Կինոն միշտ եղել է մեր կյանքի հայելին, սակայն բավականին երկար ժամանակ կանանց պատմությունները ներկայացվել են այլոց աչքերով: Ձեզ ենք ներկայացնում 13 ֆիլմ, որոնք փոխում են դա ու կանանց ներկայացնում այնպիսին, ինչպիսին նրանք կան` բարդ, խիզախ ու զարմացնող կերպարներ:
1. Լեդի Բըրդ (2017) – հասունացման քաոտիկ ու սիրուն աշխարհը
Գրետա Գերվիգի այս ֆիլմը պատմում է դեռահաս Քրիստինի մասին, որը շարունակ կոնֆլիկտների մեջ է իր մոր հետ ու միաժամանակ փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում այս կյանքից: Այս ֆիլմը ոչ կատարյալ հարաբերությունների, ինքնաբացահայտման ու տնից հեռանալու դառնաքաղցր պրոցեսի մասին է:
2. Ֆրենսիս Հա (2012) – անկատար կինը
Լեդի Բըրդի պես Ֆրենսիս Հա-ն նույնպես երիտասարդ կնոջ` սեփական ինքնության որոնման մասին է, որն այստեղ ուսումնասիրվում է ընկերության ու արտիստիկ նկրտումների տեսանկյունից: Նոա Բաումբախի սև ու սպիտակ այս ֆիլմը Ֆրենսիսի մասին է` Նյու Յորքում բնակվող փոքր-ինչ տարօրինակ ու հմայիչ պարուհու, որն անցնում է մեծահասակ կյանքից բխող խնդիրների միջով: Ֆիլմը ցույց է տալիս, որ պարտադիր չէ կյանքում «ամեն ինչից գլուխ հանել», այլ հարկավոր է ընդունել անորոշությունը, քանի որ կյանքին իմաստ հաղորդելու համար կատարյալ սցենար ունենալը պարտադիր պայման չէ:
3. Անկման անատոմիա (2023) – երբ հարցականի տակ է դրվում կնոջ ճշմարտությունը
Անկման անատոմիան մեզ տեղափոխում է դեպի դատարանային դրամա, որտեղ քննության առարկան կնոջ ամբողջ կյանքն է: Զանդրա Հյուլերը գրող է, որը մեղադրվում է ամուսնու սպանության մեջ։ Ֆիլմը բացահայտում է, թե ինչպես է հասարակությունը քննադատաբար վերաբերվում կանանց զգացմունքներին, ձգտումներին և հարաբերություններին՝ ստիպելով մեզ հարցնել. «Արդյո՞ք կինը երբևէ կարող է լիովին անմեղ լինել աշխարհի աչքում»։
4. Մեր պատմած պատմությունները (2012) – ո՞վ է վերահսկում պատմությունը
Կանանց ճշմարտության քննադատության թեման շարունակվում է այս ֆիլմում, որը վավերագրական ժանրի է: Այստեղ Սառա Փոլին բացահայտում է սեփական ընտանիքի գաղտնիքները` հարցականի տակ դնելով, թե ինչպես են պատմությունները, հատկապես կանանց մասին, ձևավորվում ուրիշների կողմից։ Եթե երբևէ զգացել եք, որ ճշմարտությունը ձեզ է վերագրվել ուրիշի կողմից, ապա այս ֆիլմը կհետաքրքրի ձեզ:
5. Հարիեթ (2019) – անկոտրում կինը
Այս ֆիլմում անձնական պատմությունից անցում ենք կատարում պատմական իրադարձության ու հերոսուհու պատմական ժառանգության: Հարիեթը հիշեցում է այն մասին, որ քաջությունը վախի բացակայությունը չէ, այլ գործելը` ի հեճուկս վախի: Հարիեթ Թաբմանի՝ ստրկությունից փախուստի ու դրա դեմ ուղղված պայքարը վկայություն է այն բանի, թե ինչի կարող են հասնել կանայք, երբ հրաժարվում են ընդունել անարդարությունը։ Ֆիլմի հիմքում իրական պատմական իրադարձություններ են:
6. Ողջ գեղեցկությունն ու արյունահեղությունը (2022) – արվեստը որպես պայքարի միջոց
Արվեստը հաճախ է կանանց համար ծառայել որպես պայքարի գործիք: Այս վավերագրական ֆիլմը լուսանկարիչ և ակտիվիստ Նան Գոլդինի մասին է, որը պայքարում է օփիոիդային ճգնաժամի դեմ: Սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ արվեստը և դիմադրությունը միմյանց կապված են։ Գոլդինը փաստագրում է լուսանցքում մնացած կյանքերի մասին և ցույց տալիս, որ արվեստի միջոցով իսկապես հնարավոր է փոխել աշխարհը:
7. Մեկը երգում է, մյուսը` ոչ (1977) – քույրությունը երգերի մեջ
Ագնես Վարդայի այս քնարական ֆիլմը պատմում է երկու կնոջ մասին, որոնք աջակցում են միմյանց մայրության, աբորտի իրավունքների և անձնական ազատության հարցերում։ Դրա ուղերձն այն է, որ կանանց միջև համերաշխությունը ոչ միայն օգտակար է, այլև հեղափոխական։
8. Հավերժ Լիլյա (2002) – աշխարհի կողմից մոռացված աղջնակը
Վարդայի լավատեսությանը հակադրենք Հավերժ Լիլյա ֆիլմի ռեալիզմը: Լուկաս Մուդիսոնի այս ցնցող ֆիլմը մի երիտասարդ աղջկա` սեռական շահագործման պատմությունն է: Սա դաժան ֆիլմ է, բայց անհրաժեշտ է դիտել այն, քանի որ բացահայտում է, թե ինչպես են աղքատությունն ու անտեսումը կանանց ու հատկապես երիտասարդ աղջիկներին դարձնում խոցելի, և թե ինչու ֆեմինիզմը պետք է պայքարի համակարգայնորեն անտեսված խմբերի համար։
9. Հեռանկարային երիտասարդ կինը (2020) – վրեժի ֆանտազիա, որ կցնցի ձեզ
Էմերալդ Ֆենելի պրովոկատիվ այս թրիլլերում Քերի Մալիգանը մարմնավորում է մի կնոջ, որը պատժում է բռնարար տղամարդկանց։ Սա կատարսիս է բոլոր նրանց համար, ովքեր երբևէ ցանկացել են պատասխանատվության ենթարկել մեղավորներին։
10. Վանդակը թռչուն է փնտրում (2024) – հայրիշխանության կապանքները
Մալիկա Մուսալիևայի այս ֆիլմը ժամանակակից Չեչնիայի կյանքից է: Այն պատմում է կովկասյան մի փոքրիկ գյուղում բնակվող երկու ընկերուհիների մասին, որ սիրում են դասերից հետո թափառել գյուղի դաշտերում: Սակայն, որքա՞ն ժամանակ հայրիշխանական համակարգը ազատ կթողնի աղջիկներին` վայելելու իրենց դեռահասությունը:
11. Դանիացի աղջիկը (2015) – գտնել ինքդ քեզ` ընդդեմ ամբողջ աշխարհի
Մեկ այլ տեսակի պայքարի` սեփական մարմինը տնօրինելու իրավունքի մասին է Դանիացի աղջիկը ֆիլմը: Սա Լիլի Էլբեի հուզիչ պատմությունն է ու նրա` գենդերային վերափոխման թերապիայի փորձառությունը: Այս ֆիլմը հիշեցում է այն մասին, որ ֆեմինիստական պայքարն ամբողջական չէ առանց տրանս անձանց իրավունքների պայքարի:
12. Նայադ (2023) – երբ հանձնվելը տարբերակ չէ
Սա կենսագրական ֆիլմ է Դայանա Նայադի մասին: Նա առաջին մարդն էր, որը լողացել է Կուբայից մինչև Ֆլորիդա` կտրելով 177կմ ու դա անելով 64 տարեկանում։ Նրա անդրդվելի ձգտումը մեզ սովորեցնում է, որ ժամանակը խոչընդոտ չի կարող լինել կնոջ ձգտումների դեմ:
13. Լինում է, չի լինում (2024) – պատերազմն ու կանայք
Եվ վերջում առաջարկում ենք հայկական ֆիլմ: Էմիլի Մկրտչյանի այս ֆիլմը էկրան բարձրացավ անցյալ տարի: Սա ֆիլմ է արցախցի չորս կնոջ մասին, որոնք պատերազմի անորոշության պայմաններում շարունակում են իրենց կյանքով ապրել` հուսալով, որ մի օր իրենց տունն էլ ապահով տեղ կդառնա:
Այս ֆիլմերը մեզ ցույց են տալիս, որ աշխարհին կարելի է նայել նաև այլ ոսպնյակներով` ապստամբ դեռահասի, տառապող արտիստի, ինքնության փնտրտուքի միջով անցնողի և այլն: Սրանք բոլորը ևս մեկ անգամ հիշեցումնում են մեզ, որ չկա կին լինելու մեկ ընդհանուր տիեզերական բանաձև. յուրաքանչյուրս ունի իր բանաձևը, որը պետք է հարգել ու ընդունել: