5 գիրք՝ ֆեմինիզմի հետ ծանոթությունը սկսելու համար

Ի՞նչ է նշանակում ապրել մի աշխարհում, որը ստեղծված է՝ առանց քո կարիքներն ու փորձառութունը հաշվի առնելու: Եվ ինչպե՞ս կարող ենք սկսել փոխել այն։ Ֆեմինիզմը մեզ օգնում է բարձրաձայնել այդ հարցերը և, որ ամենակարևորն է, պատկերացնել ավելի լավ աշխարհ: Անկախ նրանից՝ նոր ես սկսում ուսումնասիրել ֆեմինիստական գաղափարներ, հետաքրքրված ես ֆեմինիզմով, թե ուղղակի փնտրում ես բառեր, որոնք կարտացոլեն քո զգացողություններն ու փորձառությունները, այս հինգ գրքերը լավ մեկնարկային կետեր են։

Սրանք այն գրքերն են, որոնք պետք է կարդա յուրաքանչյուրը, որոշ ժամանակ հետո վերընթերցի, հիշի ընդգծված տողերը, նվիրի ընկերներին։ Այս աշխատությունները մարտահրավեր են նետում մեզ, մխիթարում են, երբեմն էլ՝ անհանգստացնում ու հարցեր առաջացնում, և հենց այդպիսին է իրականում ֆեմինիստական աշխատանքը։

Ահա 5 պարտադիր ընթերցանության գիրք, որոնք կօգնեն ձևավորել ֆեմինիզմի քո ընկալումը․

 [Սեղմելով յուրաքնչյուրի գրքի վերնագրի վրա՝ կարող եք կարդալ այն առցանց տարբերակով]

«Ֆեմինիզմը բոլորի համար է»․ բել հուքս 

Այս կարճ, բայց ազդեցիկ գիրքը նուրբ, սիրառատ, սակայն խորապես արմատական ներածություն է ֆեմինիզմի աշխարհ։ բել հուքսը գրում է պարզ ու մատչելի լեզվով՝ փշրելով միֆերը և ցույց տալով, որ ֆեմինիզմը շարժում է՝ ուղղված սեքսիզմի, սեքսիստական շահագործման և ճնշման վերացմանը։ Այն ջերմ հրավեր է, հատկապես սկսնակների համար՝ պատկերացնելու ավելի արդար և ներառական աշխարհ բոլորի համար։

«Մենք բոլորս պետք է լինենք ֆեմինիստներ»․ Չիմամանդա Նգոզի Ադիչի

Իր հայտնի TED ելույթից բխած այս էսսեն խորապես անձնական ու արտահայտիչ անդրադարձ է սեռային անհավասարությանն ու գենդերային խնդիրներին։ Ադիչին գլոբալ և ինտերսեկցիոնալ ոսպնյակներով ներկայացնում է պատմություններ ու մտորումներ, որոնք հնչում են տարբեր մշակույթներում։ Այն կարճ է, ուժեղ ազդեցությամբ, որը, հավանաբար, կցանկանաս կարդան բոլոր նրանք, ում ճանաչում ես

«Անտեսանելի կանայք»․ Կարոլին Կրիադո Պերես

Եթե երբևէ զգացել ես, որ այս աշխարհը պարզապես քեզ «հարմար» չէ, այս գիրքը կհստակեցնի՝ ինչու։ Տվյալների, հետազոտությունների և իրական դեպքերի օրինակներով Պերեսը բացահայտում է, թե ինչպես է գենդերային կողմնակալությունը ներծծված մեր համակարգերում, քաղաքականություններում ու նույնիսկ առօրյա գործերում։ Այն բացահայտող է, երբեմն՝ զայրացնող, սակայն լիովին անհրաժեշտ ընթերցանության արժանի աշխատություն։

«Ապրել ֆեմինիստական կյանքով»․  Սառա Ահմեդ

Սառա Ահմեդը գրում է այնպես, կարծես մտերիմ ընկեր է, որ քաջալերում է քեզ մտածել ավելի խորությամբ։ Նա ուսումնասիրում է, թե ինչ է նշանակում ամեն օր ապրել ֆեմինիզմով՝ աշխատավայրում, տանը, հարաբերություններում և այն հաստատություններում, որոնք հաճախ դիմադրում են այդ արժեքներին։ Այս գիրքը բառեր է տալիս այն զգացումներին, որոնք շատերս տարիներ շարունակ կրել ենք լռությամբ։

«Կանայք, ռասան և դասակարգը»․ Անջելա Դեյվիս

Դասական գիրք, որը, մեր համոզմամբ, պետք է լինի յուրաքանչյուր ֆեմինիստական գրադարանում։ Անջելա Դեյվիսը վերլուծում է ֆեմինիզմի պատմությունը ԱՄՆ-ում և ցույց է տալիս, թե ինչպես են ռասայական, դասակարգային և գենդերային հարցերը միշտ փոխկապակցված եղել։ Այն հարուստ, մանրամասն ու ինտերսեկցիոնալ հայացք է ֆեմինիզմին՝ պայքարի և համերաշխության տեսանկյունից։

Այս գրքերից յուրաքանչյուրը ստիպում է մեզ զգալ, մտածել և գործել։ Ֆեմինիզմը բոլորի համար միանման համոզմունք չէ․ այն գործելակերպ է, աշխարհին նայելու և նրա հետ փոխազդելու ձև։ Անկախ նրանից, թե որտեղ ես հիմա,  հուսով ենք՝ այս գրքերը քեզ կբերեն նոր գիտակցում, քաջություն ու համայնքի պատկանելիության զգացում։

Այս և այլ ֆեմինիստական գրքեր կարող եք գտնել Կանանց ռեսուրսային կենտրոնի ապահով տարածքում (հասցե՝ Բաղրամյան 47)։

Բարի ընթերցում։

Բաց ռեսուրսներ բաց գաղափարների համար

Նմանատիպ Ռեսուրսներ

Բաժանորդագրվել

Բաժանորդագրվեք և առաջինը իմացեք մեր նորությունների մասին։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.