Միջմարզային համագործակցության դրամաշնորհ
2024թ․ հունվարին հայտարարված միջմարզային համագործակցության դրամաշնորհի շրջանակներում մեր գործընկերուհիներն իրականացրել են հետևյալ ծրագրերը․
Արմինե Զաքարյան — «Կանանց շրջան» – ԼՂ-ից տեղահանված կանանց սոցիալ-հոգեբանական աջակցության նախաձեռնության նպատակն էր օգնել ԼՂ-ից տեղահանված և Լոռու մարզի Թումանյան և Փամբակ համայնքներում բնակություն հաստատած կանանց ճանաչել և ձևակերպել իրենց հոգեբանական խնդիրներն ու կարիքները, ծանոթանալ դրանց կառավարման մի շարք գործիքներին: Ծրագիրը հարթակ ստեղծեց սոցիալական բազմաշերտ հարաբերությունների կառուցման համար, որպեսզի մասնակիցները ծանոթանան համայնքում ակտիվ, նախաձեռնող կանանց հետ, տեղեկանան ներգրավվածության ոլորտներին ու հնարավորություններին, ինչպես նաև՝ իրազեկված լինեն լոկալ և մարզկենտրոնում գործող կանանց խնդիրներով զբաղվող հկ-ների, նախաձեռնությունների և այլ կառույցների հետ։
Կանանի ՀԿ – «Fem teens unite. Հավասարության և բարօրության տարածք» ծրագիրն իրականացվել է «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ-ի և Վանաձորի Թևեր նախաձեռնության հետ համատեղ։ Ծրագրի նպատակն էր դասընթացների և աշխատարանի միջոցով նպաստել դեռահաս աղջիկների ինքնաճանաչմանն ու վստահ վարքագծի ձեռքբերմանը հասարակության գենդերային ակնկալիքներին քննադատաբար մոտենալու համար: Իսկ ծրագրի ավարտին դեռահաս աղջիկների երկու թիմերը Վանաձոր և Գյումրի քաղաքներում ենթադրամաշնորհների շրջանակներում իրականացրել են ֆեմինիստական ծրագրեր՝ ներգրավելով այլ դեռահասների:
4 Պլյուս վավերագրական լուսանկարչության կենտրոն – Կենտրոնը մշտապես փորձում է տեսողական պատումների միջոցով անդրադառնալ Հայաստանում կանանց հիմնախնդիրներին: «Կանայք՝ կանանց համար» ծրագրի շրջանակում ծրագրի հեղինակները, որպես լուսանկարիչներ և պատկերի հետ աշխատող մարդիկ, երկու մարզային համայնքների` Սյունիքի և Գեղարքունիքի ակտիվ և նախաձեռնող կանանց և աղջիկներին փոխանցել են գիտելիքներ՝ ինչպես տարբեր մեդիա հարթակներում պատկերների միջոցով գրագետ կերպով պատմել և ներկայացնել իրենց գործի, միջավայրի, համայնքի և մարզի մասին:
Արվեստի Բաց Հարթակ ՀԿ – «ՄԱՄԱՅԻ ՀԱՄԱՐ» փաստագրական ներկայացումը հյուրախաղերով հանդես է եկել Հրազդան և Սևան քաղաքներում։ Այն միտած էր նպաստելու Հայաստանում կանանց իրավունքների հանդեպ ուշադրության բարձրացմանը։ Ներկայացումը խրախուսում է կանանց տարբեր խմբերին ավելի վստահ խոսել գոյություն ունեցող խնդիրների մասին:

Փինք իրավապաշտպան ՀԿ – «Ֆեմինիստական երկխոսություններ. քվիր ակտիվիզմը մարզերում» ծրագիրը բարձրացնում է իրազեկվածությունը, խթանում երկխոսությունը, հզորացնում անհատներին և քվիր համայնքին Վանաձորում և Գյումրիում գտնվող ֆեմինիստական և քվիր անձանց ակտիվ մասնակցությամբ։ Հանդիպումների և քննարկում-միջոցառումների միջոցով ծրագիրը նպաստել է փոխըմբռնման բարձրացմանը, խթանել կարեկցանքը և կառուցողական զրույցները՝ կապված կոնֆլիկտների համատեքստում կանանց և ԼԲՏՔ+ անհատների առջև ծառացած մարտահրավերների հետ: Ուժեղացնելով մարզային քվիր համայնքը՝ ծրագիրը նպաստել է մարզային քաղաքներին դառնալ ավելի ներառական, որտեղ բոլոր անհատները գնահատված և հարգված են:
Կանայք, խաղաղություն, անվտանգություն
Մարտին մեկ այլ թեմատիկ դրամաշնորհ էինք հայտարարել՝ ուժեղացնելու «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգը: Դրա շրջանակներում իրականացվել են հետևյալ ծրագրերը․
Գայանե Ղազարյան — «Հյուսված պատմություններ Գեղարքունիքից» նպատակն էր խրախուսել դեռահաս աղջիկներին արտահայտել իրենց տեսակետները իրենց և իրենց համայնքներին վերաբերող ներկայիս խնդիրների վերաբերյալ (խաղաղություն, անվտանգություն, բնապահպանություն և այլն): Դրան զուգահեռ՝ ծրագիրը նաև ուղղված էր տարբեր համայնքների միջև իրազեկվածության աստիճանը բարձրացնելուն։ Ծրագրի շրջանակում մասնակիցները ծանոթացել են պատմասացության (storytelling) տարբեր հմտությունների և գործիքների, որպեսզի հետագայում կարողանան պատմել իրենց սեփական պատմությունները, ինչպես նաև հավաքագրված պատմություններն ու լուսանկարները ամփոփվել են զինով։

ՖեմՖորվըրդ կանանց զորեղացման և համայնքային զարգացման ՀԿ – Այս կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը «1325 բանաձևի հայաստանյան ճանապարհային քարտեզն» է, որի նպատակը Հայաստանում կանանց ներգրավածությանը «կանայք, անվտանգության, խաղաղաշինության» օրակարգում նպաստելն էր, այդ թվում՝ բարձրացնել շահագրգիռ համայնքի իրազեկությունը ՄԱԿ-ի անվտանգության 1325 բանաձևի և ՀՀ ազգային գործողությունների երկու պլանների կատարողականի, մարտահրավերների և լուծումների վերաբերյալ: Ինչպես նաև՝ խթանել կանանց և անվտանգության հարցերով զբաղվող մարզային ՀԿ-ների և ակտիվ ոչ ֆորմալ խմբերի ներգրավածությունը ԱԳ 3-րդ պլանի նախագծման հարցում։
Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ – «Փախստական եւ տեղացի կանանց հզորացում» ծրագիրը ընթադրում էր 4-օրյա աշխատարանի միջոցով հզորացնել Մարտունի համայնքում բնակվող փախստական եւ տեղացի կանանց կարողությունները հասարակական ակտիվիզմի, հասարակական կազմակերպությունների ոլորտի, քաղհասարակության, համայնքային մոբիլիզացիայի, դրամահավաքների վերաբերյալ։
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կոնտրոն – Իրականացված ծրագրի շրջանակում ուսումնասիրվել և ներկայացվել է ԼՂ բռնի տեղահանված կանանց ներկայիս կենսափորձը, նրանց հիմնախնդիրները։ ԼՂ բռնի տեղահանված երիտասարդ կին փորձագետի/ակտիվիստի հետ միասին ՀՌԿԿ-Հայաստանի թիմը անցնել է հետազոտական կարողությունների զարգացում՝ միասին ծրագրի միջոցով զարգացնելով մասնակցային հետազոտական կարողությունները, ամփոփել ԼՂ բռնի տեղահանված կանանց հետ իրականացված հետազոտությունը համապատասխան համառոտագրում։
«Հաբ Արցախ» սոցիալ տնտեսական զարգացման ՀԿ – «Կանանց խաղաղության գագաթնաժողով» ծրագրի ընդհանուր նպատակն էր ստեղծել հարթակ, որտեղ կանայք կկիսեն իրենց փորձը և կբարձրաձայնեն իրենց տեսակետները Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության վերաբերյալ: Ծրագրի նպատակ ուներ նպաստելու կարծիքների, գաղափարների և հեռանկարների փոխանակմանը Արցախից փախստականների, Հայաստանում կանանց, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիական հասարակության համապատասխան շահագրգիռ կողմերի միջև, ոգեշնչելու, բարձրացնելու և դրդելու կանանց՝ դառնալ ավելի ակտիվ դերակատարներ Արցախում և դրանից դուրս խաղաղ գործընթացներում:
«Կանանց Կենտրոն. Շուշի» ՀԿ – «Խաղաղության ձայներ. Ապրող արխիվներ» ծրագիրը միտված էր հանրությանը հասանելի դարձնելու կանանց պատմությունները, որոնք ուղղված են խաղաղությանը, ցույց տալ պատերազմների անտեսանելի կողմերը, որոնք դուրս են մնում հանրության դիտանկյունից: Կարևորելով կանանց ձայները/պատմությունները, նրանք հնարավորություն են ունեցել բարձրաձայնել ոչ հայտնի տեսակետները/փորձառությունները: Ծրագրի նպատակն էր նաև հանրությանը ցույց տալ նույն իրավիճակը տարբեր տեսանկյուններից և փորձառություններից։
«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ – «Մանուշակագույն հարևանություն» ծրագրի նպատակն էր հայ և վրացի կանանց համատեղ ջանքերով ցույց տալ խաղաղ հարևանության օրինակ՝ նպաստելով և տարածելով ֆեմինիստական խաղաղաշինության գաղափարը։ Ծրագրի առանցքային գաղափարն այն է, որ խաղաղությունը և դրա ընկալումը կարող է լինել ոչ միայն «սպիտակ»՝ ընդհանուր և վերացական, անիրական երևույթ, այլև «մանուշակագույն», երբ կանայք են միավորում ջանքերը, նպատակները, հույզերն ու կարողությունները՝ ցույց տալով հանրությանը, որ քույրության, սոլիդարության, միասին գործելու սկզբունքները կարող են էական դրական գործոններ լինել խաղաղաշինական երկխոսություններում։
«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ – «Վերականգնում արվեստով.Արցախից բռնի տեղահանված կանանց հզորացում մշակութային արտահայտման միջոցով» ծրագրի շրջանակում օգտագործվում է մշակութային գործունեության փոխակերպող ուժը՝ աջակցելու տեղահանված կանանց հոգեբանական բարեկեցությանը, ճկունությանը և հզորացմանը՝ միաժամանակ պահպանելով նրանց մշակութային ժառանգությունը և խթանելով համայնքային համերաշխությունը: Ստեղծվել է ապահով, աջակցող և ներառական տարածք, որտեղ Արցախից տեղահանված կանայք կարողացել են ստեղծել համերաշխության, փոխադարձ աջակցության և հզորացման ցանցեր՝ կանանց տրամադրելով գեղարվեստական արտահայտման և պատմելու հարթակ, ինչպիսիք են կավագործությունը, նկարչությունը և խոհանոցը՝ որպես վերականգնման միջոց և միևնույն ժամանակ վերամիավորում մշակութային ժառանգության հետ։
Մարդու իրավունքների եզդիական կենտրոն իրավապաշտպան ՀԿ – «Ազգային փոքրամասնությունների կանայք, ամենօրյա խաղաղություն և մարդկային անվտանգություն» ծրագիրը, առաջնորդվելով «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի գենդերազգայունության և փոխհատման (ինտերսեկցիոնալության) սկզբունքներով, նպատակ ուներ արձագանքելու ազգային փոքրամասնությունների, հատկապես` եզդի կանանց հիմնախնդիրներին: Այն կենտրոնացել է կարողությունների զարգացման միջոցով ազգային փոքրամասնությունների կանանց հզորացման և մարդկային անվտանգության քննարկումներում նրանց ակտիվ ներգրավվածության և խթանման ուղղությունների վրա, ինչը էական ներդրում է Հայաստանում խաղաղության և անվտանգության դաշտի կայացման գործում:

Էմմա Տիգրանյան և Մարիամ Ալեքսանյան – «Կանայք խաղաղ արվեստում» ծրագրի շրջանակում ստեղծվել և հանրայնացվել են ծրագրի մասնակցող նկարչուհիների հետ խաղաղաշինությանն ուղղված արվեստի գործեր, որոնց նպատակն էր խաղաղության վերաբերյալ կին արվեստագետների շրջանում խոսույթի ձևավորման խթանումը և խաղաղության վերաբերյալ արվեստային մոտեցումների զարգացումը հայ նկարչուհիների շրջանում։
Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմին նվիրված ֆեմինիստական միջոցառումների համար նախատեսված դրամաշնորհներ
Ամեն տարի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած շրջանում իրականացվող գենդերային բռնության դեմ պայքարի միջոցառումներին օժանդակելուն էր ուղղված մեր հերթական դրամաշնորհը: Ստորև ծանոթացեք իրականացված նախաձեռնություններին:
«Հելսինկյան խումբ» ՀԿ – «Ֆեմինիզմը դեռահասի աչքերով» ծրագրի շրջանակում կազմակերպության կողմից հավաքագրված մի խումբ դեռահաս աղջիկներ մենթորների աջակցությամբ Սպիտակ քաղաքում իրազեկման արշավ են իրականացրել 16 ֆեմինիստ կանանց մասին, որոնք մեծ դեր են ունեցել գենդերային հավասարության հասնելու, ֆեմինիստական արժեքների ձևավորման գործում։ Այն ներառել է աղջիկների կողմից պատրաստված պոստերների ցուցադրություն, ինչպես նաև նշված կանանց մասին տեղեկատվության տարածում առցանց հարթակներում, որին հետևել է իրազեկման դասընթացներ դեռահաս աղջիկների համար ֆեմինիզմի և գենդերային բռնության մասին։
Բերդի կանանց ռեսուրս կենտրոն հիմնադրամ – «Ֆեմ Ֆիթնես․ կանանց մարզական ակումբը՝ հանուն կանանց իրավահավասարության» նախաձեռնության նպատակը Բերդ համայնքում կարծրատիպային տղամարդկանց վրա ազդելն էր՝ նրանց մասնակից դարձնելով Հիմնադրամի կողմից անցկացվող կինոդիտմանը: Ծրագրի մյուս կարևոր շեշտադրումը կանանց ֆիզիկական ակտիվության կարևորության մասին ընդհանուր իրազեկումն էր։

«Արվեստի բաց հարթակ» ՀԿ – «Ապրել առանց վախի» վավերագրական ներկայացման հիմքում ՄԻԱՎ կարգավիճակ ունեցող մարդկանց պատմություններն են՝ ստեղծված հարցազրույցների և հետազոտությունների հիման վրա։ Ներկայացման մեջ կարող ենք տեսնել, թե ինչպես է ապրելու վախը քայքայում անհատականությունը։ Բեմադրվել է անվճար խաղ հանրության համար՝ բաց մուտքով` ի նշան համախոհության գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա ակտիվիզմի հիշատակումների։
էմիլյա Նիկողոսյան և Լիլիթ Մուրադյան – Echo4-ի նպատակն էր բարձրացնել իրազեկվածությունը գենդերային բռնության վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով գյումրեցի ֆեմինիստ գրող Շուշանիկ Կուրղինյանի ստեղծագործությունները, ինչպես նաև բռնությունը հաղթահարած անձանց խոսքերը՝ ստեղծելով կամուրջ անցյալի և ներկայի միջև՝ ընդգծելով կանանց համատեղ պայքարը և դիմադրողականությունը։
«Բաց սահմաններ» ՀԿ – Հզորացնելով ձայները արվեստի միջոցով. համայնքային որմնանկար ընդդեմ գենդերային բռնության նախագծի շրջանակում Գավառ համայնքում տեղի կանանց, բռնություն վերապրածների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և համայնքի անդամների մասնակցությամբ համատեղ որմնանկար է ստեղծվել, որը միտված էր բարձրացնել իրազեկվածությունը գենդերային բռնության վերաբերյալ։ Նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել համայնքային հարթակ, որը կհամախմբեր կանանց, բռնություն վերապրածների և ինստիտուցիոնալ գործընկերների ձայները՝ միասնական պայքար մղելու գենդերային բռնության դեմ։
Ինստիտուցիոնալ աջակցություն
Հավասարության հիմնադրամի հետ համագործակցությամբ մեր որոշ գործընկեր կազմակերպությունների էլ կարողացել ենք ինստիտուցիոնալ աջակցություն ցուցաբերել:
«Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ (GOALS) — Կազմակերպության կողմից իրականացված «Քարավան» նախագիծն ուղղված էր 11-ից 16/17 տարեկան երիտասարդ աղջիկ ֆուտբոլիստներին: Հիմնական գործողությունները ներառում էին ինտերակտիվ սեմինարներ, որոնք կենտրոնացած էին առաջնորդության զարգացման, հիգիենայի և սպորտում գենդերային հավասարության վրա: Դրան զուգահեռ իրականացվեցին գործնական ֆուտբոլային պարապմունքներ, որոնք շեշտում էին թիմային աշխատանքը, հմտությունների զարգացումը և ամենօրյա վարժությունների կարևորությունը: Ավելին, ծրագիրը միտված էր սպորտի դերը՝ որպես անձնական աճի, համայնքի զարգացման և սոցիալական փոփոխությունների գործիք ընդգծելուն:
