Օնլայն սեռական բռնությունն ու դեռահասությունը. Մաս 2

Վերջին երկու տասնամյակում համացանցը զբաղեցնում է մարդկության բնականոն օրվա մի մեծ հատվածը: Լինելով ավելի քիչ վերահսկվող տիրույթ՝ այն դառնում է բռնության կիրառման ամենահարմար գործիքը: Օնլայն սեռական բռնությունը, լինելով համեմատած ավելի նոր երեւույթ, բավականաչափ լավ ուսումնասիրված չէ եւ շատ հաճախ լուրջ էլ չի ընկալվում հասարակության կողմից: Էսսեի առաջին մասում, ինչպես նշել էինք, օնլայն սեռական բռնության թիրախը, հիմնականում, դառնում են դեռահասները, եւ շատ հաճախ բռնության դեպքերը մնում են ստվերում, վրիպում հասարակության, ծնողների/խնամակալների աչքից: Էսսեի երկրորդ մասում կանդրադառնանք արդեն դեռահասների շրջանում օնլայն սեռական բռնության կանխարգելմանը, բռնության ենթարկվելու դեպքում դրա հաղթարմանը, դեռահասների հետագա սոցիալականացմանը:

Օնլայն սեռական բռնության կանխարգելման հնարավոր ձեւերը 

Բռնության կանխարգելման մասին խոսելը կարող է ծիծաղելի թվալ, մանավանդ այն դեպքում, երբ հիմնական աշխատանքը նախատեսում ենք տանել բռնության պոտենցիալ թիրախ համարվող անձի՝ մեր դեպքում` դեռահասի հետ: Քանի որ օնլայն հարթակում բռնարարների գործողությունները վերահսկելու, դրանք կանխարգելելու համար դեռեւս արդյունավետ մեխանիզմներ չկան, դեռահասներին պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցն, ինքնըստինքյան, դառնում է իրազեկումը, որը որոշ չափով կօգնի պաշտպանել նրանց եւ հնարավորություն կտա փորձելու խուսափել բռնության հնարավոր դեպքերից:

Օնլայն սեռական բռնության կանխարգելման փորձից առաջ, ըստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի հոգեբան Սիրանուշ Դավթյանի, առաջին հերթին շատ կարեւոր է հաշվի առնել ու գիտակցել, որ գործ ունենք դեռահասի հետ, որն առավել նրբանկատություն է պահանջում: Հոգեբանի խոսքով՝ պետք է  խոսել դեռահասի լեզվով ու դեռահասի «գործիքներով»: Այս պարագայում լավագույն գործիքներից մեկն, ըստ մասնագետի, զրույցներն են այն ծնողի հետ, ում հետ դեռահասի հուզական կապն ավելի ամուր է: Զրույցները, ցանկալի է, որ լինեն տնից հեռու, որը դեռահասին կտա ապահովության զգացում եւ կազատի վախերից, որ որեւէ մեկը կարող է իրենց զրույցը լսել: Հոգեբանի խոսքով՝ զրույցների բուն նպատակը պետք է լինի դեռահասին ցույց տալը, որ ինքը միայնակ չէ, եւ որ ծնողը ցանկացած պարագայում իր կողքին կլինի ու կաջակցի ցանկացած հարցում:

Դեռահասներին համացանցում անախորժություններից հետ պահելու եւ պաշտպանելու գործիք է համարվում «ծնողական վերահսկումը», որը թեպետ ամբողջությամբ չի պաշտպանում բռնությունից, բայց փորձը ցույց է տալիս, որ որոշակի դրական ազդեցություն, ամեն դեպքում, ունենում է: 

Հոգեբանի խոսքով՝ նախքան այդ քայլին դիմելը, շատ կարեւոր է այնպայման տեղեկացնել դեռահասին, ստանալ նրա համաձայնությունը, ձեռք բերել նրա մոտ վստահություն, որպեսզի վերջինն իրեն ապահով զգա եւ չունենա վերահսկողության կամ հետապնդման զգացում:

«Մեր իրականությունում այժմ դեռահասները շատ հասանելիություն ունեն համացանցին ու, ցավոք սրտի, ծնողները/խնամակալները, նախքան իրենց երեխայի` համացանցից օգտվելը, ոչ մի կանխարգելիչ գործողություն չեն անում: Երբ դեռահասն ինչ-որ սոցիալական ցանցում բացում է օգտահաշիվ, շատ կարեւոր է նախքան այդ խոսել դեռահասի հետ այն մասին, թե ինչ վտանգներ է դա պարունակում: Այս դեպքում խոսքը միայն հնարավոր օնլայն սեռական բռնության մասին չէ. համացանցն անվերահսկելի է, եւ դեռահասները կարող են տարբեր տեսակի խարդախությունների, մանիպուլյացիաների տրվել՝ չպատկերացնելով դրանց հետեւանքները: Այս դեպքում կանխարգելիչ գործողությունները շատ կարեւոր են: Պետք է խոսել դեռահասի հետ, բացատրել, թե ինչ է իրենից ներկայացնում համացանցը, ինչ վտանգներ է պարունակում, կամ, օրինակ, ինչ է նշանակում լուսանկարն ուղարկել անծանոթի, ինչ վտանգներ կա դրա մեջ եւ այլն»,- ընդգծում է Սիրանուշը:

Օնլայն սեռական բռնության մասին հուշող ազդակներ

Դեռահասությունը բարդ տարիք է, երբ քեզ ծանոթ, փոքրիկ ու գունավոր աշխարհը գնալով ընդլայնվում է, երբ շրջապատդ գնալով մեծանում է եւ օտարանում, երբ սկսում ես անցում կատարել ավելի մեծ, հասուն ու տարօրինակ մի աշխարհ՝ լի պատասխանատվություններով ու պահանջներով, որոնց պիտի հետեւես ու համապատասխանես, որպեսզի կարողանաս ընդգրկվել այդ աշխարհում: Այս տրանսֆորմացիոն շրջանում դեռահասների գլխում ծնվում են ավելի շատ հարցեր, քան նրանք հասցնում են դրանց պատասխանները գտնել, նրանց տրվում են ավելի շատ պահանջներ, քան ժամանակ` դրանց հասնելու, «համապատասխանելու»: Այս քաոտիկ տարիներին, երբ քեզ թվում է՝ կյանքումդ ոչինչ իր տեղում չէ, ենթագիտակցորեն փակվում ես քո ներսում, դառնում ներամփոփ ու լռակյաց, իսկ երբ քեզ հետ անարդարություն կամ, օրինակ, բռնություն է տեղի ունենում, լռում ես, վախենում այդ մասին բարձրաձայնել, որովհետ, ինչպես գիտենք, դեռահասության տարիքում «մեզ ոչ մեկ չի հասկանում», կամ ուղղակի վախենում ես մարդկանց արձագանքներից, հնարավոր քննդատություններից ու մեղադրանքներից:

Օնլայն սեռական բռնության դեպքերը, սովորաբար, բացահայտվում են անակնկալ կերպով: Դրանից հետո դեռահասի ծնողները կամ խնամակալները կարող են սահմանափակել դեռահասին՝ հաճախ մեղքը բարդելով նրա վրա, ինչը, Սիրանուշ Դավթյանի  խոսքով, անթույլատրելի է: Նրա խոսքով՝ այստեսակ դեպքերի մեջ ներգրավված դեռահասները սովորաբար ունենում են վարքային կտրուկ փոփոխություններ, ինչը կարող է ազդակ հանդիսանալ ծնողների/խնամակալների համար առավել ուշադիր եւ նրբանկատ լինել դեռահասի հետ:

Սիրանուշի խոսքով՝ երբեմն օնլայն սեռական բռնությունն անգամ կարող է շատ ավելի վատ ազդեցություն ունենալ. «Երբ մարդը գիտի, որ ֆիզիկական բռնության է ենթարկվում, նա հստակ գիտի՝ դա ինչ է: Բայց օնլայն տիրույթում ու հատկապես դեռահասների շրջանում, երբ մարդիկ ասում են՝ «դե, դա բռնություն չէ», կամ՝ «դա դու ես ուզել», իհարկե, շատ ավելի է բարդանում դեռահասի հուզական, հոգեբանական վիճակը»,- նշում է նա:

Ինչպես նշում է հոգեբանը, դեռահասությունն ինքնին ճգնաժամային տարիք է, եւ դժվար է միանշանակ որեւէ վարքային  փոփոխություն կապել բուն բռնության հետ. «Օրինակ՝ գոյություն ունի դեռահասի հուզական իմպուլսիվություն. դեռահասը, գուցե, մինչեւ այդ էլ եղել է շատ ակտիվ կամ իմպուլիսվ, ու ծնողները/խնամակալները կարող են չմտածել, որ դա սպառնալիքի ազդեցություն կարող է լինել: Բայց նման դեպքերում դեռահասները սովորաբար ունենում  են վարքի կտրուկ փոփոխություններ: Օրինակ՝ դեռահասների մոտ կարող է լինել սեռականության նկատմամբ հետաքրքրության կորուստ կամ ընդհակառակը՝ սեռականության շատ արտահայտվածություն, ու դա կարող է արտահայտվել վարքում, տարբեր հարցերում, որն իրենց տարիքին բնորոշ չէ: Կարող է լինել նաեւ հիգիենայի նկատմամբ կտրուկ փոփոխություն: Կարող են հագուստի ընտրությունների մեջ կտրուկ փոփոխություններ լինել: Սրանք կարող են ցուցիչ լինել, որ դեռահասի հետ իրականում ինչ-որ բան կատարվում է»,- ասում է հոգեբանը:

Այն դեռահասը, ով սիստեմատիկ սպառնալիքների տակ է գտնվում, հոգեբանի խոսքով` անհնար է, որ վարքում փոփոխություններ չլինեն: Փոփոխությունները կարող են լինել եւ՛ աննշան, եւ կտրուկ, օրինակ՝ երբ դեռահասն իր էությամբ շատ ակտիվ ու բաց է լինում ու կտրուկ մեկուսանում է բոլորից, դառնում է փակ, ներամփոփ: Նրա խոսքով՝ վարքագծային այս փոփոխությունները ծնողները հաճախ կապում են տարիքային առանձնահատկությունների հետ, ինչը, սովորաբար, հանգեցնում է տարատեսակ վեճերի, որի արդյունքում դեռահասի ու ծնողի հուզական կապվածությունը կտրվում է կամ խարխլվում:

Օնլայն սեռական բռնության հաղթահարումը

Բռնության ենթարկված անձի նկատմամբ հասարակությունը հաճախ լինում է շատ անողոք. սովորաբար մոռանում են բռնարարի գոյության մասին ու սկսում են քննադատել բռնության ենթարկվածին, քննարկման առարկա դարձնել նրա հետ կապված ամեն ինչ, իսկ դատավճիռը սովորաբար մեկն է՝ «մեղավորը բռնության ենթարկվածն է»:

Ինչպես նշում  է Սիրանուշը՝ հասարակության վերաբերմունքի ձեւավորման հարցում կարեւոր տեղ ունի բռնության ենթարկվածի տարիքը: Օրինակ, եթե մինչեւ 12-13 տարեկան անչափահասների դեպքում վերաբերմունքն առավել կարեկցական է, ապա 14-17 տարեկան դեռահասների եւ արդեն չափահասների դեպքում լրիվ այլ մոտեցումներ են հասարակության մոտ. «Հասարակությունը ոչ միանշանակ վերաբերմունք ունի բռնության ենթարկվածների նկատմամբ: 14-17 տարեկան դեռահասներն ամենաթիրախավորվածն են այս պարագայում: Բռնության ենթարկված անձը դրանից հետո կարող է շատ ուժեղ հոգեբանական բռնության ենթարկվել հարազատների կողմից, եւ շատ հաճախ դեռահասը մնում է միայնակ իր հոգեվիճակի հետ: Այս պարագայում հասարակությունը կամ առանձին անհատը դժվարությամբ է կարողանում աջակցել, օգնել դեռահասին, քանի որ վերջինս ծնողների խնամակալության տակ է»,- նշում է հոգեբանը՝ հավելելով, որ նման դեպքերում կարեւոր է, որ դեռահասն ունենա աջակիցներ, որոնք կօգնեն հաղթահարել եւ կասեն, որ նա դրանում որեւէ մեղք չունի, եւ որ դա կարող էր լինել ցանկացածի հետ. «Ընդհանրապես սեռական բռնության ենթարկված մարդը, ցավոք սրտի կամ բարեբախտաբար, ոչինչ չունի անելու, քանի որ ինքը մեղավոր չէ կատարվածի համար»,- ասում է նա: 

Բռնության ենթարկված դեռահասի ամենաամուր հենարանն այս պարագայում համարվում է ընտանիքը, որը փաստացի կրում է նրա խնամակալության պատասխանատվությունը: Բայց հաճախ հենց այդ նույն ընտանիքն է բռնությունից հետո շարունակում նրան բռնության ենթարկել` «ալամ աշխարհով խայտառակ անելու» «իրենց անունը գետնով տալու» մեղադրանքներով: 

Սիրանուշի խոսքով՝ նման դեպքերի ականատես լինելու պարագայում հասարակությունը չպետք է մնա պասիվ, կրավորական դիրքում. «Եթե դեռահասի նկատմամբ կա հստակ բռնություն ծնողների կողմից, կարող ենք դիմել ոստիկանություն եւ հայտնել, որ երեխան ընտանիքի ներսում բռնության է ենթարկվում: Ուղղակի մենք այդ մշակույթը չունենք Հայաստանում, որովհետեւ մարդիկ հիմնականում ծնողների դիրքից են նայում հարցին ու փորձում արդարացում գտնել՝ համարելով դա դաստիարակչական մեթոդ՝ հօգուտ երեխայի»,- ասում է նա:
Սիրանուշի խոսքով՝ կարելի է նաեւ փորձել ծնողների հետ առանձին խոսել. «Կարեւոր է խոսել այն մասին, որ նրանց կողմից սկսված բռնությունը շատ ավելի ծանրացնում է հետեւանքները: Այս պարագայում նաեւ շատ կարեւոր է դեռահասի հետ կոնտակտ պահելը, որպեսզի ինքն իր շրջապատում գոնե ունենա մեկին, ում կկարողանա վստահել, իր հույզերով, ապրումներով կիսվել, չունենալ մեղքի զգացում եւ այլն»,- ընդգծում է մասնագետը:

Որպես խնդրի այլընտրանքային լուծում` մասնագետի խոսքով` պետք է նպաստել նաեւ ընտանիքի իրազեկվածության բարձրացմանը, օրինակ, հնարավորության դեպքում ուղղորդել, որ մասնակցեն ծնողավարման թեմայով վերապատրաստումների. «Իմ պատկերացմամբ` շատ կարեւոր մասերից մեկն էլ այն է, որ ծնողների համար իրենց անպատժելիության զգացումը նվազի. ծնողը պետք է հասկանա, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելը պատժելի արարք է»,- եզրափակում է Սիրանուշը:

Արագ տեմպերով փոփոխվող աշխարհում հաճախ չենք հասցնում ադապտացվել նոր իրականությանը, երբ այն նորից փոխվում է: Ամեն փոփոխություն իր հետ բերում է նոր մարտահրավերներ, եւ հաճախ պարզապես չենք հասցնում հասկանալ դրանց էությունը, գտնել դրանք լուծելու, հաղթահարելու մեխանիզմներն ու գործիքները: Չնայած այդ ամենին՝ մեզ գործիքներ, մեթոդներ պետք չեն  լինելու համար առավել նրբանկատ, առավել հոգատար, ցույց տալ, որ մենք անտարբեր չենք, պայքարել անարդարությունների, բռնությունների դեմ, իրազեկել, պաշտպանել, հոգ տանել, օգնել: Դրանք, գուցե, արմատական փոփոխություններ չեն բերի, բայց միանշանակ կունենան իրենց դրական ազդեցությունը:

 

Հեղինակ` Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.