Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ընթացիկ ծրագրեր (հունվար-ապրիլ, 2023թ.)

May be an image of 4 people, people standing and indoor

Հայաստանում կանանց հիմնադրամի ֆինանսավորմամբ տարեսկզբից ընթանում են հետևյալ ծրագրերը.

Աստղացոլք ՀԿ – Կանանց ակումբի հանդիպումներ 

Ճամբարակում գտնվող Աստղացոլք ՀԿ թիմի կողմից նախաձեռնած կանանց ակումբի հետ սկսել ենք համագործակցել 2023 թվականից։ 40-ն անց կանանց ծրագրի շրջանակներում կանանց ակումբի անդամները շարունակում են հանդիպել շաբաթական մի քանի անգամ վերջին երկու ամիսների ընթացքում։ Հանդիպումների ընթացքում մասնակիցների կողմից քննարկվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են հանդուրժողականությունը, բռնությունը, 40-ն անց կնոջ ինքնավստահությունը, հնարավորությունները, ճգնաժամերի ներքին հաղթահարումը, հոբբիները 40-ից հետո և այլն։ Ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ հոգեբանի և գինեկոլոգի հետ։ Հանդիպումներն ուղեկցվում են արտ-թերապիայի մոտեցումներով։ 

Սվետոզառ ՀԿ – «Տարիքը միայն թիվ է»

Ծրագրի շրջանակներում մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվել 40-ն անց գյուղաբնակ կանանց դաշտանադադարի հետևանքով առաջացած առողջական խնդիրների և դրանք մեղմացնելու ու վերացնելու ուղղությամբ: Կազմակերպվել են հոգեբանական զրույցներ էմոցիաների, հույզերի առաջացման, դրսևորման և դրանց պատճառահետևանքային կապերի մասին, ձևավորել կանանց մոտ փոխօգնությունը, առողջ ներանձնային և միջանձնային հարաբերությունները կարևորելու դիրքորոշումներ: Նաև ներկայացվել են մի շարք հասկացություններ և դրանց բացատրությունները, ինչպիսիք են գենդերը, գենդերային դերերը, կարծրատիպերը և այլն։ Ծրագրին մասնակցություն է ունեցել Արարատի մարզից ավելի քան 220 կին։

Սաթիկ Բադեյան – կանանց տնտեսական ակտիվության խթանում, համայնքում նրանց խնդիրների վերհանում

Լճաշենի համայնքը հայտնի է իր պատմական հայտնագործություններով։ Սաթիկ Բադեյանի հետ համագործակցությունը սկսելով՝ մենք նույնպես նոր տեղեկատվություն ստացանք թե՛ համայնքի և թ՛ե հնագույն թագավորությունների գտածոների մասին։ Սաթիկ Բադեյանը տարիներ շարունակ փորձում է ակտիվացնել կանանց սոցիալական ձեռնարկատիրության տարբեր ոլորտներում։ Սաթիկը նաև Լճաշենում գտնվող «Էթիունի» անունը կրող հյուրատուն-ռեստորանի հիմնադիրն է։ Մեր այցելության ընթացքում Սևան համայնքի մի շարք կանայք մասնակցում էին գինեկոլոգի հետ հանդիպմանը։ 

Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն ՀԿ – Հրազդան 

Հրազդանում գտնվող և Կոտայքի մարզում կանանց աջակցման միակ կենտրոն հանդիսացող Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնի հետ Հիմնադրամը սկսել է համագործակցել 2023թ.-ից։ Համագործակցությունը ենթադրում է կազմակերպության ընթացիկ աշխատանքների, թիմի, ինչպես նաև կազմակերպության շահառուների կարողությունների զարգացման աջակցություն։ Ուրախ ենք սկսել համագործակցությունը։ Այցելության ընթացքում ծանոթացանք ՀԿ թիմին, խոսեցինք կազմակերպության տարբեր ծրագրերի, կարիքների և հետագա պլանների մասին։ Մեր այցելության հետ զուգահեռ Կենտրոնում տեղի էր ունենում հերթական վերապատրաստումը մարզային սոցալական աշխատողների հետ, որն իրականցվում էր Կենտրոնի մեկ այլ ծրագրի շրջնակներում:

Սաթենիկ Բալաբեկյան և Փիրուզա Պետրոսյան – Չարենցավան 

Սաթենիկ Բալաբեկյանը և Փիրուզա Պետրոսյանը Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակցուհիներ են, որոնք վերջին մի քանի տարիներին իրենց ֆորմալ աշխատանքից դուրս համայնքի համար իրականացրել են մի շարք սոցիալական ծրագրեր։ Երկուսն էլ ակտիվ կյանքով են ապրում՝ համատեղելով իրենց պատասխանատու աշխատանքն ու նվիրվածությունը համայնքին։ Փիրուզայի և Սաթենիկի հետ Հիմնադրամը սկսել է համագործակցել 2023-ից 40-ն անց կանանց ծրագրերի շրջանակներում։ Ուրախ ենք տեսնել, որ գործընկերուհիները Չարենցավանի խոշորացված համայնքի տարբեր կանանց հետ հանդիպումներ են կազմակերպում և խոսում մի շարք կարևոր հարցերի մասին, ինչպիսիք են գենդերային անհավասարությունները և դրանց ազդեցությունը կանանց կյանքերի ու որոշումների վրա, կանանց չիրականացած երազանքները, տարիքային ճգնաժամերը և այլն։ Հանդիպումների թեմաները բազմազան են. դրանց մեկնարկը տրվել է ապրիլի 5-ին։ Դրանց թվում են լինելու հանդիպումներ հոգեբանի, գինեկոլոգի, յոգայի մասնագետի հետ։ 

Արտ Հաուս կրթամշակութային ՀԿ

Կազմակերպության հետ Հիմնադրամը սկսել է համագործակցել 2023 թվականից։ «40 կամ ․․․ և այլն» խորագրով ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 40-ն անց կանանց մտավոր և հոգևոր առողջության պահպանմանը նվիրված աշխատարաններ բաց զրույց-քննարկումների տեսքով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ մտավոր առողջության հիմնախնդիրները, ինչպես հոգ տանել մտքի առողջության մասին, ինչպես խնամել հոգևոր առողջությունը և այլն։

May be an image of 8 people, people sitting and indoor

Գոհար Խաչատրյան

Գոհարը ինքնապաշտպանության դասընթացներ է անցկացրել Գյումրու 18 աղջիկների և երիտասարդ կանանց համար, որի ընթացքում մասնակիցներին տրամադրել է հմտություններ և գիտելիքներ, օգնել  նրանց կանխել և արդյունավետ կերպով արձագանքել անցանկալի իրավիճակներին՝ բանավոր ոտնձգություններից մինչեւ ֆիզիկակական բռնություն, ինչպես նաեւ հաստատել իրենց անձնական սահմանները եւ որոշումներ կայացնել, որոնք բխում են իրենց լավագույն շահերից: Մասնակիցները սովորել են ճանաչել վտանգավոր իրավիճակները, տարբեր հաղորդակցման հմտություններ, այդ թվում՝ ինչպես վստահ օգտագործել ասերտիվ ձայն եւ մարմնի լեզուն վտանգավոր իրավիճակներում, ինչպես առողջ սահմաններ դնել, ինչպես ասել «ոչ» եւ օգնություն խնդրել անհրաժեշտության դեպքում: Մասնակիցները նաև սովորել են ինքնապաշտպանության հինգ սկզբուքները եւ անհրաժեշտության դեպքում ինչպես ֆիզիկապես պատշպանել իրենց:

Սուսաննա Շահնազարյան

Սուսաննա Շահնազարյանն իրականցնում է ոչ ֆորմալ միջավայրում կանանց մասնակցությամբ քննարկումների շարք՝ «Երբ ես ավելի երիտասարդ էի թեմայով», որոնց ընթացքում կանայք պատմում են իրենց պատմությունները, թե ինչ է փոխվել իրենց կյանքում 40-ից հետո և ինչը կփոխեին իրենք, եթե հնարավոր լիներ։ Քննարկումների ընթացքում բարձրաձայնված հարցերի, պատմությունների մասին պատրաստվում են կարճ էսսեներ։ 

Հռիփսիմյանց շունչ ՀԿ

Հռիփսիմյանց շունչ ՀԿ-ն ազդարարել է «Հոգու թռիչք» խորագիրը կրող մարաթոնի մեկնարկը։ Ծրագրի նպատակն է բարձրացնել ստեփանավանցի 40-ն անց կանանց կյանքի որակը, որոնց մոտ շոշափելի են և արմատացած այնպիսի հարցեր, ինչպիսիք են ցածր ինքնագնահատականը, մարմնի և տարիքի բացասական ընկալումները, պասիվ կենսակերպը, ֆիզիկական և հուզական տարածքի բացակայությունը և այլն։

Դեմոկրատիան այսօր ՀԿ 

2022 թվականի ընթացքում Հայաստանում կանանց հիմնադրամը համագործակցել է Դեմոկրատիան այսօր ՀԿ հետ ծրագրային տարբեր ձևաչափերում։ Դրանցից մեկի ամփոփումը տեղի ունեցավ հունվարի 31-ին՝ «Հավասար իրավունք՝ հավասար պատասխանատվություն» գրքի աշխատանքի շնորհանդեսի և հետազոտության արդյքունքների ներկայացման տեսքով։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց ռազմական ոլորտի կին մասնագետների հետ իրականացված խմբային և անհատական հարցազրույցների ամփոփումը։ ՀԿ ներկայացուցիչները նշեցին նաև մի շարք առաջարկությունների մասին, որոնք կարևոր են ոլորտի բարելավման համար։ Հանդիպմանը ներկա էին Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ռազմական դպրոցների ուսանողուհիներ, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ 

May be an image of 7 people and people standing

Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ 

Հունվարի 31-ին տեղի ունեցավ երկար սպասված շահեկիցների հանդիպումը, որը կազմակերպվել էր Իրավական նախաձեռնությունների կենտրոն ՀԿ կողմից։ Հանդիպումը կրում էր «Քրեական արդարադատության համակարգում ՔՈՎԻԴ-19 համավարակին հակազդում. մարտահրավերներ և լուծումներ» խորագիրը։ Հանդիպումը շեշտադրում էր քրեակատարողական հիմնարկներում ՔՈՎԻԴ համավարակի հակզդման դժվարություններն ու դրան փաստացի արձագանքման փորձառությունը Հայաստանում։ Հանդիպմանը ներկա էին ՀՀ պետական կառույցների, արդարադատության ոլորտի տարբեր գերատեսչությունների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ ԻՆԿ ՀԿ տնօրեն Նարե Հովհաննիսյանը հանդիպման ընթացքում հակիրճ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկներում և պրոբացիայի ծառայությունում կանանց վիճակին ՔՈՎԻԴ-ին հակազդման տեսանկյունից։ Շուտով նաև հասանելի կլինեն Հայաստանում կանանց հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում իրականացվող հետազոտության արդյունքները։

 

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.