You are currently viewing Ինչ ենք կարդում ՀԿՀ-ում

Ինչ ենք կարդում ՀԿՀ-ում

Հայաստանում կանանց հիմնադրամի աշխատակիցները կիսվում են գրքերով, որոնք կարդացել են վերջին շրջանում կամ կարդում են ներկայում:

Գոհար Շահնազարյան, համահիմնադիր

  • Լաուրա Սիլբերշտեյն  – «Ինչպես լավ վերաբերվել ինքդ քեզ»

Ինքնակարեկցանքի այս ամենօրյա ուղեցույցը մեզ սովորեցնում է, թե ինչպես կարեկից լինել սեփական զգացմունքների, մտքերի, արարքների նկատմամբ և պարզապես լինել ինքնակարեկցող:

Ինքնակարեկցանքը կարող է փոխել մեր կյանքը: Ինքնախոստովանությունը ունակ է դեպի մեզ ուղղելու մեր հոգատար և աջակցող էությունը:

Հեղինակի խոսքով՝ այս գիրքն այն մասին է, թե ինչպես կարող ենք զարգացնել ինքնակարեկցանքը, որպեսզի կարողանանք խաղաղ մտքով ու բարությամբ ապրել ինքներս մեր ու մեր շրջապատի մարդկանց հանդեպ:

  • Սանդրա Լի Բարտկի – «Համակրանք և համերաշխություն» և այլ էսսեներ

Գիրքը նվիրված է ճնշման տարբեր ձևերի, մասնավորապես՝ շահագործման, մարգինալացման, անզորության, մշակութային իմպերիալիզմի և բռնության քննարկմանը: Հեղինակը ճնշումների այս ձևերին նայում է իր փորձից՝ սեփական «ես»-ից։

Արմինե Մարկոսյան, հաղորդակցության ղեկավար

  • բելլ հուքս  – «Ֆեմինիստական տեսություն. լուսանցքից դեպի կենտրոն»

Գրքի նախաբանում հուքսը նշում է, որ ֆեմինիստական գրվածքի արժեքը պետք է սահմանավի ոչ միայն նրանով, որ այդ գործն ընդունվում է ֆեմինիստ ակտիվիստների կողմից, այլև թե որքանով է այն գրավում ֆեմինիստական պայքարից դուրս գտնվողներին։ Ուստի այս գիրքը փորձ է ներգրավելու լուսանցքում գտնվողներին, քանի որ «լուսանցքում գտնվել՝ նշանակում է ամբողջի մասը կազմել, բայց հիմնական մարմնից դուրս գտնվել»։

Ֆեմինիստական տեսության մեծ մասը բխում է կենտրոնում գտնվող արտոնյալ կանանցից, որոնց իրականության տեսակետները հազվադեպ են պարունակում լուսանցքում ապրող կանանց և տղամարդկանց կյանքի մասին գիտելիք և իրազեկվածություն: Արդյունքում՝ ֆեմինիստական տեսությունը ոչ ամբողջական է, չունի խորը վերլուծություն, որը կարող է ընդգրկել մարդկային տարբեր փորձառություններ: հուքսը պնդում է, որ ֆեմինիզմը պետք է դառնա զանգվածային քաղաքական շարժում, եթե այն ցանկանում է հեղափոխական, փոխակերպիչ ազդեցություն ունենալ հասարակության վրա:

Շատ կանայք չեն միանում սեքսիզմի դեմ կազմակերպված դիմադրությանն այն պատճառով, որ սեքսիզմը չի նշանակում ընտրության բացարձակ բացակայություն: Նրանք կարող են հասկանալ, որ սեռով պայմանավորված խտրականության են ենթարկվում, սակայն չնույնացնել դա ճնշված լինելու հետ:

Կապիտալիզմի պայմաններում հայրիշխանությունը կառուցված է այնպես, որ սեքսիզմը սահմանափակում է կանանց վարքագիծը որոշ ոլորտներում, նույնիսկ այն դեպքում, երբ սահմանափակումներից ազատությունը թույլատրված է այլ ոլորտներում: Ծայրահեղ սահմանափակումների բացակայությունը շատ կանանց ստիպում է անտեսել այն ոլորտները, որտեղ նրանք ենթարկվում են շահագործման կամ խտրականության. դա կարող է նրանց ստիպել նույնիսկ մտածել, որ ոչ մի կին ճնշումների չի ենթարկվումՖեմինիզմը պայքար է սեքսիստական ճնշումներին վերջ տալու համար: Հետևաբար, դա պայքար է արմատախիլ անելու հայրիշխանության գաղափարախոսությունը, որն առկա է Արևմտյան մշակույթի տարբեր մակարդակներում, ինչպես նաև ձգտում՝ ուղղված հասարակության վերակազմավորմանը, որպեսզի մարդկության ինքնազարգացումը գերակա լինի իմպերիալիզմին, տնտեսական էքսպանսիային և նյութական ցանկություններին:

Երբ ֆեմինիզմը սահմանվում է որպես ուշադրություն կանանց սոցիալական և քաղաքական իրականության բազմազանության վրա, այն կենտրոնացնում է բոլոր կանանց փորձառությունները, հատկապես այն կանանց, որոնց սոցիալական պայմանների մասին ամենաքիչն է գրվել, ուսումնասիրվել, կամ այդ պայմանները փոխվել են քաղաքական շարժումների կողմից:

Երբ մենք դադարում ենք կենտրոնանալ «տղամարդիկ թշնամի են» պարզունակ դիրքորոշման վրա, մենք սկսում ենք ուսումնասիրել հայրիշխանության համակարգերը և մեր դերը դրանց պահպանման գործում։ Սեքսիստական ճնշումը առաջնահերթ նշանակություն ունի ոչ այն պատճառով, որ դա բոլոր ճնշումների հիմքն է, այլ այն պատճառով, որ այն գերիշխող գործընթաց է, որին բախվում է մարդկանց մեծ մասը, լինի դա խտրականություն իրականացնող, թե խտրականության ենթարկվող, շահագործող, թե շահագործվող: Սա մի պրակտիկա է, որը մարդկանց մեծ մասն ընդունում է՝ նախքան նույնիսկ իմանալը, որ խմբային ճնշման այլ ձևեր կան

Ելենա Սարգսյան, ծրագրի օգնական

  •  Ֆարիդա Շահիդ – «Մեծ նախնիներ. մուսուլմանական համատեքստում իրենց իրավունքները պաշտպանող կանայք»

Կարծրատիպային մոտեցում կա, որ կանանց իրավունքների համար պայքարը խորթ է իսլամադավան հասարակություններին: Այս կարծրատիպը թերագնահատում է պատմության մեջ այն կանանց դերակատարումը, ովքեր դարեր շարունակ պայքարել են՝ իսլամադավան աշխարհում կնոջ տեղը և դերը վերականգնելու համար:

Այս համատեքստում պատմական արդարության հաստատման տեսանկյունից շատ արժեքավոր գործ է պակիստանցի սոցիոլոգ, ֆեմինիստ ակտիվիստ Ֆարիդա Շահիդի «Մեծ նախնիներ. մուսուլմանական համատեքստում իրենց իրավունքները պաշտպանող կանայք» գիրքը: Աշխատությունը համապարփակ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են իսլամադավան աշխարհում կանայք դարեր շարունակ պայքարել իրենց իրավունքների հաստատման համար: Այստեղ ամփոփված են կանանց առաջին սերնդից սկսած (իսլամի ի հայտ գալուց անմիջապես հետո) մինչև 20-րդ դարի կեսը ականավոր մուսուլման կանայք, նրանց պայքարը և գրանցած արդյունքները: Ներկայացվում են կանանց պատմություններ, որոնք ոգեշնչում և զարմացնում են իրենց խիզախությամբ, գիտելիքով, հմտություններով

Աշխատությունը կարևոր է նաև փաստագրված, ուսումնասիրված և քննության ենթարկված աղբյուրների հարուստ բազայով, որը կարող է արժեքավոր նյութ դառնալ պատմաբանների, արևելագետների և, առհասարակ, թեմայով հետաքրքրվող անձանց համար:

  • Էլիֆ Շաֆաք – «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում»

Էլիֆ Շաֆաքը ֆենոմենալ գրող է, ում ստեղծագործությունները տակնուվրա են անում ողջ ներաշխարհդ: Շաֆաքի գործերից ամենասիրելին ինձ համար, թերևս, «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում» վեպն էՇաֆաքը ցավեցնելու աստիճան խորաթափանցությամբ ցույց է տալիս, թե ինչպես են Թուրքիայում երիտասարդ մուսուլման կանայք գոյատևում «կրոնական մաքրության իդեալների» և տղամարդկային նվաստացումների միջև:

Պատմությունն սկսվում է ավարտով. գլխավոր հերոսի՝ Թեքիլա Լեյլայի դին աղբանոցում է, և նրա ուղեղը մահից հետո հիշում է իր ողջ կյանքը՝ ծնունդից մինչև մահ: Այստեղ ամփոփված են հասարակության շատ նողկալի բարքեր, որոնք հիմնովին խեղել են գլխավոր հերոսի և նրա ընկերների կյանքը:  

Մեկ մարդու պատմությամբ գրողը բարձրաձայնում է այնպիսի կարևոր խնդիրներ, ինչպիսիք են՝ վաղամուսնությունը, պեդոֆիլիան, հասարակության անհանդուրժողական վերաբերմունքը ԼԳԲՏՔ+ անձանց նկատմամբ, սեքս աշխատողների խնդիրները, կրոնական ծայրահեղականությունը, քաղաքական մի շարք հարցեր, այդ թվում՝ բռնատիրական կարգերը և ազատ խոսքի իրավունքի բացակայությունը և այլն:

Վեպի կարևոր թեմաներից մեկը, որն ինձ համար առանձնացրել եմ, ընկերության բարձր գաղափարն է, հարգանքը, անմնացորդ կարեկցանքն ու հոգատարությունը ծանոթ և անծանոթ մարդկանց նկատմամբ: Վեպն օգնում է դառնալ առավել նրբանկատ և հոգատար բոլոր մարդկանց նկատմամբ և լինել անհանդուրժող ցանկացած տեսակի բռնության և անարդարության նկատմամբ:

Սիրան Հովհաննիսյան, ծրագրերի համակարգող

  • Ջոի Սպրագ – «Ֆեմինիստական մեթոդաբանություններ քննադատական հետազոտողների համար»

Արդեն մի քանի ամիս է՝ ձեռքիս է Ջոի Սպրագի «Ֆեմինիստական մեթոդաբանություններ քննադատական հետազոտողների համար» աշխատությունը, որը պարբերաբար թերթում եմ։ Գիրքը կարդացել եմ դեռևս 2016-2017 թթին, սակայն այս անգամ անհրաժեշտություն կար հետազոտական մեթոդաբանություն վերընթերցելու և ֆեմինիստական մեթոդաբանության հարցերով հիշողություններս թարմացնելու։

Ջոի Սպրագը ԱՄՆ Կանզասի համարսարանի պրոֆեսոր է և «Սոցիոլոգներ հանուն կանանց հասարակությունում» միջազգային կազմակերպության նախագահը։ Կազմակերպությունը ուսանողների, դասախոսների, պրակտիկների և հետազոտողների համախումբ է, ովքեր աշխատում են կանանց դիրքը սոցիոլոգիայում և ընդհանուր առմամբ՝ սոցիումում բարելավելու նպատակով։

Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 2005թ․ և, իհարկե, բեկումնալի իրադարձություն դարձել ֆեմինիստական հանրույթի և հատկապես հետազոտողների համար։ «Ֆեմինիստական մեթոդաբանություններ» գրքի սկզբում Ջ Սպրագը ընթերցողին և հետազոտողներին է ներկայացնում սոցիոլոգիական հետազոտության ֆեմինիստական առանցքը։ Նա մատնանշում է, թե ինչու է կարևոր ունենալ ֆեմինիստական մոտեցումներ հետազոտություն իրականացնելիս։ Երկրորդ գլխում հեղինակն անդրադառնում է սոցիոլոգիական տարբեր դպրոցներին և ուղղություններին՝ պոզիտիվիզմ, ռադիկալ սոցիալական կոնստրուկտիվիզմ, քննադատական ռեալիզմ, տեսակետի տեսություն, ընտրություն, գործորդություն և այլն։ Բոլոր նշվածներին հեղինակն անդրադառնում է ֆեմինիստական տեսությունների պրիզմայով։

Երրորդ գլուխը նվիրված է ֆեմինիստական հետազոտության առանցքների՝ հեղինակության, ուժի, իշխանության և իմացաբանության հարցերի վերլուծությանն ու քննարկմանը։ Այստեղ հեղինակը սոցիոլոգի և հետազոտողի համար բացահայտումներ է անում հենց ուժի և իշխանության, գաղափարախոսության և գիտելիքի ու հետազոտական գործընթացներում հետազոտողի սուբյեկտայնության ցուցադրման միջոցով։

Հաջորդ երկու գլուխներում Ջ Սպրագն առանձնացնում է ֆեմինիստական մոտեցումների առանձնահատկությունները քանակական և որակական հետազոտություններում։ Հեղինակը գիրքն ավարտում է «Ու՞մ հարցերը, ու՞մ պատասխանները» և «Փոխելով սոցիոլոգիան/փոխելով աշխարհը» ֆեմինիստական ընդգրկուն տեսլականի քննարկմամբ։

Բոլորին խորհուրդ կտամ ծանոթանալ գրքի բովանդակությանը, որը հակիրճ թարգամանություններով փորձում ենք հասանելի դարձնել նաև մենք։ 

  • Թրեվոր Նոահ – «Ծնված հանցանքպատմություններ հարավաֆրիկյան մանկությունից» 

Ես սիրում եմ հետևել Թրեվոր Նոահի գործունեությանը, հատկապես իր ստենդափ և ստեղծագործական գործունեությանը։ Շատ հետաքրքիր խոսք ունի և կարողանում է արագ կլանել, ինչը ոչ միայն տաղանդ է, այլ նաև փորձի ու ինքնակրթվելու արդյունք։ Թրեվորը թե՛ իր ելույթներում, թե՛ հաղորդումներում դիպչում է շատ կարևոր թեմաների՝ ռասիզմից ու գաղութապաշտությունից մինչև աբորտ և ժամանակակից քաղաքականություն։ Որոշ հարցերում Թրեվորը գուցե և զգայուն չէ, բայց միշտ ծայրահեղ դիպուկ են նրա դիտարկումները ռասիզմի, անհավասարությունների, մարդկանց անտարբերության ու մշակութային [երբեմն նաև զվարճալի] իրողությունների մասին։ Չնայած, որ ինձ հետաքրքիր է երկարգնդի՝ ներառյալ ԱՄՆ քաղաքականությունը, Թ Նոահի հայտնի «Դը դեյլի շոու»-ին հետևում եմ միայն կարճ էպիզոդներով։ Շատ ավելի ծանոթ եմ նրա ձայնագրված ֆանտաստիկ ու դիպուկ, աննկարագրելի իրական ու զավեշտալի ստենդափ շոուներին։

Ինչևէ։ Այժմ ձեռքիս է նրա «Ծնված հանցանք պատմություններ հարավաֆրիկյան մանկությունից» ինքնակենսագրական գիրքը, որն առաջին անգամ լույս է տեսել 2016-ին։ Գիրքը հեղինակի մանկության պատմությունների ու հիշողությունների հավաքածու է, որն, ամենայն հավանականությամբ, իր համար միայն պատմություններ չեն։ Թրեվորը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում նիդերլանդցի սպիտակ տղամարդուց և հարավաֆրիկյան Թհոսա ցեղախմբի կնոջից՝ ապարտեիդի ժամանակաշրջանում, որի ընթացքում ՀԱՀ-ում սարսափելի կյանք են ապրել բոլոր այն մարդիկ, ովքեր չեն պատկանել կամ չեն համարվել «սպիտակ ռասա»։ Ըստ էության, նրա ծնունդն արդեն իսկ հանցանք էր՝ հանցավորություն։

Թրեվորի պատմություններն այս գրքում տարբեր են՝ սկսած իր ու մոր հետ կատարվածից մինչև միայն իր կյանքի ուղին գտնելը կամ դրա դիմաց մի օր պատահաբար կանգնելը։ Գիրքը գրված է «սթորիթելինգի» մեծ տաղանդով, կարդացվում է մեկ շնչով։ Դրանում տեղ գտած պատմությունները նա հաճախ օգտագործում է իր ստենդափ ելույթներում։ Թրեվորի պատմությունը անձնական է, պատմական, քաղաքական  և քնարերգական, ֆանտաստիկ գեղեցիկ է և սարսափելի ցավեցնող, տխուր է, ուրախ է, անպատշաճ է և իսկական։

Գուցե ինձ համար այն շատ ավելի տպավորիչ է թվում, որովհետև մանկության վախերի, ցանկությունների և զանցանքների նմանություններ ու տարբերություններ կան։ Կա նաև այն հանգամանքը, որ ինքս գաղութատիրական շրջանի և հետգաղութատիրական քննադատության հատկապես ֆեմինիստական ուսումնասիրությունների մեծագույն սիրահար եմ, իսկ այս դեպքում հումորի հետ դրա միախառնումը ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համենայն դեպս, ինձ դուր է գալիս, թե ինչ ուժեղ է ներկայացնում Թրեվորն իր մորը և թե ինչ պատմությունների միջով է անցել նա և հատկապես, թե ինչպես է այս անվախ կինը հնարավորությունների բացակայության պայմաններում ամեն ինչով առաջ հրել երեխաներին աղքատությունից ու չքավորությունից։

Ստելլա Չանդիրյան, ծրագրի համակարգող

  • բել հուքս  – «Ամեն ինչ սիրո մասին»

Այս գիրքն առաջարկում է սիրո մասին մտածելու արմատական նոր ուղիներ՝ ցույց տալով դրա փոխկապակցվածությունը անձնական և հանրային կյանքում:

««Սեր» բառն ամենից հաճախ սահմանվում է որպես գոյական, սակայն մենք բոլորս ավելի լավ կսիրեինք, եթե այն օգտագործեինք այն որպես բայ», – գրում է բել հուքսը:

Գրքում հուքսն առաջարկում է սահմանել նոր էթիկա «անսեր» հասարակության համար, որը զուրկ է հոգատարությունից, կարեկցանքից և միասնության գաղափարից:

Տասնմեկ հակիրճ գլուխներում հուքսը բացատրում է, թե ինչպես են մեր սեր տալու և ստանալու ամենօրյա պատկերացումները հաճախ ձախողում մեզ, և ինչպես են այդ իդեալները հաստատվում վաղ մանկության տարիներին: Նա առաջարկում է վերաիմաստավորել ինքնասիրությունը (առանց նարցիսիզմի), որը խաղաղություն և կարեկցանք կբերի մեր անձնական և մասնագիտական կյանքում, և հաստատում է սիրո դերը՝ դադարեցնելու պայքարը անհատների, համայնքների և հասարակությունների միջև:

  •  Էլիֆ Շաֆաք – «Կորած ծառերի կղզին»

Կախարդական գիրք պատկանելության և ինքնության, սիրո և տրավմայի, բնության և վերագտման մասին: Սա գեղեցիկ ու նուրբ կառուցված մի հուզիչ պատմություն է սիրո, բաժանման, տրանսցենդենտության, պատմության և էկոգիտակցության մասին: