Ողջու՜յն,
Օգոստոսի 8-22-ը Հայաստանում կանանց հիմնադրամի թիմը գտնվելու է կոլեկտիվ հանգստի մեջ։ Մինչ մեր բնականոն աշխատանքին վերադառնալը՝ ամփոփում ենք մեր գործունեության վերջին 3 ամիսները։

Մայիսի վերջից մինչև օգոստոս ընկած շրջանում կազմակերպել ենք ևս 4 ֆեմախոսություն` հետևյալ թեմաներով․
-
COVID-19 համավարակի ազդեցությունը կանանց աշխատանքային իրավունքների վրա,
-
Անտեսանելի կանայք. ինչպես է կենցաղն աննկատելիորեն սահմանափակում մեզ (լեզուն՝ անգլերեն),
-
Տավուշի սահմանամերձ համայնքների կանանց խնդիրների և կարիքների վերհանում,
Ֆեմախոսությունների ամբողջական ցանկին ծանոթանալ և դրանք լսել կարող եք հետևյալ հղումով։

Այս շրջանում հասցրել ենք նաև ևս երկու ուղիղ եթե կազմակերպել՝ հետևյալ թեմաներով․
- Հուսահեն հաղորդացկություն, որի ընթացքում հյուրի՝ Հայկ Աբրահամյանի հետ զրուցել ենք հայաստանյան համատեքստում հուսահեն հաղորդակցության կազմակերպման, դրա սկզբունքների և ռազմավարության մասին,
- Սեռական կրթություն, որի ընթացքում Կանանց ռեսուրսային կենտրոնի Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների ծրագրի համակարգող Անուշ Պողոսյանի հետ քննարկել ենք թեման կանանց իրավունքների համատեքստում։
Այս հղումով կարող եք ծանոթանալ նաև նախորդ բոլոր մասնագիտական ուղիղ եթերներին՝ տարբեր հյուրերի հետ։

«Ֆեմինիստական բնապատկերի ընդլայնում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայաստանում կանանց հիմնադրամի, գերմանական ֆիլիա հիմնադրամի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ, հունիսի 7-ին կազմակերպվեց ևս մեկ վեբինար։ Այս անգամ մեր գործընկերուհիները Փինք Արմենիա հկ-ից և Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայից համատեղ անցկացրին «Թատրոնի դերը խտրականության բարձրացման հարցում․ֆեմինիստական արվեստ» խորագրով քննարկում։ Սա թվով երկրորդ վեբինարն էր վերոնշյալ ծրագրի շրջանակներում։ Վեբինարների ամբողջական ցանկը հասանելի է այստեղ։

Իսկ հուլիսի 14-ին նույն ծրագրի շրջանակներում կազմակերպեցինք ևս մեկ վեբինար, այս անգամ՝ միջազգային։ Վեբինարի թեման էր՝ «Միլիտարիզմը և կանայք.քաղաքականությունից մինչև անձնական պատմություններ»։ Հրավիրված 6 խոսնակները ներկայացրին միլիտարիզմի գլոբալ տենդենցները՝ ֆեմինիստական քննադատության տեսանկյունից, դրա հետևանքներն աշխարհում և մասնավորապես մեր տարածաշրջանում, ինչպես նաև Ղարաբաղյան կոնֆլիկտի ազդեցությունը կանանց իրավիճակի վրա։
Վերևի նկարը վեբինարի գրաֆիկական պատկերն է․դրանում կարող եք տեսնել խոսնակների արտահայտած մտքերից մի քանիսը։ Իսկ վեբինարը (նաև անգլերեն ենթագրերով) դիտել կարող եք այստեղ։

Հունիսի 20-ին, 22-ին և 23-ին «Ֆեմպատում. ֆեմինիստական բանավոր պատմությունների արխիվ» նախագծի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆեմինիստական մեթոդաբանություն և բանավոր պատմությունների հավաքագրում» խորագրով եռօրյա դասընթացը: Դասընթացի ընթացքում Երևանից և տարբեր մարզերից շուրջ 30 ապագա հարցազրուցավարներ ծանոթացան ֆեմինիստական հետազոտական մեթոդաբանությանը և էթիկային, ֆեմինիստական բանավոր պատմությունների մեթոդին, ինչպես նաև Ֆեմպատում նախագծի ընթացակարգերին:
Ընտրված հարցազրուցավարների հետ շուտով մեկնարկելու ենք կանանց պատմությունների հավաքագրման աշխատանքները։ Իսկ ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկանալու համար առաջարկում ենք լսել ծրագրի համակարգող Սոնա Բալդրյանին՝ այստեղ։

Հուլիսի 21-ին հյուրընկալել էինք դեռահաս աղջիկների նոր խմբերին, որոնք Հիմնադրամի աջակցությամբ տարատեսակ ծրագրեր են իրականացնում իրենց համայնքներում: Հանդիպմանը ներկա էին նաև դեռահասներ նախորդ ծրագրերից, որոնք եկել էին իրենց փորձով և խորհուրդներով կիսվելու նորեկների հետ: Ջերմ և անմիջական շփման ընթացքում աղջիկները պատմեցին, թե ինչ ընթացքի մեջ են իրենց ծրագրերը, ներկայացրին արդեն կատարված աշխատանքները, նաև պատմեցին, թե ինչ խոչընդոտների են հանդիպել մինչ այս պահը: Նրանց ծրագրերի մասին կպատմենք հաջորդ ամսաթերթերում։

Հուլիս ամսվա ընթացքում Հիմնադրամը նաև ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման երկու հանդիպում է կազմակերպել Գյումրիում՝ տեղի գործընկերուհիների համար։ Այս նախաձեռնության նպատակն է օգնել կանանց կազմակերպություններին մշակել իրենց գործունեության համար անհրաժեշտ ռազմավարություններ և քաղաքականություններ՝ ֆեմինիստական սկզբունքների հիման վրա։ Երկու հանդիպումների ընթացքում շուրջ 15 աշխատակիցներ գիտելիք ձեռք բերեցին հասարակական կազմակերպության կառավարման ֆեմինիստական մոտեցման, ֆեմինիստական արժեքների ու սկզբունքների, գենդերային զգայուն բյուջետավորման, դրա նպատակի և սկզբունքների վերաբերյալ։

Իսկ վերջում առաջարկում ենք ծանոթանալ Հիմնադրամի թիմի կողմից կազմված գրքացանկին․դրանում ներկայացրել ենք մի քանի գիրք, որոնք մենք կարդում ենք կամ կարդացել ենք և խորհուրդ ենք տալիս բոլորին։ Ցանկը՝ այստեղ։