Արցախցի կանայք միայնակ չեն լինելու․ Արցախից բռնի տեղահանված կանանց հիմնախնդիրները

Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում հումանիտար ճգնաժամ է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հաստատվել են Հայաստանում, զրկված են տնից, աշխատանքից, արժանապատիվ կյանքի իրավունքից: Ճգնաժամային նման իրավիճակներում հատկապես խոցելի են դառնում տարիքով մարդիկ, կանայք եւ երեխաները:
Հայաստանում կանանց հիմնադրամը բռնի տեղահանության առաջին իսկ օրերից իր ռեսուրսները մոբիլիզացրեց բռնի տեղահանվածներին օգնության հարցում: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ մազերում կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, հումանիտար, առաջին անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերել՝ տեղահանվածների նախնական կարիքները հոգալու համար:

***

Վայոց Ձորում Հայաստանում կանանց հիմնադրամն աշխատել է «Դու մենակ չես» կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի հետ, որի հետ համագործակցությունը սկսվել է Հիմնադրամի գործունեության առաջին տարիներից:

«Դու մենակ չես» ՀԿ-ի նախագահ Նաիրա Հարությունյանը նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ տեղահանված անձանց հետ տարած աշխատանքները բավականին փորձ են տվել ՀԿ-ին:
«Այն ժամանակ մեր կազմակերպության կողմից հաջողվեց շատ արագ հավաքագրել այն անձանց տվյալները, ովքեր պատրաստակամություն էին հայտնել իրենց տներում հյուրընկալելու Արցախից տեղահանված մարդկանց: Հավաքագրված ունեինք նաեւ արյան դոնորների ցանկ: Իսկ այս անգամ նախկին փորձը մեզ ավելի օգնեց, հնարավորություն տվեց ավելի արագ արձագանքելու եւ ավելի արդյունավետ կազմակերպելու մեր աշխատանքները` համագործակցելով մարզպետարանի համապատասխան բաժնի, քաղաքապետարանի, սոցիալական աշխատողների հետ: 2020-ի պատերազմի ժամանակ ֆիքսել էինք որոշակի բացթողումներ եւ այս անգամ ավելի շատ կենտրոնացանք այդ բացթողումների վրա, որոնց մեջ առաջնայինը կանանց սեռական ու վերատադրողական առողջությունն էր»,- նշում է Նաիրան:

Նրա խոսքով՝ այս անգամ եւս կազմակերպության աշխատակիցները շատ ակտիվ ներգրավվածություն են ունեցել Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու գործընթացում: Հաշվի առնելով տեղահանված անձանց հետ աշխատելու առանձնահատկությունները՝ ՀԿ-ն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել տեղահանված կանանց կարիքներին՝ ապահովելով գենդերազգայուն մոտեցումներ, որոնք, հաճախ, վրիպում են պետական կառույցների ուշադրությունից:
«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿի հետ այցելել ենք տեղակայման կետ, ստեղծել ենք հատուկ ապահով տարածք, որտեղ կրծքով կերակրող մայրիկները կկարողանան հանգստանալ, կերակրել երեխաներին: Այդ ամենի հետ մեկտեղ՝ փորձել ենք աջակցել նաեւ կանանց եւ երեխաներին առհասարակ՝ ապահովելով առաջին անհրաժեշտության իրերով»,- նշում է նա:

Անդրադառնալով ՀԿՀ-ի հետ համագործակցությանը՝ Նաիրա Հարությունյանը նշում է. «Հումանիտար աջակցության տրամադրումն արդյունավետ կազմակերպելու համար, իհարկե, առաջինը Հայաստանում կանանց հիմնադրամն օգնության ձեռք մեկնեց, որի շնորհիվ շատ կանանց կարողացանք տրամադրել հիգիենայի պարագաներ, տնտեսական ապրանքներ: Բացի հումանիտար աջակցությունից՝ տրամադրվել է նաեւ հոգեբանական առաջին օգնություն, անհրաժեշտության դեպքում՝ տրամադրվել է նաեւ իրավաբանական աջակցություն»:

ՀԿ նախագահն ընդգծում է, որ այժմ ունեն տեղահանված անձանց կարիքների համալիր գնահատում, ըստ որի՝ փորձում են լուծել մնացած խնդիրները, այդ թվում՝ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման, աշխատանք գտնելու հարցում: Բացի վերոնշյալը՝ ՀԿ-ն այժմ զբաղվում է նաեւ տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցերով՝ համագործակցելով մարզպետարանի կրթության բաժնի եւ համայնքային դպրոցների հետ: 

Պատերազմական, ճգնաժամային իրավիճակներում երկրներում, որտեղ տարիներ շարունակ ռազմականացված գաղափարախոսություններ են տարվել, կան թեմաներ, որոնք տաբուացված են, որոնց մասին խոսելն ամոթ է եւ դատապարտելի: Այդ պարագայում, ինչպես նշում է Նաիրա Հարությունյանը, անհրաժեշտ է լինում առավել նրբանկատ ու զգայուն մոտեցումներ ցուցաբերել կանանց հետ աշխատելիս. «Մենք պետք է հաշվի առնենք, որ տեղահանված կանայք շատ թեմաների մասին դեռ պատրաստ չեն խոսել, քանի որ հոգեբանական շատ ծանր վիճակում են»,- նշում է նա՝ հավելելով, որ այն կանայք, ովքեր արդեն մի քանի անգամ օգտվել են հոգեբանի ծառայությունից, իրենց հետ ավելի հեշտ է լինում շփումն ու աշխատելը:

«Կանանց որոշակի ժամանակ է պետք, որ կարողանան մեզ հետ կիսվել ու խոսել այդ թեմաների հետ կապված: Իհարկե, երբ մենք խոսում ենք իրենց հետ իրենց հայացքներից, հստակ տեսնում ենք, որ ինչ-որ տեղ իրենք ունեն դրա կարիքը, բայց ամաչում են խոսել այդ թեմաներից, բարձրաձայնել այդ կարիքների մասին: Բայց, կարծում եմ, դա ժամանակավոր բնույթ է կրում. ժամանակի ընթացքում կկարողանանք ստեղծել այդ ապահով եւ վստահելի մթնոլորտը, որ իրենք մեզ հետ արդեն կկարողանան կիսվել տարբեր թեմաներով»,- հույս է հայտնում Նաիրան:

Կազմակերպությունն այժմ նաեւ աշխատանքներ է տանում արցախցի կանանց հասարակությունում ինտեգրելու ուղղությամբ. «Մենք նաեւ թերապեւտիկ խմբակներ ենք անում կանանց համար եւ այդ ժամանակ էլ փորձում ենք իրենց հետ խոսել տարբեր թեմաներից, այդ թվում՝ ինքնախնամքի, բռնության, առողջ փոխհարաբերությունների մասին: Կարծում եմ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում հնարավորություն կունենանք հերթով անդրադառնալու առկա խնդիրներին»:

Բազմիցս ապացուցված է, որ պատերազմական, ճգնաժամային իրավիճակներում գենդերային ընատանեկան բռնության դեպքերը շեշտակի աճում են: Նաիրայի խոսքով՝ իրենք արդեն սկսել են արձանագրել նման դեպքեր. «Ընտանեկան բռնության մասով, ցավոք սրտի, հենց բռնության ենթարկված կանանցից ահազանգեր չենք ունեցել, բայց գիտենք, որ կա բռնություն ընտանիքներում: Մենք ահազանգեր ստացել ենք համայնքի բնակիչներից, հարեւաններից, ովքեր լսել են աղմուկի ու լացի ձայներ: Ես ոստիկանության հետ այցելել եմ այն ընտանիքին, որտեղ բռնություն է եղել․ իհարկե, այցի բուն նպատակը չենք հայտնել: Փորձել եմ բռնության ենթարկված կնոջ հետ խոսել: Նա շատ մերժողական էր, բացարձակ չխոսեց բռնության մասին եւ հերքեց, որ ընտանիքում նման իրավիճակ կա: Խուսափողական պատասխաններ տվեց՝ ասելով, որ իրենք ուղղակի ընտանիքում բարձր են խոսում»,- պատմում է ՀԿ նախագահը:

Նաիրայի խոսքով՝ շատ հաճախ կանայք փորձում են արդարացնել բռնությունը՝ ասելով, որ տղամարդիկ պատերազմի են մասնակցել, հոգեբանորեն ծանր վիճակում են, ինչը կանայք  նորմալ են համարում:ՀԿ նախագահը նշում է, որ տեղահանված անձանց հետ աշխատելու ընթացքում ՀԿ աշխատակազմի մոտ նկատվում է մասնագիտական այրում. «Այդ ծանր օրերին բոլորս մոռացել էինք մեր անձնական խնդիրների, դժվարությունների մասին: Երբ տեսնում ես թերսնված երեխաներին, ծանր վիճակում գտնվող կանանց, երեկոյան ցուրտ եղանակին առանց տաք հագուստ մարդկանց, դու մոռանում ես քո կարիքներն ու խնդիրները: Այդ ընթացքում որպես մասնագետ ինչքան էլ փորձում էինք մեզ վերահսկել, զերծ պահել այդ հույզերից, զգացումներից, միեւնույն է, չէր հաջողվում: Ճիշտ է՝ ինքնամոռաց այդ պահին փորձում էինք հնարավորինս շատ մարդկանց օգնել, բայց հետո զգում էինք, որ պարզապես սպառվում էինք»,- պատմում է Նաիրան:

Դժվարություններն ու մարտահրավերները հաղաթահարելու հարցում Նաիրան նշում է, որ իրենց շատ են օգնում գործընկեր կանանց կազմակեպությունները. «Այդ մասով մենք մեր հույսը դրել ենք մեր գործընկերների վրա, ովքեր բոլոր ժամանակներում մեր կողքին են, օգնել ու աջակցել են մեզ:  Օրինակ՝ Կանանց աջակցման ՀԿ-ի հոգեբանն այժմ սուպերվիզիա է անցկացնում մեր հոգեբանների հետ: Բայց մեր սոցիալական աշխատողները նույնպես ունեն դրա կարիքը, քանի որ նրանց աշխատանքն ավելի ծանր է եղել: Հուսով եմ՝ նաեւ հնարավորություն ու ռեսուրսներ կունենանք այս մասով: Մենք հիմա փորձում ենք միասին ինչ-որ հետաքրքիր, ուրախ բաներ կազմակերպել, ժամանակ անցկացնել, որպեսզի փորձենք այս ամենից գոնե մի պահ կտրվել եւ մի քիչ էլ մեր մասին հոգ տանել»,- թեթեւ ժպիտով ասում է Նաիրա Հարությանը եւ շարունակում պատմել իրենց հետագա պլանների մասին, որոնք ուղղված են արցախցի կանանց զորեղացմանը: Լսելով Նաիրայի ձայնի հաստատակամությունը՝ հասկանում ես, որ, իրապես, արցախցի կանայք միայնակ չեն լինելու:

Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյան

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.