ՖեմԹերթ (Հունվար-Ապրիլ, 2023թ.)

Ամփոփելով անցած չորս ամիսները՝ Հայաստանում կանանց հիմնադրամը ներկայացնում է դրանց ընթացքում տեղի ունեցած կարևոր իրադարձություններն ու հանդիպումները։

Տարեսկզբին հրապարակել ենք «Կոլեկտիվ հոգատարություն. կարիքների գնահատման տվյալների ամփոփում» զեկույցը, որն ուղղված էր Հայաստանում կանանց հիմնադրամի գործընկեր կազմակերպությունների շրջանում ամոքման, ինքնախնամքի և կոլեկտիվ հոգատարության ու խնամքի վերաբերյալ պատկերացումների, պրակտիկաների և կարիքների վերհանմանը։ Զեկույց կարող եք կարդալ այստեղ։

Հիշեցնում ենք, որ Հայաստանում կանանց հիմնադրամը Աշտարակ քաղաքում ստեղծում է կոլեկտիվ հոգատարության և ամոքման կենտրոն՝ «Սիլիհտարի պարտեզներ» անվանումով: Կենտրոնի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, շուտով կսկսվեն վերանորոգման աշխատանքները: Կարող եք հետևել կենտրոնի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին՝ ծանոթանալու ինքնահոգատարության ու կոլեկտիվ հոգատարության թեմաներով հրապարակումներին:

Այս ամիսների ընթացքում հայտարարել ենք դրամաշնորհի 4 հնարավորություն։ Այդ թվում՝

  1. Դրամաշնորհ 40-ն անց կանանց համար. Պայմանավորված Հայաստանում կանանց հիմնադրամի՝ կանանց ավելի ուշ տարիքում հզորացնելու և նրանց ձայնը լսելի դարձնելու ջանքերով՝ դեռևս անցած տարի հայտարարել էինք դրամաշնորհ 40-ն անց կանանց համար: Ստացել էինք 75 հայտ: Արդյունքում ընտրված 15 նախաձեռնությունները ընթացքի մեջ են կամ արդեն ավարտվել են:
  2. «Կանանց իրավունքների օր՝ ամեն օր» խորագրով դրամաշնորհի նպատակն էր աջակցել այն ֆեմինիստական նախաձեռնություններին, որոնք միտված կլինեին վերաիմաստավորելու մարտի 8-ի դերը և վերադարձնելու դրա իրական նշանակությունը: Արդյունքում ընտրվեցին և իրականացվեցին մի շարք ծրագրեր, որոնց ծանոթանալ կարող եք այստեղ:
  3. Ֆեմինիստական էսսեների մրցույթը հայտարարվել է մարտին՝ «Ինչպե՞ս են պատերազմներն ազդում կանանց և համակարգերի կողմից անտեսվող խմբերի վրա» թեմայով։ Ընտրվել են 4 հայտադիմումներ, իսկ վերջնական էսսեները պատրաստ կլինեն առաջիկայում։
  4. «Պատերազմների և հակամարտությունների ազդեցությունը կանանց և  համակարգերի կողմից անտեսվող խմբերի վրա» խորագրով դրամաշնորհը հայտարարվել է բոլորովին վերջերս՝ ապրիլ ամսին։ Դրամաշնորհի նպատակն է աջակցել կանանց ձայնը խաղաղության և անվտանգության հարցերում ավելի լսելի դարձնելու ֆեմինիստական կազմակերպությունների և նախաձեռնությունների ջանքերին։ Արդյունքները հայտնի կլինեն մայիս ամսվա ընթացքում:

2023 թվականի կարևոր իրադարձություններից մեկն էր Հիմնադրամի «Ֆեմպատում» ծրագրի շրջանակներում Երևանի քարտեզագրումը՝ հիմնված ֆեմինիստական շարժման պատմության և ֆեմինիստների հիշողությունների վրա։ Այն պետք է բացել համակարգչով, իսկ հեռախոսի դեպքում՝ Google Earth հավելվածով: Այն կարող եք դիտել անցնելով այս հղումով։

Տարեսկզբից Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանի տարբեր շրջաններում մի շարք ծրագրեր են ընթանում, որոնք ուղղված են 40-ն անց կանանց ինքնախնամքին, հնարավորություններին, երիտասարդ աղջիկների ինքնապաշտպանությանը, կանանց ներանձնային փոխհարաբերություններին և այլն։ Իրականացված և առայժմ ընթացքի մեջ գտնվող բոլոր ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ։

2023-ը սկսել ենք կարևոր հանդիպումներով։ Փետրվարի 16-ին Հայաստանում կանանց հիմնադրամում հյուրնըկալել էինք 40-ն անց կանանց ծրագրի շրջանակներում նախաձեռնություններ իրականացնող գործընկերուհիներին։ Հանդիպման ընթացքում մի շարք հարցեր քննարկվեցին, որոնց փորձում ենք անընդհատ անդրադարձ անել մեր ամենօրյա գործունեության ընթացքում։ Այս հղումով կարող եք ծանոթանալ հանդիպման մանրամասներին։

Իսկ ապրիլի 17-ին հանդիպում էինք կազմակերպել սահմանամերձ շրջաններում բնակվող կանանց հետ: Նրանց մի մասը մեր գործընկերուհիներն էին, մյուսները՝ համայնքի ակտիվ ու հասարակական գործունեությամբ զբաղվող կանայք: Հանդիպման նպատակը սահմանամերձ համայնքներում բնակվող կանանց կարիքներին ու խնդիրներին ծանոթանալն էր, նրանց հուզող հարցերի մասին զրուցելու ապահով տարածք ստեղծելն ու համատեղ նախաձեռնությունների գաղափարներ ձևավորելը: Առաջիկայում ևս նախատեսում ենք նման ձևաչափով հանդիպումներ: Իսկ ստորև կարող եք տեսնել հանդիպման գրաֆիկական պատկերը:

Իսկ վերջում առաջարկում ենք ծանոթանալ, թե ինչ գրքեր է կարդում Հիմնադրամի թիմը՝ հայ ժամանակակից գրականությունից մինչև արտասահմանյան ֆեմինիստական գրականություն և ոչ միայն: Անցե՛ք այս հղումով ու ծանոթացեք ցանկին։