ՖԵՄԹԵՐԹ (հունվար-ապրիլ, 2025 թ.)

Ողջու՜յն,

Վերադարձել ենք՝ կիսվելու երկար սպասված նորություններով։ Այս համարում ամփոփել ենք այն ամենը, ինչ կատարվել է այս տարվա առաջին քառորդի ընթացքում և արժանի ենք համարում ներկայացնելու ձեր ուշադրությանը։ Մաղթում ենք հաճելի ընթերցում։

Համարը սկսենք նախորդ տարվա ամփոփումով։ 2024-ին միասին կարողացանք մի շարք նախագծեր իրագործել, ստեղծել հնարավարություններ Հայաստանի շատ աղջիկների ու կանանց համար՝ աջակցելով նրանց գաղափարների իրագործմանը:

Այս հղումով կարող եք կարդալ տարեկան ամփոփումը՝ հետադարձ հայացք նետելով մեր գործունեությանը:

Շարունակելով պատմել նախորդ տարվա մեր հրապարակումների մասին՝ առաջարկում ենք կարդալ 2024թ․ Գործընկերության գնահատումը, որի նպատակն է վերլուծել Հիմնադրամի և դրամաշնորհառու գործընկերների խմբերի միջև հաստատված գործընկերային հարաբերությունների ուժեղ և թույլ կողմերը:

Այն կարող եք կարդալ մեր կայքում՝ անցնելով այս հղումով։

Նաև ձեզ ենք ներկայացնում որոշ տվյալներ այն մասին, թե 2024 թվականին որոնք են եղել Կանանց հիմնադրամում դրամաշնորհների տրամադրման հիմնական միտումները։

Կարդացեք այն այստեղ։

Ի դեպ, 2024թ․ Կանանց հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացվել է 96 ծրագիր՝ ուղղված Հայաստանում ֆեմինիստական շարժման զարգացմանը, կանանց և աղջիկների զորեղացմանը մեր երկրի տարբեր մարզերում՝ փոքր գյուղերից մինչև խոշոր քաղաքներ։

Այսպիսով, հավատարիմ մնալով թափանցիկ և հաշվետու լինելու մեր սկզբունքին՝ վերլուծել ենք 2024-ին Հիմնադրամի կողմից ֆինանսավորված բոլոր ծրագրերը և փորձել հասկանալ՝ ինչքանով ենք կատարել մեր առջև դրած խնդիրներն ու մարտահրավերները:

Կարդացե’ք նախորդ տարվա ծրագրային ֆինանսական վերլուծությունը մեր կայքում՝ անցնելով այս հղումով։

Վերջապես ձեզ ենք ներկայացնում «Ֆեմինիստական շարժումը Հայաստանում բազմակողմանի ճգնաժամերի և նվաճումների միջև» հետազոտության արդյունքները, որն իրականացվել է Հայաստանում կանանց հիմնադրամի կողմից 2022-2023 թվականներին՝ հետպատերազմական և ընթացիկ ճգնաժամերի շրջանում, և ամփոփում է իրականացված 33 հարցազրույց՝ Հայաստանում կանանց/ֆեմինիստական շարժման ներկայիս իրավիճակը հասկանալու համար։

Հետազոտությունը հասանելի է մեր կայքում՝ այս հղումով։

Գիտենք՝ երկար եք սպասել այս նորությանը✨

Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի ժամանակակից աշխատավորուհու նոր համարն արդեն պատրաստ է: Այն արդյունքն է մեր ու մեր գործընկերուհիների ամիսների աշխատանքի՝ նվիրված մեր իրականության մեջ կանանց ու համակարգայնորեն անտեսված խմբերի խնդիրների քննարկմանը: Համարը ներառում է բազմազան պատմություններ, զրույցներ, քննադատություններ ամենատարբեր կանանց կողմից ու նրանց մասին:

Թերթի անվճար օրինակը կարող եք վերցնել մեր գրասենյակից՝ նախապես գրելով մեր սոցիալական էջերին։

Այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես կարելի է ավելի մեծ արդյունքների ու ազդեցության հասնել հենց հիմնադրամներին անգամ ամենաչնչին նվիրատվություններ անելով։ «Ֆիլանթրոպիայի կամ ֆիլանթրոպիկ հարաբերությունների մեջ ամեն մարդ կարող է լինել կյանքում առնվազն մեկ անգամ՝ դրա ամենատարբեր կողմերից»։ Ճիշտ պահը հիմա է։ Կարդացեք հոդվածը և եթե որոշեք նվիրատվություն անել, կայքում կկարողանաք հեշտությամբ գտնել համապատասխան բաժինը և ձեր ներդրումն ունենալ մեր գործունեության մեջ։


Հիմա անցնենք մեր գործունեության առանցքային ուղղություններից մեկին՝ դրամաշնորհներին։ Այս տարի արդեն հայտարարել ենք 3 մրցույթ, որոնց մանրամասները՝ ստորև․

Ֆեմինիստական միջոցառումների բաց կանչ

Արդեն իսկ մեր կայքում հասանելի է տարվա ֆեմինիստական միջոցառումների երեք ուղղություններով դրամաշնորհների հայտարարությունները՝

  1. «Կանանց իրավունքների օր՝ ամեն օր․ մարտի 8-ի միջոցառումներ»,
  2. «Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան (Հոկտեմբերի 1)»,
  3. «Ֆեմինիստական միջոցառումներ՝ նվիրված Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին (նոյեմբերի 25 – դեկտեմբերի 10)»:

Կից հղումով կարող եք ծանոթանալ յուրաքանչյուրի մանրամասներին և արդեն մտածել դեռևս առկա դրամաշնորհներին դիմելու մասին։

Իսկ այս հոդվածում ձեզ ենք ներկայացնում «Կանանց իրավունքների օր՝ ամեն օր․ մարտի 8-ի միջոցառումներ» դրամաշնորհի արդյունքում ընտրված բազմազան ծրագրերը՝ հացի ցուցադրությունից մինչև ֆուտբոլի կազմակերպում, դրեգ միջոցառում, երաժշտական փառատոն և այլն:  Ի դեպ, անցկացված միջոցառումների աշխարհագրությունն էլ նույքան բազմազան է և ընդգրկում է ինչպես մայրաքաղաք Երևանը, այնպես էլ մարզերը։

Կլիմայի թեմայով դասընթացներ

Մարտի վերջին հայտարարեցինք ևս մեկ նոր դրամաշնորհային ուղղության մասին, որը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ենթադրում, այլ շատ ավելին՝ կարողունակությունների զարգացում, որը միտված է լինելու կլիմայի և գենդերային արդարության շարժումների ամրապնդմանը Հայաստանում։ Կարողությունների զարգացման թեմատիկ դասընթացները մեկնարկելու են մայիս ամսվանից, իսկ դրանց հաջորդելու է դրամաշնորհի հայտարարությունը: Մեր հաջորդ համար կներակայացնենք արդյունքների մասին:


Վերջերս ջերմ հանդիպում ունեցանք դեռահաս աղջիկների խմբի մեր նոր գործընկերուհիների հետ: Հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, ներկայացրին իրենց նախաձեռնությունները, կիսվեցին իրենց փորձով և ծրագրերի իրականացման ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքներով և նոր հմտություններով, ֆեմինիստական ֆիլանթրոպիայի մասին իրենց մտքերով և առաջարկներով: Ծրագրերի ներկայացման համատեքստում ծավալվեցին քննարկումներ այն խնդիրների վերաբերյալ, որոնց բախվում են դեռահաս աղջիկները Հայաստանում՝ բուլինգից մինչև սննդային վարքի խանգարումներ և գենդերային խտրականություն և շատ ավելին։


Այս ամիս ՀԿՀ համահիմադիրներն ուսումնական այցով Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում էին: Այնտեղ մեզ հյուրընկալել էր դանիական Կվինֆո ընկերությունը, որը գենդերային հավասարության ուղղությամբ աշխատող կենտրոն է: Այցի ընթացքում ծանոթացանք գենդերային հավասարության և ֆեմինիստական գործունեության սկանդինավյան փորձառությանը:

Իսկ այս օրերին ՀԿՀ համահիմնադիր Գոհար Շահնազարյանը գտնվում է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ մասնակցելու EDGE համաժողովին: Այս տարվա համաժողովը կենտրոնանում է արդարության համար պայքարող շարժումների առաջնորդների առջև ֆինանսավորողների հաշվետվողականության վրա, ինչպես նաև համակարգային փոփոխությունների նկատմամբ դոնորների իրական հանձնառության վրա:

Եվ վերջում՝ տարվա նորությունը 🎉

Ուրախ ենք հայտարարել նոր նախաձեռնության՝ Ֆեմինիստական ակադեմիայի մեկնարկի մասին։

Ֆեմինիստական ակադեմիան կառաջարկի թեմատիկ դասընթացներ ուսանողների, հետազոտողների, գիտնականների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, միջազգային կազմակերպությունների և գենդերային ու կանանց ուսումնասիրություններով հետաքրքրված քաղաքականություն մշակողների համար:

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.