Ֆեմինիստական էսսեների դրամաշնորհի արդյունքներ

Ներկայացնում ենք մարտին հայտարարված ֆեմինիստական էսսեների դրամաշնորհի արդյունքները՝ էսսեների հակիրճ նկարագրությունները, իսկ ամբողջական էսսեները պատրաստ կլինեն առաջիկայում։

Ելենա Եղիազարյան 

Երկրորդ համաշխարհային պատերազմի ազդեցությունը ԽՍՀՄ-ի պրոնատալիստական և ընտանեկան քաղաքականության վրա

Էսսեի շրջանակներում ներկայացվելու է 1944-ի հուլիսի 8-ին ընդունված «Հղի, բազմազավակ  կանանց և միայնակ մայրերի պետական օգնության ավելացման, մայրության և մանկության պաշտպանության ամրապնդման, մայրական պատվավոր կոչումների սահմանման՝ «Հերոս Մայր», «Մայրական փառք» շքանշանի և «Մայրության» մեդալի ստեղծման մասին» հրամանագրի վերլուծությունը և դրա ազդեցությունը գենդերային, ընտանեկան  հարաբերությունների և ԽՍՀՄ քաղաքացիների ռեպրոդուկտիվ վարքի վրա: Չնայած հրամանագրի վերնագրում նշված նպատակին՝  կանանց շահերի պաշտպանությանն ու բարեկեցությանը, այն ավելի շուտ նպաստում էր տղամարդկանց շահերի պաշտպանությանը: Հետևաբար, այս օրենսդրական ակտը արդյունքում բացասական ազդեցություն ունեցավ գենդերային հարաբերությունների, ընտանեկան կայունության, կանանց և երեխաների բարեկեցության վրա: Խորհրդային փորձագետները ամեն կերպ փորձում էին շտկել իրավիճակը, սակայն ապարդյուն, այն ավելի էր արագացնում հրամանագրի վերանայման գործընթացը: Ինչպես ցույց տվեցին հետագայում հետազոտությունները, որոնք կներկայացվեն էսսեում, հաջողությունը կախված էր երկրի ղեկավարությանը պրոնատալիստական լոգիկայի ճիշտ ներկայացումից՝ հիմնված վիճակագրության և վերլուծության վրա, որն էլ հետագայում տանում է օրենքի փոփոխմանը: 

Տաթև Բալդրյան 

«ազգ, բանակ, հաղթանակ…». ռազմականացումը որպես գենդերացված եւ գերառնական գործընթաց

Բոլոր պետությունները հենվում են գաղափարախոսական որեւէ ուղղության վրա, որոնք կառուցում են հասարակական պատկերացումներ ազգային եւ սոցիալական ինքնության, ինչպես նաեւ անվտանգության վերաբերյալ: Ազգայանականությունը դա անում է տարբերության՝ էթնիկ, ազգային, դասակարգային, կրոնական եւ այլ, վերադաս կարեւորության միջոցով: Այս էսսեն ուսումնասիրելու է, թե ինչպես է ազգայանականությունը հաջողում կառուցել իր անվտանգության գաղափարախոսությունը ռազմականացված գենդերային դերեր պարտադրելու միջոցով։

Սոնա Նիկողոսյան 

Կանանց ռազմականացումը․ քայլ առա՞ջ

Այս էսսեն փորձ է քննադատորեն գնահատելու Հայաստանում գենդերային հավասարությունը և սեռական բռնության ռիսկերը ռազմական բարեփոխումների ճանապարհին։ Սկզբում էսսեն վերլուծելու է Հայաստանում հայրիշխանության պատմությունը և ինչ նշանակություն ունեն գենդերային նորմերը պաշտպան – պաշտպանության ենթակա դերերի առումով ռազմականացման համատեքստում։ Խորքային ուսումնասիրության կենթարկվի նոր օրենքը՝ ներառյալ հրաձգության կազմակերպված դասընթացները։ Վերջապես ավելի խորքային հայացքով կդիտարկվեն կանանց փորձառությունները հայկական բանակում՝ ի համեմատություն այլ երկրների։ Էսսեն նոր հայացք և նոր հեռանկարաներ կբերի ոլորտի քննարկմանը։ 

Էվիյա Հովհաննիսյան 

Պատերազմի առևտրայնացման (կոմերցիալիզացիայի) գենդերային կողմը

Տվյալ հետազոտության նպատակն է ուսումնասիրել պատերազմի առևտրայնացման հայաստանյան ներկա (հետպատերազմյան) պրակտիկաները և դրանց գենդերային ասպեկտները՝ հասկանալու համար, թե պատերազմն ինչպես է շահարկվում առօրյա եկամտաբերության և ձեռներեցության տեսանկյունից, և արդյոք այն ունի գենդերային բաղադրիչ։ Հետազոտության համար հեղինակը նախատեսում է օգտվել սոցիալ-մարդաբանական մեթոդաբանության գործիքակազմից՝ համադրելով դիսկուրսիվ և կոնտենտ վերլուծություններն ու էքսպերտային հարցազրույցները։ 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.