Եթե ձեզ հետաքրքրում է ֆեմինիզմը կամ ցանկանում եք տարատեսակ թեմաներին ֆեմինիստական տեսանկյունից նայել, սիրում եք փոդքաստներ լսել և փնտրում եք հայալեզու բովանդակություն լոկալ խոսույթներից տեղյակ լինելու համար, ապա դուք ճիշտ տեղում եք։
Ներկայացնում ենք վերջին տարիներին հրապարակված 6 փոքդաստ՝ ֆեմինիզմի, ինքնախնամքի, քվիր համայնքի և այլնի մասին, որոնք տարածք են ստեղծում գիտելիքի, քննարկումների և ռեֆլեքսիայի համար։
Բարի ընթերցում։
1. Ականջօղ
Եթե դեռ չեք լսել «Ականջօղ» փոդքաստը, ուրեմն ժամանակն է շտկելու այդ բացը։ Այն խորանում է այնպիսի թեմաների մեջ, ինչպիսին է կանանց ապրանքայնացումը, մեդիայում ներկայացվող կանանց կերպարը, բռնությունը, պատերազմը և շատ ավելին։ Ձեզ սպասվում է այնչափ հաճելի զրույց երկու կանանց՝ Գոհարի և Անահիտի կողմից, որը ձեզ կստիպի խորհել, հարցադրումներ անել և պատասխաններ գտնել, վերլուծել և վերաիմաստավորել։ Միայն թե մեկ վտանգ կա․ պատրաստ եղեք լսելու բոլոր էպիզոդները առանց դադարի և մեկ շնչով։
Վերջապես, այն կարող եք ունկնդրել այստեղ։
2. Սև բիբար
Սև բիբարը հիանալի և բացառիկ հարթակ է՝ քննարկելու, հարցադրելու, գնահատելու և քննադատելու Հայաստանում (բայց ոչ միայն) ընթացող քաղաքական, տնտեսական, հասարակական և մշակութային երևույթներն ու զարգացումները ձախական դիրքերից։ Այստեղ արծարծվող թեմաները բազմաշերտ են՝ սկսած սոցիալական արդարությունից և աշխատավորների իրավունքներից մինչև գենդերային հարցեր, հակակապիտալիստական վերլուծություններ ու աշխարհաքաղաքական զարգացումներ և այլ թեմաներ, որոնք հաճախ դուրս են մնում հիմնահոս մեդիայից։
Այստեղ կարող եք գտնել փոդքաստը։
3. Լոքշ
Ի՞նչ է ձեզ համար ինքնախնամքը, ինչպե՞ս եք ընկալում ձեր մարմինը և ձեր էմոցիաները, ունե՞ք հստակ գծված սահմաններ հարաբերություններում․․ Այս և այլ թեմաների մասին իր փորձով կիսվում է Աիդան «Լոքշ» փոդքաստում՝ օգնելով վերանայել սեփական հոգեբանական ու ֆիզիկական բարօրության հանդեպ մոտեցումը։ Այս փոդքաստի շնորհիվ դուք կգտնեք մի շարք պատասխաններ ձեր ամենօրյա կյանքում, կվերաիմաստավորեք ինքներդ ձեզ հետ անցկացրած ժամանակը, կկարևորեք ձեր ցանկություններն ու էմոցիաները։
Լսեք փոդքաստը այստեղ։
4. Ջազվե
«Ջազվե թոլկսը» հայ-անգլերեն ֆեմինիստական վիդեո – փոդքասթ է, որը ստեղծվել է Լյուսի Մարտիրոսյանի և Սոնա Գրիգորյանի կողմից։ Մեր կարգախոսն է spill the coffee, not the tea. Ինչը նշանակում է, որ մենք, ստեղծագործողների և մտածողների հետ քննարկումների միջոցով բացահայտում ենք մեզ իրարից բաժանող ամոթը։ Այդ ճանապարհին նաև լուսաբանելով և վավերագրելով ստեղծագործողների աշխատանքն ու գաղափարները։
Ահա փոդքաստի յութուբյան էջը։
5. Աղջիկները խոսում են
Դեռահաս աղջիկները ասելիք ունեն!!! Եվ նրանց ձայնը կարող եք լսել «Աղջիկները խոսում են» փոդքաստի միջոցով՝ գեղեցկության չափանիշների, պատերազմի, սեքսիզմի մասին։ Թեև փոդքաստը ստեղծվել է տարիներ առաջ, սակայն արծարծվող թեմաները մինչ այժմ էլ ակտուալ են մնում։ Այնպես որ, եթե դեռահաս եք և գենդերի հիմքով բախվում եք մի շարք սոցիալական, մշակութային և բարոյական դժվարությունների կամ ուղղակի հետաքրքրված եք դեռահասների խնդիրներով և դիտանկյունով, ապա այս փոդքաստը պարզապես լավագույն միջոցն է հասկանալու մեր ներկայիս իրականությունը։
Լսեք այն այստեղ։
6. Թաքուն
«Կուզե՞ս քեզ ծիածան նվիրեմ» կամ «շատ լեսբի* էպիզոդ»․ գրավիչ է, չէ՞, հնչում։ Բարի գալուստ «Թաքուն» փոքդաստ՝ տարբեր քվիր փորձառությունների և ինտերսեկցիոնալ քննարկումների հարթակ։ Յուրաքանչյուր էպիզոդ հնարավորություն է տալիս լսելի դարձնելու պատմություններ և ձայներ, որոնք հաճախ մնում են ստվերում և անհասանելի մնում լայն լսարանի համար։ Այստեղ խոսում են սիրո, բազմազանության և առօրյա կյանքի մասին՝ առանց սահմանափակումների և ֆիլտրերի։
Լսեք փոդքաստը այստեղ։