Նախորդ հոդվածներից մեկում, որտեղ ձեր ուշադրությանն էինք ներկայացրել Կանանց հիմնադրամի կողմից հումանիտար աջակցության գործընթացները, համագործակցության աղբյուրներն ու աջակցությունը տեղական կառույցներին ու խմբերին, որոնց հետ համագործակցել ենք, խոստացել էինք ներկայացնել նաև այն ծրագրերը, որոնք բացի հումանիտար լինելուց նաև ուղղակիորեն կապված էին «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգի տարբեր ասպեկտների հետ։
Այդպես, այստեղ ձեզ ենք ներկայացնում մեր համագործակցությունը մի քանի կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ․
- «ՖեմՖորվըրդ» կանանց զորեղացման և համայնքային զարգացման ՀԿ
- «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ
- Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ
- Հետազոտական ռեսուրսների կովկասյան կոնտրոն-Հայաստան հիմնադրամ
- «Հաբ Արցախ» սոցիալ տնտեսական զարգացման հասարակական կազմակերպություն
- «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ
- Էմմա Տիգրանյան
- «Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ
- «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ
Այս համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերը շատ տարբեր են, ինչը շատ կարևոր է և խոսում է այն մասին, թե որքան բազմազան դիրքերից ու կողմերից կարելի է նայել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» խորագրով գաղափարերի իրագործմանը։
Այդպես, որոշ ծրագրեր ունեն հստակ օրակարգի հետ համատեղվածություն, ինչպիսին է, օրինակ, Ֆեմֆորվըրդ կանանց զորեղացման և համայնքային զարգացման ՀԿ կողմից իրականացվող ճանապարհային քարտեզի նախագծումը։ Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում կանանց ներգրավածությանը կանայք, անվտանգության, խաղաղաշինության օրակարգում։ Աշխատանքների արդյունքում ծրագիրը նաև կեզրափակվի ավելի ընդլայնված պանելային քննարկմամբ։
Հետաքրքիր է, որ ևս մեկ ծրագիր ամբողջովին նվիրված է կանանց խաղաղության գագաթնաժողովի կազմակերպմանը։ Այս ծրագիրը հնարավորություն կտա «ՀԱԲ Արցախ»-ին լիարժեք իրականացնել նպատակները՝ հրապարակելով ամփոփ զեկույց, որը պարունակում է կանանց խաղաղության գագաթնաժողովի հիմնական արդյունքները, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ կողմերի համար առաջարկություններ, որոնք կթարգմանվեն անգլերեն ու հայերեն և կտարածվեն տեղական և միջազգային մակարդակներում: Բացի այդ` գագաթնաժողովի միջոցով հնարավոր կլինի ստեղծել մոտիվացված կանանց ցանց, որոնք կշարունակեն պաշտպանել խաղաղության գործընթացում կանանց ավելի մեծ դերակատարությունը:
Գագաթնաժողովների և գիտաժողովների հետ մեկտեղ ծրագրերից մեկը «Չկոնֆերանսի» ձևաչափով է և իրականացվում է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կոնտրոն-Հայաստան հիմնադրամի կողմից։ Ծրագրի նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել ԼՂ բռնի տեղահանված կանանց ներկայիս կենսափորձը, նրանց հիմնախնդիրները։ Այս նպատակին հասնելու համար ԼՂ բռնի տեղահանված երիտասարդ կին փորձագետի/ակտիվիստի հետ միասին ՀՌԿԿ-Հայաստանի թիմը կանցնեն հետազոտական կարողությունների զարգացում՝ միասին ծրագրի միջոցով զարգացնելով մասնակցային հետազոտական կարողությունները, ամփոփելով ԼՂ բռնի տեղահանված կանանց հետ իրականացված հետազոտությունը համապատասխան համառոտագրում։ Համառոտագիրը կհրապարակվի առցանց՝ սոցիալական մեդիա արշավի միջոցով լայն հանրությանն իրազեկելով հետազոտության արդյունքների մասին։ Համառոտագրում տեղ կգտնեն նաև քաղաքականության առաջարկություններ։
Տեղական փորձի ուսումնասիրումը շատ կարևոր է, կարևոր է նաև դրա միջոցով միջազգային/տարածաշրջանային կապերի ընլայնումն ու խաղաղության մասին երկխոսությունները հարևան երկրների հետ։ Չնայած Կանանց հիմնադրամը չի ֆինանսավորում ՀՀ տարածքից դուրս ծրագրեր (չունի նման իրավասություններ, ինչպես նաև դեռևս՝ նպատակներ), այս անգամ Ալվան Ծաղիկ ՀԿ-ն զարմացրեց իր հետաքրքիր գաղափարով ընտրող հանձնաժողովին։ Կազմակերպությունն իրականացրեց «Մանուշակագույն խաղաղություն» ծրագիրը։ Ծրագրի նպատակն էր հայ և վրացի կանանց համատեղ ջանքերով ցույց տալ խաղաղ հարևանության օրինակ՝ նպաստելով և տարածելով ֆեմինիստական խաղաղաշինության գաղափարը։ Ծրագրի առանցքային գաղափարն այն էր, որ խաղաղությունը և դրա ընկալումը կարող է լինել ոչ միայն «սպիտակ»՝ ընդհանուր և վերացական, անիրական երևույթ, այլև «մանուշակագույն», երբ կանայք են միավորում ջանքերը, նպատակները, հույզերն ու կարողությունները՝ ցույց տալով հանրությանը, որ քույրության, սոլիդարության, միասին գործելու սկզբունքները կարող են էական դրական գործոններ լինել խաղաղաշինական երկխոսություններում։
Բացի գիտաժողովներից, փորձի փոխանակման ու հետազոտական աշխատանքներից՝ ծրագրերն ունեն նաև մասնակիցների շրջանում միմյաց հզորացնող և կրթող տարրեր։ Այդպես, Մարդու իրավունքների եզդիական կենտրոն ՀԿ-ը իրականացնում է մի ծրագիր, որն առաջնորդվելով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի գենդերազգայունության և փոխհատման (ինտերսեկցիոնալության) սկզբունքներով, կարձագանքի ազգային փոքրամասնությունների, հատկապես եզդի կանանց հիմնախնդիրներին: Արժևորելով կանանց ու երիտասարդների իմաստալից մասնակցության կարևորությունը՝ նախագիծը ձգտելու է ստեղծել ավելի մարդակենտրոն և ներառող մթնոլորտ Հայաստանում խաղաղության և անվտանգության համատեքստում: Ծրագիրը կենտրոնանալու է կարողությունների զարգացման միջոցով ազգային փոքրամասնությունների կանանց հզորացման և մարդկային անվտանգության քննարկումներում նրանց ակտիվ ներգրավվածության խթանման ուղղություններով, ինչն էական ներդրում կլինի Հայաստանում խաղաղության և անվտանգության դաշտի կայացման գործում:
Շարունակելով հզորացման և ինքնորոշման միտումները` Մարտունու կանանց խորհուրդ ՀԿ ծրագրի կարճաժամկետ նպատակն է աջակցել Մարտունի համայնքում բնակվող փախստական կանանց և տեղացի կանանց խաղաղ գոյակցմանը հասարակական ակտիվության խրախուսման միջոցով։ Երկարաժամկետ նպատակն է նպաստել Մարտունի համայնքում բնակվող ակտիվ կանանց մասնակցային վարքի ձևավորմանը` անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից։
Նույն կերպ նաև Ագաթ ՀԿ-ն փորձում է ներառականության տարրերն ավելացնել «Կանայք, խաղաղություն, անվտանգություն» օրակարգում։ Ծրագրի նպատակն է օգտագործել մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը: Այս առումով նաև կարևոր է ստեղծել ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարող են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր:
Մշակութային և արվեստային տարրերի ներմուծումը ծրագրերում չի սահմանափակվում սրանով միայն, քանի որ էմմա Տիգրանյանն իր և գործընկերուհիների նախաձեռնության շրջանակներում օգտագործում է արվեստի փոխակերպող ուժը՝ խաղաղության դեմ մարտահրավերներին դիմադրելու համար։ Ինչպես ձևակերպել արվեստը, ինչպես դիրքավորվել որպես արվեստագետ, այս խոսույթը բազմաթիվ անգամներ քննարկվում է արվեստային ու մշակութային դաշտում։ Պատասխանները, որոնք այս ծրագրի միջոցով նրանք նպատակ ունեն հայտնաբերելու, կապված են խաղաղության օրակարգի, խաղաղության նկատմամբ ֆեմինիստական մոտեցման, արվեստային ակտիվիզմի և արվեստագետ կանանց դերի հետ այս գործընթացներում։ Հիմնախնդիրը, որին անդրադառնում է ծրագիրը, փորձում է բացահայտել կին արվեստագետների դերը խաղաղության մասին քննարկումներում ու գործընթացներում, առհասարակ խաղաղության հանդեպ վերաբերմունքը և մշակույթի ու արվեստի ներուժը խաղաղաշինության մեջ և մասնակից նկարչուհիների անձնական խաղաղության ձևավորումն ու ձևակերպումը։