«Կանանց իրավունքների օր՝ ամեն օր» դրամաշորհային մրցույթի արդյունքներ

Փետրվարի վերջին Հայաստանում կանանց հիմնադրամը նոր դրամաշնորհային հնարավորության մասին հայտարարություն էր տեղադրել, որը վերաբերում էր այն բոլոր հետաքրքիր միջոցառումներին ու նախաձեռնություններին, որոնք կանանց տարբեր խմբերը ցանկություն ունեին իրականացնելու մարտի 8-ի իրական նշանակության ու խորագրի ներքո։ 

Երկու շաբաթվա ընթացքում ստացանք 51 բազմաբովանդակ գաղափարների իրականացման հայտեր։ Յուրաքանչյուրն առանձնանում էր իր ուրույն ուղղվածությամբ և մտահղացմամբ։ Ցավոք, հնարավորություն չունեցանք աջակցելու բոլոր հայտերին կամ դրանց մեծ մասին, որոնք իրապես հետաքրքիր էին և ոգեկոչում էին մարտի 8-ի ֆեմինիստական արմատները։ 

Ստորև նրկայացնում ենք ընտրված 5 նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում կամ կունենան մարտի 8-ին կամ մարտ ամսվա ընթացքում։ 

Արմինե Զաքարյան և Բու Այլ տուն 

Միջոցառման ընթացքում նախատեսվում է հանդիպում հրավիրված խոսնակների հետ, ովքեր կպատմեն մարտի 8-ի և ֆեմինիստական շարժման ծագման պատմությունները, կխոսեն շարժման անցած ճանապարհի և ներկայիս զարգացման միտումների մասին, կներկայացնեն առողջ ապրելակերպի, սպորտի ու ինքնախնամքի դերի և ֆեմինիզմի փոխառնչությունը, ինչպես նաև կկազմակերպվի կանանց հեծանվային քաղաքային երթ` «Վերանվաճելով հանրային տարածքները» կարգախոսի ներքո։ Միջոցառումը տեղի կունենա Վանաձորում՝ Բու լեռնահեծանվային սրճարանում։ 

Գոհար Խաչատրյան և Նոր Լույս ՀԿ

Գաղափարի հիմքում ընկած է հետևյալը․ չորսօրյա Empowerment Self-Defense (ESD) ինքնապաշտպանության դասընթաց անցակացնել «Նոր Լույս» ՀԿ-ի մենթորինգ ծրագրում ներգրավված սոցիալապես անապահով 15 դեռահաս աղջիկների համար: Դասընթացի նպատակն է մասնակիցներին տրամադրել հմտություններ, գիտելիքներ և վստահություն, որը կօգնի նրանց կանխել և արդյունավետ կերպով արձագանքել անցանկալի իրավիճակներին՝ բանավոր ոտնձգություններից մինչև ֆիզիկական բռնություն, ինչպես նաև հաստատել իրենց անձնական սահմանները և որոշումներ կայացնել, որոնք բխում են իրենց լավագույն շահերից: Դասընթացը կկայանա Գյումրիում՝ Նոր Լույս ՀԿ տարածքում։ 

Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամ

Քանի որ մարտի 8-ը կանանց միջազգային օրն է, Տրանս անձանց իրավունքների պաշտպանության գլոբալ հիմնադրամը ցանկանում է անցկացնել միջոցառում՝ հրավիրելով տրանս անձանց, սեքս աշխատող կանանց, ակտիվիստների, տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, դեսպանության աշխատակիցների և դեսպանների՝ այդ օրը  խոսելու կանանց իրավունքների մասին «Տրանս կանանց իրավունքները նույնպես իրավունքներ են» խորագրի ներքո։

Սոսե կանանց հիմնահարցեր ՀԿ

Սոսե կանանց հիմնահարցեր ՀԿ-ը գաղափարն իրականացնելիս նպատակ ունի հրավիրելու թեյախմության Սյունիքի մարզում հաջողության հասած, ինչպես նաև կազմակերպության շահառու և արցախցի կանանց։ Կարևոր է ստեղծել ազատ տարածք երկու կողմերի միջև՝ ազատ և անկաշկանդ քննարկելու կանանց դերը ամենահին ժամանակներից առ այսօր, խոսելու գենդերային հավասարության, գենդերային դերերի և դրանցից բխող կարծրատիպերի մասին։ Ամենակարևորը՝  շեշտել Մարտի 8-ի դերի և կարևորության մասին։ Հանդիպման տևողությունը՝ մոտ 3-4 ժամ։ Հանդիպմանը կհրավիրվեն մասնակիցներ ամբողջ Սյունիքի մարզից։ Հանդիպումը տեղի կունենա Գորիսում։

«Աղջիկները խոսում են» նախաձեռնություն

Նախաձեռնության անդամները պլանավորում են իրականացնել գաղափարը մարտի 1-ից մինչև մարտի 8-ն ընկած ժամանակահատվածում: Այն իրենից ենթադրում է «գովազդային» պոստերների պատրաստում, որոնք կփակցվեն Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Պոստերները արտաքինից կառաջարկեն նախատոնական զեղչեր և ակցիաներ ծաղիկների, կոսմետիկայի, խնջույքների համար, որոնց վրա փակցված QR-ները սկան անելուց հետո մարդկանց առաջ կբացվեն պոստերներ, որոնք ցույց են տալիս, թե կանայք ինչ խնդիրների միջով են անցնում Հայաստանում՝ չվճարվող աշխատանք, ընտանեկան բռնություն, առօրյա խտրականություն: QR-ները կտեղակայվեն նոր ստեղծված Girlstalk կայքում, որը հետագայում կծառայի որպես հարթակ նախաձեռնության համար: Նախաձեռնության շրջանակներում նաև կիրականացվեն հանդիպումներ Վանաձորում և Գյումրիում՝ ՓԻՆՔ իրավապաշտպան ՀԿ մարզային տարածքների հետ, ինչպես նաև մարտի 6-ին կկազմակերվի ցուցահանդես, որի անվանումն է «Տեսանելի անուն»: 

Հետևեք գործընկերուհիների և մեր սոցիալական մեդիա էջերին՝ միջոցառումների մասին ավելի շատ մանրամասներ ունենալու համար։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.