«Կին ակտիվիստների բեռը շատ ծանր է. մենք միշտ միկրոսկոպի տակ ենք». Նարե Հայրապետյան

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն»-ի նախագահ Նարե Հայրապետյանն օրերս արժանացել  է Սյուզան Թրեդվելի հիշատակի մրցանակին (STMA) Եվրոպայի տասնվեց ֆեմինիստ ակտիվիստների շարքում՝ Բաց հասարակության նախաձեռնության և Միջերկրածովյան Կանանց հիմնադրամի կողմից (MedWF): Նա առաջինն է եղել Հայաստանից, որ ստացվել է այդ մրցանակը: Նարե Հայրապետյանի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանում կանանց հիմնադրամը՝ հաշվի առնելով նրա գործունեությունն ու անմնացորդ նվիրվածությունը ֆեմնիսիտական շարժմանը:

***

Նարե Հայրապետյանը դեռահաս տարիքից՝ 15 տարեկանից, ակտիվիզմով է զբաղվել. առաջին քայլերը սկսել է Հայաստանում բնապահպանական խնդիրները բարձրաձայնելով: Նրա խոսքով՝ հենց այդ ժամանակահատվածում էլ հետաքրքրություն է առաջացել քաղաքացիական ակտիվիզմի նկատմամբ:

Նարեն ժպիտով է հիշում, թե ինչ հետաքրքիր պատահականությամբ է ընտրել մի ոլորտ, որին այժմ նվիրված է իր ողջ էությամբ. «Հայաստանում, իհարկե, շատ մեծ ընտրության հնարավորություն չունես մասնագիտության հարցում, մանավանդ երբ աղջիկ ես եւ ունես ֆինանսական դժվարություններ: Ես դիմեցի այնպիսի տեղ, որտեղ շանսերն ավելի մեծ էին, որ անվճար կլինեմ: Սոցիոլոգիան ավելի շուտ պատահական ընտրություն էր»,- ասում է նա՝ հավելելով, որ ուսանողական տարիներին, երբ ակտիվ ներգրավված է եղել քաղաքացիական, բնապահպանական շարժումներում, հասկացել է, որ այդ բոլոր հարցերի հիմքում առկա են սոցիալական խնդիրներ, եւ որ իր մասնագիտության ընտրությունն իրականում այնքան էլ պատահական չի եղել: «Փաստորեն, դա այն էր, ինչով ես ուզում էի զբաղվել եւ սիրում էի: Այդպես շատ բնական ձեւով ընթացավ այդ ոլորտում իմ կայանալը»,- ժպտալով ասում է Նարեն:

Ակտիվիստական գործունեության ընթացքում Նարե Հայրապետյանը հասկացել է, որ Երեւանից դուրս՝ մարզային համայնքներում շատ բացեր կան գենդերային եւ կանանց հիմնահարցերում. «Նախարարություններից, Երեւանում գործող տարբեր կազմակերպություններից հետաքրքրվում էին մեզ մոտ կանանց եւ գենդերային հիմնահարցերի մասով, որոնցով, սակայն, մեզ մոտ ոչ ոք չէր զբաղվում: Այսպես, շատ բնական անցում կատարեցի կանանց հիմնահարցերին՝ 2019-ին հիմնելով «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոնը»,- պատմում է նա:

Երբ երիտասարդ կինը Հայաստանի որեւէ փոքր համայնքում փորձում է ակտիվ գործունեություն ծավալել, այն էլ՝ կանանց եւ գենդերային հիմնահարցերով, հանդիպում է տարատեսակ եւ տարաբնույթ դժվարությունների եւ ստիպված է լինում հիմնական աշխատանքին զուգահեռ նաեւ պայքարել տարբեր կարծրատիպերի դեմ, ամենօրյա ռեժիմով բոլորին ապացուցել իր, այսպես ասած, «լեգիտմությունը»:
«Երիտասարդ կնոջ համար առանց այն էլ դժվար է գյուղական կամ որեւէ փոքր համայնքում հասարակական գործունեություն ծավալել, բայց երբ դու սկսում ես զբաղվել կանանց հարցերով, դա դառնում է էքշն ժանրի կինո»,- ծիծաղելով ասում է Նարեն եւ ընդգծում, որ թեպետ հիմա էլ դժվար է, բայց 5 տարի առաջ անհամեմատ ավելի դժվար էր:
«Կարծրատիպային եւ ոչ միանշանակ վերաբերմունք ունեին ոչ միայն համայնքի բնակիչները, այլեւ՝ տեղական ինքնակառավարման մարմինները: Գրասենյակի տարածքի հարեւանությամբ ապրող մարդիկ մշտապես անհանգստացնում էին: Այդ ճնշումը միշտ կա. երբ դու կանանց կազմակերպություն ես, մարդիկ միշտ թերահավատորեն են մոտենում, խուսափում են կամ կոնկրետ ուղղորդված գործողություններ են իրականացնում քո դեմ»,- ասում է նա՝ հավելելով, որ նման դեպքերում ժամանակը հաճախ ամեն ինչ իր տեղն է գցում, քանի որ ընթացքում մարդիկ ծանոթանում են քո աշխատանքին եւ հասկանում, որ դու վնասակար գործունեությամբ չես զբաղվում, եւ ժամանակի ընթացքում մարդկանց վերաբերմունքը սկսում է փոխվել: Նարեի խոսքով՝ այն մարդիկ, որոնք ժամանակին վատ վերաբերմունք էին ցուցաբերում, այժմ օգտվում են Հասարակական կազմակերպության ծառայություններից, ինչը, ըստ նրա, շատ մեծ ձեռքբերում է: «Կանանց հարցերով զբաղվող ակտիվիստների բեռը շատ ծանր է, որովհետեւ մենք միշտ միկրոսկոպի տակ ենք»,- ընդգծում է նա:

ՀԿ ղեկավարի խոսքով՝ մարզային համայնքներում աշխատելիս պետք է շատ ավելի համբերատար եւ զուսպ լինել, քանի որ մանավանդ գյուղաբնակ համայնքներում տասնյակ տարիների չարված աշխատանքի բաց կա, որը մի քանի շաբաթում կամ ամսում հնարավոր չէ լրացնել. «Այնպես չէ, որ ես զիջում եմ իմ սկզբունքներն ու գաղափարները, պարզապես մոտեցումներն ու հաղորդակցության ձեւերն այլ են այս դեպքում: Փոփոխությունները կարող են սպասվածից ավելի ուշ լինել՝ մեկ, երկու կամ հինգ տարի անց: Դու պետք է ունենաս մեծ համբերություն, եթե եկել ես այս ոլորտ»,- ասում է նա:

Ինչպես նշում է Նարեն՝ հասարակական գործունեությունը չափից դուրս շատ ֆիզիկական եւ հոգեբանական էներգիա է խլում: Իր մոտ եղել են կյանքի ծայրահեղ շրջաններ, երբ ֆիզիկապես եւ հոգեպես այնպիսի ծանր վիճակում է եղել, որ մտածել է թողնել հասարակական ոլորտը. «Այդ ընթացքում անցել եմ անձնական ողբերգության միջով եւ առաջացած այդ անելանելի վիճակը կապում էի իմ գործունեության հետ: Այդպես մի տարի անցկացրել եմ մտորումներով, ֆիզիկական եւ հոգեւոր վիճակս կարգավորելով, բայց մեկ տարի անց հասկացա, որ ուզում եմ շարունակել եւ ինքս ինձ խոսք տվեցի, որ այդ ամենն այլեւս չի կրկնվի ինձ հետ: Ես ուզում էի վերադառնալ այնտեղ, որտեղ ինձ շատ լավ էի զգում եւ պիտանի՝ մարդկությանը: Հիմա էլ, իհարկե, պոռթկումներ լինում են, երբ շատ հոգնած եւ սպառված եմ լինում, բայց շուտ էլ մոռանում եմ այդ ամենը, քանի որ սիրում եմ այն ամենը ինչով զբաղվում եմ»,- ընգծում է նա:

Նարե Հայրապետյանի խոսքով՝ իրեն ոգեւորում եւ օգնում են շարունակել իր գործունեությունը իրենց շահառուների հաջողության պատմությունները. «Ես սիրում եմ կոնկրետ արդյունքներ տեսնել իմ աշխատանքից, որ նոր թափով եւ ոգեւորված շարունակեմ իմ աշխատանքը: Երբ տեսնում ես ամեն մի փրկված կնոջ, տեսնում ես, թե ինչպես են քո աշխատանքի արդյունքում ընտանեկան բռնության ենթարկված կանայք զրոյից ոտքի կանգնում, նոր կյանք սկսում, շատ ես ոգեւորվում, ուրախանում: Դա ինձ ուժ է տալիս, որ շարունակեմ աշխատանքս»,- ընդգծում է նա:

Անդրադառնալով աշխատանքից զատ նրա ծանրաբեռնվածությանը՝ Նարեն խանդավառ ձայնով ասում է. «Շատ դժվար է աշխատող մարդու համար համատեղել աշխատանքն ու անձնական կյանքը՝ ընտանիք ունենալը: Ինձ համար աշխատանքն առաջնահերթություն է: Այն մարդիկ, որոնք աշխատանքը չեն դիտարկում պաշտոնական 09:00-18:00-ը, այդ մարդկանց համար շատ դժվար է համատեղելը, որովհետեւ դու անըդհատ զոհողությունների պետք է գնաս: Ամեն դեպքում ինչքան էլ որ դժվար եւ պաթետիկ հնչի, պետք է փորձել բալանսը պահել: Ուրախ եմ, որ հիմա կարողանում եմ հասցնել երկուսն էլ»:

Զրույցի ժամանակ, երբ Նարեն նկարագրում էր իրենց կազմակերպության գործունեության բազմազան ուղղությունները, ես փորձում էի իրականության հանդեպ իմ զգացողությունը չկորցնել՝ նախապես իմանալով, թե ինչ փոքր է կազմակերպության աշխատակազմը: Ինչպես Հայաստանում կանանց մյուս կազմակերպությունները, «Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն»-ը նույնպես ունի ռեսուրսների լուրջ խնդիր, ինչի պատճառով ստիպված են փոքր թիմով շատ մեծ աշխատանքներ անել: Նարեն անձամբ իրենց կազմակերպության ամենաուժեղ կողմը հենց դա է համարում. «Մենք կարճ ժամանակում փոքր թիմով անում ենք շատ մեծ աշխատանք: Հպարտանում եմ նաեւ նրանով, որ ոչ մի շահառուի «ոչ» չենք ասում, ինչքան էլ որ մեզ համար դժվար լինի»,- ասում է նա:

Նարեի՝ աշխատանքին նվիրված լինելու մասին կարելի է երկար խոսել եւ բազում օրինակներ բերել որպես ապացույց, բայց թերեւս բավական է միայն նշել այն փաստը, որ նա իր անձնական ռեսուսրներով եւ փոքր ֆոնդհայթայթման միջոցով ձեռք է բերել սեփական տարածք կազմակերպության համար, որն այժմ ապահովում է նրանց առավել ազատ եւ անկախ գործունեությունը եւ ինչի շնորհիվ կազմակերպությունը կախում չունի համայնքային որեւէ կառույցից:

Հասարակական գործունեությանը զուգահեռ՝ Նարե Հայրապետյանը կարճ ժամանակ նաեւ զբաղվել է քաղաքականությամբ: 2018 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններում նա ռեյտինգային ընտրակարգով թեկնածություն էր առաջադրել Կոտայքի մարզում։

«Ինձ ինչ հիշում եմ, միշտ պայքարել եմ սոցիալական անարդարության դեմ եւ երբ որպես նախաձեռնություն համայնքային մարմինների աշխատանքի մոնիթորինգ էինք անում, շատ հաճախ այդտեղ տեսնում էի քաղաքական պրոցեսներ եւ մտածում՝ գուցե մասը դառնամ այդ ամենի ու փորձեմ դրանք ներսից փոխել: Այդ ընթացքում միացա «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը: Հիմնադիր անդամներից էի: Այդտեղ հավաքվել էին երկրի հարցերով մտահոգ մարդիկ, դա ինձ համար առաջին հերթին գաղափարակիցների հավաքներ էին: Փաստացի ստեղծվել էր հարթակ, որտեղ հավաքվում էին իրար նման մտածող մարդիկ, հետո նոր հասկացանք, որ կարծես, կուսակցություն է ձեւավորվում: Իհարկե, այդ շրջանը կարճ տեւեց՝ մոտ մեկ ու կես տարի, որովհետեւ երբ արդեն կուսակցության ներսում էի, հասկացա, որ կան շատ հարցեր, որ ես չեմ կարող լուծել այնպես, ինչպես մտածում էի սկզբից: Այդ ընթացքում հասկացա նաեւ, որ այն սոցիալական հարցերը, որ ես ուզում էի լուծել կուսակցության միջոցով, ավելի արագ կարող եմ լուծել, երբ հասարակական ոլորտում եմ: Դա պարզապես ինձ համար հետաքրքիր փորձառություն էր. Ես մտածում էի, որ եթե ես քաղաքականության մեջ լինեմ, «աշխարհը շուռ կտամ», հետո հասկացա, որ չէ՛, ես էլի «աշխարհը շուռ կտամ» բայց այն ոլորտում, որտեղ իմ իսկակական տեղն է»,- պատմում է նա:

Նարեի փոփոխությունների տեսլականը մշտապես սոցիալական արդարությանը ձգտելն է. «Իմ կարծիքով՝ սոցիալական արդարությունն ամեն ինչի հիմքն է, այդ թվում՝ առանց պատերազմների խաղաղ ապրելու»,- ընդգծում է նա:

Նարեի կարծիքով իր ուժեղ կողմերն են համբերությունը, մարդասիրությունն ու ալտրուիզմը, որոնք մշտապես օգնում են նրան առաջ շարժվել՝ իր առջեւ դրված նպատակներին հասնելու համար. «Տարիներ անց էլ նորից շարունակելու եմ զբաղվել նույն գործով: Կփորձեմ ընդլայնել կազմակերպության ռեսուրսները, որպեսզի կարողանանք ավելի շատ ծրագրեր անել: Մտածում եմ նաեւ, որ կընդլայնվենք մյուս համայնքներում»,- ձայնի հաստատակամ տոնայնությամբ նշում է նա:

Զրույցի ողջ ընթացքում, թեպետ խոսում էինք Նարեի գործունեության եւ ընդհանուր առմամաբ նրա մասին, խոսակցությունը, միեւնույն է, ծավալվում էր հիմնականում աշխատանքի շուրջ: Զրույցի վերջում միայն պարզվեց, որ Նարեն սիրում է երաժշտություն եւ կարողանում է ջազ երգել: Ուսանողական տարիներին անգամ եղել է ջազ բենդի անդամ: Խոսքի մեջ հպանցիկ ասում է, որ կուզեր հետագայում ազատ ժամանակ ունենալու դեպքում զբաղվել երգարվեստով. «Գուցե հետո փորձեմ զարգացնել ունակություններս, գնալ վոկալի դասերի, ինչու ոչ, կարելի է փորձել»,- նշում է Նարեն:

Հարցին, թե եթե ժամանակը հետ տալու եւ ընտրության հնարավորություն ունենար, ո՞ր ոլորտը կընտրեր՝ հասարակակա՞ն, թե՞ … «Հասարակականը, մի՛շտ-միշտ»,- հարցը մինչեւ վերջ չլսելով միանգամից պատասխանում է Նարեն եւ շարունակում. «Հասարակական ոլորտն ինձ համար միշտ լինելու է իմ կյանքի առաջնահերթությունը: Դրանից զատ ինչով էլ որ զբաղվեմ, միշտ էլ լինելու է երկրորդական, որը կանեմ ազատ ժամանակ ունենալու դեպքում միայն»:

Հեղինակ՝ Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.