
Վերջին շաբաթներին սոցցանցերի հայկական տիրույթը ողողված է «Սիրելի Սահմի» 10 մասանոց սերիալի կադրերով, մեջբերումներով եւ սերիալի վերաբերյալ հիմնականում դրական կարծիքներով: Մարդիկ խորհուրդ են տալիս դիտել, շատերը համարում են հայկական կինոարտադրության մեջ նմանը չունեցող, հեղափոխական գործ: Հատկապես շատ են քննարկումները սերիալում բովանդակության որպես առանցքային թեմա ներկայացված կանանց իրավունքները, հավասարությունը կյանքի տարբեր ասպեկտներում, կնոջ հանդեպ հասարակական, մշակութային վերաբերմունքը եւ այլն:
Հաշվի առնելով հասարակության բուռն արձագանքը, տարբեր կողմերից հնչող խորհուրդներն ու համատարած ոգեւորությունները, որոշեցինք կարճ անդրադարձ կատարել՝ առավել կենտրոնանալով սերիալի բովանդակային մասին եւ դրա «ուսուցողական» լինելու հորջորջների վրա:
Զգուշացում. սփոյլերի ահազանգ. այս տեքստը պարունակում է որոշ դրվագների նկարագրություններ սերիալի հիմնական սյուժեի եւ դրա զարգացումների վերաբերյալ:
Սերիալի սյուժեն եւ գաղափարը
«Սիրելի Սահմի»-ն ռոմանտիկ դրամա է ֆանտաստիկայի տարրերով, որտեղ հերոսը՝ Միհրան Ժամագործյանը, կարողանում է ճամփորդել ժամանակի մեջ` 1840-ականներից գալով մեր օրեր, որտեղ նա տեսնում է՝ ինչպես է փոխվել մարդն, ու ինչպես է փոխվել կնոջ նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումը:
Միհրան Ժամագործյանը Ֆրանսիայում կրթությունը ստանալուց վերադառնում է տուն՝ Ալեքսանդրապոլ, որտեղ նրա հայրը պարբերաբար նրան ճնշում է ամուսնանալու եւ երեխաներ ունենալու հորդորներով: Միհրանը դեմ է իր եւ 16-ամյա աղջկա հետ ամուսնությանը՝ հայտարարելով, թե իր հարսնացուն դեռ երեխա է: «Աղջիկն ուրիշ անելիք չունի՞»,- մտորում է Միհրանը եւ ցանկություն հայտնում իմանալու, թե արդյոք մի քանի դար հետո նու՞յնը կլինի վերաբերմունքը կանանց հանդեպ, ինչ 1840-ականներին է: Այդպես կախարդական քարի միջոցով նա հայտնվում է մեր օրերի Երեւանում եւ հանդիպում է Սահմի Պողոսյանին, ով ապրում է միայնակ, աշխատում է ճարտարապետական մի հիմնարկում, ունի լավ կարիերա, բայց կարմիր գծով ամբողջ սերիալում այն միտքն է ընդգծված, որ չնայած այդ ամենին՝ սիրային ֆրոնտում գործերն այնքան էլ լավ չեն:
Նախագծի ռեժիսոր Գոշ Հակոբյանը սերիալի գաղափարի մասին ասում է. «Մենք բերել ենք դաշտ նոր թեմատիկա, ոչ թե ադապտացվել շուկային՝ ստեղծելով սերիալ և սիթքոմ, մենք փորձարկում ենք՝ բերելով նոր ժանր. ժամանակի մեջ ճամփորդում, սերունդների բախում, միստիկա, արհեստական բանականություն և այլն»:
Այստեղ կարելի է երկար խոսել ու քննարկել, թե որքան պարզ (եթե ոչ պրիմիտիվ) ու որոշ դեպքերում՝ անտրամաբանական տարրերով է կառուցված սյուժեն ու թե որքան անհամոզիչ են ընտրված սյուժեի «գործիքները», բայց դա կթողնենք կինոքննադատներին եւ միայն կասենք, որ անգամ ֆենթըզիների դեպքում հնարավոր է այնքան ամուր եւ վստահելի սյուժե ստեղծել, որ անկախ քեզնից սկսում ես հավատալ ու չկասկածել այդ ամենի իսկությանը: Իսկ այս դեպքում թերահավատորեն ու անլուրջ նստած՝ հետեում ես, թե ինչպես են քեզ խնդրում ու համոզում, որ հավատաս:
Սերիալում օգտագործված են որոշ արքետիպային եւ դասական կերպարներ՝ կին եւ տղամարդ, որոնց նախանշված է իրար հետ լինել, մեկ-երկու հումորային կերպարներ, իմաստուն ծերունի, ով ուղղորդում է հերոսներին ողջ պատմության ընթացքում, եւ առարկաներ, որոնք ծառայում են որպես պորտալ՝ տեղից տեղ կամ ժամանակի մեջ շարժվելու համար: Այս ամենն, իհարկե, հոգնեցրել է արդեն. այդ հնարքները, մոտեցումները շատ հին են ու ծեծված:
Անհասկանալի ու անտրամաբանական է նաեւ արհեստական բանականության դերը գլխավոր հերոսի՝ ժամանակի մեջ ճամփորդության հարցում, եւ սերիալի ողջ ընթացքում չկա որեւէ բացատրություն, թե այդ ամենի հետ ի՞նչ կապ ուներ արհեստական բանականությունը: Խնդրային հարցեր կան նաեւ ժամանակաշրջանի ու պատմության իսկության ներկայացման համատեքստում, որոնց չենք անդրադառնա՝ դրանք թողնելով ոլորտի մասնագետներին:
Այժմ փորձենք աչք փակել կիքսերի, կլիշեների ու շատերի կողմից ֆիքսված պլագիատի վրա ու կենտրոնանանք սերիալի բովանդակայնության եւ դրա «կրթադաստիարակչական» եւ «ուսուցողական» բնույթի վրա, որն էլ առիթ հանդիսացավ, որ կարճ ժամանակահատվածում դիտենք սերիալը եւ առանձնացնենք հիմնական խնդրային կետերը, որը մակերեսային դիտման կամ թեկուզ ուսումնասիրության դեպքում հաճախ վրիպում է աչքից ու պատճառ դառնում, որ նման գործերը համարվեն «իսկապես հոյակապ եւ նմանը չունեցող, կրթադաստիարակչական եւ ուսուցողական»:
Սեքսիզմի քննադատումն ու միեւնույն ժամանակ դրա կիրառումը
Այն ընկերությունում, որտեղ աշխատում է Սահմին, տոքսիկ աշխատանքային միջավայր է: Նրա մրցակիցը՝ Ալբերտը, պարբերաբար հեգնում է, գենդերային հիմքով ծաղրի ենթարկում Սահմիին: Ալբերտը սեքսիստ եւ կարծրատիպային մտածելակերպով տղամադու կերպարն է մանրամնավորում, ում միակ եւ հիմնական ձգտումը իշխանությունն է: «Կանայք միշտ այնքան սկանդալային են»,- ասում է նա ֆիլմի սկզբից: Սերիալի ողջ ընթացքում մենք լսում ենք նրանից սեքսիստ եւ կարծրատիպային արտահայտություններ, որոնք կարծես ոչ միայն Սահմիին են ուղղված, այլև կանանց ընդհանրապես: Ու հենց այս մոտեցման ու վերաբերմոունքի դեմ է պատրաստվում պայքարել Միհրանը՝ գալով մեր օրերի Երեւան:
Ուզում եմ առանձնացնել սերիալից մի հատված, որը շատ տիպիկ եւ դիպուկ է ներկայացված եւ, իսկապես, արտացոլում է մեր ներկայի իրականությունը: Աշխատանքային ժողովի ժամանակ Սահմին տեղեկանում է, որ առանց իր գիտության տնօրինությունը հավանություն է տվել իր աշխատանքային հակառակորդի՝ Ալբերտի ծրագրին (որն իրականում Սահմիի ծրագիրն է, եւ Ալբերտը գողացել է նրա գաղափարը): Սահմին վրդովված ասում է, որ «Հայաստանում աշխատանքները բաժանվում են ծխարաններում, խաշի սեղանների շուրջ», ինչն, իսկապես, համապատասխանում է իրականությանը. անգամ պետական մակարդակով քաղաքական որոշումները, գործարքները կայացվում են ոչ ֆորմալ միջավայրերում, որոնց հասանելիություն ունեն միայն տղամարդիկ, եւ ստացվում է, որ կանայք կան այդ ոլորտներում, բայց նրանց ձայնը լսելի չէ, որոշումներ կայացմանը գրեթե մասնակցություն չեն ունենում: Այս տեսարանը, թերեւս սերիալի ամենաուժեղ, դիպուկ եւ ստացված հատվածն է:
«Օֆիսում բոլորն ինձ հիստերիկ ու էմոցիոնալ կին են ընկալում»,- գործընկերների վերաբերմունքից վրդովված ասում է Սահմին՝ շեշտադրելով ոչ թե այդ ամենի հիմքային խնդրայնությունը, այլ զուտ երեւույթը, որ իրեն են այդպես համարում, եւ դա վատ է. կարծես «հիստերիկ, էմոցիոնալ» լինելը սովորական բնորոշման ձեւ է, բայց ինքն, իհարկե, այդպիսին չէ: Այնինչ երկու բնորոշումներն էլ՝ «Էմոցիոնալ» եւ «հիստերիկ», բավականին սեքսիստ տարրեր են պարունակում եւ կիրառվում են հիմնականում կանանց դեպքում: Իսկ «հիստերիկ»-ն առհասարակ չափից դուրս վիրավորական եւ վուլգար բնորոշում է (ինձ համար, թերեւս, ամենազզվելին):
Առնականության երկակի ընկալումները
Սերիալի բովանդակային մասի վրա շատ մեծ ազդեցություն ունի գլխավոր հերոսի հայրը՝ Երվանդ Ժամագործյանը, որը որդուն կրթության է ուղարկել Ֆրանսիա եւ սերիալի առաջին րոպեներից փնովում է որդուն ամուսնանալու ցանկություն չունենալու համար: Նա ծաղրում է որդու շատ կիրթ լինելը, շատ գրական խոսելն ու բարեկրթությունը, քանի որ որդին չի տեղավորվում իր պատկերացրած տոքսիկ առնականության (Toxic masculinity) քառակուսու մեջ:
Միհրանը սերիալում ներկայացվում է որպես, այսպես ասած, «կնոջ պատիվը պահող» «կնոջը պաշտպանող» մի վեհ տղամարդ: Նա ողջ սերիալի ընթացքում առիթ է փնտրում կանանց պաշտպանելու, օգնելու, նրանց պատիվը բարձր պահելու: Միհրանի այդ ուլտրապաշտպանությունը հոգնեցնող ու ճնշող է: Նա թույլ չի տալիս, որ Սահմին ինքնուրույն լուծի իր հարցերն ու խնդիրները, անգամ այն պարագայում, երբ տեսնում է, որ վերջինս հստակ տիրապետում է իրավիճակին, եւ իր բռունցքների կարիքն ու անհրաժեշտությունը բացարձակ չկա:
«Տղամարդու ուսը ինչի՞ համար է, եթե կինն այնտեղ փրկություն չի գտնում», «Ես պարտավոր եմ քեզ պաշտպանել», «Կարծես խնդիրը տղամարդն է պարտավոր լուծել». ահա սրանք են Միհրանի գաղափարները: Ամեն ինչ տղամարդը պետք է անի, իսկ իր կողքին եղած կինը բավական է, որ գոյություն ունենա՝ շնչի, շպարվի, ուտելիք սարքի ու իրեն համեստի մեջ պահի: Կարճ ասած՝ Միհրանն իր կողքին գտնվող ցանկացած կնոջ փորձում է դարձնել ամորֆ ու անգործունյա:
Այս տեսանկյունից շատ նմանություններ կան մեզ ծանոթ քյարթուների հետ: Միակ տարբերությունը, թերեւս, փաթեթավորումն է. ի տարբերություն քյարթուների՝ գլխավոր հերոսը դասական, կոկիկ հագուկապ ունի եւ ուլտրագրական է խոսում: Չնայած սերիալի վերջում նա արդեն բավականին «պրոգրես» է ապրում եւ շուտ է ադապտացվում նոր ժամանակների «բազառներին»՝ վարժ սերտելով «ուլ», «հորթ» արտահայտությունները:
Եթե Ֆիլմի սկզբի հատվածում որոշակի համակրանք ես տածում Միհրանի նկատմամբ՝ ելնելով նրա արտահայտած մտքերից ու 1840-ականների համար բավականին պրոգրեսիվ հայացքներից, ապա դրանից անմիջապես հետո՝ հենց առաջին սերիայում, արդեն «համը հանում է»: Միհրանը, ով կարծես իրեն դուրս է դնում եւ անգամ պայքարում տոքսիկ առնականության դեմ, մյուս սերիաներում ցուցադրում է իր ոչ պակաս տոքսիկ առնականությունն ու ճնշում մեկ այլ տղամարդու՝ գլխավոր հերոսուհու եղբորը՝ Ալեքսանդրին, որն այս դեպքում չի տեղավորվում իր պատկերացրած ասպետական առնականության սահմանման մեջ:
Ալեքսանդրը, ում ինչ-որ կերպ կարելի է ընկալել որպես հետերոնորմատիվությունից ու դասական առնականությունից մի փոքր շեղվող կերպար, պարբերաբար քննադատվում ու նսեմացվում է Միհրանի կողմից բավականաչափ «տղամարդկային» չլինելու համար: Այսպես, օրինակ, մի սերիայում, երբ Միհրանն ու Ալեքսանդրը նստած են փաբում վերջինի ծանոթների հետ, մի տղամարդ կոպիտ վերաբերմունք է ցուցաբերում աղջիկներից մեկի հանդեպ, եւ Միհրանը պաշտպանում է աղջկան՝ ծեծելով այդ տղամարդուն, այնուհետեւ մեղադրում է Ալեքսանդրին վախկոտության մեջ. «Դու նստած էիր վախկոտի նման», մեկ այլ առիթով ասում է՝ «Վախը հարիր չէ՛ տղամարդուն», կամ՝ «Տղամարդ ես, սովորիր իրավիճակը քո ձեռքը վերցնել, դու պետք է պաշտպանես քրոջդ» եւ այլն:
Այսպիսով, ֆիլմը կարելի է ասել անուղղակիորեն բայց քննադատում է մի տեսակի տոքսիկ առնականությունը՝ հանձինս Միհրանի հոր, բայց բացարձակեցնում ու գովաբանում է մեկ այլ՝ այսպես ասած՝ ասպետական եւ պաթետիկ առնականությունը, որը ոչ պակաս տոքսիկ եւ ճնշող է, հանձինս Միհրանի: Վերջինը, թերեւս, առավել վտանգավոր է, քանի որ քողարկված է գեղեցիկ փաթեթավորմամբ, եւ շատ հաճախ չեն երեւում դրա վտանգները:
Սերիալն այս տեսանկյունից մեր հասարակության հայելին է, որտեղ շատ ակնհայտ ցույց է տրվում, թե հասարակական շատ չգրված օրենքներ ինչքան են ճնշում տղամարդկանց «տղա ես, մի լացիր» դաժան մոտեցմամբ: Բայց, ցավալիորեն սերիալում արդարացվում են նման մոտեցումներն ու վարքագծերը ու անտանելի ռոմանտիզացվում, ինչը շատ տխուր է:
Կնոջ հավասարության մասին երկակի պատկերացումները
Միհրանը սերիալում ներակայացվում է որպես կնոջ իրավունքները պաշտպանող, հասարակության մեջ կնոջ արժանապատիվ դիրքի, հավասարության համար պայքարող տղամարդ: Սերիալի ողջ ընթացքում, սակայն, մեր հերոսն այնպիսի արտահայտություններ ու վերաբերմունք է ցույց տալիս, որ մտածում ես՝ նա կա՛մ փարիսեցություն է անում, կա՛մ ունի անձի երկվություն եւ մի եսը հակառակվում է մյուս եսի տեսակետներին ու մտածելակերպին:
Սերիալի առաջին հատվածում նա վիճաբանում է հոր հետ՝ ասելով, որ կանայք միայն ամուսնության եւ երեխա ունենալու համար չեն, որ կանայք ավելիին են ընդունակ եւ արժանի, որ սխալ է 16 տարեկան աղջկան ամուսնացնելը եւ այլն: Միհրանը, կարծես, միայն գեղեցիկ խոսել գիտի, ասում է մի բան եւ անում` հակառակը: Դրա, թերեւս, ամենաակնհայտ ապացույցն այն է, որ սերիալի ավարտին Միհրանը վերադառնում տուն եւ ամուսնանում հենց նույն 16 տարեկան` իր բնորոշմամբ` երեխայի հետ:
Միհրանը սերիալի ընթացքում բազմիցս քննադատում է ժամանակակից տիրող բարքերը:
«Սա՞ է ձեր ներկան, որտեղ բոլորը բոլորին հեգնում են, կանայք կիսամերկ մարմիններով նստած են գարեջրատներում ու փորձում են հավասարվել տղամարդկանց: Տղամարդիկ, ովքեր վախենում են պաշտպանել կանանց արժանապատվությունը»,- ասում է մեր վրդովված Միհրանը: Միհրանի խռովքի այդ պահերին մոտդ կախում է, ակամայից ուզում ես ասել՝ «ըըը, եղբայր, դու չէի՞ր պայքարում, որ կանայք հավասար լինեն տղամարդկանց»: Նաեւ շատ տարօրինակ է այդպիսի արտահայտություն լսել մեկի շուրթերից, ով, ըստ սերիալի, աշխարհ տեսած, Ֆրանսիայում ուսանած եւ շրջահայաց մարդ է:
Միհրանն ունի հստակ պատկերացումներ հասարակական գենդերային դերերի մասին եւ անդադար հակասում է ինքն իրեն: «Կարծում եմ՝ այստեղ կնոջ ձեռքի գործ կա: Տան տիրուհին կգա, մի բան կպատրաստի եւ բոլորս միասին կընթրենք»,-ասում է նա Սահմիի եղբորը: Ինչը, երեւի թե նորմալ է, երբ մտածում ես, որ մարդը եկել է 1840-ականներից, ուղղակի չես հասկանում, թե այս ամենի ինչն է ուսուցողական կամ պրոգրեսիվ: Այն ավելի շուտ վտանգավոր է, քանի որ ողջ սերիալում մեծ ուժգնությամբ ռոմանտիզացվում են կարծարտիպային գենդերային դերաբաժանումները, որի համար մշտապես լուրջ եւ բովանդակային պայքար է մղվել ու մղվում տարիներ շարունակ:
Ակնհայտ կնատյացություն եւ բոդիշեյմինգ
Ինչպես մեր տեքստի նախորդ հատվածներում պարբերաբար նշեցինք, ողջ սերիալի գաղափարախոսությունը կառուցված է կարծրատիպային պատկերացումների, գենդերային դերաբաժանումների, հավասարության կեղծ թեզերի վրա, բայց սա էլ դեռ վերջը չէ: Սերիալում կա ակնհայտ կնատյացություն, որը հիմնականում տեսնում ենք գլխավոր հերոսուհու կողմից: Սահմին ծրագրերի ղեկավար է եւ ունի իրեն օգնող թիմ, սակայն թիմի հետ շատ կոպիտ է վարվում, որի հիմնական պատճառաբանությունն այն է, որ թիմը ալարկոտ է եւ չի ուզում աշխատել: Սահմին օգտվում է իր դիրքից, իշխանություն բանեցնում եւ գոռում իր աշխատակիցների վրա, նրանց հետ խոսում հրամայական տոնով, առանձնակի դաժանությունը նկատելի է իր թիմի կին աշխատողների նկատմամբ:
Օրինակ՝ երբ Միհրանը ծանոթանում է նրա աշխատակիցներից Լիլիթի հետ, հիացած ասում է, որ Լիլիթը ֆրանսերենի է տիրապետում, Սահմին էլ խանդի հողի վրա ասում է՝ «Դա միակ բանն է, որ կարողանում է անել». դասական pick me girl-ի պահվածք է ցուցաբերում, նսեմացնելով մյուս կանանց` ուզում է ցույց տալ, թե ինքն ինչքան լավն ու խելացի է եւ թե ինչու իրեն «պիտի ընտրի» տղամարդը:
Սահմին նաեւ իր մյուս աշխատակցուհուն անդադար փնովում է շատ ուտելու համար, զայրացած ու հրամայական տոնով ասում՝ «Վա՛յ, դե մի՛ կեր»: Սերիալի վերջում էլ թիմի գլխին բարոյախրատական ճառ կարդալիս տարբեր օրինակներ է բերում, այդ թվում՝ գիրության վերաբերյալ՝ ներկայացնելով դա որպես շատ վատ բան: Հետաքրքրական է, որ Սահմիի այդ խոսքերի վրա խոշոր պլանով ցույց են տալիս այն աշխատակցոհուն, ով սերիալի ընթացքում սնվում է, եւ ում Սահմին կոպտորեն նկատողություն է անում դրա համար: Սերիալում կա ակնհայտ բոդիշեյմինգ ու ծաղր մարդկանց արտաքին տեսքի, նրանց սոցիալական վիճակի հետ կապված: Ակնհայտ ծաղրով ու զավեշտով են ներկայացված նաեւ անտուն մարդիկ, որոնց հերոսները «բոմժ» են համարում: Ահա եւ ձեզ «ուսուցողականություն»:
***
Այս տեքստում փորձել ենք համապարփակ բովանդակային անդրադարձ անել «Սիրելի Սահմի» սերիալին՝ առանձնացնելով մի քանի խնդրային թեմաներ եւ վտանգավոր թեզեր:
Գաղտնիք չէ, թե ինչ որակի եւ մակարդակի են հայկական սերիալները, եւ արդեն տարիներ շարունակ բոլորս հոգնել եւ ձանձրացել ենք նույն երգը երգելուց եւ անդադար քննադատելուց: Իրավամբ, այս սերիալի վերաբերյալ նման բովանդակային, ծավալուն անդրադարձն էլ չէր լինի, եթե չլիներ հասարակության՝ նման բուռն եւ դրական արձագանքը սերիալի մասին, եւ որ ամենավատն է՝ այն հորջորջները, թե սերիալը ուսուցողական եւ կրթադաստիարակչական է: Եթե մյուս առավել սեքսիստ, դաժան, բռնության ակնհայտ տեսարաններով սերիալներում մենք ակնհայտ տեսնում ու հասկանում ենք, թե ինչքան վատ եւ սխալ մեսիջներ են փոխանցում, եւ հասարակության մեծ մասն էլ արհամարհում եւ լուրջ չի ընդունում դրանք, ապա այս կարճ սերիալի դեպքում ամեն ինչ ավելի բարդ է եւ ինչ-որ տեղ` վտանգավոր:
Սերիալը մարդկանց համակրելի է դառնում օգտագործվող գրական խոսքով, դասական, ստանդարտ գեղեցիկ հերոսներով (որը շատ սուբյեկտիվ է) ու նրանց ասպետական վարքով, եւ կարելի է ասել` այս սերիալի «փրկությունը» մատուցման ձեւն է, գեղեցիկ փաթեթավորումը, որի ներսում պատսպարված են նույն նեխած ու արգահատելի հասարակական նորմերը, որոնք բոլորիս կյանքը կերել են, ու որոնց պատճառով բոլորս տուժել ու տուժում ենք:
Ինչպես գիտենք, մուլտիմեդիան շատ հզոր գործիք է եւ կարող է այնպիսի հզոր ազդեցություն ունենալ մարդկային մտքի ու վարքի վրա, որի մասին կերազեին լուրջ, խորքային հետազոտություններով զբաղվողները:
Ցավալի է տեսնել, որ քաղհասարակության, ակտիվիստների տարիների բովանդակային պայքարն ու աշխատանքը կարող է ջրվել նման բովանդակությամբ ու խնդրային թեզերով 10 մասից բաղկացած սերիալի միջոցով: Ուզում եմ հավատալ, որ նախագծի հեղինակներն, իսկապես, ուզել են, որ սերիալը մշակութային եւ հասարակական լավ փոփոխություններ բերի, ուրիշ հարց է, որ փորձել են լավ բան անել, բայց ստացվել է ինչպես միշտ: Եվ, թերեւս, նորմալ է, որ մարդիկ պարտավոր չեն խորանալ գենդերային տարբեր հիմնահարցերում (իհարկե, վատ չէր լինի), բայց երբ նման մասսայական պրոդուկտ ես ստեղծում, պետք է ունենաս նաեւ հասարակական պատասխանատվության զգացում եւ լինես շատ զգուշավոր: Լավ կլիներ, որ հեղինակները գոնե փոքրիկ խորհրդատվություն անեին այն թեմայով զբաղվող մասնագետների, կանանց իրավունքներով զբաղվող քաղհասարակության ներկայացուցիչների, հետազոտողների, այդ թեմայով տեսական միտք գեներացնող անհատների հետ: Ուզում եմ նաեւ հավատալ, որ հեղինակներն առավել զգայուն եւ նրբանկատ կլինեն իրենց հետագա աշխատանքներում, եւ իրենց մյուս ծրագրերում արդեն կտեսնենք իսկապես ուսուցողական եւ կրթադաստիարակչական տարրեր: Դե, իսկ մեզ մնում է առավել շրջահայաց եւ քննադատական մոտենալ այն ամենին, ինչը կարդում ենք, դիտում, լսում եւ այնուհետեւ պարտադիր բարձրաձայնել եւ խոսել այդ ամենի մասին:
Հեղինակ՝ Ելենա Սարգսյան