Հայաստանի սահմանամերձ համայնքներում ապրող դեռահաս աղջիկները բախվում են բազմաբնույթ մարտահրավերների, որոնք ազդում են նրանց առօրյա կյանքի և ապագայի մասին պատկերացումների վրա: Բացի անվտանգային սպառնալիքներից և անհանգստություններից` նրանք հաճախ նաև ստիպված են հաղթահարել տարիքով և սեռով պայմանավորված խտրականությունները: Որպես խոցելի խումբ` նրանց կարիքներն ու ձգտումները հաճախ անտեսվում են տանը, դպրոցում և ավելի լայն համայնքում:
«Հյուսված պատմություններ» նախագիծը ստեղծվել է որպես փորձ՝ ուսումնասիրելու ու տեսանելի դարձնելու սահմանամերձ համայնքներում ապրող աղջիկների պատմություններն ու մտորումներն այն հարցերի շուրջ, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով ազդում են իրենց և իրենց համայնքի վրա և անել դա մասնակցային եղանակով, որտեղ դեռահասներն իրենք են որոշում, թե ինչպես ձևակերպել իրենց նարատիվները։ Նախագիծը, որը մինչ այժմ անցկացվել է Տեղ, Գորիս և Ճամբարակ համայնքներում, իրենից ենթադրում է պատմասության աշխատարաններ և տպագիր զինի ստեղծում՝ օգտագործելով զանազան մեդիաներ՝ տեքստային նարատիվներից մինչև լուսանկարչություն և կոմիքսներ։

Նկարազարդումները՝ Ինա Գրիգորյանի, 14 տ., Ճամբարակ
«Գիտե՞ք՝ ես փակ մարդ եմ ու ինձ հեշտ չի կիսվելը, բայց էս ձևով նենց թեթևացա։ Երևի սրանից հետո օրագիր պահեմ»:
«Հյուսված պատմություններ» նախագծի մասնակիցներից մեկի արձագանքն էր Ճամբարակում պատմասության կարճատև աշխատարաններից մեկի ժամանակ, որտեղ աղջիկները կիսվում և ռեֆլեքսիաներ էին անում հասարակությունում գենդերային կարծրատիպերի և յուրաքանչյուր սեռի նկատմամբ ունեցած սոցիալական ակնկալիքների մասին։ Պատմասության աշխատարաններին հետհայաց գցելով՝ կարող եմ վստահ ասել, որ դրանք ոչ միայն աղջիկներից որոշներին ոգեշնչել են մասնագիտական կողմնորոշման հարցում, այլև նպաստել են նրանց՝ տեսնված և լսված զգալուն։
Բազմիցս նկատել եմ, որ սահմանամերձ գյուղեր գնալիս առաջին հանդիպման ժամանակ դեռահասները զարմանք են հայտնում այն մասին, որ Երևանից ինչ-որ մեկը, հետաքրքրվելով իրենցով, որոշել է «գալ-հասնել այստեղ»։ Աղջիկներից շատերի համար արտասովոր է փաստը, որ իրենց կյանքի փորձառությունները կամ համայնքի իրականությունը կարող են կարևոր լինել մարդկանց համար, որոնք անմիջական ընտանիքի անդամ չեն, թեպետև փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ ընտանիքի անդամների հետ միշտ չէ, որ նրանք ազատ են զգում կիսելու իրենց մտահոգող հարցերը։
«Հյուսված պատմությունների» ողջ ընթացքում շատ կարևոր է եղել ապահով ու համարձակ միջավայրի ձևավորումը, որտեղ աղջիկները ազատ կզգային արտահայտվելու՝ առանց մտավախության, որ կարող են քննադատության արժանանալ իրենց զգացմունքների կամ մտքերի համար՝ մի բան, որի հետ նրանք բախվում են տանը և դպրոցում։

Լուսանկարը՝ Զարուհի Սարգսյանի, 15տ., Ճամբարակ
Չնայած ուսումնասիրության հիմնական մեթոդաբանությունը եղել է խմբային բանավոր պատմությունը, ձայնագրվող հարցազրույցներից դուրս մեր զրույցները, գյուղերով զբոսանքները ևս նպաստել են աղջիկների ամենօրյա իրականությունը ավելի մոտիկից տեսնելուն և հասկանալուն։ Հիշում եմ՝ գյուղերից մեկում աղջիկների հետ քայլում էինք դեպի գյուղի լողավազանը՝ ամռանը երեխաների սիրելի ժամանցի վայրը։ «Մնում ա տղաներ չլինեն էնտեղ», – աղջիկներից մեկը կիսվեց ճանապարհին և ողջ խմբով թեթևության հոգոց հանեցին, երբ հասնելուն պես տեսան, որ իրենցից մեծ տղաներ չկային լողավազանում. միայն փոքրիկներն էին։
Հետաքրքրական էր և միջավայրի մասին ռեֆլեկտիվ, թե ինչ ինքնավստահությամբ և խիզախությամբ էին աղջիկներն ինձ ուղեկցում դեպի գյուղի այն հատվածները, որտեղից երևում է հայ-ադրբեջանական սահմանագիծը կամ վերհիշում, թե ինչպես էին իրենց ծնողներին խնդրում իրենց չտարհանել օդային տագնապի ժամանակ, բայց որքան լարվածություն էին զգում այն մտքից, որ լողավազանում կարող էին իրենցից մեծ տղաներ լինել։
Թե՛ «Հյուսված պատմությունների» շրջանակում, թե՛ դրանից դուրս դեռահասների հետ իմ աշխատանքի փորձառության հիման վրա կրկին ու կրկին համոզվում եմ անկախ նախաձեռնությունների և մասնակցային, կրթական ծրագրերի կարևորության մեջ դեռահասների զարգացման, աշխարհընկալման և ինքնավստահության ձևավորման հարցում։
Հեղինակ՝ Գայանե Ղազարյան