You are currently viewing ֆիլիա հիմնադրամի այցը Հայաստանում կանանց հիմնադրամ

ֆիլիա հիմնադրամի այցը Հայաստանում կանանց հիմնադրամ

 

Մայիսի 2-5-ը Հայաստանում կանանց հիմնադրամում հյուրընկալել էինք մեր գործընկեր գերմանական ֆիլիա հիմնադրամին և նրանց դոնորների խմբին: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ՀԿՀ գործունեությանը, գործընկեր(ուհի)ներին, նրանց աշխատանքային ուղղություններին, մարտահրավերներին ու խոչընդոտներին, գրանցած հաջողություններին և այլն: 

 

Մայիսի 2-ին ՀԿՀ գրասենյակում տեղի ունեցավ խմբի հետ առաջին հանդիպումը, որի ընթացքում Հիմնադրամի թիմը ծանոթացավ խմբին, նրանց պատմեցինք Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների մասին:

 

Օրվա երկրորդ կեսին մեզ միացան նաև Հիմնադրամի տարբեր գործընկերուհիները, որոնք պատմեցին իրենց ֆեմինիստական գործունեության, Հիմնադրամի հետ համագործակցության, ընթացիկ մարտահրավերների ու ձեռքբերումների մասին:

 

Մայիսի 3-ին միասին այցելեցինք Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն, որտեղ կենտրոնի աշխատակիցներ Տաթևիկ Աղաբեկյանն ու Ինեսսա Ադիլխանյանը ներկայացրին կենտրոնի գործունեությունը, սեռական բռնության ընդհանուր իրավիճակը Հայաստանում, օրենսդրական ու կրթական համակարգի բացերը և այլն:

 

Այնուհետև այցելեցինք նաև Կանանց կենտրոն. Շուշի: Կենտրոնի ղեկավար Գայանե Համբաձումյանը պատմեց պատերազմի հետևանքով կենտրոնի առջև ծառացած մարտահրավերների, տեղահանված կանանց հիմնախնդիրների մասին:

 

Օրվա երկրորդ մասում նախատեսված էր ֆեմինիստական շրջայց Երևանում մեր հյուրերի համար: Ինչպես գիտեք, ՀԿՀ «Ֆեմպատում» ծրագրի շրջանակներում այս տարի ստեղծվել է Երևանի ֆեմինիստական քարտեզը, որի հիման վրա էլ մեր հյուրերի համար շրջայց կազմակերպեցինք՝ անցնելով այն բոլոր տարածքներով, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանում ֆեմինիստական շարժման տեսանկյունից:

 

Մայիսի 4-ին մեկնեցինք Գյումրի, որտեղ մեզ հյուրընկալեցին մեր գործընկերուհիները Կանանց իրավունքների տուն հկ-ից: Նրանց գրասենյակում հանդիպեցինք Շիրակի մարզի մեր մյուս գործընկերուհիներին, զրուցեցինք նրանց ծրագրերից, կանանց իրավունքների ուղղությամբ նրանց պայքարից:

 

Գյումրիում մեր հյուրերի հետ այցելեցինք նաև Մարիամ և Երանուհի Ասլամազյանների պատկերասրահ, որտեղ նրանք ծանոթացան կին արվեստագետների աշխատանքներին, դրանց ֆեմինիստական տարրերին:

 

Մայիսի 5-ին՝ այցի վերջին օրը, մեկնեցինք Աշտարակ՝ Սիլիհտարի պարտեզներ: Ինչպես գիտեք, Սիլիհտարի պարտեզներ կոչվող վայրը Հայաստանում կանանց հիմնադրամի ամոքման կենտրոնն է, որը դեռևս վերանորոգման փուլում է: Այստեղ մեր հյուրերին ներկայացրինք տարածքի գաղափարը, կանանց համար ապահով և կոլեկտիվ հանգստի միջավայր ստեղծելու կարևորությունը: 

 

Այնտեղ մեր գործընկերուհի Գոհար Խաչատրյանը խմբի համար անցկացրեց ինքնապաշտպանության դասընթաց՝ տեսական ու գործնական տարրերի համադրությամբ: Ընթացքից կադրերը կարող եք տեսնել ստորև:

 

Ամփոփելով մեր գործընկերուհիների այցը՝ կարող ենք նշել, որ շատ հետաքրքիր ու հագեցած շաբաթ ունեցանք, որի ընթացքում փորձեցինք նրանց հնարավորինս ծանոթացնել մեր ու մեր գործընկերուհիների գործունեությանը:

 

Հ.Գ. Ի դեպ, մեր գերմանացի գործընկերուհիներին նվիրեցինք Հրազդանի Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնի անդամ կանանցից մեկի կողմից պատրաստված էկո պայուսակներ: Նա պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված կին է: Եթե հավանեցիք աշխատանքը, կարող եք գրել կենտրոնի էջին և այդպիսով աջակցել թե՛ կենտրոնին, թե՛ դրա անդամներին: