Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության բռնի տեղահանության հետեւանքով Հայաստանում հումանիտար ճգնաժամ է: Տասնյակ հազարավոր մարդիկ, ովքեր հաստատվել են Հայաստանում, զրկված են տնից, աշխատանքից, արժանապատիվ կյանքի իրավունքից: Ճգնաժամային նման իրավիճակներում հատկապես խոցելի են դառնում տարիքով մարդիկ, կանայք եւ երեխաները:
Հայաստանում կանանց հիմնադրամը բռնի տեղահանության առաջին իսկ օրերից իր ռեսուրսները մոբիլիզացրեց բռնի տեղահանվածներին օգնության հարցում: Հիմնադրամը, համագործակցելով ՀՀ մազերում կանանց հարցերով զբաղվող կազմակերպությունների հետ, հումանիտար, առաջին անհրաժեշտության աջակցություն է ցուցաբերել՝ տեղահանվածների նախնական կարիքները հոգալու համար:
***
Գեղարքունիքի մարզում Հայաստանում կանանց հիմնադրամը համագործակցել է «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի հետ:
ՀԿ նախագահ Անահիտ Գեւորգյանը նշում է, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ տեղահանված շատ արցախցիներ հաստատվել էին մարզի մի շարք համայնքներում, եւ այս տարվա բռնի տեղահանության ժամանակ նրանցից շատերը ցանկություն են հայտնել հաստատվելու նույն համայնքներում:
«Սեպտեմբերի 22-ից սկսեցինք զանգեր ստանալ համայնքապետարաններից: Այդ օրերն ամենածանրն էին: Մեծ մասը եկել էր համարյա թե ոտաբոբիկ, շատերն իրենց հետ ոչինչ չէին վերցրել՝ հատկապես այն ընտանիքները, որոնք ռմբակոծված շրջաններից էին ու օրերով պատսպարված էին եղել անտառներում»,- պատմում է Անահիտը:
Կազմակերպությունն առաջին օգնությունը կազմակերպել է համայնքի բնակչության ջանքերով: Տարածել են տեղեկատվություն բնակչության շրջանում, հավաքել հագուստ, սնունդ. «Սկզբի օրերին ուրիշ աջակցություն չունեինք, ու համայնքային համախմբման վրա էր մեր միակ հույսը: Առաջին հրատապ անհրաժեշտության հարցերը փորձեցինք այդպես լուծել: Հետո դիմեցինք տարբեր հիմնադրամների: Մենք ունեինք միջոցներ, բայց դրա համար շնորհատու կազմակերպության թույլտվությունն էր պետք: Ժամանակ էր պահանջվելու, իսկ մեզ շատ հրատապ պետք էր օգնել տեղահանված մարդկանց: Այս հարցում առաջինը շատ արագ մեզ Հայաստանում կանանց հիմնադրամն արձագանքեց: Ճիշտ է՝ գումարը մեծ չէր, բայց առաջին շրջանում կարողացանք մարդկանց հիմնական կարիքները հոգալ: Օրեր շարունակ ճանապարհներին գիշերած մարդկանց ապահովեցինք հիգիենայի պարագաներով, առաջին անհրաժեշտության իրերով, կանացի միջադիրներով»,- նշում է ՀԿ ղեկավարը:

Անահիտ Գեւորգյանը նշում է, որ նախքան տեղահանված անձանց աջակցությամբ զբաղվելը, նախապատրաստական լուրջ աշխատանքներ են տարվել ՀԿ աշխատակազմի հետ. «Մենք արդեն որոշ փորձառություն ունեինք 44-օրյա պատերազմի ժամանակ տեղահանված անձանց հետ աշխատանքում: Հենց էսկալացիան ու բռնի տեղահանումները սկսվեցին, մեր ամբողջ աշխատակազմի համար հանդիպում կազմակերպեցինք, ներկայացրինք, թե ինչպես պետք է վարվել տեղահանված անձանց հետ, ինչպես անել կարիքների գնահատում՝ հաշվի առնելով նրանց հոգեբանական ծանր վիճակը, ինչի մասին կարելի է նրանց հետ խոսել ու ինչ հարցեր չի կարելի տալ նրանց, որ հավելյալ տրավմաների չենթարկվեն: Ներկայացրինք նաեւ 2020թ․ պատերազմի ժամանակ մեր փորձառությունը, մեր թույլ տված սխալները, փոխանակվեցինք բոլորիս ունեցած ինֆորմացիայով, նոր սկսեցինք մարդկանց հետ աշխատել»,- պատմում է նա:
ՀԿ նախագահը նշում է, որ կանայք ովքեր միշտ կենտրոնացած են իրենց ընտանիքի բարօրության վրա, սովորաբար մոռացության են մատնում իրենց կարիքները, եւ երբ կազմակերպությունը հոգացել է կոնկրետ կանանց կարիքների մասին, վերջինների ապրումները շատ հուզիչ են եղել. «Չեք պատկերացնի կանանց հուզմունքը, երբ իրենց կանացի հիգիենիկ պարագաներ էինք տալիս: Մեր կանայք երբեք իրենց անձնական կարիքների ու խնդիրների մասին չեն բարձրաձայնում, ու երբ իրենք տեսնում էին, որ կա մեկը, որ իրենց մասին էլ է մտածում, հոգ տանում այդքան նրբանկատորեն հասկանում իրենց դրությունն ու կարիքները, այնպիսի հուզական արձագանքներ էին տալիս: Այդ փաթեթներից շատ ավելի էին ուրախանում, քան ավելի մեծ ու արժեքավորներից: Կանայք ունեն շատ առանձնահատուկ կարիքներ, որոնց մասին, սովորաբար, ամաչում են բարձրաձայնել»,- նշում է նա:

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն այժմ մեծ ծավալի աջակցություն է ստացել «Հայաստան» համահայկական հիմնադրամից եւ ԱՄՆ ՄԶԳ-ից: Ինչպես նշում է ՀԿ նախագահը, բոլոր տրամադրված փաթեթները, ի թիվս կենցաղային շատ կարիքների, պարտադիր ներառել են նաեւ կանանց սեռական-վերատադրողական առողջությանն ու հիգիենային վերաբերող պարագաներ. «Հիմա էլ այն կանայք, ովքեր գալիս են մեզ մոտ իրենց երեխաների համար անհրաժեշտ ապրանքները վերցնելու համար, այդ փաթեթի հետ անպայման տրամադրում ենք նաեւ կանացի միջադիրներ»,- ընդգծում է նա:
Այժմ, երբ բռնի տեղահանված արցախցիները փոքրիշատե անցել են կայուն կյանքի, ՀԿ-ն զբաղվում է նրանց կենցաղային կարիքների բավարարմամբ եւ համայնքում նրանց ինտեգրման հարցերով. «Մենք այժմ հավաքագրում ենք բռնի տեղահանված մարդկանց տվյալները՝ տարիքը, նախասիրությունները, զբաղվածությունը: Մարդիկ կան, որ շատ ակտիվ են, մարդիկ կան՝ դեռ դեպրեսիայի մեջ են: Բոլորի հետ փորձում ենք յուրովի աշխատել: Մենք արդեն հելյունագործության ու տիկնիկագործության խմբեր ունենք: Մի խմբի հետ էլ անում ենք կարուձեւի դասընթացներ: Այս խմբերի առաջին նպատակն այն է, որ կանայք որեւէ զբաղմունք ունենան, կարողանան մի փոքր լիցքաթափվել իրենց խնդիրներից: Խմբային այդ հանդիպումների ժամանակ մենք նաեւ խոսում ենք նրանց հետ ընտանեկան բռնության մասին: Բռնի տեղահանված կանանց մոտ բռնությունների վերաբերյալ իրազեկվածությունը շատ ցածր է»,- ասում է նա:

Անահիտը նշում է մեթոդներ, որով իրենց թիմը կարողացել է կոնտակտի դուրս գալ, եւ սփոփել բռնի տեղահանված կանանց. «Առաջին հանդիպումների ժամանակ տեսա, որ կանայք, քարացած ու անտարբեր հայացքներով նստած էին՝ ամեն մեկն իր մտքերի ու խնդիրների մեջ ամփոփված: Որոշեցի նրանց հետ լսել Յ. Սահակյանի «Բերդ պարը» ազդեցիկ բանաստեղծությունը, որը վերաբերում է արցախցիների դիմակայությանը եւ կամքի ուժին: Բոլոր ներկաները սկսեցին լացել: Իհարկե, միշտ խուսափել եմ մարդկանց հասցնել նման վիճակի, բայց կարծես թե, դա նրանց օգնեց: Բոլորս լացեցինք, թեթեւացանք ու անցանք բուն թեմային: Լացելն ինչ-որ չափով օգնեց կանանց դուրս գալ պարփակված վիճակից, եւ կարողացան բաց թողնել իրենց մեջ կուտակված էմոցիաները, որոնք երկար ժամանակ զսպված ու չլսված են եղել»:
Ինչպես նշում է Անահիտ Գեւորգյանը, ճգնաժամային այս ժամանակահատվածում թե՛ ինքը, թե՛ ՀԿ ողջ աշխատակազմը մոռացել են իրենց խնդիրների մասին, քանի որ, իր խոսքով, իրենց հոգեվիճակը ոչինչ է՝ համեմատած արցախցիների ապրումների, նրանց կորուստների ու ցավի հետ: «Մեր զբաղվածությունն ու տանջանքը նրանց վշտի դեմ ոչինչ է: Նրանցից ամեն մեկը յուրովի է դժբախտ. մի կին նոր է ծննդաբերել, իսկ նրա ամուսինը Ստեփանակերտում տեղի ունեցած սարսափելի պայթյունից հետո անհայտ կորած է: Ընտանիք կա, որ մի տարվա մեջ 4 հոգի է զոհվել: Սա է իմ ամենամեծ ցավը, ես չգիտեմ՝ ինչպես օգնել ու սփոփել նրանց: Մարդիկ իրենց կյանքի իմաստն են կորցրել: Չես կարողանում ոչնչով օգնել, որեւէ մխիթարական խոսք չես կարող ասել …: Ինչո՞վ մխիթարես, կամ ի՞նչ առաջարկես նրանց փոխարենը, անկողնային պարագանե՞ր, լվացքի փոշի՞: Շատ աբսուրդ ժամանակներում ենք ապրում»,- ասում է Անահիտը՝ ու նորից մի քանի անգամ կրկնելով, որ կշարունակեն լինել Արցախից բռնի տեղահանաված մարդկանց կողքին՝ նրանց հետ կիսելով բոլոր հոգսերն ու ցավերը:
Հարցազրույցը՝ Ելենա Սարգսյանի
Լուսանկարները՝ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ / MWCC NGO ֆեյսբուքյան էջից