների հարցն այդքան շատ չի քննարկվում:

Հայաստանում կանանց հիմնադրամի համար դեռահաս աղջիկների  ծրագիրը հիմնադրման օրից միշտ առաջնահերթություն է եղել, եւ հիմնադրամը ամեն անգամ փորձում է տարբեր մեխանիզմներով ու մեթոդներով պահել այն. «Ցավոք, որպես այդպիսին առանձին կոնկրետ ծրագիր չի ստացվում անել հենց դեռահասների համար, բայց ամեն անգամ փորձում ենք ալտերնատիվներ գտնել: Հիմնականում աշխատում ենք այն հիմնադրամների հետ, որոնք ավելի ճկուն են բովանդակային առումով, եւ նրանց միջոցով կարող ենք որոշակի ռեսուրսներ հատկացնել դեռահաս աղջիկների ծրագրերին: Ստիպված հիմա այդպես ենք անելու, բայց դա հիմնական հարցի լուծում չէ, որովհետեւ դրան մենք ենք առաջնահերթություն տալիս»,- ասում է նա՝ ընդգծելով, որ Հիմնադրամի համար շատ կարեւոր է դեռահասների ծրագրերը պահել, քանի որ այս թեմայով Հայաստանում ոչ ոք ֆեմինիստական դրամաշնորհային ծրագրեր չունի դեռահասների համար:

Ֆեմինիստական հիմնադրամների, կազմակերպությունների կողմից դեռահասներին ցուցաբերվող աջակցությունը, նրանց տարածքի ու հնարավորությունների տրամադրումը թերեւս ամենաֆեմինիստական քայլն է, որին փորձում է հավատարիմ մնալ նաեւ Հայաստանում կանանց հիմնադրամը: Դա ոչ միայն հեռանկարային ներդրում է ֆեմնիստական շարժման ապագայի վրա, այլեւ ցույց է տալիս ֆեմինիզմի լավագույն ֆեմինիստական կողմը (որքան էլ որ պրիմիտիվ հնչի), երբ բոլորի ձայնը կարեւոր է եւ պետք է լսելի լինի, երբ մարդն իրավունք ունի մասնակցելու փոփոխությունների գործընթացին՝ անկախ շատ ասպեկտներից, այդ թվում՝ տարիքային:

Հեղինակ՝ Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.