Ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը նշվում է Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակը` միջազգային արշավ, որը կոչ է անում համատեղ գործողությունների՝ գենդերային հիմքով բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և վերացնելու համար։ Այն ընդգծում է գենդերային անհավասարության և բռնության միջև կապը, խթանում համակարգային փոփոխությունները և տարածք ստեղծում համերաշխության, շահերի պաշտպանության և այն մարդկանց ձայները լսելի դարձնելու համար, որոնց փորձառությունները հաճախ անտեսվում են։
2026 թվականի ֆեմինիստական նախաձեռնությունների աջակցության բաց մրցույթի շրջանակում Հայաստանում կանանց հիմնադրամն աջակցում է մի շարք նախաձեռնությունների, որոնք նպատակ ունեն բարձրացնելու գենդերային հիմքով բռնության վերաբերյալ իրազեկվածությունը, մարտահրավեր նետելու վնասակար կարծրատիպերին և նահապետական համակարգերին, ամրապնդելու համայնքային արձագանքման մեխանիզմները և խթանելու կանանց իրավունքները, ինքնուրույնությունն ու անվտանգությունը։
Աջակցություն ստացած ծրագրերն առաջարկում են տարբեր մոտեցումներ՝ կրթական միջոցառումներից և մասնագիտական քննարկումներից մինչև համայնքային միջոցառումներ, հետազոտություններ, ստեղծագործական նախաձեռնություններ և իրազեկման արշավներ։ Միասին դրանք նպատակ ունեն խթանելու քննադատական մտածողությունը, ամրապնդելու համերաշխությունը և ոգեշնչելու գործուն քայլեր՝ հանուն գենդերային հիմքով բռնությունից զերծ հասարակության։
Ստորև ներկայացնում ենք 16-օրյակի շրջանակում Հայաստանում կանանց հիմնադրամի աջակցությունը ստացած նախաձեռնությունները։
«Կարծրատիպիկ» – Կանանի սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ
«Կարծրատիպիկ» ծրագրի միջոցով կազմակերպությունը նպատակ ունի վաղ տարիքից կանխարգելելու գենդերային կարծրատիպերի ձևավորումը՝ Արագածոտնի մարզի Ամասիա համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծելով կտորից պատրաստված ինտերակտիվ կրթական գրքեր։ Գրքերում կանդրադարձ կկատարվի մասնագիտություններին, հույզերին, գույներին, կենցաղային պարտականություններին, խնամքին և ընտրության ազատությանը՝ օգնելով երեխաներին հասկանալ, որ այդ դերերն ու գործունեությունները պայմանավորված չեն սեռով։
Գրքերի նախագծման և պատրաստման աշխատանքներում ակտիվորեն կներգրավվեն տեղի կանայք՝ օգտագործելով համայնքի կանանց ապահով տարածքում առկա ռեսուրսներն ու սարքավորումները։ Ծրագրի շրջանակում ծնողների համար կանցկացվի նաև աշխատարան՝ գենդերազգայուն դաստիարակության և գենդերային հիմքով բռնության կանխարգելման թեմաներով։
Նախաձեռնության նպատակն է մարտահրավեր նետել գենդերային դերերի վերաբերյալ կարծրատիպերին, խթանել առավել ներառական և գենդերազգայուն կրթական միջավայրերի ձևավորումը, ինչպես նաև ստեղծագործական ներգրավվածության և հնարավոր սոցիալական ձեռնարկատիրության միջոցով հզորացնել տեղի կանանց։
«Տղամարդիկ հանուն հավասարության․ գենդերային բռնության կանխարգելում Վանաձորում» – «ԷԿՈ Խմբակ» երիտասարդական բնապահպանական ՀԿ
Վանաձորում գործող «ԷԿՈ Խմբակ» երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն աշխատում է շրջակա միջավայրի պահպանության, երիտասարդների հզորացման, գենդերային հավասարության, ժողովրդավարական մասնակցության և ներառականության ուղղություններով։
«Տղամարդիկ հանուն հավասարության» նախաձեռնության միջոցով կազմակերպությունը, համագործակցելով «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի հետ, նպատակ ունի ներգրավելու երիտասարդ տղամարդկանց գենդերային հիմքով բռնության կանխարգելմանն ուղղված գործնական գործողություններում և մարտահրավեր նետելու այն նահապետական նորմերին, որոնք բնականոն են դարձնում վերահսկող և վնասակար վարքագիծը։
Ծրագրում կներգրավվի 18–35 տարեկան 20 տղամարդ, որոնց համար կանցկացվի երկու ինտերակտիվ աշխատարան՝ վերահսկող վարքագծի, կնատյաց խոսույթի, առցանց հետապնդումների, համաձայնության, անձնական սահմանների և բռնությանն անվտանգ արձագանքելու թեմաներով։
Վեց երիտասարդ կին նույնպես կներգրավվի առանձին խորհրդատվական հանդիպման միջոցով՝ նպաստելով աշխատարանների բովանդակության և հանրային ուղերձների մշակմանը։
Մասնակիցները կմշակեն 12 ուսուցողական իրավիճակային քարտ, իրազեկման չորս հրապարակում և անհատական գործողությունների պլաններ՝ իրենց վարքագծում և համայնքներում փոփոխություններ խթանելու համար։
«Կանանց կարիքների նկատմամբ զգայուն հոգեխորհրդատվական աշխատանք․ ի՞նչ, ինչպե՞ս, ինչո՞ւ» – Եվա Ավետիսի Թովմասյան
Ծրագիրը հինգ եռաժամյա կրթական հանդիպումների շարք է՝ նախատեսված սկսնակ հոգեբանների և հոգեբանություն սովորող ուսանողների համար, որոնք հետաքրքրված են հոգեխորհրդատվական աշխատանքով։
Հոգեբան և թրեյներ Եվա Ավետիսի Թովմասյանի ղեկավարությամբ և Երևանի պետական համալսարանի Անձի հոգեբանության ամբիոնի աջակցությամբ իրականացվող նախաձեռնության նպատակն է զարգացնել մասնակիցների կարողությունները՝ գենդերային հիմքով բռնությունն ու խտրականությունը ճանաչելու և կանանց հոգեբանական դժվարությունները դրանց ավելի լայն սոցիալական համատեքստում հասկանալու ուղղությամբ։
Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ընտանիքում և հասարակությունում գենդերային սպասումները, բռնության և վերահսկող վարքագծի տարբեր ձևերը, հոգեբանական տեսությունների վերաբերյալ ֆեմինիստական մոտեցումները, սեռականությունը և համաձայնությունը, անձնական սահմանները, ինչպես նաև բռնության հոգեբանական հետևանքները։
Մասնագիտական քննարկումների և գործնական օրինակների միջոցով մասնակիցները կվերլուծեն, թե ինչպես կարող են կարծրատիպերն ու անհավասար ուժային հարաբերություններն ազդել հոգեխորհրդատվական աշխատանքի վրա, և կսովորեն ցուցաբերել չդատող, տրավմայի նկատմամբ զգայուն աջակցություն։
«Ապահով թվային միջավայր․ իմ տվյալները, իմ սահմանները, իմ ընտրությունը» – Գորիսի երիտասարդ ֆեմինիստների նախաձեռնող խումբ
Գորիսի երիտասարդ ֆեմինիստների նախաձեռնող խումբը նպատակ ունի բարձրացնելու կանանց իրազեկվածությունն ու զարգացնելու գործնական հմտությունները թվային անվտանգության, անձնական տվյալների պաշտպանության և թվային բռնության կանխարգելման ոլորտներում։
Նախաձեռնությունը Գորիսից և հարակից համայնքներից կհամախմբի 20–25 կնոջ՝ չորսժամյա համայնքային միջոցառման շրջանակում, որը կմիավորի թվային անվտանգության գործնական աշխատարան, ստեղծագործական աշխատարան և ոչ ֆորմալ շփման ու կապերի հաստատման հնարավորություն։
Մասնակիցները կսովորեն ճանաչել ֆիշինգային փորձերն ու առցանց խարդախությունները, պաշտպանել իրենց հաշիվներն ու անձնական տվյալները, օգտվել գաղտնիության կարգավորումներից և երկքայլ հաստատման գործառույթից, ինչպես նաև հասկանալ թվային հետապնդումների և պատկերների՝ առանց համաձայնության տարածման ռիսկերը, այդ թվում՝ արհեստական բանականության միջոցով ստեղծված կեղծ բովանդակության հետ կապված վտանգները։
Աշխատարանի ընթացքում կներկայացվեն նաև թվային բռնությանն արձագանքելու առաջին քայլերը, ինչպիսիք են ապացույցների պահպանումը, վնասակար բովանդակության մասին հաղորդումը և աջակցություն հայցելը։
Ընտանեկան և գենդերային հիմքով բռնության վերաբերյալ հետազոտություն Լոռու մարզի համայնքներում – «Կանանց սոլիդարության տարածք» ՀԿ
Ծրագրի շրջանակում կիրականացվի փոքրածավալ որակական հետազոտություն Լոռու մարզի ընտրված գյուղական համայնքներում գործող համայնքային կառույցներին կից սոցիալական աշխատողների և դպրոցական հոգեբանների շրջանում։
Երկու կամ երեք համայնքներում 8–10 մասնագետների հետ խորքային հարցազրույցների միջոցով հետազոտությունը կանդրադառնա ընտանեկան և գենդերային հիմքով բռնության վերաբերյալ նրանց գիտելիքներին ու պատկերացումներին, մասնագիտական փորձին և արձագանքման գործելակերպին, ինչպես նաև լրացուցիչ վերապատրաստման և աջակցության կարիքներին։
Հաշվի առնելով, որ որոշ համայնքներում ընտանեկան բռնության դեպքերը դեռևս բավարար չափով բացահայտված չեն, և դրանց համարժեք արձագանք չի տրվում, իսկ մասնագետները հաճախ բախվում են սահմանափակ ռեսուրսների և մասնագիտացված գիտելիքների պակասի խնդրին՝ հետազոտության նպատակն է փաստագրել նրանց փորձառության կարևոր կողմերն ու առկա մարտահրավերները։
Հետազոտության արդյունքում կպատրաստվի կարճ վերլուծական զեկույց՝ հիմնական բացահայտումներով և առաջարկություններով։ Հնարավորության դեպքում արդյունքները կքննարկվեն նաև համապատասխան տեղական շահագրգիռ կողմերի հետ՝ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և աջակցության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը նախանշելու նպատակով։
Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16-օրյակին նվիրված առցանց իրազեկման արշավ – «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան», որը միավորում է Հայաստանում կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ու վերացմանը, կանանց իրավունքների պաշտպանությանը և գենդերային հավասարության խթանմանն ուղղված քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը կիրականացնի իրազեկման առցանց արշավ՝ Գենդերային հիմքով բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակում։
Արշավը կանդրադառնա կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերին, այդ թվում՝ ընտանեկան բռնությանը և ֆեմիցիդին, ինչպես նաև գենդերային կարծրատիպերին և բռնության վերաբերյալ տարածված միֆերին։
Կոալիցիայի սոցիալական մեդիայի հարթակներում տարածվող փաստահեն տեղեկատվական և վերլուծական հրապարակումների, տեսողական նյութերի և կարճ տեսանյութերի միջոցով արշավը կնպաստի բռնության համակարգային պատճառների, բռնությունից տուժած անձանց իրավունքների և հասանելի աջակցության ու պաշտպանության մեխանիզմների, այդ թվում՝ թեժ գծերի և համապատասխան ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։
Արշավը նաև կընդգծի բռնության կանխարգելման և դրան արձագանքելու գործում պետական հաստատությունների և հասարակության պատասխանատվությունը, մարտահրավեր կնետի վնասակար կարծրատիպերին և կխրախուսի հանրային ներգրավվածությունն ու քննարկումները։
«Մի՛ մեղադրիր նրան․ փոխի՛ր պատմությունը» – Անահիտ Պետրոսյան և Ժենյա Կարապետյան
Ծրագիրն իրականացվելու է Արագածոտնի մարզում: Այն նպատակ ունի մարտահրավեր նետելու զոհին մեղադրելու մոտեցումներին և գենդերային հիմքով բռնությունը բնականոնացնող սոցիալական նորմերին՝ ինտերակտիվ ֆեմինիստական աշխատարանի և ստեղծագործական երկխոսության միջոցով ներգրավելով 18–30 տարեկան 25–30 երիտասարդի։
Խմբային քննարկումների, մեդիագրագիտության վարժությունների, դերային խաղերի, իրական իրավիճակների և սոցիալական մեդիայի բովանդակության վերլուծության միջոցով մասնակիցները կուսումնասիրեն, թե ինչպես են առօրյա լեզուն և գենդերային կարծրատիպերը բռնության պատասխանատվությունը տեղափոխում բռնություն գործադրողից դեպի բռնությունից տուժած անձը՝ նպաստելով լռության և ամոթի ձևավորմանը։
Աշխատարանի ընթացքում կքննարկվեն նաև սոցիալական և տնտեսական այն խոչընդոտները, որոնք կարող են խանգարել բռնության ենթարկվող անձանց դուրս գալ բռնարար հարաբերություններից։
Մասնակիցները կվարժվեն զոհին մեղադրող արտահայտությունները վերափոխել աջակցող և բռնությունից տուժած անձի կարիքներն ու փորձառությունը կենտրոնում պահող լեզվի։ Նրանք համատեղ կմշակեն առնվազն տասը ֆեմինիստական ուղերձ սոցիալական մեդիայի համար և «Փոխի՛ր պատմությունը» խորագրով տեսողական արշավ։
«Աշտարակն ընդդեմ գենդերային հիմքով բռնության» – Լուիզա Ղարիբյան
Ծրագիրն իրականացվելու է Աշտարակում։ Այն նպատակ ունի բարձրացնելու գենդերային հիմքով բռնության տարբեր ձևերի վերաբերյալ իրազեկվածությունը, մարտահրավեր նետելու վնասակար կարծրատիպերին և ամրապնդելու համայնքային աջակցության մեխանիզմները՝ չորս գործողությունների միջոցով։
Դրանք ներառում են հանրային իրազեկման միջոցառում՝ տեղեկատվական նյութերի, թեժ գծերի կոնտակտների և խորհրդանշական նարնջագույն պարագաների տարածմամբ, կանանց և երիտասարդների համար ինտերակտիվ սեմինար՝ բռնության ճանաչման, իրավական պաշտպանության և հոգեբանական աջակցության թեմաներով, տեղի դպրոցականների և արվեստի դպրոցի սաների աշխատանքների ցուցահանդես-մրցույթ, որտեղ նրանք կներկայացնեն բռնությունից զերծ և անվտանգ համայնքի իրենց պատկերացումները, ինչպես նաև կլոր սեղան-քննարկում՝ տեղական ինքնակառավարման մարմինների, ոստիկանության, սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ։
Նախաձեռնության ակնկալիքն է անմիջականորեն ներգրավել առնվազն 60 մասնակցի և 15–20 երիտասարդ արվեստագետի՝ միաժամանակ խթանելով հասանելի աջակցության ծառայությունների վերաբերյալ գործնական գիտելիքները, երիտասարդների մասնակցությունը և գենդերային հիմքով բռնության կանխարգելման ու դրան արձագանքման գործում տեղական շահագրգիռ կողմերի համագործակցությունը։
«Նորմա՞լ է, թե՞ մենք ենք նորմալացրել» – «Հաջողակ կին» ՀԿ
Ծրագրի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածությունը մտերիմ հարաբերություններում հոգեբանական, թվային և տնտեսական բռնության վերաբերյալ՝ բացահայտելով առօրյա վերահսկող վարքագծի դրսևորումները, որոնք հաճախ բնականոնացվում են՝ ներկայացվելով որպես սիրո, հոգատարության կամ ընտանեկան ավանդույթների արտահայտություն։
Այն կմիավորի փողոցի հարցազրույցները, հանրային քննարկումները, փորձագիտական մեկնաբանությունները և սոցիալական մեդիայի արշավը։
Տարբեր տարիքի և սոցիալական խմբերի կանայք ու տղամարդիկ կհրավիրվեն պատասխանելու այնպիսի վարքագծերի վերաբերյալ հարցերի, ինչպիսիք են զուգընկերոջ հեռախոսը ստուգելը, նրա գտնվելու վայրը վերահսկելը, հագուստի ընտրությունը սահմանափակելը և սեփական եկամուտներին հասանելիությունը վերահսկելը։
Հոգեբանը կամ գենդերային հիմքով բռնության կանխարգելման մասնագետը կներկայացնի այդ վարքագծերի հնարավոր ռիսկերը՝ բացատրելով վերահսկող վարքագծի և փոխադարձ հոգատարության ու հարգանքի տարբերությունը։
Ծրագրի արդյունքում սոցիալական մեդիայի համար կպատրաստվի 5–7 կարճ տեսանյութ։ Դրանց նպատակն է մարտահրավեր նետել վնասակար գենդերային կարծրատիպերին, խթանել անձնական սահմանների և հավասարության նկատմամբ հարգանքը, ինչպես նաև տեղեկացնել բռնության ենթարկվող կամ դրա վտանգի առջև կանգնած անձանց համար հասանելի աջակցության և պաշտպանության մեխանիզմների մասին։
«Բավական․ եռօրյա դասընթաց՝ ընդդեմ գենդերային հիմքով բռնության և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների» – Ադո Բադալյան, «Բավական» ֆեմինիստական նախաձեռնության հիմնադիր
Ծրագիրն իրականացվելու է Սիսիանում: Լրագրության ուսանող և «Բավական» ֆեմինիստական նախաձեռնության հիմնադիր Ադո Բադալյանի ղեկավարությամբ այն նպատակ ունի բարձրացնելու երիտասարդների իրազեկվածությունը գենդերային հիմքով բռնության, գենդերային կարծրատիպերի և սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների վերաբերյալ, ինչպես նաև զարգացնելու բռնությունը ճանաչելու և կանխարգելելու նրանց հմտությունները։
Նոյեմբերի 27–29-ը նախատեսվող եռօրյա ինտերակտիվ դասընթացին կմասնակցի 15–25 երիտասարդ։ Այն կներառի խմբային աշխատանքներ, քննարկումներ, դեպքերի ուսումնասիրություն, դերային խաղեր, բանավեճեր և ստեղծագործական վարժություններ։
Անդրադարձ կարվի գենդերային հիմքով բռնության տարբեր ձևերին և անառողջ հարաբերությունների դինամիկային, կքննարկվեն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, տղա երեխային նախապատվություն տալու երևույթը և դրանց հիմքում ընկած սոցիալական կարծրատիպերն ու ճնշումները՝ առանց կանանց մեղադրելու կամ խարանելու։ Կանդրադառնան այն հարցին, թե ինչպես կարող են երիտասարդներն աջակցել բռնությունից տուժած անձանց և նպաստել իրենց համայնքներում իրազեկվածության բարձրացմանը։
Մասնակիցները կմշակեն նաև իրազեկման նյութեր և փոքր համայնքային արշավների գաղափարներ՝ նպաստելով նախաձեռնության ազդեցության ընդլայնմանը դասընթացից հետո։
«Փակ դռների հետևում․ խզելով լռությունը քվիր հարաբերություններում զուգընկերոջ կողմից բռնության շուրջ» – Քվիրլաբ
Ծրագրի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը նույնասեռ և քվիր հարաբերություններում զուգընկերոջ կողմից բռնության վերաբերյալ։ Այս խնդիրը հաճախ մնում է չճանաչված և բավարար ուշադրության չի արժանանում, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ համայնքներում։
Նախաձեռնությունը կներառի իրազեկման առցանց արշավ՝ 12 ինքնատիպ նկարազարդումներով, որոնք կանդրադառնան հուզական մանիպուլյացիային, գազլայթինգին, հարկադրող վերահսկողությանը, մեկուսացմանը, անձի սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը նրա կամքին հակառակ բացահայտելու սպառնալիքներին, սեռական հարկադրանքին, համաձայնությանը և անձնական սահմաններին։ Նկարազարդումները կտարածվեն սոցիալական մեդիայում հայերենով և կվերածվեն նաև տպագիր սթիքերների՝ ավելի լայն տարածման նպատակով։
Դեկտեմբերի 1-ին Քվիրլաբը Երևանում կկազմակերպի նաև ինտերակտիվ աշխատարան և համայնքային քննարկում՝ շուրջ 18–20 մասնակցի համար։ Հիմնվելով ֆեմինիստական և միջհատվողական, բռնությունից տուժած անձի կարիքները կենտրոնում պահող մոտեցման վրա՝ ծրագիրը նպատակ ունի մարտահրավեր նետելու տարածված թյուրըմբռնումներին, խորացնելու բռնության և առողջ հարաբերությունների վերաբերյալ ընկալումները, ինչպես նաև խթանելու չդատող աջակցությունը, համերաշխությունը և առավել ապահով տարածքների ձևավորումը Հայաստանի քվիր համայնքում։