2023 թվականին կանադական Հավասարության հիմնադրամի կողմից ավելի քան 20 ծրագրեր են ֆինանսավորվել, որոնց կարող եք ծանոթանալ ստորև.
Ինստիտուցիոնալ աջակցություն
- Սոցիոսկոպ ՀԿ – «Ինստիտուցիոնալ աջակցություն կին հետազոտողներին» – Ծրագիրը հիմնականում ինստիտուցիոնալ աջակցություն է։ Այն կավելացնի կազմակերպության կարողությունները՝ թույլ տալով կազմակերպել և իրականացնել ներքին աուդիտ: Ներքին աուդիտը կօգնի բացահայտել բացերն ու թերությունները և աշխատել աուդիտի հաշվետվության վրա հիմնված առաջարկությունների իրականացման ուղղությամբ: Ավելին, կազմակերպության աշխատակազմի անդամները կմասնակցեն կարողությունների զարգացման տարբեր դասընթացների՝ ելնելով իրենց կարիքներից: Սոցիոսկոպը նաև կկազմակերպի և կանցկացնի տարեկան հանդիպում մինչև տարեվերջ՝ ամփոփելու 2023 թվականի ընթացքում կազմակերպչական գործունեության արդյունքները և պլանավորելու 2024 թվականի գործունեությունը:
- Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն – Ծրագրի նպատակն է հզորացնել աջակցության կենտրոնը ավելի մատչելի, ամբողջական և անհրաժեշտ ծառայություններ մատուցելու համար: Աջակցման կենտրոնի նյութատեխնիկական հագեցվածությունը թույլ կտա լինել ավելի անկախ և լիարժեք ծառայություններ մատուցել շահառուներին, ինչպես նաև դառնալ նրանց համար ապահով վայր, որտեղ նրանք ազատ արտահայտվելու հնարավորություն կունենան: Կանանց ինքնօգնության նոր խմբերի և թերապիայի հանդիպումների վերջնական նպատակն է ստեղծել ավելի երջանիկ և իմաստալից առօրյա կանանց համար, որտեղ նրանք օրվա մի քանի ժամ կնվիրեն իրենց, իրենց մարմնին և մտքին՝ առանց առօրյայի մասին անհանգստանալու։
- «Սոսե» կանանց հիմնահարցեր ՀԿ – «Կանայք ապահով են և անվտանգ»ծրագրի նպատակն է ուժեղացնել կազմակերպության թիմի և շահառուների կարողությունները, ստեղծել անկախ և անվտանգ միջավայր, ավելացնել շահառուների գիտելիքներները ինքնախնամքի մասին, տեղեկացնել տարիքային հնարավոր ռիսկերի/դաշտանադադարի, դաշտանադադարի ընթացքում հոգեբանական խնդիրների մասին և այլն, նվազեցնել կազմակերպության աշխատակիցների մասնագիտական այրման ռիսկերը/հատուկ թերապիաներ/։ Արդյունքում կավելանա կանանց անկախությունը, կնվազի խոցելիությունը։ Կբարձրանա աշխատակիցների մոտիվացիան և աշխատանքի արդյունավետությունը։
- Կանանց իրավունքների տուն ՀԿ – «Կազմակերպչական ներուժի զարգացում» ծրագրի նպատակն է բարձրացնել կազմակերպության ֆինանսական անկախությունը, թիմի ճկունությունը, բարեկեցությունը և նվազեցնել մասնագիտական այրման ռիսկերը:
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ – «ՍԲՃԿ գործունեության շարունակականություն» ծրագրի նպատակն է բարձրացնել կառույցի և աշխատանքի տեսանելիությունը: Կարճաժամկետ նպատակը՝ կարողանալ պահպանել աշխատակազմը, ֆոնդահայթայթման և տեսանելիության ապահովման մասնագետների վճարումը: Երկարաժամկետ նպատակն է ՍԲՃԿ-ի ճանաչելիության բարձրացումը թե՛ հանրության և թե՛ դոնոր համայնքի շրջանակներում:
- «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ – «Ինստիտուցիոնալ աջակցություն ՀԿ-ին» ծրագրի ընթացքում Բերդ և Նոյեմբերյան համայնքների 9 բնակավայրերում կազմակերպվել են իրազեկման հանդիպումներ կանանց հետ, որոնց ընթացքում մասնակիցները խոսել են կանանց իրավունքների, ֆեմինիզմի և ընտանեկան բռնության մասին:
Աջակցություն 40-անց կանանց ծրագրերին
- Սուսաննա Շահնազարյան – Սուսաննան «Երբ ես ավելի երիտասարդ էի» անունով ծրագրի ընթացքում մի շարք քննարկումներ է կազմակերպել կանանց հետ ոչ ֆորմալ միջավայրում, որի ընթացքում կանայք պատմել են իրենց պատմությունները, թե ինչ է փոխվել իրենց կյանքում 40 տարեկանից հետո և ինչ կփոխեին, եթե դա հնարավոր լիներ: Քննարկումների ընթացքում բարձրացված խնդիրների մասին կարճ էսսեներ ու պատմություններ են պատրաստվել, որոնք ներկայացնում են ոչ թե կոնկրետ կանանց պատմություններ, այլ խնդրի ավելի ընդհանուր պատկերացում:
- Մերի Աղախանյան – Մերին, ով հայաստանյան կինոպրոդյուսեր է, սկսել է իր երկարաժամկետ նախագիծը քաղցկեղը հաղթահարած կանանց մասին: Նա, վերապրած լինելով նույն փորձառությունը, ցանկանում է տեսանելի դարձնել կանանց կյանքը հիվանդությունից վերականգնման ընթացքում, իսկ նրանց ձայնը՝ լսելի:
- Մարիամ Ալեքսյանյան/Անի Մկրտչյան – Դրամաշնորհի միջոցով Մարիամը և Անին անդրադարձել են 40-ից բարձր կանանց ինքնագիտակցության, բարեկեցության և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներին։ Ծրագրի ընթացքում մի խումբ կանանց համար վերապատրաստման և հոգեկան առողջության դասընթացների շարք է իրականցվել Տավուշի մարզի Բերդ համայնքում՝ օգնելով կանանց գտնել ինքնաբացահայտման և ինքնաիրացման ուղիներ:
- Մարիաննա Դանիելյան – Այս նախաձեռնության հեղինակները Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի երաժշտական բաժնի մի խումբ 50-ն անց ուսուցիչներ են: Նրանք հանդես են եկել նոր համերգային ծրագրով, որը մշակվել է այս դրամաշնորհի աջակցությամբ և ամբողջությամբ նվիրված է կին երաժիշտների գործերին։ Համերգին հնչել են կին երգահանների ստեղծագործությունները, որոնց անունները հայտնի են միայն նեղ մասնագիտական շրջանակներում, նրանց երաժշտությունը գրեթե չի լսվում տարբեր համերգների կամ ելույթների ժամանակ։ Ակնկալվում է, որ ներկա մանկավարժները հեղինակների սիրված ստեղծագործությունները կներառեն հետագա կրթական ծրագրերում, որոնք այժմ հիմնականում կազմված են տղամարդ երաժիշտների ստեղծագործություններից։
- Հաջե Բաքոյան և Օվսաննա Հարությունյան – Այս ծրագրի շրջանակներում գործընկերուհիները Նոր Կյանքի և հարակից շրջանի եզդի կանանց կանանց հետ քննարկել են հարցեր այն մասին, որ կարելի է զբաղվել սիրելի աշխատանքով, որ «40 տարեկան» լինելը դա դատավճիռ չէ, այլ ուղղակի թիվ է։ Հոգեբանի հետ հանդիպումների ընթացքում անդրադարձել են մի քանի կաևորագույն հարցերի՝ սեփական ես-ը ճանաչելու և գնահատելու կարևորությանը, իրենց կարծիքները և մտքերը արտահայտելու ազատությանը, աշխատանք ունենալու գումարը վաստակելու կարևորությանը, «40 տարեկան» -ին որպես դատավճիռ չնայելուն։
- Սաթիկ Բադեյան – Ծրագիրն իրականացվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում։ Ծրագրի առաջին փուլում 40-65 տարեկան ընդհանուր թվով 50 կանանց շրջանում իրականացվել են դաշտանադադարի վերաբերյալ սեմինարներ-քննարկումներ՝ պրոֆեսիոնալ մասնագետի ներգրավմամբ, հարց ու պատասխանի հնարավորությամբ։ Սաթիկն ու իր համախոհները նման արդյունավետ փորձ ունեցել են ավելի երիտասարդ կանանց շրջանում՝ իրենց օրգանիզմին և վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին ծանոթացնելով: Հանդիպումներին մասնակցած կանայք ստացած գիտելիքներն ու տղեկատվությունը կտարածեն նաև իրենց հասակակիցների շրջանում։ Ցանկության դեպքում մի խումբ կանայք կներգրավվեն նաև սոցիալական ձեռնարկատիրության մասին վերապատրաստումներում։
- «Իրազեկ կանայք, հզոր համայնք» նախաձեռնող խումբ – Ծրագիրը ենթադրում է Չարենցավան համայնքի 40-55 տարեկան 15 կանանց շրջանում իրավագիտակցության բարձրացման նպատակով թեմատիկ հանդիպումների ու միջոցառումների իրականացում, որոնց ընթացքում հատուկ արտ-հոգեբանական թերապիաների միջոցով կանայք կկարողանան գտնել սեփական ես-ը, բացահայտել թաքնված հույզերը, հնարավորությունները, գիտակցել մարմնի ու տարիքի ճիշտ ընկալումները և դրանց օգնությամբ կարևորել սեփական դերը համայնքային խնդիրների լուծման գործում։
- «Հռիփսիմյանց շունչ» ՀԿ – Դրամաշնորհի շրջանակներում ներառվել են Ստեփանավանի տարածաշրջանի 40 անց այն կանայք, որոնց մոտ շոշափելի են և արմատացած այնպիսի հարցեր, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, մարմնի և տարիքի բացասական ընկալումները, պասիվ կենսակերպը, ֆիզիկական և հուզական տարածքի բացակայությունը և այլն։ Ծրագիրը ներառել է ինչպես հադիպում-քննարկումներ, այնպես էլ արտաքին միջոցառումներ, որոնցում ներգրավվել են մասնակից կանայք։
- Աջակցություն կանանց և երեխաներին ՀԿ – Կազմակերպությունը զբաղվում է կանանց հզորացմամբ: Իրականացվում են տարբեր ծրագրեր՝ ուղղված կանանց և երեխաներին աջակցելուն։ Կազմակերպությունը հիմնադրամի հետ համագործակցել է «40 + կանայք» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն էր համախմբել 40-ն անց կանանց, մոտիվացնել նրանց, ստեղծել անվտանգ տարածք, որտեղ նրանք կխոսեն իրենց կարիքների, հույզերի և իրենց հուզող բազմաթիվ այլ հարցերի մասին։
Տեխնիկական աջակցություն ֆեմինիստական նախաձեռնություններին
- Անահիտ Ղազարյան – «Տեխնիկական աջակցություն Մարիամ Շահինյանի մասին ֆիլմի պատրաստմանը» – 2022 թվականին Անահիտն ավարտեց մի յուրահատուկ ֆիլմի նկարահանումները հայտնի Մարիամ Շահինյանի մասին, ով առաջինն կինն է, որ Թուրքիայում բացել է առաջին լուսանկարչական տունը՝ «Ֆոտո Գալաթասարա»։ Անահիտին անհրաժեշտ էին տեխնիկական սարքավորումներ ֆիլմը մոնտաժելու և ավարտելու համար՝ միջազգային բարձր մակարդակի փառատոններին ներկայացնելու նպատակով։
- Նարա Ստեփանյան – Նարան մեր դեռահասների խմբից է, ձեռագործ աշխատանքներ է պատրաստում։ Նա Տավուշի Աղավնավանքում տնակ-խանութ է կառուցել՝ զբոսաշրջությունը խրախուսելու նաև եղանակային վատ պայմաններում։ Ծրագիրն ուղղված է նրա «Շալն» ապրանքանիշի տեսանելիության բարձրացմանը։
- «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ – Դրամաշնորհի շրջանակներում վերակառուցվելու և արդիականացվելու է WomenNet.am կայքը՝ ապահովելով նրա անխափան գործունեությունն ու անվտանգությունը։ Նպատակն է պահպանել կայքի արխիվը, որը արժեքավոր ռեսուրս է հանդիսանում Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից։
Այլ թեմատիկ դրամաշնորհներ
- ԱՐԷ մշակութային հիմնադրամ – Դրամաշնորհի միջոցով ՀայԱրտ մշակութային կենտրոնում հյուրընկվալել 5-6 կանանց, ովքեր այս պահին մշակույթի ոլորտում բարձր պաշտոնների են հասել՝ թանգարանների, մշակութային մեդիա ղեկավարներ են, համադրողներ, լրագրողներ։ Այդ կանայք թե՛ մայրաքաղաք Երևանից են, թե՛ Հայաստանի մյուս մարզերից և թե՛ սփյուռքից: Այս կանանց պատմությունները տեսավավերագրվել: Արդյունքում ստացվելու է փոքրիկ ֆիլմը, որը ոչ միայն շատ հետաքրքիր կլինի և ուսուցողական, այլև մեկ անգամ ևս ցույց կտա հայ ժամանակակից կիրթ կնոջ կերպարը, նրա ներկայության անհրաժեշտությունը հասարակական կյանքում:
- Կանանի ՀԿ – «Կանանց հոգեհուզական վիճակի բարելավում նախածննդաբերական և հետծննդաբերական շրջանում» ծրագրի նպատակն է բարձրացնել կանանց և նրանց ընտանիքի անդամների իրազեկվածության մակարդակը նախածննդյան և հետծննդյան խնդիրների վերաբերյալ հոգեբանական աջակցությամբ:
- Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա – Կոալիցիան շահերի պաշտպանության կազմակերպություն է, որի նպատակն է հաղթահարել գենդերային բռնության խնդիրը ՀՀ-ում՝ բարեփոխելով գործող օրենսդրությունը և փոփոխելով այն: Կոալիցիան այժմ բաղկացած է 10 անդամ կազմակերպություններից, որոնց ներկայացուցիչները խորհրդի անդամներ են: Կոալիցիան ՀԿՀ-ի աջակցությամբ իրականացնում է «Գենդերային բռնության զոհերը և իրավապաշտպանները հանուն արդարության» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել գենդերային բռնության վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը և հասնել պետական կառույցներում օրենսդրական բացերի շուրջ երկխոսության հաստատմանը։
- «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա» – «Rec.Construction» ծրագրի նպատակն է օգնել տեսանելի դարձնել պատերազմների և հակամարտությունների հետևանքով բռնի տեղահանված կանանց փորձը, նպաստել նման հարցերի շուրջ դիսկուրսի ձևավորմանը, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը կանանց կյանքում այս իրադարձությունների հետևանքների մասին: Կարևոր նպատակներից է հանրությանը հասանելի լայնածավալ փոդքասթի ստեղծումը, որը կլինի վերջին տասնամյակում տարածաշրջանում տեղի ունեցած հակամարտությունների և պատերազմների արդյունքում բռնի տեղահանված կանանց փորձի մասին տեղեկատվության մշտական և արժեքավոր աղբյուր։
- EcoYouth NGO – «Կանայք և պատերազմը. Անվտանգային կանոններին տիրապետելը պատերազմական իրավիճակներում և ոչ միայն» ծրագրի նպատակն է Սյունիքի մարզի մի շարք համայնքներում նպաստել կանանց պատրաստվածության մակարդակի բարձրացմանը՝ պատերազմական իրավիճակներում արագ կողմնորոշման և առաջնային համարվող գործողություններին տիրապետելու նպատակով, ինչպես նաև Տաթև համայնքի Խոտ բնակավայրի կանանց շրջանում նպաստել անձնական պաշտպանության մեթոդների տիրապետմանը՝ բռնության դեպքերի ժամանակ պաշտպանվելու նպատակով։
- Հայարփի Պապիկյան – Հայարփին հետազոտող է, որն աջակցություն է ստացել Շուշանիկ Կուրղինյանի վերաբերյալ իր հետազոտությունն իրականացնելու համար: Հետազոտությունը նվիրված է Շուշանիկ Կուրղինյանի նամակների ուսումնասիրությանը, որի արդյունքում երկլեզու` հայերեն և անգլերեն, գրքույկ լույս կտեսնի: Այս հետազոտությունը Հայարփին նաև ներկայացրել է Ֆրանսիայում տեղի ունեցած Գենդերային ինստիտուտի երրրորդ միջազգային համագումարի ժամանակ: