
«Երեխայապաշտ հասարակությունը» սոցիալական ցանցերում
2010-ականներին համակարգիչները սկսեցին հայտնվել ցածր և միջին եկամուտ ունեցող ընտանիքներում, ինչը հանգեցրեց սոցիալականացման, ինքնադրսևորման նոր ձևերի ու մեթոդների՝ հանձինս սոցիալական տարբեր ցանցերի:
Իմ սերունդը, թերևս, կանգնած էր «Odnoklassnik»-ի ու «Vkontakte»-ի սահմանագծին: Մեր փոքր գյուղական համայնքում եթե քեզ պրոգրեսիվ էիր համարում, ապա, միանշանակ, պիտի օգտվեիր երկրորդից: Այդ սահմանափակ ռեսուրսները, սակայն, ինձ նման հետաքրքրասեր ու անհամբեր դեռահասին չէին բավարարում, ուստի ես միանգամից ձևավորեցի երկու ես «Twitter»-ում և «Vkontakte»-ում: Մինչ թվիթերյան՝ իմ քուլ, փոփ մշակույթին հետևող, նոր-նոր ռոքը բացահայտող, օտարերկրացիների հետ շփվող, շատ էմոցիոնալ ես-ը իր աստղային կյանքն էր վարում, «Vkontakte»-ում՝ ստվերոտ մի անկյունում, խելոք ծվարած իմ մյուս ես-ը փորձում էր սոցիալականացման եզրեր գտնել փոքր «ռայոնական» համայնքի հասակակիցների հետ ու նամակագրություն էր վարում երկու հասակակից աղջկա հետ, որը հազվադեպ էր անցնում տնային աշխատանքների քննարկումներից այն կողմ:
Այդպես, մի օր «Vkontakte»-ում ստացա մի հաղորդագրություն կեղծ, ջնջված օգտահաշվից, որի բովանդակությունից կորցրի իրականության հանդեպ իմ զգացումը: Կարելի է ասել՝ ես ոչինչ չէի զգում՝ բացի սարսափից ու վախից, անգամ մոռացել էի շնչելու մասին: Դա երկար մի տեքստ էր՝ լի սպառնալիքներով, որտեղ ամենայն մանրամասներով անհայտ բռնարարը գրել էր իր քայլերի հաջորդականությունը, թե ինչ ու ինչպես է պատրաստվում ինձ հետ վարվել: Սեռական հարաբերությունների գործողությունների մասին իմ առաջին պատկերացումներն այդպես ձևավորվեցին: Մինչ այդ ոչինչ չգիտեի, ու սարսափելի դաժան էր այդ ամենի մասին այդպես տեղեկանալը 13 տարեկան շատ էմոցիոնալ դեռահաս աղջկա համար:
Օգտատերը, բացի բռնության իր ֆանտազիաները մանրակրկիտ ներկայացնելուց, նաև սպառնում էր, որ խաբարբզիկություն չանեմ ու ոչինչ չպատմեմ ծնողներիս կամ որևէ մեկին, հակառակ դեպքում՝ … (էլի մանրամասն նկարագրություններ, թե ինչ կանի ինձ հետ):
Դրանից հետո երեք տարի շարունակ ամեն օր տագնապով էի գնում-գալիս դպրոց՝ ամեն անգամ սպասելով «խոստացված բռնությանը»: Հա, աբսուրդային է հնչում, բայց ես համակերպվել էի, որ օրերից մի օր սպառնալիքները իրականություն կդառնան: 13-ամյա դեռահասին բնորոշ իմ գլխում որևէ կերպ չէր տեղավորվում այն անարդարությունը, որն իմ հանդեպ եղավ, ու որի ստվերն ինձ անդադար հետևում էր: Ես չէի հասկանում՝ ում էի վնասել կամ նեղացրել, որ իմ հանդեպ այդպես են վարվում:
Ուսանողական տարիներիս, իհարկե, արդեն չէի «սպասում» և կարծում էի, որ կեղծ օգտահաշվով օգտատերը, թերևս, այնքան վախկոտ կլինի, որ սպառնալիքներից այնկողմ չի անցնի: Իմ մոտ, սակայն, մնացել էին վերացական վախեր, ու մշտապես զգացողություն ունեի, թե ինձ հետևում/ հետապնդում են:
Երբ հետահայց նայում եմ այս փորձառությանը, ինձ մոտ բազմաթիվ հարցեր են առաջանում, որոնց պատասխանները ես չունեմ ու վստահ չեմ, որ մի օր կունենամ:
Ես այս մասին առաջին անգամ եմ խոսում: Տեքստը միակ ձևն է այդ ամենը պատմել կարողանալու համար: Պատմում եմ միայն 10 տարի անց: Պատմում եմ այս տարիների ընթացքում կուտակված սարսափներս, ինձ հետապնդելու պարանոյիկ զգացողություններս, մարդկանց վստահելու վախերս հաղթահարած:
Ես միայնակ ու շատ դժվարությամբ կարողացել եմ դուրս գալ այդ մղձավանջից ու հիմա՝
Ես սա գրում եմ հարյուրավոր աղջիկների փոխարեն ու համար:
Գրում եմ, որ բառերովս գրկեմ ձեր վերքերը,
Գրում եմ, որ նախադասություններս օգնեն ձեր ձեռքերը հեռու տանել վերքերից, որ սպիանան,
Գրում եմ, որ չհավատաք նրանց, ովքեր ասում են՝ դուք եք մեղավորը,
Գրում եմ, որ ձեզ ասեմ՝ հասկանում եմ ձեզ,
Գրում եմ, որ իմանաք՝ մենակ չեք:
Գրում եմ նաև այն մարդկանց համար, ովքեր իրենց ճղում են մեջտեղից՝ հայտարարելով, որ «մեր ազգը երեխայապաշտ, կնապաշտ ա, ստեղ պեդոֆիլներ, բռնարարներ չկան»:
Գրում եմ նրանց համար, ովքեր բռնության մի տեսակը ու դրա ազդեցությունը թերարժևորում են,
Գրում եմ նրանց համար, ովքեր մեղադրում են մեզ «ճիշտ չպահելու մեջ», բռնարարներին «այդ քայլին դրդելու» մեջ …
Դեռահասները՝ որպես թիրախ օնլայն բռնարարների համար
Անցնելով ճգնաժամային ու դժվար շատ փուլերով և մաշկի վրա զգալով այդ ամենը՝ այժմ փորձում եմ հնարավորինս ուշադիր լինել շրջապատում՝ կանխելով և/կամ պաշտպանելով այն դեռահաս աղջիկներին, որոնք պոտենցիալ թիրախ են դառնում բռնարարների համար օնլայն հարթակներում: Ու նորից, տեքստն ինձ համար լավագույն միջոցն է՝ խնդիրների ու դժվարությունների մասին բարձրաձայնելու, իրազեկելու համար, ուստի Էսսեի այս հատվածում միասին կծանոթանանք օնլայն սեռական բռնությանն ու դեռահասների վրա դրա ունեցած ազդեցությանը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արագ տեմպն իր հետ բերում է բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ, որոնք այնքան արագ են փոփոխվում ու զարգանում, որ մենք հաճախ չենք հասցնում անգամ դրանք ընկալել ու որևէ ձևակերպում, սահմանում տալ դրանց: Այս համատեքստում ամենատարածված երևույթը, թերևս, օնլայն սեռական բռնությունն է, որը դեռևս այնքան էլ ընկալելի չէ մեր հասարակությունում:
Օնլայն սեռական բռնությունը կարող է լինել ցանկացած տեսակի սեռական ոտնձգություն, շահագործում, որը տեղի է ունենում «էկրանի» միջոցով:
Օնլայն սեռական ոտնձգության կամ չարաշահման ձևերը ներառում են.
- Ինչ-որ մեկին սեքսի մասին անցանկալի հաղորդագրություն ուղարկելը,
- Գենդերային ինքնության և/կամ սեռական կողմնորոշման վրա հիմնված ատելություն պարունակող մեկնաբանությունները,
- Սոցիալական ցանցի օգտատիրոջը մերկ լուսանկարներ, տեսանյութեր ուղարկելը,
- Սեռական գործողություններ կատարելը վեբ-տեսախցիկում՝ առանց բոլոր ներգրավված կողմերի համաձայնությանմ կամ ոչ պատշաճ միջավայրում:
Համացանցում վերոնշյալ գործողությունները հաճախ կարող են նորմալացվել կամ արհամարհվել: Երբեմն բռնությունը սկսվում է առցանց, այնուհետև տեղի է ունենում իրական կյանքում, իսկ այլ դեպքերում բռնությունը տեղի է ունենում ամբողջությամբ էկրանների հետևում: Օնլայն սեռական բռնությունը հաճախ լուրջ չի ընդունվում, և դրա «տված» վնասները թերագնահատվում են, բայց ինչպես փաստում են մասնագետները (և ես՝ իմ փորձով), այն կարող է նույնքան վնասակար լինել ու նույնքան ազդեցություն ունենալ մարդու վրա, որքան ֆիզիկականը:
Օնլայն սեռական բռնության թիրախային խումբը համարվում են դեռահասները: Այդ կարծիքին է նաև «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի հոգեբան Սիրանուշ Դավթյանը, որը տարիներ շարունակ աշխատել է բռնության ենթարկված կանանց և աղջիկների հետ:
«Ֆիզիկական «ես»-ի զարգացումը դեռահասի մոտ բերում է նոր կարիքներ ու պահանջներ, ինչը շատ կարևոր է, օրինակ՝ ինքը սկսում է հայելու մեջ իրեն նայել ու տեսնում է, որ իր մոտ երկրորդային սեռական հատկանիշներն են արդեն զարգանում: Ապացուցված փաստ է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են դեռահասներին սեռական ոտնձգությունների տեսանկյունից, իրենց տարիքային առանձնահատկություններին շատ լավ ծանոթ են. շատ հաճախ մանիպուլացնում են դեռահասին, թե «քո մարմինը շատ սիրուն ա, արի հանդիպենք» կամ նման այլ բաներ: Սա շատ տրավմատիկ փորձ է դեռահասի համար: Այս դեպքում շատ կարևոր է վստահության վրա հիմնված հարաբերություններն իր ծնողների, իր շրջապատի հետ, որովհետև հասկանում ենք, որ, բնականաբար, եթե մարդը հասկանում է դեռահասի տարիքային առանձնահատկությունները, այս փաստը նույնպես հաշվի է առնում ու մանիպուլացնում նաև այս տեսանկյունից, որ դեռահասը ոչ մեկին չասի այդ մասին»,- ասում է հոգեբանը:
Նրա խոսքով՝ օնլայն սեռական բռնության դեպքերի սցենարը սովորաբար միշտ նման է լինում. սկզբից շահում են դեռահասի վստահությունը, այնուհետև դիմում սպառնալիքների ու շանտաժի: «Դա բավականին ցիկլային ու շղթայական գործողությունների շարք է, որտեղ դեռահասը, փաստացի, ոչ միայն սեռական բռնության է ենթարկվում, այլև՝ հոգեբանական»,- ընդգծում է հոգեբանը:
«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն»-ի սոցիալական աշխատող Անուշ Գաբրիելյանը նույնպես այն կարծիքին է, որ օնլայն սեռական բռնության ամենամեծ թիրախային խումբը դեռահաս աղջիկներն են դառնում. «Կիբեր հանցագործություններն ակնհայտ սեռական ոտնձգության դրսևորում են ու դիտարկվում են կիբեր հանցագործության մեջ: Երևույթն, իրոք, շատ տարածված է: Էս դեպքում թիրախային են դառնում դեռահասները, քանի որ այստեղ վստահության, տարբեր տեսակի մանիպուլյացիաների հարցեր կան»,- ասում է նա:
Անուշի խոսքով՝ օնլայն սեռական բռնությունը նույնականացնելու հիմնական դժվարությունն այն է, որ երևույթը, որպես այդպիսին, առանձնացված չէ և կարող է դիտարկվել տարբեր կոտեքստներում, օրինակ՝ որպես սպառնալիքի դիմաց գումարի շորթում:
Օնլայն բռնության հարցերով այժմ զբաղվում է կիբեր անվտանգությունը: Անուշի խոսքով՝ այս հարցում հիմնական դժվարությունը օնլայն բռնարարին նույնականացնելն է: Միևնույն ժամանակ, ինչպես նշում է սոցիալական աշխատողը, հաճախ ուղղակի կամքի դրսևորման հարց կա իրավապահ մարմինների կողմից. «Տեխնոլոգիաները թույլ են տալիս շատ հաճախ նույնականացնել բռնարարին: Օրինակ՝ դեպք ենք ունեցել, որ կեղծ օգտահաշվով մի աղջկա լուսանկարներ էին տարածել: Աղջիկը դիմել էր ոստիկանություն, որտեղ ասել են՝ չեն կարողանում նույնականացնել, թե կեղծ օգտահաշիվը ում է պատկանում: Սակայն աղջիկն իմացել է, թե ով է, բայց գործը կարճվել է բավականաչափ ապացույցներ չլինելու պատճառով: Այս դեպքը շատ տիպիկ բնորոշում է մեր իրավիճակը, որովհետև երբ աղջիկն ասել էր, որ դիմելու է ոստիկանություն, բռնարարն ասել էր՝ «ես կորցնելու բան չունեմ, դո՛ւ ես կորցնելու»: Ու, իրոք, այդպես էլ եղավ. համայնքում բոլորն իմացել էին այդ մասին, ինչի արդյունքում աղջիկը հիմա տարբերակներ է փնտրում՝ համայնքը փոխելու համար, իսկ բռնարարը հանգիստ ապրում է նույն համայնքում, ու, իրոք, ոչինչ չի կորցրել»,- ցավով նշում է Անուշ Գաբրիելյանը:
Հասարակությունը սովորաբար մեղադրում է բռնության ենթարկված անձին՝ փաստացի այդկերպ արդարացնելով բռնարարին: Նման հասարակությունում հաճախ մեծ ցանկության դեպքում էլ չեն բարձրաձայնում իրենց հանդեպ տեղի ունեցածի մասին: Իսկ եթե բռնությունը տեղի է ունենում օնլայն տիրույթում, նրան ընդհանրապես լուրջ էլ չեն ընդունի՝ հայտարարելով, թե «ամեն ինչ բարդացնում ա, եղածը մի մեծ բան էլ չի, ինչ ձևեր ա թափում»: Այսպիսով, բռնության ենթարկվածները սովորաբար մնում են միայնակ իրենց վախերի ու ցավերի հետ:
Էսսեի երկրորդ մասում կներկայացնենք օնլայն սեռական բռնության հետևանքները, կանդրանառնանք դրանց հաղթահարման ուղիներին ու ձևերին:
Ելենա Սարգսյան